Հա

Քաղաքական

26/07/2020 - 09:50

«Նիկոլ Փաշինեանը սկսել է կասկածել, որ սխալ էր եւ հասկանալ, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանաւորւածութիւնները անվտանգութեան տեսանկիւնից կենսական նշանակութիւն ունեն»․ Հրանտ Մելիք-Շահնազարեան

Ակնյայտ է, որ բանակցային գործընթացը, որը առանց այդ էլ անհասկանալի փուլեր էր ապրում, այս պահին գրեթէ անհնար է դարձնել առարկայական, առաւել եւս, որ ադրբեջանական կողմը նշել է իր պահանջները, որի հիմքում, ըստ էութեան, հէնց բանակցութիւնների մերժումն է:

«alikonline.ir» - Ակնյայտ է, որ բանակցային գործընթացը, որը առանց այդ էլ անհասկանալի փուլեր էր ապրում, այս պահին գրեթէ անհնար է դարձնել առարկայական, առաւել եւս, որ ադրբեջանական կողմը նշել է իր պահանջները, որի հիմքում, ըստ էութեան, հէնց բանակցութիւնների մերժումն է: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Հրանտ Մեիլք-Շահնազարեանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների յայտարարութեանը, որով կոչ է արւել օգտւել ռազմական ակտիւութեան թուլացումից՝ նախապատրաստւելով լուրջ առարկայական բանակցութիւնների հակամարտութեան համապարփակ լուծում գտնելու համար:

Հրանտ Մելիք-Շահնազարեանը նշեց, որ Մինսկ խմբի համանախագահները Ադրբեջանի հետ առնւազն աշխատանք ունեն կատարելու բանակցութիւնների վերսկսման տեսանկիւնից, որը չի արւել:

«Եթէ չկայ հասցէական պահանջ, արդէն իսկ կասկածի տակ է դրւում նման կոչերի արդիւնաւէտութիւնը»,-ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարեանը խնդրահարոյց համարեց, որ Մինսկի խմբի համանախագահները պատրաստակամութիւն են յայտնում հանդիպելու ղեկավարների կամ նրանց կողմից նշանակւած անձանց հետ, եւ նկատեց, որ նման ձեւակերպում երբեւէ չի հնչել: Ըստ նրա՝ ենթադրւում է, որ նման ձեւակերպումը Ադրբեջանի պատճառով է տեղ գտել, քանի որ վերջերս արտաքին գործերի նախարար են փոխել եւ հնարաւոր է  բանակցութիւններին մասնակցի նախագահի օգնականը:

Ինչ վերաբերում է յայտարարութեան այն հատւածին, ըստ որի՝ վերջին հրապարակային յայտարարութիւնները, որոնցով քննադատութեան են ենթարկւում համանախագահ երկրների համատեղ ջանքերը եւ/կամ փորձ է արւում միակողմանի կերպով նոր «պայմաններ» սահմանել կամ փոփոխել կարգաւորման գործընթացի ձեւաչափը, չեն նպաստում կառուցողական երկխօսութեան վերականգնմանը, քաղաքագէտն ասաց, որ Ադրբեջանը ցանկանում է կազմակերպել ԵԱՀԿ հաւաք, որում 11 գործընկեր երկրների մէջ ներառւած է նաեւ Թուրքիան, սակայն կրկին անգամ Մինսկի խմբի համանախագահների յայտարարութեան մէջ չի նշւում հասցէականութիւն:

Նա նկատեց, որ Թուրքիան Ադրբեջանին լուրջ աջակցութիւն է ցուցաբերում, կարծես թէ առաջարկել է, որ արցախեան խնդիրը տեղափոխւի այլ ֆորմատ, ինչի ուղղութեամբ թուրք-ադրբեջանական դաշինքը աշխատանք է տանում, եւ Մինսկի խումբը տեսել է այդ վտանգը:

Քաղաքագէտը կարծում է, որ եթէ հնարաւոր լինի բանակցային սեղանին առաջ տանել կառավարութեան նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարած մօտեցումները, ապա դրանք կարող են նորմալ դիրքեր ապահովել մեզ համար: «Խօսքը յատկապէս վերաբերում է Ադրբեջանի խաղաղութիւն պարտադրելու ուղղութեամբ նախկինում ունեցած դիրքորոշումների վերհանմանը: Այսինքն Նիկոլ Փաշինեանը հասկանում է, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորւածութիւնները անվտանգութեան տեսանկիւնից կենսական նշանակութիւն ունեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ իշխանութեան գալուց յետոյ վարչապետը այդ մասին չէր բարձրաձայնում, Հրանտ Մելիք-Շահնազարեանը նշեց. «Նիկոլ Փաշինեանը սկզբում յայտարարեց, որ զրոյից է սկսում ամէն ինչ, եւ զրոյից սկսելու հետեւանքը այս պատերազմն էր, որտեղ Հայաստանը միջազգային դաշնակից չունէր: Յուսով եմ, որ Նիկոլ Փաշինեանը սկսել է կասկածել, որ իր որոշումը սխալ էր եւ նոյնիսկ վտանգաւոր, եւ դրա համար փորձում է վերադառնալ այն գործիքներին, որոնք մինչ իր իշխանութեան գալը կային»:

Ըստ նրա՝ Հայաստանը դրական դիրք ունի բացառապէս ռազմական տիրոյթում, իսկ մնացած ամէն հարցում մեր երկիրը վերջին երկու տարում կորցրել է ամէն ինչ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։