Հա

Քաղաքական

04/08/2020 - 08:15

«Նիկոլ Փաշինեանի շրջապատը փորձում է իրենից կերտել յաղթող առաջնորդի կերպար». Կարէն Վրթանէսեանը՝ ԱԽ քարտուղարի յայտարարութեան մասին, թէ յուլիսեան գործողութիւնները համակարգել է ՀՀ վարչապետը

Ներկայ իշխանութիւնների գրեթէ բոլոր ներկայացուցիչների ասածներն ինձ մօտ անվստահութիւն են առաջացնում, քանի որ վերջին 2.5 տարում շատ-շատ են եղել ամպագորգոռ յայտարարութիւններ, որոնք յետոյ հերքւել կամ չեն հաստատւել:

«alikonline.ir» - Ներկայ իշխանութիւնների գրեթէ բոլոր ներկայացուցիչների ասածներն ինձ մօտ անվստահութիւն են առաջացնում, քանի որ վերջին 2.5 տարում շատ-շատ են եղել ամպագորգոռ յայտարարութիւններ, որոնք յետոյ հերքւել կամ չեն հաստատւել: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ռազմական փորձագէտ, Razm.info կայքի համակարգող Կարէն Վրթանէսեանը՝ անդրադառնալով ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի այն յայտարարութեանը, թէ հայ-ադրբեջանական սահմանին յուլիսեան գործողութիւնների ամբողջ ընթացքը ղեկավարւել ու համակարգւել է ՀՀ վարչապետի կողմից։

Նա նշեց, որ իր համար առաւել եւս դժւար է մեկնաբանել Անվտանգութեան խորհրդի ղեկավարի ասածը՝ հաշւի առնելով նոյն իրենց գրած ռազմավարութիւնը, որը բացարձակապէս ռազմավարութեան հետ կապ չունի, դա, ըստ նրա՝ կենացների ժողովածու է: «Ես մի քիչ դժւար եմ պատկերացնում համակարգելը, այստեղ աւելի շատ անձերի հարց է՝ հաշւի առնելով իրենց նախկին յայտարարութիւնները եւ արածները: Իմ սուբիեկտիւ կարծիքով՝ համակարգմանն ամենամեծ օգնութիւնը եղել է այդ գործընթացներին չխառնւելը»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ խնդիր է լուծւում նման յայտարարութիւններով, Կարէն Վրթանէսեանն ասաց. «Անձամբ ինձ մօտ տպաւորութիւն է, որ Նիկոլ Փաշինեանի շրջապատը փորձում է իրենից կերտել յաղթող առաջնորդի ինչ-որ կերպար՝ պայմանական Նիկոլայ Պաբեդանոսի նման ինչ-որ կերպար կերտել»:

Դիտարկմանը, որ Փաշինեանը չի ծառայել բանակում եւ հարցին՝ այդ դէպքում կարո՞ղ էր արդեօք համակարգել գործողութիւնները, նա նշեց. «Մարդ կարող է ծառայած չլինել, բայց թեմայից տեղեակ լինել, ունենալ կազմակերպչական ու կառավարման ուժեղ հմտութիւններ, այնպէս չէ, որ պատերազմ համակարգելու համար մարդ պէտք է անպայման զինւորական կրթութիւն, զինւորականի փորձ ունենայ, բայց, այնուամենայնիւ, գոնէ պետական ապարատի կառավարման մեծ փորձ, որոշ գիտելիքներ պէտք է ունենայ»:

«Վարչապետի պաշտօն զբաղեցնելն աւտոմատ չի նշանակում այդ ամէն ինչն իմանալ, մարդը կարող է որոշ քաղաքական որոշումներ կայացնել նման իրավիճակում, բայց դա չի նշանակում, որ պայքարը համակարգել է, գուցէ համակարգել է, չեմ կարող բացառել, բայց կոնկրետ ինձ դժւար է հաւատալ»,- յաւելեց Վրթանէսեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։