Հա

Քաղաքական

04/07/2020 - 12:40

«Արտաքին ուժերի կողմից երկու խնդիր է դրւած՝ պոկել Հայաստանը ՌԴ-ից եւ տրոհել ժողովրդի միասնութիւնը ազգային արժէքների ու հարցերի շուրջ, այդ ծրագիրն իրականացւում է»․ Վազգէն Մանուկեան

«ԱԺՄ» ղեկավար, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգէն Մանուկեանը Ankakh.com-ի հետ զրոյցում անդրադարձել է Հայաստանում հակառուսական տրամադրութիւնների սրացմանն ու Ռուսաստանի հետ յարաբերութիւններում առկայ իրավիճակին։

«alikonline.ir» - «ԱԺՄ» ղեկավար, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգէն Մանուկեանը Ankakh.com-ի հետ զրոյցում անդրադարձել է Հայաստանում հակառուսական տրամադրութիւնների սրացմանն ու Ռուսաստանի հետ յարաբերութիւններում առկայ իրավիճակին։

 

- Պարոն Մանուկեան, վերջին շրջանում մամուլում եւ հասարակութեան լայն շրջանակներում ակտիւօրէն քննարկւում են հայ-ռուսական յարաբերութիւններում առկայ իրավիճակը, հնարաւոր լարւածութիւնը, Հայաստանում հակառուսական տրամադրութիւնների սրացման հարցերը, ինչը յատկապէս ակնառու դարձաւ օրերս Հանրային հեռուստատեսութեան եթերում ռուս ըննդիմադիր գործիչ Ալեքսէյ Նաւալնուն ակտիւօրէն լուսաբանելու փաստով եւ այլն։ Ի՞նչ է կատարւում հայ-ռուսական յարաբերութիւններում, ի՞նչ կանխատեսումներ ունէք։

- Մենք՝ մեր ժողովուրդն ու մեր պետութիւնը, յաղթեցինք Արցախեան պատերազմում, բայց այժմ մեծ պարտութիւն ենք կրում հիբրիդային պատերազմում, որը յայտարարւել է Հայաստանին։

Օգտւելով այն հանգամանքից, որ հասարակութեան մէջ մեծ էր դժգոհութիւնը անարդարութիւններից, կոռուպցիայից, օգտւելով մեր ժողովրդի արդարութեան բնական ձգտումներից՝ մարդկանց մի խումբ, որի հետեւում կանգնած են արտաքին ուժեր, Հայաստանում զաւթեց իշխանութիւնը։ Եւ այսօր մենք տեսնում ենք դրա հետեւանքները։

Ո՞րն է արտաքին ուժերի նպատակը այդ «պատերազմում»։ Երկու խնդիր էր դրւած․առաջին՝ արեւմուտքի որոշ շրջանակներ մեծ պայքար էին սկսել Ռուսաստանի դէմ, ինչն իր պատճառներն ունի, մենք կարող ենք դա քննարկել։ Այժմ խնդիր էր դրւել խզել նաեւ Հայաստանի սերտ համագործակցութիւնը Ռուսաստանի հետ։

Երկրորդ՝ արեւմուտքի այդ շրջանակների համար ընդունելի չեն այն պետութիւնները, որոնց մէջ կայ միասնութիւն ազգային արժէքների շուրջ։ Եւ այդ միասնութիւնը ցայտուն երեւաց, երբ նշւեց Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակը, դա ցայտուն երեւաց Ապրիլեան քառօրեայ պատերազմի ժամանակ, երբ աշխարհի բոլոր երկրներում հայ երիտասարդները դիմում էին դեսպանութիւններ, որպէսզի գան Հայաստան ու պայքարեն։ Եւ այդ միասնութիւնը կար՝ անկախ երկրի ներսում առկայ քաղաքական հակասութիւններից։

Այսինքն, արտաքին ուժերի կողմից երկու խնդիր էր դրւած՝ պոկել Հայաստանը Ռուսաստանից եւ տրոհել մեր ժողովրդի միասնութիւնը ազգային արժէքների ու ազգային հարցերի շուրջ։

Եւ պէտք է ասել, որ հետզհետէ, խորամանկ քայլերով, երբեմն բացայայտ, երբեմն թաքնւած, այդ ծրագիրն իրականացւում է։

Ինչ վերաբերում է այսօրւայ իշխանութիւններին, ապա այստեղ երկու հարց պէտք է իրարից տարանջատել․ մէկը կառավարման առումով բացարձակ տգիտութիւնն ու վրէժխնդրութիւնն է։ Նոյնիսկ վրէժխնդրութիւն էլ չէ, աւելի շուտ մոլագար ցանկութիւնն է զաւթել իշխանութիւնն ամբողջութեամբ՝ Սահմանադրական դատարանով, բիզնեսով, ամէն ինչով։ Եւ ես կարծում եմ, որ դեռ շատ է խորանալու այս պրոցեսը, ունեցւածքի վերաբաշխում է կատարւելու, եւ շատ բիզնեսմեններ թող դեռեւս չուրախանան, որ իրենց չեն հասել։

Երկրորդ հարցն արտաքին քաղաքականութիւնն է՝ կապւած յատկապէս Ռուսաստանի հետ, որն էլ անշեղօրէն կապւած է Արցախի հարցի հետ։ Ընդհանրապէս արեւմուտքի համար մեծ հաշւով նշանակութիւն չունի Արցախը Հայաստանին կը պատկանի, թէ Ադրբեջանին (եթէ իհարկէ մի կողմ դնենք արեւմուտքում սահմանների փոփոխութեան նախադէպի ստեղծման վտանգը)։ Բայց շատ կարեւոր է, որ կտրեն այն կարեւոր թելերից մէկը, որը Հայաստանին կապում է Ռուսաստանի հետ։ Իսկ մեզ Ռուսաստանի կապող այդ կարեւոր թելերից է Արցախը, քանի որ այդ հարցում ունենք համընկնող շահեր։

Ռուսաստանի հետ մեր յարաբերութիւնները վերջին հարիւրամեակների ընթացքում եղել են շատ բարդ։ Եղել են ոչ միայն պայծառ, այլեւ սեւ էջեր։ Կարելի է քննարկել Առաջին համաշխարհային պատերազմում տեղի ունեցած երեւոյթները, Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը եւ այլն եւ այլն, բայց միւս կողմից՝ Ռուսաստանի հետ մեր դաշինքը շատ կարեւոր է եղել, որովհետեւ այս տարածաշրջանում շատ հարցերում մեր շահերը համընկել են։

Այսօրւայ իրավիճակում, երբ աշխարհն այսպէս կտրուկ փոխւել է, Միացեալ Նահանգները գնում է այս տարածաշրջանից, տարածաշրջանի ամենակարեւոր խաղացողը դառնում է Ռուսաստանը, եւ մեր հարցերը կապւած են Ռուսաստանի հետ, ազգային դաւաճանութիւն է, երբ դու մի կողմից փորձում ես մոլորեցնել քո ժողովրդին ու Ռուսաստանին, միւս կողմից անշեղօրէն իրականացնում ես այն ծրագիրը, որի համար եկել ես իշխանութեան։

Ինչ վերաբերում է Նաւալնուն, ապա ինչպէս Հայաստանում արտաքին ուժերը գտան Նիկոլ Փաշինեանին երկրում ձեւափոխումներ անելու համար, այդպէս էլ Ռուսաստանում Արեւմուտքը գտել է Նաւալնուն, որի միջոցով ուզում է այնտեղ իր շահերին համապատասխանող փոփոխութիւններ կատարել։ Եթէ այդ փոփոխութիւնները Ռուսաստանում կատարւեն, ինչն իմ կարծիքով անհնարին է, ապա Ռուսաստանն ուղղակի կը քայքայւի ու ամբողջութեամբ կը քանդւի։ Ընդհանրապէս, Նաւալնու գոյութիւնն ապացուցում է Պուտինի անհրաժեշտութիւնը իրենց ժողովրդի համար։ Եւ պատահական չէր, որ Սահմանադրական փոփոխութիւններն այսքան մեծ տոկոսով անցան։ Ռուսաստանի ժողովուրդն իսկապէս համախմբւած է որոշակի ազգային արժէքների շուրջ, համամարդկային արժէքների շուրջ, եւ այս հանրաքւէն ցոյց տւեց ժողովրդի վստահութիւնը Պուտինի եւ նրա ուղղութեան նկատմամբ։

Հայաստանի իշխանութիւնների արտաքին քաղաքականութիւնն ակնյայտ է, եւ միամտութիւն կը լինի կարծել, թէ հնարաւոր է ազդել, որպէսզի այդ քաղաքականութիւնը փոխւի, եւ իրենք ուշքի կը գան։ Դա բացառւում է։ Այս իշխանութիւնը պէտք է հեռանայ։ Այս իշխանութիւնը մեր երկիրը հասցնելու է կործանման։ Ես դեռ չեմ խօսում այն ապաշնորհութեան մասին, որ ցուցաբերում են ոչ միայն կորոնավիրուսի դէմ պայքարում, այլ գրեթէ բոլոր ոլորտներում, այն ագահ ձգտումը՝ ամէն ինչ վերցնել իրենց ձեռքը։

Այն քաղաքական պայքարը, որն այժմ գնում է իշխանութեան ու հասարակութեան լայն շերտերի միջեւ, դա հնի եւ նորի պայքար չէ, դա ես կանւանէի ազգային ազատագրական պայքար։

Ես վստահ եմ, որ իշխանութեան եկած այս խումբը փորձելու է ամէն գնով պահել իշխանութիւնը։ Եւ եթէ ինչ-որ մէկը հաւատում է, որ առջեւում մեզ սպասւում են ազատ ու արդար ընտրութիւններ, ապա բացարձակապէս ոչինչ չի հասկանում այն երեւոյթներից, որ այսօր տեղի են ունենում Հայաստանում։

 

- Դուք նշեցիք, որ արեւմտեան որոշակի ուժերի այսօր խանգարում են ազգային պետութիւնները, եւ խնդիր է դրւած կազմաքանդել դրանք։ Մի փոքր աւելի կը պարզաբանէ՞ք այս միտքը։

- Փորձեմ պարզ բացատրել։ Կապիտալիզմի զարգացումն ամբողջ աշխարհում բերեց 3 սկզբունքների իրականացմանը՝ աշխատուժի, ֆինանսների եւ ապրանքների ազատ շրջանառութիւն ողջ երկրագնդով մէկ։ Այդ սկզբունքներն իրականցնելիս առաջացան տրանսնացիոնալ ընկերութիւններ եւ բանկեր, որոնք ոչ թէ որեւէ կոնկրետ երկրի սուբիեկտ էին, այլ իրականացնում էին համաշխարհային գործունէութիւն եւ իրենց համար արդէն պետութիւնները խոչընդոտ էին հանդիսանում։ Պետութեան ցանկացած վերահսկողութիւն, տնտեսական ցանկացած կարգաւորում հակասում էր այդ ընկերութիւնների շահերին։ Եւ այդ ժամանակ տրանսնացիոնալ ընկերութիւնները եւ դրանց շուրջ համախմբւած փիլիսոփաները, գիտնականները, քաղաքագէտները սկսեցին առաջ տանել այն գաղափարը, որ պետութիւնը դա յետամնաց բան է, կարեւորը մարդու բարեկեցութիւնն է եւ այլն։ Դա շատ գրաւիչ էր մարդկանց համար, եւ այդ հոսանքը գնում էր առաջ։ Այդտեղ առաջացան գլոբալիզմն ու նէոլիբերալիզմը։ 

Իսկ ինչի՞ շնորհիւ են գոյատեւում պետութիւնները։ Գոյատեւում են, որովհետեւ տւեալ պետութեան ժողովուրդը համախմբւած է լինում որոշակի ազգային արժէքների, գաղափարների, պետական շահերի շուրջ։ Եթէ ուզում ես վերացնել պետութիւնները, պէտք է քայքայել այդ համախմբումը։ Հետեւաբար հարց է դրւում քայքայել ազգային պետութիւնները՝ պայքարելով կրոնի դեմ, աւանդոյթների դէմ, ազգային արժէքների դէմ, ընտանիքի դէմ եւ այլն։ Այդտեղից առաջանում է այդ հոսանքը։ Եւ ցանկացած պետութիւն, որն ազգային միասնութիւն ունէր, վտանգաւոր էր այդ հոսանքի համար, հետեւաբար սկսւեց քարոզ, թէ այդ երկրները յետամնաց են եւ սկսւեց ամէն ինչ արւել, որպէսզի այդ երկրները շեղւեն իրենց ճանապարհից ու գնան այդ ընդհանուր հոսանքով։

Համաշխարհային էլիտայի մէջ, որն առաջ էր տանում այդ գլոբալիստական հոսանքը, ամենավառ ներկայացուցիչն է Սորոսը, այն կապիտալիստը, որը բաց ձեւով է առաջ տանում այդ գաղափարախօսութիւնը։ Սակայն ամէն մի պետութիւնում կան նաեւ ազգային բուրժուազիա, ազգային արտադրողներ, հասարակութեան լայն շրջանակներ, որոնք շահագրգռւած են իրենց ազգային շահերն առաջ տանելու, իրենց պետութեան սուվերենութիւնն ամրապնդելու հարցում։ Եւ պայքարն այդ էլիտաների մէջ միշտ գնում է։

Իրավիճակը փոխւեց, երբ Միացեալ Նահանգներում իշխանութեան եկաւ Թրամփը։ Ճիշտ է, Թրամփը երբեմն ծիծաղելի բաներ է ասում ու անում, բայց դրա հետեւում թաքնւած է մեծ պայքար։ Եւ հիմա աշխարհում կայ երկու ուժ, որ ջարդում է այդ տրանսնացիոնալ մտածելակերպը։ Մէկը Միացեալ նահանգներն է՝ ի դէմս Թրամփի, միւսը՝ Ռուսաստանը՝ ի դէմս Պուտինի։ Այդ մտածելակերպի դէմ պայքարում է նաեւ Չինաստանը, առաջացել է հսկայական քաղաքական հոսանք արեւմտեան գրեթէ բոլոր երկրներում։ Այսինքն այսօր ե՛ւ արեւմուտքում, ե՛ւ աշխարհի տարբեր ծայրերում բաւականին մեծ ուժեր են համախմբւել այս երկրորդ հոսանքի շուրջ։ Իսկ կորոնավիրուսն ուղղակի առաւել սուր ձեւով բացայայտեց այս խնդիրը։

Ես համոզւած եմ, որ եթէ ԱՄՆ առաջիկա ընտրութիւններում յաղթի ոչ թէ Թրամփը, այլ Բայդէնը, միգուցէ կարճատեւ վերադարձ լինի հնին (սորոսական գաղափարախօսութեանը), բայց միեւնոյն է, այս երկրորդ հոսանքն արդէն կայ եւ գնալու է առաջ։

Ի՞նչն է ինձ բերում այս եզրակացութեանը․ 60-աական թւականներին առաջացաւ կոնւերգենցիայի տեսութիւնը։ Դրա վառ ներկայացուցիչը Ջոն Գելբրէյթն էր, որի ամբողջ տեսութիւնն այն է, որ Խորհրդային Միութիւնն իր զարգացման մէջ կամաց-կամաց ընդունելու է շուկայական յարաբերութիւններ տնտեսութեան որոշ ճիւղեր զարգացնելու համար, իսկ Միացեալ նահանգներում առաջանալու են տնտեսութեան պլանաւորման հարցեր եւ այլն, ու գալու է մի ժամանակ, երբ այդ երկու տիպի պետութիւնները (Խորհրդային միութիւնն ու ԱՄՆ-ն)՝ որպէս երկու ծայրայեղութիւններ, շատ մօտենալու են ու նմանւելու են իրար։

Երբ սառը պատերազմից յետոյ Խորհրդային միութիւնը փլուզւեց, տպաւորութիւն էր, թէ Գելբրէյթը սխալ էր, որովետեւ փաստացի Խորհրդային Միութիւնը պարտւեց եւ վերցրեց արեւմուտքի արժէքները։ Մի «ոսկեդար» անցաւ։ 15-20 տարի բուռն լիբերալիզ, զարգացում, մինչեւ որ ամէն ինչ հասաւ ծայրայեղութեան աստիճանի եւ սկսեց խոչընդոտել երկրների իրական զարգացումը՝ առաջացնելով բնական ընդւզում ժողովուրդների լայն շերտերի կողմից։ Եւ մենք այսօր տեսնում ենք, որ Միացեալ Նահանգներում կատարւում է նոյնը, ինչ Խորհրդային Միութեան դէպքում, բայց հակառակ ուղղութեամբ, այսինքն ԱՄՆ-ն էլ գնում է Խորհրդային Միութեան որոշակի նմանութեան՝ սոցիալիզմի էլեմենտներ եւ այլն։

Այն պրոցեսները, որ այսօր Միացեալ Նահանգներում տեղի են ունում, այդ սեւամորթի սպանութեան հետ կապւած շարժումը եւ այլն, ունեն շատ խորքային պատճառներ։ Այսօր աշխարհում գնում է պայքար երկու հզօր ուժերի միջեւ՝ տրանսնացիոնալ, գլոբալիստական ուժի եւ ազգային, պետութեան սոււերենութեան ամրապնդման կողմնակից ուժի։ Ո՞ր ուժն է մեզ ձեռնտու, որ յաղթի։ Ազգային տեսանկիւնից մեզ ձեռնտու է, որ յաղթի երկրորդ ուժը, որի կողմնակիցներն են Թրամփը, Պուտինը, Չինաստանը, արեւմտեան այդ ազգային նոր ուժերը։ Եւ այս տեսակէտից Ռուսաստանը, Չինաստանը մեզ համար ոչ միայն ստրատեգիական գործընկերներ են, այլեւ գաղափարական։ Պէտք է ճիշտ հասկանալ․ այս երկրորդ հոսանքն ամենեւին չի ժխտում ժողովրդավարութիւնը։ Ընդհակառակը, այն յենւում է ժողովրդավարութեան ֆունդամենտալ արժէքների վրայ՝ մարդու իրաւունքներ, իշխանութեան տարանջատում, արդար ընտրութիւններ, նոյնիսկ բնական գլոբալիզացիա, որը վերջին հարիւրաւոր տարիների ընթացքում գնում է տեխնիկայի զարգացմանը զուգընթաց։ Այսինքն գլոբալիզացիա՝ հիմնւած ոչ թէ Վաշինգտոնեան կոնսենսուսի վրայ (որը փաստացի ժխտում է պետութեան գոյութիւնը), այլ հիմնւած բնական զարգացումների եւ պետութիւնների սոււերենութեան ամրապնդման վրայ։

Երբ որ սառը պատերազմից յետոյ Խորհրդային միութիւնը փլուզւեց, հսկայական հնարաւորութիւն ստեղծւեց Հայաստանն առաջ տանելու։ Ես կարծում եմ, որ մենք ճիշտ չօգտագործեցինք այդ ժամանակահատւածը։ Ճիշտ է, ինչ-որ քայլեր արեցինք դեմոկրատիայի ուղղութեամբ, յաղթեցինք արցախեան պատերազմում եւ այլն, բայց այն հնարաւորութիւնը, որը մեզ տրւած էր, լիարժէք չօգտագործեցինք։

Հիմա աշխարհը մեզ տալիս է երկրորդ հնարաւորութիւնը, եւ այսօրւայ իշխանութիւնը խոչընդոտ է այդ հնարաւորութիւնն օգտագործելու համար։

Այժմ մենք գտնւում ենք լայն ճանապարհի վրայ՝ վանդակի մէջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։