Հա

Քաղաքական

21/07/2020 - 12:30

Ադրբեջանի սպառնալիքի կշիռը. պաշտպանւա՞ծ է Մեծամօրի ատոմակայանը հարւածներից

Իւրաքանչիւր ատոմակայան պաշտպանւած է ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւով։ Sputnik Արմենիան զրուցել է ոլորտի մասնագէտների հետ` ռազմական, միջուկային, ինչպէս նաեւ ատոմակայանի համապատասխան ներկայացուցչի հետ` պարզելու, թէ Մեծամօրի ատոմակայանին հարւածելու` Ադրբեջանի սպառնալիքն ինչ կշիռ ունի։

«alikonline.ir» - Իւրաքանչիւր ատոմակայան պաշտպանւած է ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւով։ Sputnik Արմենիան զրուցել է ոլորտի մասնագէտների հետ` ռազմական, միջուկային, ինչպէս նաեւ ատոմակայանի համապատասխան ներկայացուցչի հետ` պարզելու, թէ Մեծամօրի ատոմակայանին հարւածելու` Ադրբեջանի սպառնալիքն ինչ կշիռ ունի։

Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցչի` Մեծամօրի ատոմակայանին հարւածելու վերաբերեալ սպառնալիքները մեծ արձագանք ստացան ու բաւական քննարկւեցին։ Հարցն այն է, որ միջազգային պրակտիկայում ընդունւած չէ, որ պատերազմող երկրները միմեանց սպառնան ատոմակայանի ոչնչացմամբ։

Արդիւնաբերութեան ոլորտի փորձագէտները նշում են` նման արտայայտութիւններ թոյլ տւողները, ամենայն հաւանականութեամբ, վատ պատկերացում ունեն ոչ միայն միջազգային իրաւունքի, այլեւ ֆիզիկայի եւ աշխարհագրութեան օրէնքների մասին։

«Նոյնիսկ ամենաանգրագէտ մարդն իրեն թոյլ չէր տայ նման արտայայտութիւններ` գիտակցելով, թէ ինչ վտանգ կարող են ներկայացնել ռադիոակտիւ վթարները տարածաշրջանի համար։ Բացի այդ, ատոմակայանին հարւածելն արգելւած է ոլորտը կարգաւորող բոլոր միջազգային կազմակերպութիւնների կողմից»,- Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց «Հայատոմ գիտահետազօտական ինստիտուտ» ՓԲԸ գլխաւոր տնօրէն Վահրամ Պետրոսեանը։

Նա յիշեցրեց, որ 1986-ին Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից յետոյ ռադիացիոն ֆոնը բարձրացել էր ոչ միայն Սովետական Ուկրայինայում եւ Բելառուսում, այլ նաեւ Կենտրոնական Եւրոպայի երկրներում: Նման հարւածի դէպքում (նոյնիսկ եթէ տեսականօրէն այն յաջող լինի), պաշտպանութեան ոչ մի համակարգ ի վիճակի չէ ռադիոակտիւ աղտոտւածութիւնից զերծ պահել Հայաստանի հարեւան երկրները (իսկ թէ որ երկրներով ենք շրջապատւած, բոլորին է յայտնի)։

«Այսպէս թէ այնպէս, ատոմակայանում կան ռադիացիոն պաշտպանութեան համապատասխան համակարգեր, որոնց մասին, սակայն, հրապարակային շատ բան ասել չենք կարող։ Հիմա աւելի ճիշտ կը լինի խօսել ոչ թէ այն մասին, թէ հարւածի դէպքում ինչպէս կը տարածւի աղտոտւածութիւնը, այլ նշել` ոչ ոք թոյլ չի տայ նման հարւած, քանի որ այն Հայաստանի սահմաններից դուրս շատ երկրների է սպառնում»,- ասաց Պետրոսեանը։

Բացի այդ, այնպէս չէ, որ Մեծամօրի ատոմակայանի վրայ կարելի է այդքան հեշտութեամբ յարձակւել, քանի որ այն ՀՀ հզօր հակաօդային պաշտպանութեան ներքոյ է։ Աւելին, կայանը Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան ՀՕՊ միաւորւած տարածաշրջանային համակարգի (սա տարիներ առաջ միասին կեանքի էին կոչել Հայաստանն ու Ռուսաստանը) պաշտպանութեան օբիեկտ է համարւում։

Այսինքն` ատոմակայանը պաշտպանում են Հայաստանի եւ Ռուսաստանի ՀՕՊ ուժերը միաժամանակ։

Ատոմակայանի վրայ յարձակումը միջազգային իրաւունքի տեսակէտից ատոմային ահաբեկչութիւն է համարւում։ Դեռ 1987-ին ՄԱԳԱՏԷ-ի կոնֆերանսի ժամանակ Ատոմակայանների պաշտպանութիւնը զինւած յարձակումներից պաշտպանելու բանաձեւ էր ընդունւել։

ՄԱԳԱՏԷ-ի դերը միջուկային օբիեկտների վրայ ահաբեկչական յարձակումներին հակազդելու գործում կարեւորւեց նաեւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2001-ին (1373 բանաձեւ) եւ 2004-ին (թիւ 1540 բանաձեւ) ընդունած բանաձեւերում։

ՄԱԿ-ի Հակաահաբեկչական ռազմավարութիւնում ՄԱԳԱՏԷ-ի անդամ երկրներին խորհուրդ է տրւում աջակցել ահաբեկչութիւններից արդիւնաւէտ պաշտպանութեան գործում:

Ատոմակայանների վրայ յարձակման միտքն այնքան վայրենի է թւում, որ այն վերագրւում է բացառապէս ահաբեկիչներին, այլ ոչ թէ պետութիւններին։ Ուշագրաւ է այն հանգամանքը, որ Ադրբեջանը նոյնպէս ՄԱԳԱՏԷ-ի անդամ է, եւ դեռ սեփական ատոմակայանը կառուցելու ակնկալիքներ ունի։

Պէտք է փաստել` առանց ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնեցնելու`հնարաւոր չէ ո՛չ կառուցել, ո՛չ էլ շահագործել ատոմակայան (ոչ ոք դրա համար չի վաճառի սարքաւորումներ, անհրաժեշտ նիւթեր)։ Ուստի հարց է առաջանում` արդեօ՞ք ՄԱԳԱՏԷ-ն ատոմակայան կառուցելու հաւանութիւն կը տայ մի երկրի, որն իրեն թոյլ է տալիս նման արտայայտութիւններ անել։

ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Վաղարշակ Յարութիւնյանը կարծում է, որ Հայաստանի ատոմակայանը հարւածելու մասին Ադրբեջանի յայտարարութիւնը փաստում է` հակառակորդն ադեկւատ չի գնահատում իրավիճակը եւ դրա հետեւանքները։

«Ատոմակայանը պաշտպանւած է բոլոր առումներով, այսինքն` այնպիսի միջոցառումներ են իրականացւել, որ այն անգամ վթարի ժամանակ է պաշտպանւած։ Նման նորմեր է պահանջում նաեւ ՄԱԳԱՏԷ-ն։ Ատոմակայանը հայ-ռուսական համատեղ հրամկէտից պաշտպանւում է հակաօդային, հակահրթիռային միջոցներով»,- ասաց Յարութիւնեանը։

Այսինքն, ըստ նրա, եթէ անգամ Ադրբեջանը նման քայլի գնայ եւ հարւածի ատոմակայանին, ապա հրթիռը «տեղ հասնելու» համար պէտք է օդային պաշտպանութիւն մի քանի շերտեր կարողանայ ճեղքել։ Մասնաւորապէս, եթէ հրթիռային համակարգ օգտագործեն, ապա հակաօդային հայկական եւ ռուսական համակարգերը գործի կը դրւեն` S-300, S-300V, Տոր, S-125, ԲՈՒԿ, Օսա-ԱԿ։

Այս ամէնից բացի, ըստ պաշտպանութեան նախկին նախարարի, կայ նաեւ հարցի քաղաքական կողմը։ Եթէ Ադրբեջանը հարւածի ատոմակայանին, ապա ուժի մէջ կը մտնի ռազմական բազայի մասին հայ-ռուսական պայմանագիրը։ Այսինքն` Ադրբեջանի գործողութիւնները կը դիտարկւեն որպէս ագրեսիա ոչ միայն Հայաստանի դէմ, այլ նաեւ Ռուսաստանի։ Յարութիւնեանը յայտնեց` Մեծամօրի ատոմակայանին հարւածելու դէպքում վնաս է կրելու նաեւ Գիւմրիում գործող ռուսական 102-րդ ռազմաբազան։

«Հայկական ատոմային էլեկտրակայանի» համապատասխան մասնագէտը Sputnik Արմենիայի հետ զրոյցում յայտնեց, որ ատոմակայանի պաշտպանութիւնը բաւականին բարձր մակարդակի է, ուստի ադրբեջանական կողմի յոխորտանքներն անիմաստ են։

«Եթէ Ադրբեջանը նոյնիսկ նման փորձ անի, էական վնաս չի կարող հասցնել ատոմակայանին։ Հարցն այն է, որ բոլոր տեսակի հարւածներից պաշտպանութեան` ժամանակակից տեխնոլոգիաներով յագեցած մեխանիզմ է գործում»,- ասաց մասնագէտը։

Միւս կողմից` մասնագէտը յայտնում է, որ եթէ անգամ Ադրբեջանը նման փորձ անի, այդ հարւածը տեղ չի էլ հասնի, քանի որ բաւականին լաւ տեխնիկա կայ այդ հարւածները «որսալու» համար։

Ատոմակայանի մասնագէտը չի կարծում, որ նոյնիսկ նման փորձ կարւի, քանի որ այդ հարւածն ուղղւած չի լինելու միայն Հայաստանին. այն կը վնասի ողջ տարածաշրջանին, այդ թւում Ադրբեջանին ու Թուրքիային (ՀԱԷԿ-ից թուրքական սահման հեռաւորութիւնը շուրջ 30 կմ է, իսկ մինչեւ Նախիջեւանի ինքնավար հանրապետութիւն 60-70 կմ է,-խմբ.)։ Մասնագէտները հասկանում են, որ նման քայլ չի արւելու։

Յիշեցնենք, որ յուլիսի 12-ից իրավիճակը սրւել է հայ-ադրբեջանական սահմանի Տաւուշի հատւածում։ Յուլիսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինւած ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի աւտոմեքենայով Տաւուշի ուղղութեամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից յետոյ Ադրբեջանի զինծառայողները, թողնելով աւտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից յետոյ հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծութիւնն ինչպէս հայ դիրքապահների, այնպէս էլ բնակավայրերի ուղղութեամբ։

Յուլիսի 20-ի պաշտօնական տւեալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրաւորների մասին որեւէ բան չի հաղորդւում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրաւոր (եւս մէկը խաղաղ բնակչութիւնից)։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։