Հա

Քաղաքական

05/07/2020 - 10:40

Փաշինեանի պատմութեան էջը պէտք է փակւի

Ի սկզբանէ կը ցանկանայի յստակեցնել, որ իմ վերլուծութիւնն ու մտքերը հիմնւած են բացառապէս սկզբունքների պաշտպանութեան վրայ եւ կապ չունեն կողմնակալ շահերի հետ։ Այս մօտեցումն ինձ մղել է որդեգրելու անձնական հրապարակային դիրքորոշում մի շարք հարցերի վերաբերեալ, այդ թւում՝ 2015 թ. սահմանադրական հանրաքւէի դէմ, որով Սերժ Սարգսեանը յաւակնում էր իր նախագահական պաշտօնավարութեան ժամկէտն աւարտելուց յետոյ, 2018 թ. սկզբից զբաղեցնել վարչապետի պաշտօնը:

ՐԱՖՖԻ ԳԱԼՖԱԵԱՆ

 

Ի սկզբանէ կը ցանկանայի յստակեցնել, որ իմ վերլուծութիւնն ու մտքերը հիմնւած են բացառապէս սկզբունքների պաշտպանութեան վրայ եւ կապ չունեն կողմնակալ շահերի հետ։ Այս մօտեցումն ինձ մղել է որդեգրելու անձնական հրապարակային դիրքորոշում մի շարք հարցերի վերաբերեալ, այդ թւում՝ 2015 թ. սահմանադրական հանրաքւէի դէմ, որով Սերժ Սարգսեանը յաւակնում էր իր նախագահական պաշտօնավարութեան ժամկէտն աւարտելուց յետոյ, 2018 թ. սկզբից զբաղեցնել վարչապետի պաշտօնը:

2018 թ. ապրիլին խաղաղ ցոյցերին աջակցելու նպատակով ես միջազգային հանրագիր եմ հրապարակել եւ դրւատանքով եմ արտայայտւել այն ռազմավարութեան վերաբերեալ, որն այդ ժամանակ խորհրդարանի պատգամաւոր, վարչակարգի վաղեմի ընդգծւած ընդդիմախօս Նիկոլ Փաշինեանին հնարաւորութիւն ընձեռեց գալու իշխանութեան:

Շատ չանցած (2018 թ. օգոստոսի կէսերին) ես տագնապ բարձրացրեցի նոր վարչապետի կողմից օգտագործւած ոչ պատշաճ յեղափոխական գործելաոճի վերաբերեալ, որը զուգակցւում էր իշխանատիրական եւ պառակտիչ հռետորաբանութեամբ, որը շաղկապւած էր իրաւունքի գերակայութեան վիճարկման հետ: Այդ ժամանակից ի վեր, ես պարբերաբար դատապարտել եմ իրաւունքի գերակայութեան եւ սահմանադրութեան դէմ բազմիցս կրկնւող յարձակումները։ Յանուն այդ սկզբունքների է, որ ես կարծում եմ, որ Փաշինեանի պատմութեան էջը պէտք է փակւի։

Վարչապետի վարած ատելութեան եւ պառակտման քաղաքականութիւնը այն քաղաքականութիւնն է, որը փոքր երկիրը չի կարող իրեն թոյլ տալ օբիեկտիւ պատճառներով, ներառեալ միջսերնդային հակամարտութեան բռնկումը: Այնուամենայնիւ, նա շարունակում է անկախութեան ձեռքբերումից ի վեր ստեղծւած աւանդական ժողովրդավարական ինստիտուտների ոչնչացման գործընթացը։ Կոռուպցիայի դէմ պայքարը ձեռնտու էր 2018 թ. դեկտեմբերի ընտրութիւնների պարագայում:

Դա կարող էր հիմք ծառայել թափանցիկ եւ հրապարակային քննութիւն անցկացնելու համար՝ ստեղծելով կառավարութեան նախկին անդամների անարդար հարստացման հարցերով զբաղւող ճշմարտութեան հաստատման յանձնաժողով: Փաշինեանն, ընդհակառակը, դա արեց շորթման կամ աւելի վատ՝ շանտաժի միջոց, որպէսզի լռեցնի ցանկացած քաղաքական ընդդիմախօսութիւն։ Ամէն դէպքում, դա յանգեցրեց բռնատիրական միտումների:

Փաշինեանը դարձել է իր անձնական սեւեռուն գաղափարների պատանդը եւ ենթակայ չէ որեւէ վերահսկողութեան, քանի որ անտեսում է սահմանադրական բոլոր երաշխիքները։ Նա կենտրոնացրել է ողջ իշխանութիւնը եւ լռեցրել ընդդիմախօս ձայները։ Առանց հակակշիռների եւ զսպումների համակարգի իշխանութեան դիրքը մարդուն դարձնում է կոյր, խուլ եւ ամբարտաւան: Դա վտանգաւոր դրութեան է յանգեցնում ոչ միայն Հայաստանին, այլեւ ընդհանրապէս հայութեանը։ Հայաստանում իրաւունքի գերակայութեան եւ նրա ինստիտուտների դէմ արշաւը համեմատելի է Լեհաստանի իրադարձութիւնների հետ։ Մայիսի 25-ին Եւրոպական խորհրդարանը հրապարակել է միջանկեալ զեկոյցի նախագիծը, որով դատապարտւում է իրաւունքի գերակայութեան աննախադէպ խախտումները Եւրոմիութեան այդ երկրում: Զեկոյցում դատապարտւում է Լեհաստանի խորհրդարանի կողմից Սահմանադրական վերահսկողութեան լիազօրութիւնների իւրացումը, արագացւած օրէնսդրական ընթացակարգերի օգտագործումը եւ դատական համակարգի նկատմամբ գործադիր իշխանութեան լիակատար վերահսկողութիւնը: Լեհաստանի նախկին վարչապետ Եարոսլաւ Կաչինսկին ղեկավարում է մեծամասնութեան կուսակցութիւնը խորհրդարանում: Նա կառավարութեան թիկունքում կանգնած իրական իշխանութիւնն է եւ վերահսկում է Ազգային ժողովը, արդարադատութեան բոլոր ատեանները եւ լրատւամիջոցները։

Քաղաքական փոփոխութիւնները հայկական ժողովրդավարութեան աստիճանական զարգացումն ապահովելու միակ միջոցն են։ Սակայն վարչապետը չի ձգտում դրան եւ անում է ամէն ինչ, որպէսզի «ժողովրդի» անունից ոչնչացնի ցանկացած քաղաքական ընդդիմութիւն՝ դրա մանդատը չունենալով հանդերձ: Իմ նախորդ յօդւածում ես կոչ արեցի ազգային համաձայնութեան պակտի, որը հիմնաւորւում էր մեր առջեւ ծառացած տնտեսական եւ ազգային անվտանգութեան ոլորտի սպառնալիքների առկայութեամբ։ Վարչապետի համար ոչինչ նշանակութիւն չունեցաւ։ Նա անցել է կարմիր գիծը, ինչպէս եւ Սարգսեանը, երբ սահմանադրական բարեփոխումից յետոյ առաջադրւել էր վարչապետի պաշտօնում ՝ չնայած հակառակ ազդակներին։ Դրա համար էլ Փաշինեանի պատմութեան այս էջը պէտք է փակւի։

 

Անօրինականութեամբ եւ անպատասխանատւութեամբ կառավարումը

Հայաստանում քաղաքական եւ սոցիալական իրավիճակը սոսկալի է։ Նրա ղեկավարը երկիրն այնպէս է պառակտել, որ նախկինում երբեւէ չի եղել: Իրաւունքի գերակայութիւնը այլեւս գոյութիւն չունի, փաստացի միակուսակցական խորհրդարանական վարչակարգը (քանի որ այն վերահսկում է ձայների 2/3-ի մեծամասնութիւնը) ընդունում է հակասահմանադրական օրէնքներ, որպէսզի հսկողութեան տակ վերցնի իրաւունքի գերակայութիւնը երաշխաւորող վերջին ինստիտուցիոնալ իշխանութիւնը՝ դատական համակարգը, թէեւ չի եղել որեւէ իրավիճակ, որը ցոյց տար, թէ դատաւորները չարաշահել են իրենց պարտականութիւնները կամ խոչընդոտել են դատական բարեփոխումներին:

Յաջորդ թիրախը լինելու են լրատւամիջոցները։ Ինչպէս նշել էի իմ նախորդ յօդւածում, արտակարգ դրութեան մասին օրէնքը ստեղծել է տեղեկատւութեան ազատութեան պաշտօնական այնպիսի սահմանափակումներ, որոնք սազական են բոլշեւիզմի լաւագոյն ժամանակներին։ Չնայած օրէնքը դեռեւս չի կիրարկւել, այնուհանդերձ, վերջին շրջանում Ազգային անվտանգութեան ծառայութեան (ԱԱԾ) կողմից լրագրողներին իրենց մօտ բերելը, եւ այդ օրէնքն ի վերջոյ կիրարկելու պաշտօնական սպառնալիքը կրկին ցուցադրում են լարւածութեան նշաններ, որոնք արտացոլում են գործադիր իշխանութեան նեարդայնութիւնը:

Հայաստանի կառավարութիւնն այս իրավիճակը կանխատեսել էր թագավարակի ճգնաժամի դեռեւս սկզբից՝ կառավարութիւնը 2020 թ. մարտի 20-ին միջազգային հաստատութիւններին ներկայացրել է յայտարարութիւն՝ Մարդու իրաւունքների եւրոպական կոնւենցիայով եւ Քաղաքացիական ու քաղաքական իրաւունքների մասին միջազգային դաշնագրով համապատասխանօրէն սահմանւած իրաւունքներից ու ազատութիւններից նահանջելու մասին: Այս վերապահումը պարբերաբար թարմացւում է ամէն ամիս՝ Հայաստանի խնդրանքով: Հայաստանը Եւրոպայի խորհրդի 47 անդամներից միակ երկիրն է, որը համարձակւել է չեղարկել լրատւամիջոցների ազատութիւնը։

Առաւել վատն այն է, որ գործադիր իշխանութիւնը չի կատարում իր պարտականութիւնները։ Համավարակն անվերահսկելի առաջընթաց է ապրում ամբողջ երկրում, մինչդեռ կառավարութիւնը չի անդրադառնում գլխաւոր դերակատար, փոխվարչապետ Տիգրան Աւինեանին եւ նրա հակաճգնաժամային կառավարման ռազմավարութեանը։ Փոխարէնը մեղքը բարդւում է «ժողովրդի», քաղաքական ընդդիմութեան եւ կառավարութեան ընդդիմախօսների կողմից աջակցութիւն ստացող լրատւամիջոցների վրայ:

Բացի այդ մեղադրանքի անհեթեթութիւնից (իբր ընդդիմախօսներն աւելի քիչ են մտահոգ իրենց հարազատների համար), որպէս արդարացման պատճառաբանութիւն է բերւում «ժողովրդի» պահւածքը։

Վերջինիս կարծիքը պէտք է օգտագործւէր հանրաքւէում՝ սահմանադրական փոփոխութիւններ ընդունելու համար, բայց ի վերջոյ վարչապետը, ով շարունակում է ժողովրդի անունից յայտարարել իր լեգիտիմութեան մասին, կարծես թէ բաւարար վստահութիւն չունի ժողովրդի լոյալութեան հանդէպ, որպէսզի անցկացնի այդ հանրաքւէն։ Արդարացման պատճառաբանութիւնը համավարակն է: Պատասխանատւութիւնը ստանձնելու այդ վախի ապացոյցներից մէկը Ամուլսարի ոսկու հանքի օրինակն է՝ իրավիճակը մշտապէս անորոշ վիճակում է մնում ինչպէս շրջակայ միջավայրի պաշտպանների, այնպէս էլ ներդրողների համար:

Ղարաբաղեան (Արցախեան) բանակցութիւնների կարգավորման համար նոր շրջանակներ պարտադրելու անկարողութիւնը, այն դէպքում, երբ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ դիւանագիտական Ճնշումներն աւելի ու աւելի յամառ են դառնում, չեն քողարկւում ինքնասպասարկող բնոյթի յայտարարութիւններով։ Արդարացումն այս անգամ աւելի հեշտ է գտնւել՝ դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է: Փաշինեանն ուղղակիօրէն կոչ է անում Ադրբեջանի «ժողովրդին» դատապարտել Ալիեւին։

Վարչապետ Փաշինեանի մօտեցումը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի եւ Սահմանադրական դատարանի «չէզոքացման» հարցում ցուցադրում է, թէ որքան քիչ ընդհանրութիւն ունի նրա կառավարման ձեւը օրինականութեան հետ։ Խորհրդատւական եզրակացութիւններ ստանալու խնդրանքով Հայաստանից դիմումներ են ուղղւել Մարդու իրաւունքների եւրոպական դատարանին (կառավարութեան կողմից մեղսագրւող սահմանադրական կարգի բռնի տապալման փորձի համար Քոչարեանին դատապարտելուն ուղղւած օրէնքի ենթադրեալ յետադարձ կիրառման մասին) եւ Վենետիկի յանձնաժողովին (Սահմանադրական դատարանի որոշ դատաւորների մանդատի դադարեցմանն ուղղւած օրէնսդրական փոփոխութիւնների օրինականութեան մասին)։ Չնայած Հայաստանի կառավարութեան կողմից գործադրւող ուժեղ ճնշումներին, այդ խորհրդատւական եզրակացութիւնները բաւարար կերպով հաստատական չեղան այն առումով, որ ակնկալում էր Հայաստանի կառավարութիւնը, ուստի վերջինս արմատական միջոցներ է ձեռնարկում, որպէսզի կանխի Հայաստանի դեռեւս պաշտօնավարող դատաւորների կողմից վերը նշւած կարծիքների հիման վրայ որոշումներ ձեւաւորելու հնարաւորութիւնը: Դրանով է բացատրւում իշխանութիւնների շտապողական ձգտումը, որ խորհրդարանում մէկ կուսակցութիւնը ընդունի (կառավարող կուսակցութիւնն ունի դրա համար անհրաժեշտ քւորում) անհապաղ ուժի մէջ մտնող օրէնք, որով փոխւում է Սահմանադրական դատարանի կազմը, Հայաստանի նախագահին զրկելով այդ կապակցութեամբ օրէնքը վաւերացնելու իր լիազօրութիւններից եւ շրջանցելով նշւած օրէնքի սահմանադրականութեան նկատմամբ հսկողութեան հնարաւորութիւնը, ինչպէս նաեւ չպահպանելով համապատասխան դատաւորներին ծանուցելու պատշաճ վարչական ընթացակարգը։ Գիտակցելով վերջին սխալը՝ յունիսի 30-ին խորհրդարանը հապշտապ ընդունեց օրէնսդրական նոր փոփոխութիւններ, բայց այս անգամ ՀՀ նախագահը տեղեկացրեց խորհրդարանի խօսնակին, որ չի ստորագրի ընդունւած փոփոխութիւնները։

Սահմանադրութեան այս բոլոր աներեւակայելի ու բացայայտ խախտումները խորացնում են ճգնաժամը եւ ցոյց տալիս գործադիր վերնախաւի ապաշնորհութիւնը։ Սա աներեւակայելի նւաստացուցիչ իրավիճակ է Հայաստանի համար օտարերկրեայ դիտորդների հետ յարաբերութիւններում, ինչպէս նաեւ արտաքին քաղաքականութեան թուլացում է, որտեղ ժողովրդավարութիւնը Հայաստանի դիւանագիտական դաշտի բաղկացուցիչ մասն է։

Փաշինեանը հասնում է մտախախտման՝ նա այլեւս ոչ մէկին չի վստահում, եւ նրա շփման շրջանակն անշեղօրէն նեղանում է։ Մենք ականատես ենք լինում պետական վարչութիւնների ղեկավարների, նախարարների, բանակի շտաբի սպաների եւ դեսպանների շրջանում կադրերի անհաւանական հոսունութեան։ Եւ նրա աշխատակազմն էլ չի խնայւում: Ոչ ոք չգիտի, արդեօք այդ բոլոր ղեկավարները հեռացւել են աշխատանքից կոռուպցիայի, թէ նախկին իշխող շրջանակների հանդէպ ենթադրեալ համակրանքի պատճառով։ Վստահութեան շրջանակը գրեթէ յանգում է ընտանիքին, եւ վերջինս աւելի ու աւելի է միջամտում Հայաստանի հանրային կեանքին։

Խորհրդարանական ժողովրդավարութիւն այլեւս գոյութիւն չունի։ Մեծամասնութեան կուսակցութիւնը չի ընդունում որեւէ առարկութիւն, կամ օրինագծերի քննարկում, կամ կառավարութեան քննադատութեան, եւ նրանք ունեն բաւարար անդամներ ընդունելու համար իրենց ցանկացած օրէնքն առանց ընդդիմադիր փոքրամասնութիւնների խմբակցութիւնների մասնակցութեան: Ընդդիմադիր կուսակցութիւնները բոյկոտել են խորհրդարանը Սահմանադրութեան մէջ փոփոխութիւններ մտցնող օրէնքների ընդունման պատճառով, եւ խորհրդարանը գործադիր իշխանութեան համար դարձել է նոտարական գրասենեակ:

Առկայ է «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեանը (ԲՀԿ) լռեցնելու բացայայտ փորձ՝ նախ Գագիկ Ծառուկեանի հետ կապւած տնտեսական ղեկավարներից մէկի դէմ քրէական հետապնդման միջոցով, իսկ այնուհետեւ, նաեւ հէնց Ծառուկեանի դէմ քրէական գործ յարուցելով՝ երբ վերջինս համարձակւեց հանդէս գալ վարչապետի հրաժարականի պահանջով: Այս գործընթացներում զուգադիպութիւնները չեն վրիպել որեւէ մէկի ուշադրութիւնից: Քանի որ դա բաւարար չէ, վարչապետը սկսեց սպառնալ բոլոր քաղաքական ուժերին, որոնք կարող են գայթակղւել ապագայում վիճարկելու իր իշխանութիւնը, կամ որոնք քննադատում են առողջապահութեան ճգնաժամի կառավարման իր քաղաքականութիւնը:

Հանրապետական կուսակցութիւնն առաջին թիրախն էր, եւ ինչն աւելի զարմանալի է՝ ՀՅԴ-ն դարձաւ մի հռետորաբանութեան զոհ, որը տարօրինակորեն յիշեցնում է Լեւոն Տէր-Պետրոսեանի կողմից 28 տարի առաջ կիրառած հռետորաբանութիւնը՝ այսինքն` մի ժամանակաշրջանից, որն աւարտւած էր համարւում: Դրա հետ մէկտեղ, վարչապետի խօսքը բացայայտում է որոշակի անհետեւողականութիւն՝ մի կողմից, ՀՅԴ-ն ներկայացւում է որպէս առոչինչ կազմակերպութիւն եւ առանց քաղաքական ապագայի, եւ պնդում է արւում, որ այն ի վերջոյ յայտնւելու է պատմութեան աղբանոցում, իսկ միւս կողմից, ստացւում է, որ այդ կուսակցութիւնը բաւականին ազդեցիկ է վարչապետի թէժ յարձակումն արդարացնելու համար:

 

Սփիւռքի դերը

Սփիւռքը կրկին պասիւութեան մէջ է ընկել։ Նոյն մարդիկ, ովքեր երկու տարի առաջ զգուշութեամբ էին վերաբերւում Սարգսեանի դէմ խաղաղ ցոյցերին աջակցելու գաղափարին, այժմ գտնւում են հակառակ ճամբարում` աչք են փակում Փաշինեանի էքսցեսների վրայ։ Եկէք չխօսենք նրանց մասին, ովքեր շատ քաղաքականացւած պատկերացում ունեն մարդու իրաւունքների եւ ազատութիւնների մասին: Մենք նրանց այլեւս չենք լսում։ Միւսները բացայայտօրէն արտայայտում են իրենց կողմնակալ վերաբերմունքը, այն է՝ 2008 թ. մարտի 1-ի զոհերի համար անհրաժեշտ է, որ պետութեան գլուխ դատապարտւի եւ բանտարկւի, իսկ «Սասնայ ծռեր» խմբաւորման անդամները, ովքեր սպանեցին ոստիկանութեան երեք սպայ, պէտք չէ որ դատւեն եւ ազատազրկւեն:

Սակայն վերլուծութեան ամենակարեւոր տարրն այլ տեղում է: Հայ ժողովուրդը, ինչպէս երբեք, ենթարկւում է Թուրքիայի յարձակումներին մի քանի ճակատներում։ Այդ սպառնալիքները լուրջ են, քանի որ Թուրքիան գործում է ազատ, առանց արգելակների։ Նրա նէոօսմանական յաւակնութիւնները, ինչպէս եւ սպասելի էր, հաստատւում են։ Թուրքիան կարողացաւ իր կամքը թելադրել ինչպէս Միացեալ Նահանգներին, այնպէս էլ Ռուսաստանին՝ նւաստացնելով Եւրոպային ու ՆԱՏՕ-ին։ Այն ռազմական միջամտութիւն է իրականացնում մի շարք երկրներում ՝ խախտելով միջազգային իրաւունքը (տւեալ դէպքում դա այդպիսի միակ երկիրը չէ)։ Նման մօտեցման առաջին զոհերը դարձան քրդերը։

Ինչ վերաբերում է հայերի հանդէպ վերաբերմունքին, ապա Թուրքիայի ռազմավարութիւնն այստեղ երկակի է։ Նախ, Թուրքիան մտադիր է ակտիւացնել իր պաշտօնական գործունէութիւնը Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման արշաւների դէմ՝ իր նկարագրի բարելաւման նպատակով։ Վերջերս կատարւած յայտարարութիւնը այդ նպատակի համար նոր գործառնական կառոյց ստեղծելու մասին որեւէ նոր բան չի ներկայացնում իրենից: Նման կառոյցներ գոյութիւն ունեն 1960-ականներից, յաճախ քողարկւած, կամ նոյնիսկ գաղտնի ձեւերով։ Նորութիւնն այստեղ կայանում է այդ կառոյցի ինստիտուցիոնալացման եւ դրա գործունէութեան համար գիտական եւ իրաւական զգալի ռեսուրսների մոբիլիզացման մէջ։

Երկրորդ ճակատը ղարաբաղեանն է։ Ադրբեջանին տրամադրւող թուրքական աջակցութիւնը ձեռք է բերել նոր երանգ, որը համահունչ է Թուրքիայի ռազմական միջամտութիւնների քաղաքականութեանը եւ Կենտրոնական Ասիայի թուրք ժողովուրդների հետ քաղաքական միասնութեան ձգտմանը։ Թուրքիան յստակեցրել է, որ եթէ Ադրբեջանը ռազմական գործողութիւններ ձեռնարկի իր յաւակնած տարածքը վերադարձնելու համար, ապա Թուրքիան կաջակցի նրան։ Թուրքիայի եւ մահմեդական ֆունդամենտալիզմի որոշ ճիւղերի, այդ թւում ՝ ջիհադիստական որոշ խմբաւորումների (ԴԱԷՇ-ի նոր առաջնորդ ազգութեամբ թուրքմեն է) ապացուցւած կապերը կարող են լուրջ վտանգ ներկայացնել։

Այժմ անդրադառնանք Հայաստանի ներքին վիճակի հետ կապին: Բոլորի համար էլ հասկանալի է, որ ներքին պառակտումը թուլացնում է Հայաստանի դիւանագիտական եւ ռազմական պաշտպանութիւնը։ Այն, ինչ սփիւռքը չի տեսնում կամ հրաժարւում է տեսնել, մասնաւորապէս, երբ խօսքը նրա հայկական խնդիրներով զբաղւող կառոյցների մասին է՝ Ցեղասպանութեան ճանաչում, Ցեղասպանութեան ժխտման համար պատիժ, Արցախի անկախութիւն եւ այլն, դա այն է, որ այս բոլոր ուղղութիւններով գործողութիւնները երբեք յաջողութեամբ չեն պսակւի, եթէ հայկական պետութիւնն ու նրա դիւանագիտութիւնը չգործեն Սփիւռքի հետ միասնաբար եւ համատեղ: Այսօր այդ գիտակցութիւնը եւ ըմբռնումը դեռեւս իրականութիւն չեն դարձել ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ սփիւռքում։ Հայկական հարցի ասպարեզում հայկական պետութեան կողմից ընդունւած գործունէութեան շրջանակը սահմանափակւում է Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանն աջակցող դիւանագիտական քայլերով: Դա չի վերաբերում յատկապէս Փաշինեանին, բայց նրա իշխանութեան գալով ոչինչ չփոխւեց դէպի լաւը:

2010-ական թւականների սկզբից ես հանդէս եմ եկել Հայկական Հարցի վերաբերեալ ռազմավարութեան արմատական փոփոխութեան օգտին։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ Հայկական Հարցի որոշ բաղկացուցիչների, մասնաւորապէս Հայոց Ցեղասպանութեան համար խմբային հատուցումների եւ Թուրքիայի ու հայերի միջեւ վէճերի կարգաւորման հարցի լուծումը վերաբերում է բացառապէս Հայաստանի Հանրապետութեանը։ Այդ խնդիրների լուծումն անհնար է առանց դրանցում հայկական պետութեան առաջնորդութեան եւ ակտիւ մասնակցութեան: Թուրքիան եւ նրա կողմնակիցները ակնյայտօրէն համաձայն են այդ տեսակէտի հետ։

Ի հեճուկս տարածւած կարծիքի՝ սփիւռքը նւազ կարեւորութիւն ունի այդ հարցերի լուծման համար, բայց աւելի օգտակար է հայկական պետութեան ինստիտուցիոնալ եւ տնտեսական ամրապնդման համար, մասնաւորապէս իր ներկայացուցչական կամ լոբբիստական կառոյցների միջոցով։ Սփիւռքը եզակի արժէք է, որը շատ քիչ պետութիւններ ունեն։ Մի բան հաստատ է՝ այդ երկու միաւորների ճակատագիրը փոխկապակցւած է:

Այդ իսկ պատճառով առաջնային եմ համարում ներքաղաքական ճգնաժամի լուծումը եւ պետութեան համախմբումը համահայկական քաղաքական օրակարգի շուրջ։ Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան աւելի նւազում է վնասի փոխհատուցման հասնելու հաւանականութիւնը։ Երկու տարւայ ընթացքում Սփիւռքի հետ որեւէ քննարկում չի եղել այս բոլոր ռազմավարական հարցերի շուրջ, եւ մենք պէտք է դրանից հետեւութիւն անենք, որ չկայ այդ հարցերի նկատմամբ հետաքրքրութիւն։ Միակ քարոզչութիւնը կապւած է Սփիւռքի կողմից Հայաստանին տնտեսական եւ ֆինանսական աջակցութիւն ցուցաբերելու կոչի հետ, բայց առանց քաղաքական հարցերի որեւէ փոխհամաձայնեցման։ Սա հին ժամանակների յետադիմական քաղաքականութիւն է։

Վերջերս, ֆրանսահայ համացանցային մի պարբերականում հրապարակւած խմբագրական յօդւածը հարց է տալիս, թէ արդեօք Սփիւռքը պէ՞տք է միջամտի Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքին: Դատողութիւնների կողմնակալութիւնն ապացուցեց, որ ի վիճակի չլինելով հարցն ըմբռնել իր խորութեամբ, ամէն ինչը յանգեցւում է սոսկ Փաշինեանի օգտին կամ նրա դէմ խօսող ձայները կանխելուն։ Մինչդեռ նոյն լրատւամիջոցի աւելի վաղ հրապարակւած առաջնորդողն աներկբայօրէն հանդէս էր գալիս յեղափոխութեան իրականացման օգտին։

Հաշւի առնելով Հայաստանի եւ սփիւռքի փոխկապակցւած ճակատագիրը, մենք պէտք է աջակցենք Հայաստանում իրաւունքի գերակայութեան հաստատմանը, անկախ նրանից, թէ ով կամ որ կուսակցութիւնն է իշխանութեան ղեկին, քանի որ Հայկական Հարցին առնչւող հիմնական անելիքների իրագործումը կախւած է հայկական պետութեան կամքից եւ քաղաքականութիւնից։ Ես առաջարկում եմ Սփիւռքին որոշակի պարտականութիւններ ստանձնել Հայաստանի ներքին քաղաքականութեանը միջամտելու հարցում, որպէսզի վերջ դրւի այս ինքնակործան վիճակին, որը միաժամանակ կաթւածահար է անում նաեւ համահայկական գործերը։

 

«Արմենիան միրոր սփեքթէյթոր», 1 յուլիսի 2020թ.

Aravot.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։