Հա

Քաղաքական

01/07/2020 - 10:05

«ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, «Հայրենիք»-ի դիմումի քննութիւնից պարզ կը լինի՝ սահմանադրական կարգի տապալման յանցակազմն ինչպէս է հասկանում դատախազութիւնը»․ Տարօն Սիմոնեան

Տարօն Սիմոնեանը վերջին շտրիխներն է անում «Լուսաւոր Հայաստան»-ի դիմումի վրայ, որը ներկայացնելու են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ԱԺ ընդունած Սահմանադրութեան փոփոխութիւնների սահմանադրականութիւնը։

«alikonline.ir» - Տարօն Սիմոնեանը վերջին շտրիխներն է անում «Լուսաւոր Հայաստան»-ի դիմումի վրայ, որը ներկայացնելու են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ԱԺ ընդունած Սահմանադրութեան փոփոխութիւնների սահմանադրականութիւնը։

«Ես հէնց նոր աւարտեցի մշակման աշխատանքները․ դիմումը պատրաստ է, մեր ձեռքի տակ է»,- Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԱԺ «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Տարօն Սիմոնեանը։

Ի տարբերութիւն ԲՀԿ-ի ներկայացրած մէկ ուղղութեան, ասաց նա, այստեղ բողոքարկւող ուղղութիւններն աւելի շատ են, կոնկրետ՝ 4-ը․

Առաջինը՝ վէճն է սահմանադրական մարմինների միջեւ, այսինքն, արդեօ՞ք ԱԺ-ն իրաւունք ունէր չդիմելու ՍԴ Սահմանադրութեան փոփոխութիւնների սահմանադրականութեան հարցով երկրորդ ընթերցման քւէարկութիւնից առաջ,

Երկրորդը՝ ԱԺ կանոնակարգ-օրէնքի 86-րդ յօդւածի 2-րդ մասն է, որը հայեցողական իրաւունք է տալիս ԱԺ-ին չդիմելու․ ԼՀԿ-ն գտնում է, որ դա խախտում է Սահմանադրութեան 169-րդ յօդւածի 2-րդ մասը, որտեղ գրւած է, որ ԱԺ-ն պէտք է դիմի,

Երրորդն այն է, որ Սահմանադրութեան 213 յօդւածում կատարելով փոփոխութիւն, ըստ էութեան, ԱԺ-ն փոփոխութիւն է կատարել Սահմանադրութեան 7-րդ գլխի կարգաւորման տակ գտնւող հարցերի մէջ՝ դատարանակազմութիւն եւ այլն, ինչի իրաւունքը չունէր, դա միայն հանրաքւէով կարելի էր անել․ հետեւաբար, դա եւս լիազօրութիւնների սահմանազանցում է,

Չորրորդը՝ ՀՀ նախագահը եւ ԱԺ-ն՝ երկուսը միասին, զրկել են ՀՀ նախագահին Սահմանադրութեան փոփոխութիւնները ստորագրելու եւ հրապարակելու սահմանադրական լիազօրութիւնից, ինչի իրաւունքը չունէին։

«Լուսաւոր Հայաստանն» անփոփոխ է մտադրութեան մէջ ՍԴ դիմել յուլիսի 7-ից՝ Ռոբերտ Քոչարեանի գործի քննութիւնից յետոյ։ Քոչարեանի պաշտպանների՝ դիմումները հետ վերցնելու գործընթացը նրանց չի համոզել մօտեցնել ժամկէտը։

«Ռոբերտ Քոչարեանի փաստաբանները քաղաքական քայլ արեցին, որովհետեւ իրաւական առումով նրանց՝ դիմում հետ վերցնելը, որեւէ ձեւով չի կասեցնում գործի քննութիւնը։ Որովհետեւ այդ գործը ներկայացւել է ե՛ւ իրենց դիմումով, ե՛ւ առաջին ատեանի դատարանի դատաւորի դիմումով։ Հետեւաբար, այդ երկու սուբիեկտները միաժամանակ պէտք է յետ կանչեն իրենց դիմումները, ու դրանից յետոյ ՍԴ-ն պէտք է նիստ գումարի, որոշի՝ շարունակո՞ւմ է գործի քննութիւնը, թէ՞ ոչ։ Եթէ ՍԴ-ն որոշի, որ չի շարունակում գործի քննութիւնը, հէնց յաջորդ օրը մենք դիմումը կը ներկայացնենք»,-ասաց նա։

Տարօն Սիմոնեանը նշեց, որ ԲՀԿ խմբակցութեան հետ կայ համաձայնութիւն, որ ստորագրութիւններով միանան նաեւ ԼՀԿ-ի դիմումը ներկայացնելիս։ Այս դիմումն ու ԲՀԿ-ի ներկայացրածը, իրաւաբան-պատգամաւորի համոզմամբ, միմեանց չեն խանագարի․ «Նախ, չգիտենք, ՍԴ-ն ԲՀԿ-ի նախորդ դիմումը քննութեան առնելո՞ւ է, թէ՞ ոչ, քանի որ ստորագրութիւնները 26-ն են։ Բայց, ամէն դէպքում, երկրորդ դիմումը չի խանգարում, կարող է լրացում դիտարկւել կամ լրիւ նոր դիմում»։

Այս գործընթացին զուգահեռ՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Հայրենիք»-ը յանցագործութեան մասին հաղորդում ներկայացրին ՀՀ գլխաւոր դատախազին։ Յանցակազմը սահմանադրական կարգի տապալումն է։ Ի՞նչ է մտածում «Լուսաւոր Հայաստանը»։

«Քանի որ հարցը մաքուր իրաւաբանական է, մաքուր իրաւաբանական պատասխան էլ կարող եմ տալ․ սահմանադրական կարգի տապալման յանցակազմի հետ կապւած հիմա ամբողջ աշխարհում մենք յստակ փորձ չունենք, որ կարողանանք ասել, թէ որ գործողութիւններն են կազմում այդ յանցակազմի տարրերը եւ որոնք չեն կազմում դրա տարրերը»,-ասաց Տարօն Սիմոնեանը։

Նա հիշեցրեց, որ մի այդպիսի գործ հիմա մեր դատական համակարգում քննվում է՝ ՀՀ երկրորդ նախագահի գործը, որն անավարտ է, հետեւաբար, հիմա խիստ մասնագիտական տեսանկյունից ասել, թե որ գործողութիւններն են սահմանադրական կարգի տապալման հանցակազմի մաս կազմում, որոնք՝ ոչ, դժվար կլինի։

«Հիմա քաղաքական ուժերը դիմել են դատախազութիւն, ենթադրում եմ, դատախազութիւնը իրաւական գործընթաց կը սկսի, համապատասխան որակումներ կը տայ եւ դա մեզ համար հիմք կը լինի հասկանալու, թէ սահմանադրական կարգի տապալումը ինչպէս է հասկանում մեր դատախազութիւնը»,- ասաց ԼՀԿ պատգամաւորը։

Գործընթացին քաղաքական որակում տալ նա սխալ համարեց, քանի որ այն իրաւական է։ Թէեւ համաձայն է, որ սոցիալական կեանքի բոլոր ոլորտները փոխկապակցւած են, բայց, Տարօն Սիմոնեանի համոզմամբ, երբ մի երեւոյթը շատ է գերագնահատւում, վնաս է տալիս։

«Մեզանում, իհարկէ, իրաւաբանութիւնը երկրորդ, երրորդ, չորրորդ պլան է գնացել եւ քաղաքականութեամբ կարելի է այնպիսի մանիպուլյացիաներ անել, որ մոռանանք ընդհանրապէս իրաւական պետութեան գաղափարի մասին։ Հիմա, փաստացի, այդպիսի գործընթացներ տեղի են ունենում՝ օրինակ, Սահմանադրութեան փոփոխութիւնների ամբողջ գործընթացը։ Այս տեսանկիւնից, մաքուր իրաւական գործընթաց հիմա դժւար կարելի է նկատել, բայց պէտք է պայքարենք, որ իրաւաբանութիւնը շատ չստւերւի քաղաքականութեամբ, որ արդիւնքում չհիասթափւենք անգամ իրաւաբանութիւնից»,-ասաց նա։

Այդ դէպքում, ինչո՞ւ «Լուսաւոր Հայաստան»-ը չի միանում կոնսոլիդացման գործընթաց սկսած ուժերին՝ ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ «Հայրենիք»-ին․ Տարօն Սիմոնեանն ասաց՝ միաւորւել կարելի է ոչ թէ ուժերին, այլ օրակարգի շուրջ։ Իսկ կառավարութեանն անվստահութիւն յայտնելու եւ արտահերթ ընտրութիւններ անցակացնելու օրակարգը ԼՀԿ-ի համար ընդունելի չէ։

«Չեմ կարծում, որ հիմա արտահերթ ընտրութիւնների ժամանակն է՝ յատկապէս այս կորոնավիրուսով պայմանաւորւած ճգնաժամի ժամանակ։ Պէտք է հասկանանք, որ այս ԱԺ-ն բացառիկ լեգիտիմութեամբ ընտրւած ԱԺ է եւ հիմա շատ արհեստական օրակարգով մտցնել ԱԺ նոր ընտրութիւնների հարցը, կարծում եմ, նպատակայարմար չէ։ Այն, որ կառավարութիւնը չի կարողանում իր աշխատանքները արդիւնաւէտ կատարել, բոլորս ենք տեսնում եւ դրա համար պէտք է հրաժարականի պահանջ ներկայացւի կոնկրետ ոլորտի պատասխանատուներին, ինչը, օրինակ, մենք կատարել ենք բազմիցս եւ աշնանային նստաշրջանում էլի ենք կատարելու»,- ասաց Տարօն Սիմոնեանը։

Աշնանը ԼՀԿ-ն նման գործընթաց կը սկսի ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի դէմ․ հարցապնդում արդէն ուղարկել են նախարարութիւն, նախարարը պէտք է գայ ԱԺ, բացատրութիւն տայ, թէ այս երկու տարիներին ի՞նչ է արել, որի արդիւնքը ոչ մի կերպ չի երեւում։

ԼՀԿ-ն համարում է, որ ձախողել է նաեւ Առողջապահութեան գերատեսչութեան ղեկավար անձնակազմը, Էկոնոմիկայի գերատեսչութեան ղեկավար անձնակազմը եւ այլն․ «Ոլորտները ձախողած նախարարներին պէտք է ասենք՝ լաւ աշխատէք»։

Վարչապետի հրաժարականի հարցը «Լուսաւոր Հայաստան»-ի օրակարգում չկայ․ եթէ լինի՝ տեղեակ կը պահեն։

«Բայց ամէն անգամ, ընտրութիւնից մէկ-երկու տարի անց, երբ բողոքում ենք կառավարութեան աշխատանքից, դա չի նշանակում, որ պէտք է հրաժարական պահանջենք։ Կը ստացւի, որ քաղաքական միջավայրի անկայուն փուլ ենք մտնում անընդհատ, որը չի նպաստում երկրի զարգացմանը»,- ասաց Տարօն Սիմոնեանը։

Նրա դիրքորոշումն այն է, որ ժողովուրդը պէտք է տեսնի՝ իր ընտրեալները ինչպէս են կառավարում երկիրը․ 5 տարին բաւարար է, որ հասկանայ՝ իր ընտրած մարդիկ ունա՞կ են կառավարելու, թէ՞ ոչ։

Հետեւելով վարչապետ Փաշինեանի յայտարարութիւններին, որ յաջորդ խորհրդարանում պէտք է ներկայացւած լինեն միայն այն քաղաքական ուժերը, որոնք սատարել են 2018-ի իշխանափոխութեանը, Տարօն Սիմոնեանը զգում է, որ իշխանութեան կողմից ամենամեծ հարւածը տրւել է հէնց իրենց, երբ ԼՀԿ խմբակցութեան ղեկավարին ֆիզիկական բռնութեան ենթարկեցին ԱԺ ամբիոնի առջեւ․ «Դրանից այն կողմ բացասական զգացողութիւն մարդ չի կարող ունենալ»։

Այն, ինչ արւում է իշխող թիմի կողմից ամենաբարձր մակարդակով, նրա համոզմամբ, շատ դէպքերում որեւէ ողջամտութեան մէջ չի տեղաւորւում, բայց, ասում է, պէտք է հասկանանք, որ էլի գնահատողը ժողովուրդն է։

ԼՀԿ խմբակցութեան ղեկավարի դէպքում հարւածը երկկողմանի է՝ ոչ միայն իշխող թիմի, այլեւ ՀՀԿ ներկայացուցչի կողմից։ Տարօն Սիմոնեանը երկու կողմից հարւած ստանալը բնական է համարում, քանի որ, ասում է, ոչ մէկի օրակարգով չեն շարժւում, այլ սեփական, որը ուժեղ պետականութիւնն է, իրաւունքի գերակայութիւնը։

«Ով համարձակւի այդ իրաւունքի գերակայութեան վրայ ոտքերը սրբիել, մենք ընդդիմանալու ենք այդպիսի մարդկանց եւ հեռացնելու ենք քաղաքական համակարգից»,- յայտարարեց Տարօն Սիմոնեանը։

Նրա համոզմամբ, այսօրւայ իշխանութիւնը ամէն օր իրաւունքի գերակայութեան վրայ ոտքերը սրբում է, իսկ մերժւած ՀՀԿ-ն առիթը բաց չի թողնում, որ շահարկի ինչ-որ գործողութիւններ՝ իրենց անձնական, կլանային շահերը առաջ տանելու համար։

«Երբ մեր գործողութիւնները բխում են իրաւունքի գերակայութիւնից, երկուսն էլ թշնամաբար են վերաբերւում։ Բայց մենք չենք նայելու՝ ով է թշնամաբար վերաբերւում, մենք նայելու ենք կոնկրետ նպատակին, որն է՝ իրաւունքի գերակայութիւնը եւ իրաւական պետութիւնը»,- ասաց ԼՀԿ պատգամաւորը։

Երրորդ բեւեռի՝ կոնսոլիդացւած ընդդիմութեան, հետ համագործակցութեան հնարաւորութեան մասին Տարօն Սիմոնեանն ասաց, որ, ընդհանրապէս, քաղաքական համակարգում ոչ մի բան չի կարելի բացառել, բայց իրենք չեն համագործակցելու ընդդէմ ինչ-որ մի այլ ուժի, այլ համագործակցելու են յանուն ինչ-որ գաղափարի եւ նպատակի։

Այս օրերին երկրի իրաւաքաղաքական օրակարգը գրաւած գործողութիւնները, Տարօն Սիմոնեանի համոզմամբ, չեն տանում դէպի երկրի զարգացում, այլ միայն ներքին անկայութիւնն են խրախուսում եւ շատացնում։

«Մենք ունենք մարտահրաւէրներ երկրի առջեւ ծառացած՝ սկսած կորոնավիրուսից, վերջացրած Արցախի հիմնախնդրով, որոնք մղւած են երկրորդ պլան եւ զբաղւում ենք ոչ առաջնահերթ հարցերով»,- ասաց նա։

ՍԴ շուրջ աղմուկը, նրա համոզմամբ, անտրամաբանական է, քանի որ նոյն վարչապետի որոշմամբ ստեղծւել է Սահմանադրութեան փոփոխութիւնների յանձնաժողով․ «Ես էլ դրա անդամ եմ, ու մենք նստած մտածում ենք, թէ նոր Սահմանադրութեամբ պետական մարմիններն ինչպէս կարգաւորւեն, որ աւելի արդիւնաւէտ աշխատեն, այդ թւում՝ ՍԴ-ն։ Այսինքն, աւելի համակարգային գործընթաց հիմա գնում է։ Եւ ձեռքի հետ նման գործողութիւններ կատարել, խառնել ամբողջ քաղաքական համակարգը, անառողջ մթնոլորտ ձեւաւորել, ես չեմ գտնում, որ նպաստում է մեր պետականաշինութեանը, հակառակը, կարող եմ համոզւած ասել, որ քաղաքական համակարգը տանում է դէպի աւելի վատ միջավայր»։

Տարօն Սիմոնեանը չի կարծում, թէ՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասեանի գործողութիւնները արդարացւած են, յատապէս հաշւի առնելով, որ իր հեղինակած Սահմանադրութիւնից խուսափելով՝ մէկ շաբաթ շուտ նշանակւեց ՍԴ դատավոր, բայց այդ գործողութիւնները անարդարացի համարելով՝ այդ մարդուն շատ աւելի անարդարացի գործողութիւններով հեռացնելը նա անթոյլատելի է համարում․ դա, նրա համոզմամբ, պէտք է կատարւի բացառապէս օրէնսդրութեան շրջանակներում։

Կորոնավիրուսի դէմ պայքարի արդիւնաւէտութիւնը գնահատող՝ ԱԺ քննիչ յանձնաժողովի ձեւաւորման աշխատանքները յապաղում են ՍԴ շուրջ իրարանցման պատճառով։

Տարօն Սիմոնեանն ասաց, որ ԼՀԿ-ի բոյկոտը կաւարտւի Սահմանադրութեան փոփոխութեան նիստերի աւարտի հետ․ նրանք կոնկերտ ա՛յդ նիստերին չեն մասնակցում, քանի որ համարում են, որ հակասահմանադրական գործընթաց է, միւսներին մասնացելու են։

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

  • ՍԴ վերաբերեալ օրէնքի՝ 30.06.2020 թ. փոփոխութիւնը խաթարում է իրաւական պետութեան բնութագիրը
    ՍԴ վերաբերեալ օրէնքի՝ 30.06.2020 թ. փոփոխութիւնը խաթարում է իրաւական պետութեան բնութագիրը

    Ինչպէս խոստացել էի, այս հրապարակմամբ կանդրադառնամ 2020 թ. յունիսի 30-ին մի քանի ժամւայ ընթացքում քննարկւած եւ ամբողջութեամբ ընդունւած «Սահմանադրական դատարանի մասին» օրէնքի փոփոխութեան բովանդակութեանը։ Արդէն սովորական դարձած արատաւոր պրակտիկային համապատասխան` այս փոփոխութիւններն ընդունւեցին «Իմ քայլը» խմբակցութեան կողմից՝ 80 կողմ ձայնով։ Առանց հանրային քննարկումների, ընդդիմութեան, ինչպէս նաեւ իրաւասու մարմինների կարծիքների, հապճեպ ընդունւած այս փաթեթի միակ շարժառիթը ընդամենը 8 օր առաջ ապօրինութեամբ ընդունւած եւ հրապարակւած` Սահմանադրութեան 213 յօդւածի փոփոխութիւնը գործադրելն էր։

  • Փաշինեանի պատմութեան էջը պէտք է փակւի
    Փաշինեանի պատմութեան էջը պէտք է փակւի

    Ի սկզբանէ կը ցանկանայի յստակեցնել, որ իմ վերլուծութիւնն ու մտքերը հիմնւած են բացառապէս սկզբունքների պաշտպանութեան վրայ եւ կապ չունեն կողմնակալ շահերի հետ։ Այս մօտեցումն ինձ մղել է որդեգրելու անձնական հրապարակային դիրքորոշում մի շարք հարցերի վերաբերեալ, այդ թւում՝ 2015 թ. սահմանադրական հանրաքւէի դէմ, որով Սերժ Սարգսեանը յաւակնում էր իր նախագահական պաշտօնավարութեան ժամկէտն աւարտելուց յետոյ, 2018 թ. սկզբից զբաղեցնել վարչապետի պաշտօնը:

  • Դաշնակցութեան պատասխանատւութեան պահը
    Դաշնակցութեան պատասխանատւութեան պահը

    Հայ քաղաքական մտքի կազմակերպական ձեւաւորման շրջանում, 19-րդ դարի վերջին, հայ ժողովրդի տւեալ ժամանակի լաւագոյն զաւակները հիմնադրեցին հայկական կուսակցութիւնները: Իրենց կեանքը հայ ազատագրական պայքարին, իսկ այնուհետեւ պետականութեան կերտմանը նւիրած մարդիկ ստացել էին լաւագոյն կրթութիւն, առաջադէմ էին, ունէին լայն աշխարհայեացք, յաւակնութիւններ եւ մեծ երազանք:

  • Հայաստանի Սահմանադրութեան 213-րդ յօդւածի փոփոխութեան իրաւաքաղաքական հարցերի շուրջ
    Հայաստանի Սահմանադրութեան 213-րդ յօդւածի փոփոխութեան իրաւաքաղաքական հարցերի շուրջ

    Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած իշխանափոխութիւնից յետոյ պարբերաբար հետապնդւում էր դատական իշխանութիւնը քաղաքական իշխանութեանը ենթարկելու հարցը։ Քաղաքական մեծամասնութիւնը, շահարկելով ժողովրդի լայն աջակցութիւնը, որը գերզգացական պայմաններում Ազգային ժողովի ընտրութիւններում Նիկոլ Փաշինեանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան առանցքի շուրջ ձեւաւորւած «Իմ քայլը» դաշինքին տւել էր 70 % եւ աւելի ձայն, պարբերաբար պնդում էր, որ դատական համակարգը չի վայելում ժողովրդի վստահութիւնը։

  • «Արմէն Սարգսեանի շտապ յայտարարութիւնը, որ չի ստորագրելու օրէնքը, եղել է Փաշինեանի հրահանգը». «Հրապարակ»
    «Արմէն Սարգսեանի շտապ յայտարարութիւնը, որ չի ստորագրելու օրէնքը, եղել է Փաշինեանի հրահանգը». «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյեանը դժւարութեամբ համոզել է Նիկոլ Փաշինեանին, որ Սահմանադրական դատարանի մասին օրէնքը, որով դադարեցւում է ՍԴ 3 անդամի լիազօրութիւնները, չհրապարակի 21 օրից շուտ, քանի որ դա օրէնքի պահանջն է։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։