Հա

Քաղաքական

01/08/2020 - 13:20

Անկախութեան մանկական հիւանդութիւնը

20-րդ դարում հրաշքով Հայաստանը երկու անգամ ձեռք բերեց անկախ պետականութիւն։ Իհարկէ, 1918 թ․ Սարդարապատի հերոսամարտով ծնւած Հայաստանին ենք պարտական եւ Խորհրդային Հայաստան ունենալու, եւ 1991 թ․ անկախ Հայաստանի համար, որն էլ, ներեցէք, ոչ թէ զարգանում, այլ գոյատեւում է շուրջ 30 տարի։ Այժմ չեմ ուզում մանրամասն անդրադառնալ 1918-20 թթ․ Հայաստանի պետական-քաղաքական գործիչների գործունէութեանը, նրանց սխալներին, բացթողումներին, աշխարհաքաղաքական ստեղծւած իրավիճակը ճիշտ չգնահատելու հարցերին։

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

 

20-րդ դարում հրաշքով Հայաստանը երկու անգամ ձեռք բերեց անկախ պետականութիւն։ Իհարկէ, 1918 թ․ Սարդարապատի հերոսամարտով ծնւած Հայաստանին ենք պարտական եւ Խորհրդային Հայաստան ունենալու, եւ 1991 թ․ անկախ Հայաստանի համար, որն էլ, ներեցէք, ոչ թէ զարգանում, այլ գոյատեւում է շուրջ 30 տարի։ Այժմ չեմ ուզում մանրամասն անդրադառնալ 1918-20 թթ․ Հայաստանի պետական-քաղաքական գործիչների գործունէութեանը, նրանց սխալներին, բացթողումներին, աշխարհաքաղաքական ստեղծւած իրավիճակը ճիշտ չգնահատելու հարցերին։ Յամենայն դէպս, այն հեքիաթները, որ ինքս լսել եւ հաւատացել եմ տարիներ շարունակ «ռուսական մուրճի եւ թուրքական սալի արանքում», ընդամենն ինքնաարդարացում է․ «Մենք ի՞նչ կարող էինք անել, արեւմուտքը ծախեց, Ռուսաստանը ծախեց եւ այլն»։

Ինչեւէ, 1991 թ․ ԽՍՀՄ փլուզման արդիւնքում, բաւականին ծանր պայմաններում՝ երկրաշարժի աւերւած գօտի, արցախեան պատերազմ, ստեղծւեց Հայաստանի անկախ Հանրապետութիւնը։

Այդ դժւարին իրավիճակում, իհարկէ կարողացանք յաղթանակներ տանել արցախեան ճակատամարտում, բայց վերջնականապէս այն ամրապնդելու, դեռեւս, հաստատակամութիւն չդրսեւորեցինք։

Արցախեան յաղթանակն ամրապնդելու եւ Հայաստանի պետականութիւնը պահպանելու համար անհրաժեշտ էր ոչ միայն պետական, այլեւ բոլոր քաղաքական ուժերի, հասարակութեան, ժողովրդի ուժերի գերլարում, եթէ կուզէք՝ նպատակ եւ այո՝ պետական-քաղաքական նւիրեալ գործիչներ։ Այս պարագայում ոչ միայն կը զարգանար տնտեսութիւնը, ռազմարդիւնաբերութիւնը, այլեւ կրթութիւնն ու գիտութիւնը։ Միայն այդ դէպքում, ոչ միայն կունենայինք հզօր պետութիւն, այլեւ իրական դաշնակիցներ եւ յարգանք ոչ միայն այլ պետութիւնների, միջազգային կառոյցների, այլեւ մեր հակառակորդների կողմից։ Եւ եւս մէկ անգամ՝ այո, այդ նոյն միջազգային կառոյցները, Մինսկի խումբը կը շարունակէին բանակցութիւնների գործընթացը, բայց երբեք հայկական կողմի նկատմամբ ճնշումներ չէին գործադրի։ Իհարկէ, միջազգային կազմակերպութիւնները, հաւանաբար դեռ երկար ժամանակ չէին ճանաչի Արցախի անկախութիւնը, բայց հաստատ ժամանակը կաշխատեր յօգուտ մեզ։

Իսկ ինչպէ՞ս վարւեցինք։ Այն ոգեւորութիւնը, որ կար հասարակութեան մէջ արցախեան շարժումով, որն էլ, ի վերջոյ, բերեց այդ նոյն արցախեան ճակատում յաջողութիւնների, սպառւեց եւ արդիւնքում ունեցանք արտագաղթ,: 32 տարի անց, ամոթ մեզ՝ դեռեւս աղէտի գօտի, աղքատութիւն, գործազրկութիւն։ Էլ չեմ ասում գիտութեան, մշակոյթի, կրթութեան մակարդակի անկման մասին։ Յաճախ է հնչում, որպէս կայացած պետական կառոյց, հայկական բանակը։ Այո, գուցէ միայն հայկական զինւած ուժերին ենք պարտական Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի անվտանգութեան հարցում։ Այն հերթական անգամ ապացուցեց եւ 2016թ․ ապրիլեան պատերազմը եւ վերջին օրերին Տաւուշի մարզում սահմանային բախումները։ Բայց, արդեօ՞ք պերմանենտ պատերազմի մէջ գտնւող Հայաստանում, բանակը դարձաւ բոլորինը։ Արդեօ՞ք բանակում ծառայելը դարձաւ պատիվ բոլորի համար։ Նկատի ունեմ, յատկապէս քաղաքական վերնախաւին եւ նրանց զաւակներին։ Այո, «օրէնքով» նրանցից շատերն ազատւած են եղել եւ են զինւորական ծառայութիւնից։ Այժմ չքննարկենք, այդ անձանցից շատերի` իսկապէս տարբեր հիւանդութիւններով տառապելն ու բարձր «մակարդակի գիտնականներ» լինելու հանգամանքները։ Սակայն, պերմանենտ պատերազմող երկրում պէտք է գործեին նաեւ, այսպէս ասած, «չգրւած», բարոյական նորմեր։ Նկատի ունեմ, որ այդ անձինք, առաջին հերթին հէնց իրենք չպէտք է ձգտէին կամ համաձայնեին որեւէ բարձր պետական պաշտօնի (նախարար կամ պատգամաւոր), ցանկանալու դէպքում էլ հասարակութիւնը պէտք է ընդվզէր։ Աւելին, քաղաքական վերնախաւի զաւակները պէտք է ծառայէին հէնց սահմանամերձ գօտիներում։

Իսկ մեր հանրութիւնը ձայն է տալիս, ոչ միայն, թերեւս օրէնքով բանակից ազատւած անձանց, այլեւ բացայայտ կեղծարար դասալիքին, եւ աւելին այդ անձը յաւակնում է հերթական փրկչի կերպարին եւ յարգանք վայելում որոշակի շրջանակներում։

Ամէն դէպքում, կարծում եմ, որ չնայած  անցած տարիների վատնմանը, ինչպէս նաեւ հաշւի առնելով տարածաշրջանում ստեղծւած բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, յուսանք որ դեռեւս ուշ չէ շարժւելու վերոնշեալ ուղղութեամբ։

Եթէ տեսականօրէն ընդունում ենք Հայաստանի զարգացման այդպիսի ճանապարհը, ապա սրան զուգահեռ այլ հարցեր են առաջ գալիս։ Խօսքը դաշնակիցներ ունենալու մասին է։

Այտեղ կուզենայի, քաղաքական « լիկբեզ» անցկացնել, հայկական տարբեր տրամաչափի քաղաքէտների, վերլուծաբանների համար։

Վերջին տարիներին շատ է խօսւում, Հայաստանի ինքնիշխանութեան մասին։ Թունդ հայրենասէրները, կարծես մերժում են այլ պետութիւնների հետ դաշնակցային յարաբերութիւններն ու «հպարտօրէն» յայտարարում․ «Հայաստանն ազատագրել գաղութացումից, մենք ենք տէրը մեր երկրի եւ այլն»։ Կարծես մոռացել են, որ Հայաստանը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի անդամ է, իսկ գաղութները միջազգային ճանաչում չունեն։

Անկեղծօրէն ասած, այսպիսի մտավարժանքներն ինձ յիշեցնում են իմ պատանեկութիւնը, երբ երազում էի Հայաստանի անկախութեան մասին։ Մտածում էի, որ Հայաստանը, դառնալով անկախ երկիր, պէտք է վարի բացառապէս ինքնուրոյն քաղաքականութիւն եւ որեւէ, թէկուզ չնչին կախւածութիւն չունենայ այլ պետութիւնից։ Վերափոխելով Լենինի յայտնի յօւվածի վերնագիրը («Ձախութեան» մանկական հիւանդութիւնը կոմունիզմի մէջ»)` այս մտածողողութիւնը կարելի է համարել «Անկախութեան մանկական հիւանդութիւն»։ Սակայն, զարմանալիօրէն կարծես այս մտայնութիւնն է տիրում ոչ միայն այսօրւայ տարբեր քաղաքական-հասարակական շրջանակներում, այլեւ իմ տպաւորութեամբ, նաեւ իշխանութեան վերին մակարդակում։ Որոշակի վերապահումներով, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, գուցէ նաեւ Իրանից բացի ցոյց տւէք մէկ այլ պետութիւն, որը լիարժէք ինքնիշխան է եւ քաղաքական, տնտեսական, ռազմական, անվտանգութեան խնդիրներով կախւած չէ ինչպէս այլ պետութիւններից, այնպէս էլ տնտեսական կամ ռազմական դաշինքներից։

Ահա, այստեղ ցանկանում եմ քննարկել, Հայաստանում տարածւած «արեւմտամէտների» եւ «ռուսամէտների» բանավէճը։ Իհարկե, երկու կողմերն էլ խօսում են Հայաստանի ինքնիշխանութեան եւ անվտանգութեան երաշխիքների մասին։

Ինքս ինձ համարում եմ արեւմտեան արժէքներ կրող։ Ինձ համար արեւմտեան արժէքներն, ըստ հերթականութեան, հետեւեալն են՝ իրաւական պետութիւնը, մարդու իրաւունքները, ժողովրդավարութիւնը։ Հայաստանը` որպես պետութիւն, չունի այլ, օրինակ՝ չինական պետական աւանդոյթները, յենւած կոնֆուցիոսական փիլիսոփայութեան վրայ, չի կարող լինել կրօնապետութիւն, կամ որեւէ ազգայնական կամ ձախակողմեան գաղափարախօսութեան վրա յենւած բռնապետութիւն եւ իմ համոզմամբ, պայմանականօրէն արեւմտեան տիպի պետական կառուցւածքն է հէնց Հայաստանի զարգացման եւ հզօրացման գրաւականը։ Իսկ ինչ վերաբերում է արտաքին քաղաքականութեան, պետական անվտանգութեան եւ դաշնակիցներ ունենալու հարցերին, բնաւ կարեւոր չեն տարբեր երկրների քաղաքական ռեժիմները։ Նոյն ժողովրդավարական երկրներն իրենց արտաքին քաղաքականութիւնն ու անվտանգութեան համակարգը կառուցում են ըստ իրենց ազգային, պետական շահերի։ Օրինակնե՞ր, խնդրեմ՝ մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակիցը «ժողովրդավարական» Թուրքիան է, ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը՝ «ժողովրդավարական թերակղզի» Սաուդական Արաբիան։ Շարքը կարելի է շարունակել։

Իսկ մեր «արեւմտամէտները», փոխանակ պայքարելու Հայաստանում, նոյն արեւմտեան արժէքների ներդրման համար, այն է՝ անկախ դատական համակարգի, մասնաւորապէս ՍԴ անկախութեան համար, ողջունում եւ ծափահարում էին ՍԴ-ի ոչնչացումը։ Այսօր նրանք աչք են փակում մարդու իրաւունքների խախտումների (ասֆալտին փռել եւ այլն), ընտրովի արդարադատութեան վրայ, ելնելով իրենց քաղաքական համակրանքներից եւ հակակրանքներից։ Մեր «արեւմտամէտութիւնն» արտայայտւում է միայն Ռուսաստանին եւ նրա ղեկավարին հայհոյելով եւ արեւմուտքին հաճոյանալով։ Ըստ հայաստանեան «արեւմտամէտների», Հայաստանը, լինելով , կամ ձգտելով դառնալ ժողովրդավարական պետութիւն,  դաշնակցային յարաբերութիւնները պէտք է բացառապէս հաստատի ժողովրդավարական երկրների հետ, ձգտելով դառնալ ԵՄ եւ ՆԱՏՕ-ի անդամ։ Նրանց տրամաբանութեամբ, Հայաստանը պէտք է յարաբերութիւնները խզի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Բելառուսի, Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների, Իրանի, Չինաստանի, ողջ արաբական աշխարհի եւ բազմաթիւ այլ երկրների հետ։ Յարգելիներս, ի՞նչ գործ ունէք այլ պետութիւնների ղեկավարների եւ այդ երկրների կառավարման համակարգերի հետ։ Այդ ամենը տւեալ երկրների ներքին գործն է։ Յիշում եմ, թէ ինչ աղմուկ բարձրացաւ ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի եւ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի բարեկամական լուսանկարի հետ կապւած։ Այո, Կադիրովը, մեղմ ասած, «ժողովրդավար» ղեկավար չէ, բայց նա Ռուսաստանի, յատկապէս՝ Հիւսիսային Կովկասի ամենազդեցիկ գործիչներից է եւ առնւազն պէտք էր ուրախ լինել նրա հետ Հայաստանի որեւէ պետական գործչի կողմից բարեկամական յարաբերութիւններ ունենալու հարցում։ Դուք կարող էք հրաժարւել նման մարդու հետ անձնական մտերմութիւնից, բայց մի խառնէք անձնական համակրանքերը պետական քաղաքականութեան հետ։ Վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց «Ռուսաստանն այսօր» եւ «Սպուտնիկ» լրատւամիջոցների գլխաւոր խմբագիր Մարգարիտա Սիմոնեանի գրառումը։ Եւ մեր արեւմտամէտ-հայրենասէրները հայհոյանքներով «անարգանքի սիւնին» գամեցին Մարգարիտա Սիմոնեանին։ Իհարկէ, գրառումը շատ զգացմունքային էր եւ կոպիտ, որն ընդունեց նաեւ Մարգարիտա Սիմոնեանի ամուսին Տիգրան Քեոսայեանը։ Մարգարիտա Սիմոնեանը ռուսական մշակոյթի կրող, Ռուսաստանի քաղաքացի է, ով չի ուրանում իր հայ լինելն ու ամէն առիթով հպարտանում է իր ծագումով։ Այո, նա վրդովւում է՝ տեսնելով Հայաստանում իր առաջին հայրենիքի նկատմամբ թշնամական վերաբերմունքից։ Այժմ կուզենայի այս առիթով մի զուգահեռ անցկացնել։ Մեր մեծագույն հպարտութիւններից է Շառլ Ազնաւուրը։ Նա միշտ շեշտել է, որ առաջին հերթին ֆրանսիացի է, Ֆրանսիան իր հայրենիքն է, բայց եւ հպարտացել է իր հայկական ծագումով։ Մի րոպէ պատկերացրէք, որ Հայաստանը հակաֆրանսիական քաղաքականութիւն վարեր, ինչպիսին կը լինէր Շառլ Ազնաւուրի արձագանքը, թերեւս աւելի կոշտ, քան Մարգարիտա Սիմոնեանինը։ Այլ պետութիւններ, կերազէին, Ռուսաստանում ունենալու ազդեցիկ հայրենակիցներ, որոնց միջոցով նաեւ տանէին լոբբիստական աշխատանք Ռուսաստանի վերնախաւում։ Իսկ մենք, ունենալով Մարգարիտա Սիմոնեան, Կարէն Շահնազարով, Սեմիոն Բաղդասարով, Տիգրան Քեոսայեան, հակառակը՝ նրանց նոյնպես թշնամացնում ենք։ Իսկապէս մեծ շնորհք է, ոչ թէ նոր բարեկամներ ձեռք բերելը, այլ եղածների հետ էլ թշնամանալ։ Առիթ եմ ունեցել մեր «արեւմտամէտների» հետ զրուցելու այս թեմաներով։ Հայաստանի՝ որպէս իրաւական, ժողովրդավարական պետութիւն կառուցելու հարցում, նրանք բերում են հետւեւեալ փաստարկը․ «Ռուսաստանը, Պուտինը թոյլ չի տայ․․․»։ Զարմանալի «տրամաբանութիւն», փաստօրէն այն, որ Հայաստանում, առնւազն սկսած 1995 թւականից ընտրութիւնները կեղծւել են, ստեղծւել է միապետական համակարգ․․․պարզւում է Պուտինն է մեղաւոր։ Ինչ վերաբերում է ԵՄ եւ ՆԱՏՕ-ի անդամակցութեանը։ Յարգելիներս, քա՞նի անգամ ԵՄ-ն յայտարարեց, որ Արեւելեան գործընկերութիւն, բացարձակապէս չի նշանակում, անդամ երկրներին յուսալ, ԵՄ անդամակցութեան մասին։ Նոյն ԵՄ-ում լուրջ ճգնաժամ է, Մեծ Բրիտանիայի հեռանալով՝ կարծես հերթի են կանգնած այլ պետութիւններ, օրինակ՝ Նիդեռլանդները։ ԵՄ-ն դեռեւս լիարժէք չի «մարսել» արեւելաեւրոպական երկրներից շատերին։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին։ Ենթադրենք, իսկապէս Հայաստանը ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի լիարժէք անդամ։ Իսկ, արդեօ՞ք ՆԱՏՕ-ն պատրաստ է դրան եւ իսկապէս ցանկանում է Հայաստանին ընդգրկել ՆԱՏՕ։ Նախ, ՆԱՏՕ-ի անդամակցութեան հերթի են կանգնած Վրաստանն ու Ուկրայինան։ Սակայն չնայած խոստումներին՝ ՆԱՏՕ-ն առանձնապէս չի շտապում ընդունելու այդ երկրներին իր շարքերը, հաշւի առնելով նրանց տարածքային վէճերն ու հակասութիւնների  առաւել խորացումը Ռուսաստանի հետ։ Բայց պատկերացնենք, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի համար բացառութիւն է անում, նկատի ունենալով, «թաւշեայ յեղափոխութիւնը», որպէս առաջին քրիստոնէութիւնն ընդունող ազգի եւ յատուկ սէրը մեր բազմաչարչար ժողովրդի հանդէպ։ Խնդրեմ, իսկ մենք, արդեօ՞ք պատրաստ ենք դրան։ Պատրա՞ստ ենք, ՆԱՏՕ-ի անդամակցութեան համար, հրաժարւել Արցախից, յանուն Ադրբեջանի «տարածքային ամբողջութեան», մեր բնական դաշնակից, հարեւան Իրանի հետ թշնամանալ։ Այո, թշնամանալ, քանի որ մենք Թուրքիայի նման հզօր չենք, որ Իրանը մեր ՆԱՏՕ-ին անդամակցութիւնն «ըմբռնումով» ընդունի եւ արտաքուստ չթշնամանայ։ Ի դէպ Թուրքիայի մասին։ Ենթադրաբար, դառնալով ՆԱՏՕ-ի անդամ՝ մեր «քաշով» մենք չենք լինի այդ կազմակերպութեան դոմինանտներից մէկը, մանաւանդ, որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դոմինանտութիւնը վստահւած է Թուրքիային։ Եւ հէնց Թուրքիան կը լինի Հայաստանի կուրատորն իր բոլոր քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական հետեւանքներով։ Նաեւ կուզենայի նշել, որ ոչ մօտ ապագայում գուցէ եւ անդամակցենք ԵՄ-ին, բայց բոլորովին պարտադիր չէ անդամակցել նաեւ ՆԱՏՕ-ին, ինչպէս օրինակ՝ Ֆինլանդիան։

Ի դեպ, Թուրքիայի մասին։ Ինչպէս վերեւում նշեցի, պատանեկութեան տարիներին, երազելով Հայաստանի անկախութեան մասին, նաեւ լինելով հօրս՝ Ռաֆայէլ Իշխանեանի ազդեցութեան տակ, վստահ էի, որ Հայաստանի անկախացման դէպքում, հնարաւոր է Թուրքիայի հետ հաստատել բարիդրացիական յարաբերութիւններ։ Սակայն․․․ ժամանակները փոխւում են (փոխւո՞ւմ են արդեօք) եւ տեսնելով այսօրւայ էրդողանական Թուրքիայի ագրեսիւ քաղաքականութիւնը, համոզւում ես, որ Թուրքիան ատամները սրած սպասում է Հայաստանի դէմ ագրեսիայի հարմար առիթին։ Երբ Հայաստանի երկրորդ նախագահ Սերժ Սարգսեանը նախաձեռնեց հայ-թուրքական, այսպէս կոչւած «ֆուտբոլային դիւանագիտութիւնը», ինքս մի կողմից անհանգստանում էի, Թուրքիայի կողմից ինչ-որ դաւադրութիւնից, միւս կողմից մտածում, որ գուցէ սխալւում եմ, եւ սա հէնց այդ բարիդրացիական յարաբերութիւնների ստեղծման սկիզբն է։ Պարզւեց, որ Թուրքիան այդ, այսպէս կոչւած արձանագրութիւններն ու բանակցութիւնները օգտագործում էր Հայաստանին վերջնականապէս կապիտուլիացիայի ենթարկելու նպատակով, յատկապես Արցախի հարցով։ Եթէ հաշւի առնենք նաեւ վերջին տարիներին, Թուրքիայի ներխուժումները հարեւան երկրներ՝ Իրաք, Սիրիա, արհամարհելով ոչ միայն ողջ միջազգային հանրութեանը, այլեւ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների, այդ թւում՝ ԱՄՆ-ի կարծիքը։ Չնայած, այս ամէնը կարելի էր գիտակցել դեռեւս «աշխարհիկ», «քաղաքակիրթ» Թուրքիայի դէպքում՝ նրա կողմից 1974թ․ Կիպրոս ներխուժելով։

Ուստի՞․․․ ուստի, քանի որ մենք շուրջ 30 տարիների ընթացքում չկարողացանք ստեղծել տնտեսական, ռազմական, ժողովրդագրական առումով, իսկապէս ազգ-բանակ պետութիւն, որն էլ միայն կը լիներ տարածաշրջանում մեր անվտանգութեան երաշխիքը, այսօր, այո՛ Թուրքիայի Հայաստան ներխուժման միակ խոչընդոտը, զսպիչ ուժը, ուզենք, թէ չուզենք՝ ռուսական 102-րդ ռազմաբազան է։ Եւ անկեղծ զարմանում եմ մեր ուռա-հայրենասէրների վրայ, որոնք պահանջում են ռուսական ռազմաբազայի դուրսբերումը։ Հայաստանում ռուսական ռազմաբազան «արեւմտամէտների» կողմից ներկայացւում է որպէս Ռուսաստանի կողմից Հայաստանի գաղութացում։ Նոյն տրամաբանութեամբ, բազմաթիւ երկրներ, այդ թւում՝ Գերմանիան, Ճապոնիան, ԱՄՆ-ի գաղութներն են։ Եթէ ռուսական բազան հանենք, պատրա՞ստ ենք արդեօք այն փոխարինելու մեր ուժերով։ Եւ եթէ Թուրքիան ներխուժի, ի՞նչ ենք անելու, դիմադրելո՞ւ ենք։ Այո, ներխուժումից երկու օր անց, ԵՄ խորհրդարանը մտահոգութիւն կը յայտնի, իսկ Ֆրանսիան հաստատ խստօրէն կդատապարտի Թուրքիայի ագրեսիան։ Իսկ յետոյ՞․․․յետոյ Ռուսաստանը, իր շահերից ելնելով, Հայաստանից ինչ-որ մաս կը պահի եւ արդիւնքում կունենանք Ռուսաստան փրկիչ, իսկ «արեւմտամէտները» կը յայտնւեն օտար ափերում եւ կբոռան․ «Ռուսաստանը հերթական անգամ ծախեց»։ Թէ ես անտեղեակ եմ, գուցէ մեր «արեւմտամէտները» գիտեն, որ կամ արեւմուտքը, ի տարբերութիւն Կիպրոսի, Իրաքի, Սիրիայի, թոյլ չի տայ Թուրքիային ներխուժել Հայաստան, կամ ներխուժելու պարագայում անգլօ-ֆրանկօ-ամերիկեան զինւած ուժերը կը պատերազմեն ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից Թուրքիայի դեմ՝ յանուն մեծ, Սեւրի պայմանագրով նախատեսւած Հայաստանի։

Հետեւո՞ւմ է, արդեօք իմ ասածներից, որ Հայաստանը պէտք է անվերապահօրէն ենթարկւի Ռուսաստանին, որպէս իր անվտանգութեան միակ երաշխաւոր։ Իհարկէ՝ ոչ։ Աւելին, մենք պետք է նաեւ պատրաստ լինենք ապագայում տարբեր զարգացումների եւ այնքան հզորացնենք մեր պաշտպանութիւնը, որ ռուսական բազայի հնարաւոր դուրսբերման դէպքում, անակնկալի չգանք։

Ընդհանրապէս, ոչ միայն Ռուսաստանի, այլեւ այլ պետութիւնների հետ, մենք մեր յարաբերութիւններն աւանդաբար կառուցում ենք ծայրայեղութիւնների՝ հպատակութեան կամ թշնամութեան հարթութիւնում։ Անդրադառնանք հայ-ռուսական յարաբերութիւններին։ Դեռեւս, սկսած 19-րդ դարից մեր յարաբերութիւնները Ռուսաստանի հետ եղել են կամ հպատակային՝ Ռուսաստանին դիտարկելով որպէս Հայաստանի փրկիչ կամ թշնամական կեցւացքով, դիտարկելով Ռուսաստանին որպէս Հայաստանի թշնամի՝ բարեկամներ, աւելի ճիշտ՝ հովանաւորներ փնտրելով արեւմուտքում։ Երկու դէպքում էլ, իմ համոզմամբ, մենք պարտւած ենք։ Ռուսաստանին հպատակութեան դեպքում, Ռուսաստանի համար դառնում ենք մանրադրամ, օգտագործւող օբեկտ, երկրորդ՝ թշնամանալու դէպքում, Ռուսաստանը  կարող է դաժանօրէն պատժել Հայաստանին՝ «ուրիշի ձեռքերով»։ Իրականում հարցն ինձ համար աւելի քան պարզ է։ Մեր քաղաքական միտքը ոչ թէ մտածում է պետութեան զարգացման, հզօրացման, դաշնակիցներ ունենալու մասին, այլ հովանաւորներ է փնտրում։ Եւ քաղաքական բանավէճն ընդամենը «լաւ» կամ «վատ» հովանաւորի փնտրտուքն է։ Այդպէս էլ մեր քաղաքական միտքը չկարողացաւ հասկանալ, որ Ռուսաստանի (եւ ոչ միայն Ռուսաստանի) հետ կարելի է համագործակցել, դաշնակցել փոխադարձ շահերով, արժանապատւօրէն։ Ընդդիմախօսներս կը հակաճառեն, թէ Ռուսաստանի հետ հնարաւոր չէ այդպիսի յարաբերութիւններ կառուցելը, միեւնոյն է Ռուսաստանը Հայաստանին դիտում է որպէս գաղութ։ Ոչ, եւս մէկ անգամ՝ ոչ։ Հարց․ նոյն ԽՍՀՄ-ում ո՞վ էր ստիպում Խորհրդային Հայաստանի ղեկավարութեանը լինել աւելի ռուսամէտ (տես յօդւածը), քան պահանջւում էր, կամ նոյն հայ ժողովրդին Ռուսաստա՞նն էր ստիպում երեխաների անունները դնել Մելս, Լենդրոշ, Միւդ, Նինէլ եւ այլն, երեխաներին ուղարկել ռուսական դպրոց։ Չնայած ինքս երբեք չեմ եղել պետական պաշտօնեայ, բայց բազմիցս շփւել եմ ռուս մտաւորականութեան, պետական պաշտօնեաների հետ եւ համոզւած եմ, երբ նրանց չես հաճոյանում, նաեւ չես ընդունում որպէս թշնամի, այլ շփւում ես յարգանքով եւ արժանապատւութեամբ, բացի յարգանքից, այլ վերաբեմունքի չես արժանանում։ Եւ համոզւած եմ, որ նոյն մարդկային յարաբերութիւնները տարածւում են նաեւ միջկառավարական յարաբերութիւնների վրայ։ Իսկ այն, որ հայ-ռուսական շահերն, առնւազն այսօրւայ աշխարհաքաղաքական, բարդ իրավիճակում համընկնում են, եւ այդ համատեքստում կարելի է եւ անհրաժեշտ է դաշնակցային յարաբերութիւններն ամրապնդել՝ վստահ եմ։ Շեշտեմ՝ դաշնակցային յարաբերութիւններ բնաւ չի նշանակում անտեսել պետական կենսական շահերը, մեր դէպքում՝ Արցախի հիմնահարցը։ Հայ-ռուսական դաշնակցային յարաբերութիւնները բոլորովին չի հակասում արեւմուտքի՝ Եւրոպայի, ԱՄՆ-ի հետ բարեկամական, սերտ յարաբերութիւնների ամրապնդմանը։ Հաշւի առնենք նաեւ, որ պարզորոշ նկատւում է, ԵՄ-ի (բացառութեամբ մի քանի երկրների) ձգտումը Ռուսաստանի հետ շտկելու յարաբերութիւնները։ Աւելին, չի բացառւում ԱՄՆ-Ռուսասատան յարաբերութիւնների ռեստարտը։ Եւ Հայաստանը պէտք է շատ զգոյշ լինի աշխարհի հզօրների գեոպոլիտիկական մեծ խաղերում, որպէսզի չդառնայ, շախմատային լեզւով ասած, զոհաբերւող զինւոր, կամ իշուկ, ներեցէք՝ ձիուկ։ Այս հարցերով իմ զրոյցները արեւմտեան, այդ թւում՝ բացայայտ հակառուսական կողմնորոշում ունեցող պետութիւնների դիւանագէտների հետ, միանգամայն ըմբռնումով են ընդունւում, մօտաւորապէս այսպես․ «Դուք ճիշտ էք, Հայաստանը Եւրոպայում չէ, եւ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքից ելնելով՝ այն անվտանգութեան խնդիր է»։ Իմ սփիւռքահայ բարեկամը, ով ընդգծված արեւմտամէտ է, հայ-ռուսական յարաբերութիւնների հարցում, մի պարզ հարց է բարձրացնում․ «Պէտք է նայել քարտէզին»։ Դէ արի ու այս ամէնը բացատրի մեր մարտչող «արեւմտամէտներին»։ Իմ համոզմամբ նրանք կամ անմեղսունակ «հայրենասէրներ» են, կամ․․․

Այսօր, ընդգծւած հակառուսական քաղաքականութիւնն իր վտանգաւորութեամբ, պարունակում է նաեւ այլ վտանգներ։ Հնարաւոր իշխանափոխութեան դէպքում, նոր իշխանութիւնները կարող են ընկնել հակառակ՝ Ռուսաստանին ոտքով ու գլխով նւիրւելու, հպատակւելու քաղաքականութեան գիրկը, կամ նոյն բանը կարող է անել Նիկոլ Փաշինեանը․․․

Յօդւածն արդեն պատրաստ էր, երբ լսեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրոյցը ռուսական РБК հեռուստաալիքին եւ տպաւորութիւն ստացայ, որ վարչապետը, համաձայն հայկական աւանդական քաղաքականութեան,  հակառուսական քաղաքականութիւնից, յանուն իշխանութեան պահպանման, սահուն անցում է կատարում դէպի Ռուսաստանի հպատակութեան քաղաքականութեան։

ՅԳՊատրաստ եմ այս հարցերով հրապարակային բանավէճի ընդդիմախօսներիս հետ։

 

Hetq.am

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։