Հա

Քաղաքական

17/07/2020 - 08:40

«Այս զարգացումները եւս մի քանի տարով ստատուս-քւոյի պահպանումը դարձնում են հրամայական». Դաւիթ Բաբայեան

Ադրբեջանը նոր բան չի արել, սա նորութիւն չէ՝ Ադրբեջանը չի տարանջատում Տաւուշի հատւածը, Նախիջեւանի հատւածը, թէ Արցախի հատւածը՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դաւիթ Բաբայեանը՝ խօսելով Տաւուշի սահմանին սրացման մասին։

«alikonline.ir» - Ադրբեջանը նոր բան չի արել, սա նորութիւն չէ՝ Ադրբեջանը չի տարանջատում Տաւուշի հատւածը, Նախիջեւանի հատւածը, թէ Արցախի հատւածը՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դաւիթ Բաբայեանը՝ խօսելով Տաւուշի սահմանին սրացման մասին։

Նրա համոզմամբ, Ադրբեջանը ունի երկու ծրագիր․ մինիմում ծրագիր՝ ոչնչացնել արցախեան պետականութիւնը, մաքսիմում՝ հայոց պետականութիւնը՝ Մայր Հայաստանը։

«Ցանկացած պահի ցանկացած տեղ կարող է էլի սրացում լինել, բայց մենք պէտք է իրատես լինենք եւ հասկանանք, որ Անդրկովկասի պէս կարեւորագոյն ռազմաքաղաքական տարածաշրջանում, որտեղ խաչւում են տարբեր գլոբալ եւ տարածաշրջանային խաղացողների շահերը, պատերազմ սկսելը էդքան էլ հեշտ բան չէ»,- նկատեց Դաւիթ Բաբայեանը։

Այսինքն, եթէ պատերազմը սկսեն, այո՛, պատերազմելու են Արցախի եւ Հայաստանի Հանրապետութիւնների դէմ, բայց պայքարը լինելու է աւելի լայն շրջանակի դէմ։

Դա, Բաբայեանի համոզմամբ, կարող է շատ վտանգաւոր լինել եւ նոյնիսկ բերել անկանխատեսելի հետեւանքների։

«Հաւանականութիւն կա՞յ պատերազմի, կա՛յ, բայց մենք պէտք է տեսնենք՝ ե՞րբ կարող է լինել լայնածաւալ պատերազմ․ նախ եւ առաջ պէտք է լինի աշխարհաքաղաքական վակուում, որն, օրինակ, ստեղծւել էր 1991 թ.-ին՝ Խորհրդային Միութեան փլուզման հետեւանքով․ այսօր նման վակուում չկայ, ակնյայտ է։

Երկրորդը, եթէ հայոց պետականութիւնը, հայոց դիւանագիտութիւն վարի այնպիսի բարդ աշխարհաքաղաքականութիւն, որ բախւի այլ ուժերի հետ եւ Ադրբեջանի ագրեսիան դառնայ ոչ այնքան Ադրբեջանինը, որքան այլ ուժերի ագրեսիան մեր աշխարհաքաղաքականութեան վրայ․ նման բան չկայ։

Երրորդը՝ այնքան թոյլ պէտք է լինենք, որ Ադրբեջանը փորձի, շրջանցելով աշխարհաքաղաքական զարգացումները, տարբեր երկրների շահերը նոյնիսկ հաշւի չառնելով՝ յարձակւի եւ կործանի հայոց պետականութիւնը։ Բայց այդ յարձակումը պէտք է տեղի ունենայ բլից-կրիգի միջոցով։ Այսինքն, երկարատեւ պատերազմ երբ որ սկսւում է, արդէն իսկ կողմնակի ուժերը պէտք է միջամտեն եւ սա չի բերելու այն արդիւնքին, որը կունենայ Ադրբեջանը․ սա էլ չկայ։

Այսինքն, օբիեկտիւ պատճառներ չկան»,- իրավիճակը վերլուծեց Դաւիթ Բաբայեանը։

Նա, իհարկէ, չբացառեց, որ կարող է նաեւ լինել լրիւ աննորմալ, անհաւասարակշռւած ղեկավարութիւն Ադրբեջանում, որը փորձի դա անել, բայց քիչ հաւանական համարեց այս տարբերակը։

Հետեւաբար, այս սրացումը, նրա համոզմամբ, ունի այլ նպատակներ․ «Նախ եւ առաջ մենք տեսնում ենք Թուրքիայի ազդեցութիւնը այստեղ եւ Թուրքիան անմիջական ազդեցութիւն է ունենում այն ամէնի վրայ, ինչը այստեղ կատարւում է։ Պատահական չէ, որ սրացումը կատարւեց հայաստանաադրբեջանական սահմանին, ոչ թէ արցախաադրբեջանական։ Ինչո՞ւ, որովհետեւ մենք տեսնում ենք Թուրքիայի՝ քրիսոտնեայ աշխարհին յայտարարած «գազաւաթը»՝ սրբազան պատերազմը»։

Նա յիշեցրեց 30-ական թւականներից թանգարան եղած Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու՝ Թուրքիայի նախագահի գործելաոճը։

«Տաճարն իբրեւ թանգարան պահպանելով՝ ինչ-որ մի տեղ հաշտեցում էր քրիստոնեայ եւ մահմեդական աշխարհների միջեւ, թոյլ էր տալիս երկխօսութիւնը շարունակել, հիմա Էրդողանը փչացնում է, քանդում է դա։ Ամեն ինչ վերացել է, սա է՞ մնացել, ուրիշ խնդիր չունի՞ Թուրքիան։ Սա առաջին հերթին հարւած է երեք քաղաքակրթութիւններին․ յունականին՝ հաշւի առնելով, որ Սուրբ Սոֆիայի տաճարը նաեւ յունական եկեղեցուն է ժամանակին պատկանել, սա հարւած է ռուսական ուղղափառ եկեղեցուն, որովհետեւ Ռուսաստանը Բիւզանդիայի ժառանգորդն է՝ կրօնական, քաղաքակրթական առումով ինչ-որ տեղ եւ սա հարւած հայութեանը, որպէս բիւզանդական ժողովուրդների պետական տարրի բաղկացուցիչ մասը՝ յոյների հետ մէկտեղ»,- ասաց Դաւիթ Բաբայեանը։

Նա նշեց Ռուսաստանի կոշտ արձագանքը։ Եւ այս ամէնի ներքոյ Թուրքիայի կրտսեր եղբայրը՝ Ադրբեջանը, մեծագոյն խայթոց է հասցնում Հայաստանին։ Իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է։ Դաւիթ Բաբայեանի համոզմամբ, դրանով իսկ Ադրբեջանը Թուրքիայի քաղաքականութիւնն է վարում ընդդէմ Հայաստանի, Ռուսատանի, քաղաքակիրթ աշխարհի։

«Բացի այդ, մենք տեսնում ենք ինչպիսի իրավիճակ է Ադրբեջանում, այնտեղ լուրջ խմորումներ են տեղի ունենում, հիմա էլ Մամեդեարովին են ուզում, որ խփեն։ Այսինքն, այնտեղ Ալիեւի կլանը շատ լուրջ դժւարութիւնների է հանդիպում իշխանութիւնը պահելու հարցում։ Ուղղակի կադրային ջարդ է կատարել, որոշ կառոյցներում ղեկավար կազմի 90 տոկոսին փոխել է։ Սա նշանակում է, որ ընդդիմութիւնը համալրւելու է իշխանութիւնից դուրս եկած մարդկանցով, ովքեր աւելի լաւ են իմանում իշխանութեան բացերը։ Այս տեսակէտից դիտելով՝ պէտք է արտաքին թշնամու կերպարը, բացի այդ, շատ լաւ պատեհ առիթ է վհուկների որս յայտարարելու»,- նշեց Դաւիթ Բաբայեանը։

Նա նկատեց, որ հանրահաւքները սկսւեցին հակահայկական լոզունգներով, ապա փոխւեցին հակաալիեւեանի․ «Հիմա դա եղել է կազմակերպւա՞ծ, թէ՞ սպոնտան․ այլ հարց է, բայց եթէ սպոնտան է, արդէն վտանգ է, եթէ կազմակերպւած է, արդէն կլանը հասկանում է, որ կարող է նման բան լինել, առաջ է անցնում եւ փորձում է ջարդ սկսել՝ ասելով, որ հայերը յարձակւել են, ուզում են մեզ կործանել, սրանք էլ հինգերորդ շարասիւնն են, ներսից իշխանութեան պայքար են մղում։ Այս տեսակէտից պէտք է դիտարկել նաեւ»։

Դաւիթ Բաբայեանը արձանագրեց, որ կարելի է վստահօրէն ասել՝ նման զարգացումները եւս մի քանի տարով ստատուս-քւոյի պահպանումը դարձնում են հրամայական․ «Որեւէ այլ բան սպասել այս աւանտիւրայից յետոյ, իհարկէ, չենք կարող»։

Ադրբեջանում հանրահաւաք անող այլախոհներին որակում են հայերի ժառանգներ։ Դաւիթ Բաբայեանը նկատում է՝ իհարկէ, կարող են բոլորին հայ դարձնել, մանաւանդ որ հայկական արիւն կայ ադրբեջանական վերնախաւի բազմաթիւ ներկայացուցիչների մօտ, նոյնիսկ Իլհամ Ալիեւի մօտ, քանի որ տւեալներ կան, որ Հէյդար Ալիեւի մայրը հայ է եղել։

«Եթէ այս արշաւն է գնում, չի բացառւում, որ ինչ-որ փաստաթղթեր դուրս բերեն եւ ասեն, որ Հէյդար Ալիեւը նոյնպէս կիսահայ է եւ Իլհամն էլ ունի հայկական արմատներ։ Բայց ոչ, սա պատեհ առիթ է վհուկների որս յայտարարելու ընդդիմութեան նկատմամբ, դրա համար օգտագործում են այդ տեմինաբանութիւնը՝ «հայկական արիւն ունեն», «հայկական լրտեսներ են», «դաւաճաններ են» եւ այլն»,- նշեց Դաւիթ Բաբայեանը։

Նա նշեց, որ այստեղ լուրջ քաղաքական պայքար է, որն իրենք կանխատեսել էին դեռեւս վաղուց։

Արդեօ՞ք Ադրբեջանը գերագնահատել էր իր ուժը՝ յարձակւելով Տաւուշի վրայ եւ յետ շպրտւելով, Դաւիթ Բաբայեանը պատասխանեց՝ երբեք չպէտք է թերագնահատել թշնամուն։

«Ճիշտ է, մեր բանակը, փառք Աստծոյ, շատ լաւ է դրսեւորել իրեն, ափսոս, որ ունենք զոհեր, Աստւած հոգիները լուսաւորի այդ փայլուն, պայծառ տղաների։ Այնուամենայնիւ, երբեք չպէտք է թերագնահատել թշնամուն, նրանցից ամէն ինչ սպասելի է, նրանք նոյնիսկ կարող են նման ձեւով վարւել մեր ուշադրութիւնը շեղելու համար, երբեք չասենք, որ այս պահին կարողացանք դա անել, ուրեմն, վերջ, միշտ էլ անելու ենք»,- ասաց նա։

Նա կոչ արեց երբեք չհրապուրւել այս յաջողութեամբ եւ կորցնել զգօնութիւնը, որովհետեւ հակառակորդը շատ նենգ է, պէտք է միշտ լինենք պատրաստ։

Այս սրացումը աչքի ընկաւ նաեւ նոր զինատեսակների կիրառմամբ։ Դաւիթ Բաբայեանը սա բնական է համարում՝ 21-րդ դարն է եւ սրընթաց ձեւով է զարգանում ամէն ինչ։

Նա նշեց, որ մարտական գործողութիւններում կիրառւում են ե՛ւ նոր զէնքեր, ե՛ւ աւանդական․ «Իհարկէ, աւանդական կալաշնիկովներ կան, թնդանօթներ։ Չի նշանակում, որ 5-10-20 տարւայ զէնքերը էֆեկտիւ չեն, ընդհակառակը, ինչքան հին են զէնքերը, երբեմն աւելի էֆեկտիւ են լինում։ Օրինակ, մեր օդը կարող ենք պաշտպանել ամենաարդիական անօդաչու թռչող սարքերից, բայց թնդանօթի արկի դիմաց չկայ պաշտպանութիւն»։

Սա նշանակում է, պէտք է բանակը անընդհատ արդիական զինատեսակներով ապահովւի, բայց շատ կարեւոր է նաեւ զինւորների բարոյահոգեբանական վիճակը, մարտունակութեան բարձրացումը, հրամանատարական կազմի ունակութիւնների բարձրացումը եւ սա շարունակական բնոյթ պէտք է կրի։

 

Աննա Բալեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։