Հա

Քաղաքական

22/07/2020 - 13:10

Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելեց ՀՀ ՊՆ Կենտրոնական զինւորական հոսպիտալ

Յուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելեց ՀՀ պաշտպանութեան նախարարութեան կենտրոնական կլինիկական զինւորական հոսպիտալ` տեսակցելու վերջին օրերին Տաւուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողութիւնների ընթացքում վիրաւորում ստացած զինծառայողներին։

«alikonline.ir» - Յուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելեց ՀՀ պաշտպանութեան նախարարութեան կենտրոնական կլինիկական զինւորական հոսպիտալ` տեսակցելու վերջին օրերին Տաւուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողութիւնների ընթացքում վիրաւորում ստացած զինծառայողներին. այս մասին Yerkir.am- յայտնում են Մայր Աթոռից։

ՀՀ ԶՈւ հոգեւոր առաջնորդ Տ․ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանի, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչութեան պետ Սահակ Օհանեանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլիան» բժշկական կենտրոնի տնօրէն Արմէն Չարչեանի ուղեկցութեամբ եւ հոսպիտալի ղեկավարութեան առաջնորդութեամբ Նորին Սրբութիւնը եղաւ տարբեր բաժանմունքների հիւանդասենեակներում՝ հայրապետական իր օրհնութիւնն ու շուտափոյթ ապաքինման բարեմաղթանքները բերելով մերօրեայ հերոս զինւորներին։

Իր աղօթքը հնչեցնելով իւրաքանչիւր զօրականի բժշկութեան համար՝ Վեհափառ Հայրապետը բարձրօրէն գնահատեց հայորդեաց քաջարի ոգին, որի շնորհիւ մեր ժողովուրդը ապրում է խաղաղութեան մէջ, ապահովութեան զգացումով։ 

«․․․Մեր խոնարհումն ենք բերում ձեզ։ Ձեր սխրագործութիւնները պիտի յիշւեն մեր ժողովրդի պատմութեան բոլոր ժամանակներում։ Ձեր սխրագործութիւններով սերունդներ պիտի կրթւեն ու դաստիարակւեն։ Այդ սերունդներն են, որ պիտի հասակ առնեն նոյն ոգով, նւիրումով եւ նոյն յանձնառութեան գիտակցութեամբ պիտի իրենց ծառայութիւնը բերեն մեր Հայրենիքին։ Ինչպէս այսօր դուք, նաեւ ապագայ սերունդները պիտի գիտակցեն, որ Հայրենիքն է մեր ուժը, զօրութիւնն ու գոյութեան երաշխիքը»,- ընդգծեց Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ հայցելով Աստծոյ Աջի հովանին Հայոց բանակին, սպայական կազմին եւ զինւորներին, որպէսզի շարունակեն իրենց քաջագործութիւններով հպարտութիւն պարգեւել մեր ժողովրդին։ 

Վեհափառ Հայրապետը նաեւ յաւելեց, որ Հայոց Եկեղեցին եւ ողջ ժողովուրդն այսօր աղօթքով զօրավիգ ու աջակից է հայրենեաց պաշտպաններին։ «Այդ բարձր գնահատանքի, երախտագիտութեան զգացումը ունի ոչ միայն հայրենաբնակ մեր ժողովուրդը, այլեւ սփիւռքի հայութիւնը։ Այսօր իւրաքանչիւրն իր հերթին զինւորագրւած է մեր երկրի մղած արդար պայքարին՝ դուք սահմանի վրայ, նրանք իրենց բնակութեան վայրերում։ Դուք նոր ոգի ներշնչեցիք մեր ժողովրդին, յաղթութեան ոգի եւ ձեր առ հայրենին սէրը վստահաբար ոգեւորում եւ խանդաւառում է իւրաքանչիւր հայորդու»,- ասաց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը։

Հայրապետը բոլորին ընծայեց Սուրբ Գրիգոր Նարեկացու աղօթամատեան եւ մանրանկարներով տէրունական խաչեր։

Այցի ընթացքում Նորին Սրբութիւնը զրոյց ունեցաւ հոսպիտալի բուժանձնակազմի հետ՝ իր գնահատանքը փոխանցելով նրանց մատուցած կարեւոր ծառայութեան, նւիրումի եւ մեծ ջանքերի համար ի նպաստ զինծառայողների առողջութեան վերականգնման։

Ամենայն Հայոց կաթողիկոսը նաեւ այցելեց կենտրոնական կլինիկական զինւորական հոսպիտալի մատուռ, ուր աղօթք բարձրացրեց հայրենի երկրի խաղաղ ու անվտանգ կեանքի համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։