Հա

Քաղաքական

18/07/2020 - 13:20

Աննա Նաղդալեանի հարցազրոյցը «Lenta.Ru»-ին. Ադրբեջանը պէտք է անյապաղ հրապարակայնօրէն հրաժարւի սպառնալիքներից

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալեանը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերեալ հարցազրոյց է տւել ռուսական լրատւամիջոց «Lenta.Ru» առցանց լրատւական կայքին: Տ

«alikonline.ir» - Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալեանը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերեալ հարցազրոյց է տւել ռուսական լրատւամիջոց «Lenta.Ru» առցանց լրատւական կայքին: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

 

Հ.- Սահմանին կիրառւում են «Գրադ» համակարգեր, տանկեր, գործի է դրւում կենդանի զինուժը, գործի են դրւում մեծ թւով ԱԹՍ-ներ. կարո՞ղ ենք արդեօք խօսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի մասին։ 

Պ.- Այս մարտերը Ադրբեջանի կողմից հրահրւած լայնամասշտաբ էսկալացիա են: Քաղաքացիական ենթակառուցւածքների եւ խաղաղ բնակչութեան նպատակաուղղւած հրետակոծումն ադրբեջանական կողմի՝ վաղուց կիրառւող մարտավարութիւնն է: Տարիներ շարունակ մենք առերեսւել ենք դրան, մենք դրան ականատես ենք եղել 2016-ի ապրիլին, երբ Ադրբեջանը լայնածաւալ յարձակում սանձազերծեց Հայաստանի հետ սահմանին եւ Արցախի պաշտպանութեան բանակի ուժերի հետ շփման գծում: 

Ե՛ւ 2016 թ. ապրիլին, ե՛ւ 2020 թ. յուլիսին ադրբեջանական բանակի գործողութիւնները միջազգային հումանիտար իրաւունքի կոպիտ խախտում են: Մենք բազմիցս ասել ենք, որ ռազմական ուժի կիրառման սպառնալիքը չի գործելու։ Հայաստանն ու Արցախն ունեն բաւարար ներուժ՝ պաշտպանելու եւ ապահովելու մեր միասնական անվտանգութեան համապարփակութիւնը:

 

Հ.- Մինչեւ մարտական գործողութիւնների սկսւելը Հայաստանը ունեցե՞լ է տեղեկութիւններ նախապատրաստւող յարձակման մասին:

Պ.- Ձեր հարցն աւելի շատ ուղղւած է զինւորականներին, քան դիւանագէտներին: Ընդհանուր առմամբ, կարելի է նշել, որ Հայաստանի զինւած ուժերը մշտապէս պատրաստ են յետ մղելու ցանկացած ոտնձգութիւն։ Իմ կողմից կարող եմ ընդգծել, որ եղել են քաղաքական նախադրեալներ: 

Լարւածութեան աճին նախորդել են Ադրբեջանի նախագահի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ձեւաչափին հասցէագրւած յարձակումներ եւ մեղադրանքներ: Աւելին, վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանի ղեկավարը տարածքային եւ պատմական «պահանջներ» է ներկայացնում Հայաստանին: 

Մասնաւորապէս, խօսքը մայրաքաղաք Երեւանի, ինչպէս նաեւ Հայաստանի հարաւում գտնւող Զանգեզուրի շրջանի մասին է: Իր հրապարակային յայտարարութիւններում եւ ելոյթներում նա նորից դիմեց ագրեսիւ եւ ռազմատենչ հռետորաբանութեանը՝ վստահեցնելով իր երկրի բնակչութեանն առ այն, որ Ադրբեջանն ի զօրու է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը ռազմական ճանապարհով։ Ամենայն հաւանականութեամբ, ինչ-որ պահի, Ադրբեջանը ենթադրեց, որ ունի բաւարար կարողութիւն իր յայտնի մտադրութիւնները կեանքի կոչելու համար, մասնաւորապէս՝ ի ցոյց դնելու Ադրբեջանի զինւած ուժերի ձգտումն ու կարողութիւնները՝ իրենց կամքը պարտադրելու Հայաստանին եւ Արցախին: 

 

Հ.- Ո՞րն է հակառակորդի ենթադրեալ նպատակը։

Պ.- Այս մասին աւելի լաւ է հարցնել Ադրբեջանի ներկայացուցիչներին, քանի որ ներկայիս լարւածութեան աճն ամբողջովին նրանց գործողութիւնների արդիւնքն է: Մենք կարող ենք միայն ենթադրել, թէ ինչի էին ցանկանում հասնել Բաքւում՝ սահմանին բախումներ հրահրելով: Ամենայն հաւանականութեամբ, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը հնարաւոր համարեց ցուցադրել Հայաստանի նկատմամբ ռազմական գերակայութիւնը, սակայն մեծապէս գերագնահատեց սեփական ներուժը: Միեւնոյն ժամանակ, պէտք չէ մոռանալ, որ Ադրբեջանի ղեկավարութիւնն աւանդաբար օգտագործում է Հայաստանի հետ սահմանին անկայունության գործոնը՝ որպես ներքաղաքական գործիք. Ադրբեջանի ղեկավարութեան զինանոցում առկայ հայատեացութեան քարոզչութիւնը յարմար գործիք է ծառայում ադրբեջանական իշխանութիւնների ձեռքում հասարակութեանը համախմբելու համար: 

Մարտական գործողութիւնները թոյլ են տալիս շեղել ուշադրութիւնը ներքին խնդիրներից, ինչպիսիք են իշխանութեան բռնապետական բնոյթը, համատարած կոռուպցիան, մարդու իրաւունքների կոպիտ խախտումները, բոլոր հիմնարար իրաւունքների եւ ազատութիւնների խախտումները:

 

Հ.- Ինչպէ՞ս էք գնահատում Հայաստանի միջազգային գործընկերների արձագանքը: Ոմանք նշում են, որ այն առնւազն թոյլ էր:

Պ.- Միջազգային հանրութեան կողմից ինչպէս պետութիւնների, այնպէս էլ՝ միջազգային կազմակերպութիւնների մակարդակով անյապաղ եւ միանշանակ արձագանք տրւեց վերջին օրերի իրադարձութիւններին: Վերջիններս միաձայն կոչ արեցին դադարեցնել մարտական գործողութիւնները: Մենք բարձր ենք գնահատում մեր այն գործընկերների յստակ եւ անզիջում դիրքորոշումը, ովքեր հանդէս են եկել ռազմական արկածախնդրութեան անընդունելիութեան դիրքերից: Այնուամենայնիւ, առանձին երկրներ հանդէս են եկել, առնւազն, ապակառուցողական հռետորաբանութեամբ: Այս առումով ցանկանում եմ ընդգծել Թուրքիայի դիրքորոշումը, որը ոչ միայն անվերապահ աջակցեց Ադրբեջանին, այլեւ առաջ քաշեց անթաքոյց նկրտումներ հարաւկովկասեան տարածաշրջանի նկատմամբ, որոնք Թուրքիայի նախագահը եւ նրա աջակիցները փորձում են հիմնաւորել մեր տարածաշրջանում Թուրքիայի «պատմական առաքելութեան» վկայակոչմամբ:

Անընդունելի ենք համարում տարածաշրջանային նման բարդ իրադրութիւնում Ադրբեջանի ագրեսիւ եւ հրահրող պահւածքի` ուղղակի կամ անուղղակի խրախուսմամբ հանդէս գալը եւ ափսոսանք ենք յայտնում հնչած նման բնոյթի յայտարարութիւնների առնչութեամբ։ 

Անչափ կարեւոր է, որ երրորդ երկրները ձեռնպահ մնան այն քաղաքականութիւնից, որը հրահրում է անկայունութիւն, կամ ինչ-որ ձեւով արտայայտում է աջակցութիւն Ադրբեջանին՝ ցեղային ընդհանրութիւնների հիման վրայ, կամ սնում վերջինիս՝ ռազմական ձեւով խնդրի կարգաւորման պատրանքները:

 

Հ.- Բաքուն պաշտօնապէս սպառնացել է յարձակւել Հայկական ատոմային էլէկտրակայանի վրայ: Որքա՞ն լուրջ է Երեւանը վերաբերում նմանատիպ սպառնալիքին եւ ինչո՞վ կարող է պատասխանել:

Պ.- Հայաստանի ԱԳՆ-ն արդէն հանդէս է եկել համապատասխան յայտարարութեամբ։ Տւեալ սպառնալիքն ուղղւած է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների դէմ, ներառեալ` Ադրբեջանի բնակչութեան դէմ։ Ադրբեջանը պարտաւոր է հրապարակայնօրէն հրաժարւել այդ սպառնալիքներից, եւ մենք հետեւողական կը լինենք այդ հարցում։ 

Ցանկանում եմ ընդգծել, որ տւեալ սպառնալիքը ոչ միայն մատնացոյց է անում Ադրբեջանի ռազմաքաղաքական կառավարութեան յուսահատութիւնն ու մտքի ճգնաժամը, այլ նաեւ ընդգծում է միջազգային հանրութեան այդ անդամի առողջ դատողութեան եւ պատասխանատւութեան զգացումի բացարձակ բացակայութիւնը։ 

 

Հ.- Յատկանշական է, որ իրադրութեան այս նոր էսկալացիան տեղի չի ունեցել Արցախի տարածքում: Արդեօք պէտք է այս գործողութիւնները պայմանաւորել հակամարտութեամբ: 

Պ.- Վերջին օրերի իրադարձութիւնները, իհարկէ, անհրաժեշտ է դիտարկել նաեւ Արցախի Հանրապետութեան դէմ սադրանքի համատեքստում: Ինչպէս արդէն վերը նշեցի, ռազմական արկածախնդրութիւնը ընդհանուր առմամբ հանդիսանում է Բաքւի տարածաշրջանային քաղաքականութեան վարման հիմնական մեթոդը: Մեր տեսանկիւնից, միջպետական սահմանին սադրանքը եւ ՀՀ տարածքում գտնւող պաշտպանական յենակէտի գրաւման փորձը սպառնալիք են` ուղղւած մեր ազգային անվտանգութեան դէմ: Նմանօրինակ գործողութիւնները պէտք է կանխւեն ՀՀ զինանոցում առկայ բոլոր միջոցներով:

 

Հ.- Որո՞նք են իրադարձութիւնների հետագայ զարգացման տարբերակները. ռազմական գործողութիւնների, թէ, ասենք, հայկական առաջխաղացում՝ անվտանգութեան գօտու ձեւաւորման համար։ 

Պ.- Մենք բազմիցս յայտարարել ենք եւ շարունակում ենք պնդել, որ խնդրի խաղաղ կարգաւորումն այլընտրանք չունի։ Յուսով ենք, որ իր ռազմական արկածախնդրութեան տապալումից յետոյ Ադրբեջանը պատասխանատւութիւն կը ցուցաբերի հրադադարի պահպանման եւ ամրապնդման հարցում: Առկայ են անվտանգութեան եւ վստահութեան ամրապնդման ուղղութեամբ յստակ առաջարկներ, ներառեալ՝ տեղում միջազգային դիտորդների թւի աւելացումը եւ նրանց մշտական տեղակայումը, ուղիղ կապը եւ հրադադարի ռեժիմի ենթադրեալ խախտումների հետաքննութեան մեխանիզմի ներդրումը։ Դրանց իրագործումը կարող է օգնել խուսափել լարւածութեան աճի հետագայ վերսկսումից։ 

Սակայն Ադրբեջանը մերժել է հետաքննութեան այդ մեխանիզմները, որոնց բացակայութիւնը նպաստում է քաղաքացիական բնակչութեան շրջանում զոհերի աճին, ինչպէս նաեւ հայկական կողմին ուղղւած անհիմն մեղադրանքներին: 

Ընդգծեմ, որ ստեղծւած իրավիճակում հրամայական են մարտական գործողութիւնների դադարեցման, Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ կնքւած հրադադարի անվերապահ եւ լիակատար վերականգնման, պահպանման եւ ամրապնդման ջանքերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։