Հա

Քաղաքական

03/08/2020 - 11:40

Թուրքահաճոյ առարկայական չափորոշիչները եւ Հայոց պատմութեան կեղծման հերթական փորձերը

1918 թ. յունիսի 4-ին Բաթումում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքւեց հաշտութեան պայմանագիր: Այն անչափ ծանր էր հայ ժողովրդի համար, քանզի նրա նորանկախ պետութեան տարածքը պարփակւում էր 12 հազար քառ.. կմ մէջ: Այդուհանդերձ իրականանում էր անկախ պետականութեան վերականգնման հայոց բազմադարեան ձգտումը, որն ինքնին մեծ նւաճում էր դարաւոր թշնամու դէմ երկարատեւ պայքար մղող հայութեան համար: Այդ ժամանակ դա առաւելագոյնն էր ինչ հայութիւնը կարող էր ձեռք բերել:

1918 թ. յունիսի 4-ին Բաթումում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքւեց հաշտութեան պայմանագիր: Այն անչափ ծանր էր հայ ժողովրդի համար, քանզի նրա նորանկախ պետութեան տարածքը պարփակւում էր 12 հազար քառ.. կմ մէջ: Այդուհանդերձ իրականանում էր անկախ պետականութեան վերականգնման հայոց բազմադարեան ձգտումը, որն ինքնին մեծ նւաճում էր դարաւոր թշնամու դէմ երկարատեւ պայքար մղող հայութեան համար: Այդ ժամանակ դա առաւելագոյնն էր ինչ հայութիւնը կարող էր ձեռք բերել: Բաթումի հաշտութեան պայմանագիրը ոչ այլ ինչ էր, քան իրաւական ձեւակերպումը դե ֆակտո գոյութիւն ունեցող ռազմաքաղաքական կացութեան, որում հայոց համար կար միայն մէկ դրական հանգամանք՝ դա Սարդարապատում եւ Բաշ-Ապարանում թշնամուն պարտութեան մատնելու եւ նրա առաջընթացը կասեցնելու իրողութիւնն էր: Չլինէին մայիսեան ճակատամարտերը չէր լինի նոյնիսկ այդ ծանր պայամանգիրը եւ նրանով ճանաչւող անկախ Հայաստանը: Մինչեւ մայիսեան հերոսամարտերը թուրքերը դէմ էին ինքնուրոյն Հայաստանի ստեղծման ցանկացած գաղափարի:

Այնուամենայնիւ պայամանագիրը միանշանակ չընդունւեց հայ քաղաքական ուժերի կողմից՝ տեղիք տալով հակասական կարծիքների՝ ընդգծւած դժգոհութիւնների եւ գիտակցւած համաձայնութեան:

Մասնաւորապէս, ժողովրդական հերոս Անդրանիկը թշնամաբար ընդունեց Բաթումի պայմանագիրը: Յունիսի 4-ին Դիլիջանից Հայկական կորպուսի հրամանատար Թ. Նազարբէկեանին յղած հեռագրում նա նշում էր. «Վեց հարիւր տարուան ստրկութեան շղթան դարձեալ ձեր վիզն ու ոտքը կ՝անցկացնեք ձեր ձեռքով: Չեմ կրնար այս պայմաններուն հանդուրժել, մոռանալով մեր երեսուն տարուան զոհերը եւ մէկ միլիոն նահատակները»: «Ահռելի դաւաճանութեանը» մասնակից չդառնալու մտածոմով նա յունիսի 6-ին սկսեց հեռանալ նորահաստատ ՀՀ տարածքից:

Ամբողջ կեանքը հայ ազատամարտին նւիրած Անդրանիկը, որի երազանքն էր ազատագրւած տեսնել Արեւմտեան Հայաստանը, տեղի տալով զգացմունքներին, չընդունեց ո՛չ Բաթումի պայմանագիրը, որից դուրս էր մնում Արեւմտեան Հայաստանը, ո՛չ էլ ՀՀ-ն ու նրա կառավարութիւնը: Անդրանիկի այդ վարքի կապակցութեամբ յիշատակելի է նրա կենսագիրներից Գ. Գուտուլեանի միտքը. «Հաշտութիւն էր կնքուած, տաճկահայկական նահանգները դուրս կը մնային Հայաստանի Հանրապետութեան սահմաններէն: Այս էր գլխաւոր պատճառներէն մէկը, որ Անդրանիկ բաժնուեցաւ իր կեանքի ու կռիւի երկարամեայ բարեկամներէն»: Անշուշտ, Անդրանիկի անհաշտ վերաբերմունքին նպաստում էր մի կողմից վստահութեան բացակայութիւնը դէպի թուրքերը, միւս կողմից՝ հակասութիւնները իշխող կուսակցութեան (ՀՅԴ) որոշ գործիչների հետ: Հարցից փորձել են քաղաքական օգուտներ ձեռք բերել դեռեւս խորհրդային տարիներին: Այն ժամանակ, երբ խորհրդային-կոմունիստական վարչակարգը գաղափարական ակտիւ պայքար էր մղում քաղաքական այլ ուժերի, ամէնից առաջ ՀՅԴ դէմ՝ նրան վարկաբեկելու, նրա դերը անցեալի պատմական անցքերում նսեմացնելու համար, շրջանառութեան մէջ դրեց մի շինծու «հեռագիր», որն իբր Հայաստանի Առաջին Հանրապետութեան կառավարութեան կողմից «1918-ի յունիսի 17-ին» Երեւանից ուղղւել էր Թուրքիայի ռազմական նախարար Էնւերին: 1965 թ. Ջ, Կիրակոսեանի կողմից «ամբողջական» տեսքով հրապարակւած «հեռագրով» Հայաստանի մի շարք գործիչներ Էնւերին տեղեկացնում էին Անդրանիկի հակաթուրքական նպատակների մասին եւ խնդրում նրան ջախջախել:

Մեր օրերում դա վերածւել է պարզապէս մոլուցքի: Ելնելով այն հանգամանքից, որ ներկայումս, անկասկած, քաղաքական ինչ-ինչ ակնկալիքներով այդ «հեռագրի» մասին յաճախակի է խօսք գնում, գերազանցապէս զրոյցների մակարդակով, հարկ ենք համարում տալ որոշ պարզաբանումներ: Անտեսելով իրականութիւնը, անտեսելով հարիւրաւոր արխիւային վաւերագրերը, փոխարէնը մասնատելով արխիւային վաւերագրերը եւ նրանցից ստանալով իրենց հակաազգային, ստոր նպատակներին հաճոյ հատւածներ, այսօր որոշները փորձում են ամէն գնով կեղծել պատմական անցքերը, վատաբանել նոյնիսկ այնպիսի գործիչների, որոնց կեանքի ամէն վայրկեանն անկեղծ ու ամբողջական նւիրում էր իրենց հայրենիքին:

Նախ ներկայացնենք ներկայումս ոմանց մեծ հրճւանք պատճառող շինծու «հեռագիրը».

«Հայաստանի հանրապետութեան կառավարութիւնը պատիւ ունի յայտնելու Ձերդ գերազանցութեանը, յանուն մեր բարեկամութեան, իրազեկ դարձնելու Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարութիւնից, իմանալով, որ զինւորական դատի պիտի ենթարկւի մեր զինւորական մինիստրին չենթարկւելու համար:

Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զօրաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետութիւն եւ յարձակւել ձեր վրայ: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապէս ջախջախելու համար»:

Հեռագրի տակ դրւած են «Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան նախագահ» Յ. Քաջազնունի», «Հայաստանի Հանրապետութեան զինւորական մինիստր Արամ փաշայ Մանուկեան» եւ «Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան խորհրդի նախագահ Սահակեան» գրութիւնները:

Այս «հեռագիրը» պարզապէս կեղծիք է եւ չի դիմանում որեւէ փաստարկի:

Թերեւս ամենակարեւորն ու ընդգծելին այն է, որ Հայաստանի Ազգային արխիւում, ներառեալ այստեղ պահւող Անդրանիկի ֆոնդը, որը վկայակոչւում է իբրեւ «հեռագրի» գտնւելու վայր, այդպիսի փաստաթուղթ գոյութիւն չունի:

Բացի այդ, «հեռագիրն» ինքնին կասկածելի է եւ մերժելի մի շարք առումներով: Առաջին, 1918 թ. յունիսի 17-ին Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը չէր ձեւաւորւել, իսկ Արամ Մանուկեանը, Յ. Քաջազնունին եւ Սահակեանը միաժամանակ չեն գտնւել ո՛չ Երեւանում, որտեղից իբր թէ ուղարկւել է «հեռագիրը», եւ ո՛չ էլ մէկ այլ վայրում: Յ. Քաջազնունու կառավարութիւնը Երեւան է ժամանել 1918 թ. յուլիսի 19-ին:

Երկրորդ, հանրայայտ փաստ է, որ Արամ Մանուկեանը եղել է ոչ թէ զինւորական, այլ ներքին գործերի նախարար: Իսկ Սահակեանն էլ, ինչպէս վկայում են արխիւային փաստաթղթերը, չի եղել կառավարութեան խորհրդի նախագահ:

Երրորդ, արդեօք ժամանակի գործիչները, կոնկրետ դէպքում Արամը, որ ջանք չէր խնայում թուրքական առաջխաղացումը կասեցնելու համար, կարո՞ղ էր հեռագրել նոյն թշնամուն նրան սպառնացող վտանգի վերաբերեալ:

Չորրորդ, ինչպէս տեսանք, Անդրանիկը ՀՀ-ից սկսեց հեռանալ յունիսի 6-ին, այսինքն Սարդարապատի յաղթութիւնից մէկ, եւ ոչ թէ երեք շաբաթ անց:

Հինգերորդ, հեռանալով Հայաստանից, հերոսը, որին վերագրւում է վերոյիշեալ «հեռագրի» ձեռք բերումը, երբեք իր հեռացման պատճառների մէջ չի նշել հայ-թուրքական գործակցութիւն իր դէմ: Մասնաւորապէս, 1921-ին հրատարակւած «Զօր. Անդրանիկ կը խօսի» գրքոյկում հանրապետութեան կառավարութեան եւ ՀՅԴ-ի դէմ առաջ քաշած մեղադրանքների մէջ այդ մասին նա նոյնիսկ չի ակնարկում: Այդպիսի «փաստ» չի յիշատակւում նաեւ Անդրանիկի մերձավորների, կենսագիրների, յուշագիրների կողմից: Այդ «փաստը» արձանագրւած չէ նաեւ Անդրանիկին նւիրւած, ինչպէս նաեւ նրա գործունէութիւնը մանրամասնօրէն լուսաբանող գիտական մենագրութիւններում:

Վեցերորդ, այսպիսի «հեռագիր» չկայ նաեւ Թուրքիայում, որը Հայ Դատի նախանձախնդիր /թուրքական տիրապետութիւնից Արեւմտեան Հայաստանի ազատագրում/, հայ ազատամարտի դրօշակակիր ՀՅԴ դէմ պայքարը համարում է կենաց-մահու խնդիր եւ շատ կուզենար նրան վարկաբեկել Հայ ժողովրդի աչքում։

Հարցի մի շատ կարեւոր կողմն էլ կայ։ Եթէ՛, կրկնում ենք՝ եթէ՛ նոյնիսկ այդպիսի հեռագիր լինէր էլ, ապա առողջ մտածողութիւնն առաջին հերթին պէտք է մի կարեւոր հարցի պատասխանէր, արդեօք դա չի հանդիսացել քաղաքական իրավիճակից բխող դիւանագիտական քայլ՝ կանխելու համար ՀՀ վրայ թուրքական ճնշումն Անդրանիկի ջոկատի զինաթափման հարցում, ինչն առկայ էր 1918 թ․ յունիսի 4-ին կնքւած Բաթումի պայմանագրի կնքման պահից: Բանն այն է, որ հիմնական մասով ՀՀ-ին պարտադրւած պայմանագրի հինգերորդ կէտում գրւած է, որ ՀՀ «կառավարութիւնը պարտաւորւում է եռանդով դիմադրել հրոսակախմբերի կազմակերպմանն ու սպառազինմանը իր տերիտորիայի սահմաններում, ինչպէս եւ զինաթափ անել եւ ցրել բոլոր այն հրոսակախմբերը, որոնք կը գան այնտեղ թաքնւելու»: Թուրքական կողմի պահանջով, որին հայկական կողմը որքան հնարաւոր էր հակազդել էր, մտցւած այս կէտն ամէնից առաջ նկատի ունէր Անդրանիկին: Հայաստանի ղեկավարները չէին կարող խուսափել այդ հարցից, ՀՀ ռազմաքաղաքական դրութիւնը դա թոյլ չէր տալիս: Այս առիթով Վրաստանում ՀՀ դիւանագիտական ներկայացուցիչ Արշակ Ջամալեանը ՀՀ կառավարութեանն ուղղւած օգոստոսի 16-ի զեկուցման մէջ նշում է. «Անդրանիկի արարքների պատասխանատւութիւնը մեր կառավարութեան վրայ ձգելը նոյնպէս ինձ վրայ այն տպաւորութիւնն է թողնում, թէ թուրքերը ագրեսիւ նպատակներ ունեն եւ ուզում են, առիթներ են որոնում այդ նպատակներն իրագործելու համար»:

«Հեռագիրը» խորհրդային ժամանակներում ստիպողաբար կազմողները, իսկ մեր օրերում այդ անգոյ «հեռագրով» հրճւող ու նրա վերակենդանացմանը ձգտող հայոց պատմութեան կեղծարարները փորձում են Հայաստանի Հանրապետութեան ղեկավարների, այդ թւում եւ բոլոր ժամանակների մեծագոյն հայորդիներից մէկի՝ Հանրապետութեան Հիմնադիր Արամ Մանուկեանի կողմից ժողովրդական հերոս Անդրանիկի դէմ ուղղւած փաստարկ ներկայացնել նաեւ 1918 թ. երկրորդ կէսի հայ-թուրքական բանակցութիւնները։ Ի դէպ, այդ բանակցութիւններին Արամ Մանուկեանի մասնակցութիւնը նրա պետական մտածողութիւնը վեր հանելու բնութագրական կողմերից է։ Ամօթ է դրանում այլ բան փնտրելը։

Պէտք է ընդգծել, ի հեճուկս այդ փաստը հետին նպատակներով ուրացողների, որ Արամը խիստ կշռադատւած եւ լիովին պետականամէտ մօտեցում էր որդեգրել հայ-թուրքական յարաբերութիւններում: Ճիշտ է Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտութեան հարցը 1918 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կասկած չէր յարուցում, սակայն Արամը, գտնելով, որ այն դեռեւս իրենից մեծ ուժ է ներկայացնում եւ կարող է վնասել մեր երկրին, առերեւոյթ բարեկամական վերաբերմունք էր ցուցաբերում այդ պետութեան նկատմամբ: Արամի այդ կեցւածքը նկատել եւ յատուկ կերպով շեշտել է Վրաստանում գերմանական առաքելութեան ղեկավար գեներալ Կրեսը, որը Խալիլի հետ ժամանել էր Երեւան։ Նա Արամին դասել է Թուրքիայի նկատմամբ սպասողական, ձգձգումների քաղաքականութեան կողմնակիցների թւին: Դա էր պահանջում հայոց շահը, որը լիովին գիտակցում էր Արամը։ Չէ՞ որ նա հեռատես, սթափ քաղաքական գործիչ էր, ոչ թէ պատեհապաշտ։ Մշտապէս թուրքական բռնապետութեան դէմ պայքարի առաջին գծում գտնւող, այդ պահին նրա կողմից հրահրւող թաթարական /դրանք ներկայիս ադրբեջանցիներն են/ խռովութիւնները հետեւողականօրէն ճնշող Արամը ոչ միայն ձեռնպահ մնաց Թուրքիայի յանցագործ կեցւածքը դատապարտող՝ տւեալ պահին ժամանակավրէպ արտայայտութիւններից, այլեւ բարձր մակարդակով ընդունելութիւն կազմակերպեց 1918 թ․ օգոստոսի 31-ին Երեւան ժամանած թուրք զօրավար, ոճրագործ Խալիլի համար: Ժամանակը չէր խրոխտ կեցւածքի, այն միայն կը բարդացնէր հայոց կացութիւնը:

Ի դէպ, այս կապակցութեամբ շատ տեղին կը լինի, որ բանակցութիւնների անհրաժեշտութիւնը մերժող կամ դրանում դաւ փնտրողները պատմական զուգահեռներ անցկացնեն Հռոմէական կայսրութեան /Հանրապետութեան/ նկատմամբ Հայոց Տիգրան Մեծ արքայի եւ Պոնտոսի թագաւոր Միհրդատ Եւպատորի որդեգրած քաղաքականութիւնների հետ։ Բայց որպէսզի շատ չդժւարանան, միանգամից նշեմ, որ Հռոմի նկատմամբ խրոխտ կեցւածք որդեգրած Միհրդատը կործանեց իր պետութիւնը, իսկ դիւանագիտական կեցւածք որդեգրած, իր եւ թշնամու ուժերը սթափ գնահատող, ոչ այնքան իր անձի, որքան Հայոց պետութեան ու ժողովրդի մասին մտածող Տիգրան Մեծը սերունդներին թողեց հզօր հայկական պետութիւն։ Այս տողերը գրում եմ մի փոքր վախը սրտումս ունենալով, որ յանկարծ ԱՐԱՄԻՆ անհիմն մեղադրանքներ առաջադրողները այս անգամ էլ Տիգրան Մեծին չմեղադրեն դաւաճանութեան մէջ։ Նրանց ի՞նչ կայ, ինչպէս նշւում է նշանաւոր մուլտֆիլմում՝ «ո՛չ խիղճ ունեն, ո՛չ հոգի»։

Այո՛, ամբողջ կեանքը թուրքերի դէմ պայքարած Արամի գլխաւորութեամբ պատշաճ ընդունելութիւն կազմակերպւեց (1918 թ. օգոստոսի 31-ին, այլ տւեալներով 1918 թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած Արարայի ճակատամարտից յետոյ) Երեւան ժամանած թուրք զօրավար Խալիլին: Արամն անձամբ ժամանեց երկաթուղային կայարան թուրք գործչին դիմաւորելու համար ու գրկախառնւեց, անգամ համբուրւեց նրա հետ: Այս իրողութիւնից շատ ոգեւորւածներին տեղեկացնենք, որ Արամն ամենեւին ոգեւորւած չէր, դա նրա համար չափազանց ծանր էր ու տհաճ։ Դա է փաստում թէկուզ այն, որ նոյն օրը երեկոյեան Արամը հառաչանքով իր գործընկերներին ասաց հետեւեալը․ «Այո՛, այս ժողովրդի /նկատի ունէր Երեւանում զգալի թիւ կազմող սովահար եւ անուժ ժողովրդին-Ա․Ա․/ փրկութեան համար համբուրեցինք մինչեւ իսկ Խալիլին»։ Այո՛, հայրենիքի ու հայ ժողովրդի փրկութեան համար նա պատրաստ էր ցանկացած զոհողութեան։ Ինչեւէ, 1918 թ. Վրաստանում Հայաստանի դեսպան Արշակ Ջամալեանի վկայութեամբ, Խալիլի հետ «պաշտօնական խօսակցութիւնը», այսինքն՝ հայ-թուրքական բանակցութիւնն ընթացաւ Արամի բնակարանում:

Ելնելով հէնց այն այն բանից, որ բանակցութիւններում քննարկւել է նաեւ Անդրանիկի հարցը, որին թուրքերը ձգտում էին վերացնել ասպարէզից, երբեմն, բնականաբար գերազանցապէս փողոցային մակարդակով, պատմագիտութիւնից շատ հեռու, փոխարէնը, կարծում եմ թուրքերին շատ մօտ կանգնած որոշ մարդիկ փորձել են, իսկ մեր օրերում պարզապէս գերագոյն ճիգեր են գործադրում բանակցութիւնները ներկայացնելու որպէս ազգային շահերի եւ Անդրանիկի դէմ ուղղւած ձեռնարկ:

Պէտք է ասել, որ արխիւային նիւթերի եւ գրականութեան ուսումնասիրութիւնից միանշանակօրէն հետեւում է, որ Անդրանիկի դէմ միջոցներ ձեռնարկելու հարցի քննարկումը ՀՀ կառավարութեան համար եղել է սոսկ դիւանագիտական, բանակցային քայլ, ոչ աւելին, քան զրոյցի թեմա։ Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանը երբեք չէր ընդունի Զանգեզուրում գտնւող Անդրանիկի դէմ զուտ հայկական զօրք ուղարկելու ՀՀ վարչապետ Յ. Քաջազնունու՝ Խալիլին արւած առաջարկութիւնը։ Պատճառը շատ պարզ է, Ադրբեջանն անշեղօրէն ձգտում էր նւաճել Զանգեզուրը եւ ամէն ինչ անում էր երկրամասից Ժողովրդական հերոս Անդրանիկին եւ ցանկացած հայկական զինուժ հեռացնելու համար՝ ունենալով նախ թուրքերի, ապա անգլիացիների աջակցութիւնը: Միւս կողմից, Անդրանիկի հեղինակութիւնը (նաեւ զինուժը) այնքան մեծ էր, որ հանրապետութեան կառավարութիւնը չէր փորձի նրա դէմ զօրք ուղարկել եւ սկսել եղբայրասպան պատերազմ, մի բան, որը կործանարար կը լինէր երկուստեք: Բացի այդ, Հայաստանի Հանրապետութիւնը չճանաչող հերոսի գոյութիւնը ստեղծւած պայմաններում, բացասական հետեւանքներով հանդերձ, աւելի շատ ձեռնտու էր երկրին, քան վնաս, որովհետեւ իր գտնւելու շրջաններում հերոսը հանդիսանում էր զսպող ուժ թուրքերի դէմ: Առհասարակ, Անդրանիկը մեծապէս խանգարում էր թուրքերի հայակուլ ծրագրերի իրագործմանը:

Բանակցութիւնների ընթացքում հարցի քննարկումը նպատակ է ունեցել կանխել ՀՀ վրայ թուրքական ճնշումն Անդրանիկի ջոկատի զինաթափման հարցում, ինչն առկայ էր Բաթումի պայմանագրի կնքման պահից: Դա են փաստում հարցին առնչւող յարակից արխիւային վաւերագրերը եւ ժամանակակիցների, այդ թւում եւ Ժողովրդական հերոսի յուշերը, նրա յուշերը գրառած հեղինակները, որոնց մի մասը բազմաթիւ առումներով քննադատում է ՀՅԴ-ին:

Ինչեւէ, բանակցութիւնների ընթացքում փորձելով օգտւել Խալիլի հետ ծանօթութիւնից, բայց ոչ երբեք բարեկամութիւնից, ինչպէս փորձում են չարակամօրէն ներկայացնել ոմանք, Արամն առաջ քաշեց Հայաստանի Հանրապետութեան տարածքի ընդարձակման հարցը, սակայն թուրք գործիչն առաջադրեց անընդունելի պայմաններ, այն է՝ Մեղրին փոխանակել Ջիւանշիրի եւ Վարանդայի շրջանների հետ, որոնց նկատմամբ յաւակնութիւններ ունէր Ադրբեջանը: Խալիլ-Արամ կապի շնորհիւ սովի ճիրաններում գտնւող Հայաստանը Խալիլից ստացաւ 25000 փութ ցորեն: Բացի այդ, թուրք գործիչը հրահանգեց Բաշ-Գառնիի շրջանի Միլլի ձորի թաթարներին հեռանալ թուրքական տարածք՝ այն հայ փախստականութեանը զիջելու նպատակով: Ինչպէս եւ սպասելի էր, թաթարները չանսացին Խալիլի ձայնին, որի անկեղծութիւնը յոյժ կասկածելի էր, եւ հայկական կողմը նշւած տարածքն այդ թշնամական տարրից մաքրեց ուժով:

Ժամանակի փաստաթղթերի, գրականութեան եւ մամուլի, Ժողովրդական հերոս Անդրանիկի յուշերի, նրա մասին գրւած տասնեակ աշխատութիւնների ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ ՀՀ կառավարութեան եւ նրա ազդեցիկ անդամներից մէկի՝ Արամ Մանուկեանի կողմից երբեք որեւէ իրական քայլ թուրքերի հետ ընդդէմ Անդրանիկի չի կատարւել, որքան էլ որ առկայ են եղել հակասութիւններ կողմերի միջեւ: Ընդհակառակը, որտեղ էլ որ ՀՀ ստեղծումից յետոյ եղել է Անդրանիկը՝ Սիւնիքում թէ Նախիջեւանում, ՀՀ կառավարութիւնը եւ հայկական զինւած ուժերի հրամանատարութիւնը, այդ թւում եւ Հայկական դիւիզիայի հրամանատար գեներալ Մովսէս Սիլիկեանը, Անդրանիկին տրամադրել են ռազմական ու հետախուզական բնոյթի տեղեկութիւններ՝ տեղեկութիւններ թուրքական զօրքերի տեղաշարժերի եւ քանակի մասին, ինչպէս նաեւ ցուցաբերել են որոշակի դրամական աջակցութիւն /ՀՀ ֆինանսական հնարաւորութիւնները թոյլ չտւեցին մեծ օժանդակութիւն ցուցաբերել ո՛չ Անդրանիկին եւ ո՛չ էլ այլ գործիչների կամ կառոյցների/։ Իր հերթին Անդրանիկը, երբեք չի գործել ՀՀ դէմ, այլ հնարաւորութեան սահմաններում թիկունք է կանգնել նրան, համագործակցել է ՀՀ կառավարութեան կողմից իր հաստատւած վայրերում նշանակւած լիազօր ներկայացուցիչների հետ։ Ո՛չ Անդրանիկի եւ ո՛չ էլ ՀՀ ստեղծողների ու ղեկավարների հայրենասիրութիւնն ու նւիրւածութիւնը հայ ժողովրդին սահմաններ չի ճանաչել։ Ձախողման են դատապարտւած նրանց հասցէին ուղղւած բոլոր կեղծ մեղադրանքները։ Չնայած, կարծում եմ, ներկայումս Հայոց պատմութիւնը կեղծողների հիմնական նպատակը դպրոցական առարկայական չափորոշիչներից հայ հասարակութեան ուշադրութիւնը շեղելն ու դրանց նկատմամբ առկայ համաժողովրդական միասնութիւնը սասանելն է։ Չի յաջողւելու։ Պէտք է ընդունւեն դպրոցական առարկայական այնպիսի չափորոշիչներ ու հայեցակարգեր, որոնք ամուր հենք կը հանդիսանան հայրենասէր ու պետականասէր սերունդ դաստիարակելու եւ կրթելու համար եւ, դրանով իսկ, մեծապէս կը խթանեն հզօր Հայաստանի Հանրապետութիւն կերտելու գործընթացը։

 

Արմէն Ասրեան

պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ

Yerkir.am

Յարակից լուրեր

  • Հանրապետութեան hիմնադիր Արամ Մանուկեանի կերպարը ներկայ պահի հրամայական պահանջ (Մահւան 102-րդ ամեակի առիթով)
    Հանրապետութեան hիմնադիր Արամ Մանուկեանի կերպարը ներկայ պահի հրամայական պահանջ (Մահւան 102-րդ ամեակի առիթով)

    Արցախ-Ղարաբաղում ծնւած Արամ Մանուկեանը (ծննդեան անւամբ Սարգիս Յարութիւնի Յովհաննիսեան) 19-րդ դարի 90-ական թւականներին անդամագրւելով հայոց ազատամարտին, իր ամբողջ գիտակից կեանքը նւիրեց թուրքական բռնապետութիւնից հայ ժողովրդի ազատագրութեանը, անկախ եւ արժանապատիւ ապագայի կերտմանը, երբեք չյոգնեց ու չընկճւեց պայքարելուց, երբեք չերկնչեց թշնամու ուժից եւ տեղի չտւեց նրա առաջ։ Որքան էլ որ ծանր ու յուսահատական եղաւ հայ ժողովրդի դրութիւնը, պարտութիւնները, զրկանքներն ու կորուստները` ծանր ու տեւական, նա մշտապէս մնաց ազատագրական պայքարի առաջին, ամենածանր, վտանգաւոր ու պատասխանատու դիրքերում: 

  • Ակնարկ. Չափորոշիչներ
    Ակնարկ. Չափորոշիչներ

    Կրթական բարեփոխումներու եւ յատկապէս հայ ժողովուրդի պատմութեան եւ հայ գրականութեան վերաբերող նախագիծը ստեղծած է թէժ մթնոլորտ հայրենիքի մէջ: Կարելի է տեսականօրէն ընդգծել, որ արմատական իշխանափոխութիւնը բոլոր ոլորտներուն մէջ հիմնական փոփոխութիւններու կը ձգտի եւ քաղաքական վարքագիծը առանցքային կը դարձնէ տարբեր մարզերու եւ զանոնք ղեկավարող գերատեսչութիւններու աշխատանքային ծրագիրներուն մէջ:

  • Անհատը եւ պատմութիւնը
    Անհատը եւ պատմութիւնը

    Իւրաքանչիւր ժողովրդի ազգային արժեհամակարգը մեծ հաշւով ձեւաւորւում է առնւազն երկու իրողութեան հաշւառումով՝ իր պատմական անցեալին տրւած գնահատականով եւ ապագային միտւած տեսլականով: Իհարկէ, երկրորդի մասին պատկերացումները զգալի չափով պայմանաւորւած են առաջինով, բայց դա չի նշանակում, թէ նաեւ կանխորոշւած են առաջինով: Անցեալի եւ ապագայի հատման կէտում օբիեկտիւ իրողութիւններն են եւ Մեծ անհատները: Բայց … իրապէ՛ս Մեծ անհատները, այլ ոչ թէ՝ մեծ աճպարարները:

  • Հայաստանի Առաջին Հանրապետութեան ստեղծման պատմութիւնից. Արամ Մանուկեանի դերը
    Հայաստանի Առաջին Հանրապետութեան ստեղծման պատմութիւնից. Արամ Մանուկեանի դերը

    1918 թ. մայիսի 28-ը՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրումը, հայոց բազմադարեան պատմութեան փառավոր էջերից է, հայ ժողովրդի հերոսական ոգու, կենսունակութեան, արժանապատւութեան, ազատ եւ անկախ ապրելու անկոտրում կամքի արտայայտութիւնը: Այն շրջադարձային ազդեցութիւն ունեցաւ հայոց պատմութեան հետագայ ողջ ընթացքի վրայ։

  • Այսօր Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի ծննդեան 140-ամեակն է
    Այսօր Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի ծննդեան 140-ամեակն է

    1879 թ. մարտի 19-ին ազատ, հպարտ ու անպարտ Արցախի Շուշի քաղաքում ծնւեց Արամ Մանուկեանը (ծննդեան անւամբ Սարգիս Յարութիւնի Յովհաննիսեան)՝ մի մարդ, ով իրականութիւն էր դարձնելու անկախ պետականութեան վերականգնման հայ ժողովրդի բազմադարեան իղձը՝ հիմք դնելով Հայաստանի Առաջին Հանրապետութեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։