Հա

Քաղաքական

28/07/2020 - 10:10

«Ինչո՞ւ են ոմանք այսքան «վառւած» Հայ Առաքելական Եկեղեցուց». «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. «Նորութիւն ասած չենք լինի, եթէ նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին անուրանալի դերակատարութիւն է ունեցել հայ ժողովրդի կեանքում։ Եկեղեցին դարեր շարունակ հայ մարդու հոգեւոր ինքնութիւնը կերտող հիմնասյուներից մէկն է եղել։

«alikonline.ir» - «Փաստ»-ը գրում է. «Նորութիւն ասած չենք լինի, եթէ նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին անուրանալի դերակատարութիւն է ունեցել հայ ժողովրդի կեանքում։ Եկեղեցին դարեր շարունակ հայ մարդու հոգեւոր ինքնութիւնը կերտող հիմնասյուներից մէկն է եղել։

Եւ եկեղեցին ոչ միայն դիմակայել է ժամանակի փորձութեանը, այլեւ դարերի ընթացքում աւելի է բարձրացել եկեղեցու հեղինակութիւնը։ Քրիստոնէութեան ուսմունքը քարոզելուց, տարածելուց ու պահպանելուց զատ, եկեղեցին իր վրայ է վերցրել նաեւ ազգային տարաբնոյթ հարցերի ու խնդիրների լուծման, նաեւ ազգապահպանման կարեւորագոյն գործը: Մեր եկեղեցին բոլոր ժամանակներում կեանքի ու մահւան կռիւ է տւել երկիրն ու ազգը պահպանելու համար: Արժէ յիշել այն բազում ճակատամարտերը, ուր զինւորին մարտի մղող ոգին եղել են հաւատն ու հայրենիքին նւիրւածութիւնը։

Եւ պատահական չէ, որ եկեղեցին իր ուրոյն յետագիծն ունի հայոց պատմութեան քառուղիներում։ Տարբեր ժամանակաշրջաններում օտար նւաճողները, հալածանքների եւ հետապնդումների ենթարկելով հայոց եկեղեցուն, ի վերջոյ համոզւել են, որ դրանք անիմաստ են, քանի որ այն ներմուծւած է ժողովրդի հոգեկերտւածքի մէջ՝ այն պարզ բանաձեւի ներքոյ, թէ եկեղեցին ժողովուրդն է։

Անգամ խորհրդային կարգերի հաստատումից յետոյ աթէիզմի տարածման քողի ներքոյ, երբ յեղաբեկեալ ժամանակաշրջան սկսւեց Հայ Առաքելական Եկեղեցու բազմադարեան պատմութեան մէջ ու եկեղեցու դէմ արշաւ սկսւեց, որոշ ժամանակ անց նոյնիսկ խորհրդային իշխանութիւնները ստիպւած եղան փոխել իրենց մօտեցումը եկեղեցու նկատմամբ եւ ընդունել նրա մեծ նշանակութիւնը հայ ժողովրդի կեանքում։

Արդեօք պատահակա՞ն էր, որ 1945 թւականի ապրիլի 19-ին Մոսկւայում Ի. Ստալինի հետ հանդիպման ժամանակ հէնց կաթողիկոսի տեղապահ Գէորգ արքեպիսկոպոս Չորեքչեանն է բարձրացրել Արեւմտեան Հայաստանի հողերի խնդիրը, իհարկէ ոչ։ Եթէ նոյնիսկ օտարները ստիպւած են լինում հաշւի նստել հայոց եկեղեցու հետ, ապա կարելի է պատկերացնել, թէ որքանով պէտք է կարեւորւէր եկեղեցու առաքելութիւնը նորանկախ Հայաստանի գոյութեան ընթացքում։

Դա է պատճառը, որ գործող Սահմանադրութեան 18-րդ յօդւածում նշւում է, որ Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչում է Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցու՝ որպէս ազգային եկեղեցու բացառիկ առաքելութիւնը հայ ժողովրդի հոգեւոր կեանքում, նրա ազգային մշակոյթի զարգացման եւ ազգային ինքնութեան պահպանման գործում: Սակայն պարզւում է, որ եկեղեցու՝ օրէնքներով եւ Սահմանադրութեամբ ամրագրւած առանձնայատուկ կարգավիճակը խանգարում է իշխանական որոշ շրջանակների։

Խնդիրն այն է, որ այն ուժերը, որոնք մեծ դերակատարութիւն են ունեցել 2018 թւականին իշխանափոխութոան իրականացման հարցում, հետուողականօրէն գրոհում են Հայ Առաքելական Եկեղեցու դէմ եւ իշխանութիւնների միջոցով փորձում են եկեղեցու կարգավիճակը հաւասարեցնել կրօնական միւս միաւորումներին։

Այս հանգամանքով է պայմանաւորւած, որ արդ՝ն իսկ մամուլում տեղեկութիւններ են շրջանառւում եկեղեցու լայն լիազօրութիւնները նւազեցնելու՝ անգամ գոյքահարկի եւ եկամտահարկի հետ կապւած հարցերում նոր յստակեցումներ մտցնելու վերաբերեալ։

Իսկ այսպիսի ակնարկները նշանակում են, որ իշխանութիւններն իրենց ունեցած մտադրութիւնները փորձելու են առաջիկայում ամրագրել օրէնսդրական մակարդակով։ Աւելին, իշխանութեան մէջ կամ իշխանութեանը մերձ փափուկ տեղաւորւած որոշ արեւմտեան գրանտակերներ արդէն իսկ չեն թաքցնում, որ իրենց փափագն է Սահմանադրութեամբ Հայ Առաքելական Եկեղեցին հաւասարեցնել միւս կրօններին կամ հաւատաճիւղերին:

Եւ քանի որ Հայաստանը գնում է նոր սահմանադրական փոփոխութիւնների ճանապարհով, ապա, շատ մեծ է հաւանականութիւնը՝ նոր փոփոխութիւններով եկեղեցուն առանձնայատուկ կարգավիճակ չի վերապահւի։ 

Ըստ էութեան, այսպիսի քայլերը ոչ միայն անարգանք են հայոց պատմութեան մէջ Հայ Առաքելական եկեղեցու ունեցած պատմական առաքելութեան նկատմամբ, այլեւ ուղղակի հարւած են հայ ժողովրդի հոգեւոր ինքնութեանը։ 

Սակայն հարցն այն է, թէ՝ Հայաստանի քաղաքացիների գերակշռող մեծամասնութիւնը, որ Առաքելական Եկեղեցու հետեւորդ է, արդեօք կը հանդուրժի՞, որ դրսի ուժերը Հայաստանին հակաազգային օրակարգ պարտադրեն։

Կարծում ենք՝ ոչ: Նաեւ յուսով ենք, որ գոնէ այս հարցում իշխանութիւնները կը փորձեն առողջ մտածողութիւն ու տրամաբանութիւն ցուցաբերել եւ օրէնսդրական դաշտ չբերել դրսի որոշ ուժերի ու նրանցից սնւող ՀԿ-ների օրակարգը, այլապէս եկեղեցու դէմ ուղղւած որոշումները բացասական հետեւանքներ կարող են ունենալ հէնց իրենց հետագայ պաշտօնավարման համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։