«Մեդիա պաշտպան» նախաձեռնութիւնը, անդրադառնալով այսօր ԱԱԾ շէնքի մօտ ոստիկանների կողմից լրագրողների մասնագիտական գործունէութեանը խոչընդոտելուն, հանդէս է եկել յայտարարութեամբ:
«alikonline.ir» - «Մեդիա պաշտպան» նախաձեռնութիւնը, անդրադառնալով այսօր ԱԱԾ շէնքի մօտ ոստիկանների կողմից լրագրողների մասնագիտական գործունէութեանը խոչընդոտելուն, հանդէս է եկել յայտարարութեամբ: Յայտնում է Yerkir.am-ը:
Յայտարարութիւնում մասնաւորապէս, ասւում է․
«Գագիկ Ծառուկեանի` ԱԱԾ շէնքից դուրս գալուց յետոյ, լրագրողներն՝ իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս, բռնութեան են ենթարկւել ոստիկանների կողմից։ Այսպիսով՝ տապալւել է Գագիկ Ծառուկեանի մամուլի ասուլիսը եւ, փաստացի, լրագրողները չեն կարողացել անխոչընդոտ իրականացնել իրենց մասնագիտական գործունէութիւնը, իսկ հասարակութիւնը զրկւել է լիարժէք տեղեկատւութիւն ստանալու հնարաւորութիւնից։ Բռնութեան արդիւնքում տուժել են բազմաթիւ լրագրողներ, վնասւել է լրագրողների տեխնիկան։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնութիւնը կոչ է անում լրագրողներին չընկրկել ոստիկանական բռնութիւնների դէմ։ Լրագրողական համայնքն այս պահին պէտք է միասնական լինի։ Իշխանութիւնը նման գործելաոճով՝ ոստիկաններին թոյլ տալով լրագրողների վրայ ճնշում գործադրել, փորձում է իշխանահաճոյ լրատւութիւն ձեւաւորել ու խոչընդոտում է խօսքի ազատութեանը։ Ոստիկանութեան կողմից ուժի կիրառումը հակասում է իշխանութեան հռչակած սկզբունքներին։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնութիւնը սատարում է լրատւական համայնքին։ Լրագրողների նկատմամբ կիրառւած բռնութեան դէպքով դիմելու ենք միջազգային կառոյցներին։ Հարցը բարձրացնելու ենք միջազգային իրաւապաշտպան կառոյցների հարթակում։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնութիւնն այս ամէնը որակում է որպէս իշխանութիւնների անճարութեան դրսեւորում եւ կոչ է անում հասարակութեանը սատարել լրատւական համայնքին»։