Հա

Քաղաքական

09/08/2020 - 11:10

Թուրքորոշիչները՝ որպէս չափորոշիչ

ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան կողմից հանրայնացւեց հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի նախագիծը, եւ բացայայտւած մի շարք իրողութիւնում կրկին երեւաց իշխանութիւնների կողմից ծրագրւած խորքային գործընթացների մի ողջ շղթայ։ Եւ, եթէ այլ պարագաներում խօսք կարող էր գնալ ապազգային, քայքայիչ ծրագրերի մասին՝ թելադրւած տեղական կամ օտար հակահայկական ուժերի կողմից, ապա չափորոշիչների պարագայում հետքերն ուղիղ տարան Թուրքիա։

ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան կողմից հանրայնացւեց հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի նախագիծը, եւ բացայայտւած մի շարք իրողութիւնում կրկին երեւաց իշխանութիւնների կողմից ծրագրւած խորքային գործընթացների մի ողջ շղթայ։ Եւ, եթէ այլ պարագաներում խօսք կարող էր գնալ ապազգային, քայքայիչ ծրագրերի մասին՝ թելադրւած տեղական կամ օտար հակահայկական ուժերի կողմից, ապա չափորոշիչների պարագայում հետքերն ուղիղ տարան Թուրքիա։

Ներկայացւած փաստարկւած մեղադրանքներին ի պատասխան՝ թուրքական նախագծերի մէջ տարիներով թրծւած, թուրքական կազմակերպութիւններից մշտապէս խոշոր ֆինանսներ ստացող հայկական շրջանակներ, փորձելով փրկել դէմքերը, այս օրերին իրագործում են ոչ պակաս մի վտանգաւոր գործողութիւն, այն է՝ «բարի թուրքի» կերպարի լայն քարոզչութիւն Հայաստանում։

Ստեծւել է մի իրավիճակ, երբ ստիպւած ենք հանրութեան որոշ հատւածների եւ շրջանակների «ապացուցել» որոշ աքսիոմատիկ ճշմարտութիւններ։ Այսպէս.

1. Թուրքիան շարունակում է շրջափակման մէջ պահել Հայաստանը եւ չի հաստատում դիւանագիտական յարաբերութիւններ:

2. Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի 2020 թ. սոցհարցումներով Հայաստանը համարւում է Թուրքիայի գլխաւոր թշնամի պետութիւններից մէկը։ Թուրքական քարոզչական պատերազմում պարբերաբար դրսեւորւում են թուրքերի՝ աւելի խորը արմատներ ունեցող այն տեսակէտները, որոնցում Հայաստանը ընկալւում է ոչ թէ պարզապէս թշնամի, այլ «չիբան», որն աճել է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։

Թուրքիան բացայայտ բոլոր տեսակի, այդ թւում եւ ռազմական աջակցութիւն է ցոյց տալիս Ադրբեջանին՝ անընդմէջ կազմակերպելով զօրավարժութիւններ Նախիջեւանում:

Տե՛ս ստորեւ ներկայացւած փաստաթուղթը.

3. Էրդողանը չի թաքցնում իր նէոօսմանիստական եւ պանթուրքիստական ծրագրերը եւ կոշտ սպառնում է միջամտել արցախեան հակամարտութեանը՝ ռազմական գործողութիւններով: Հնարաւորութեան դէպքում Թուրքիան կը շարունակի նոր տարծքներ զաւթել եւ իրականացնել հայ ժողովրդի վերջնական ոչնչացումը:

4. Թուրքական բանակի հրամանատարական ողջ կազմը, որը պետութեան գլխաւոր ուժն է, բացառապէս սնւում է ազգայնական, քեմալիստական գաղափարներով:

5. Թուրքիայի նախագահ Էրդողանը հակահայկական իր յայտարարութիւններում դրսեւորում է բացայայտ կոշտ ատելութեան խօսք: Ամենաթարմ օրինակներից մէկը, դեռեւս այս տարի արւած, նրա յայտնի «սրի մնացուկներ» արտայայտութիւններ էր: Էրդողանը չի թաքցնում, որ աւարտին է հասցնելու իր նախկիների գործը. «Մենք թոյլ չենք տայ, որ այդ սրից փրկւածներն ու ահաբեկիչները նորից ապստամբեն։ Նրանք մինչեւ հիմա դեռ կան, չնայած մեր երկրում նրանց թիւը բաւական քչացել է»։

6. Թուրքիայում այսօր էլ հայ-«էրմենի» բառը հաւասարազօր է հայոյանքի կամ «տգեղ» արտայայտութեան։ Անգամ Էրդողանի մակարդակով է այն յայտարարւում եւ Թուրքիան անթաքոյց պետականօրէն շարունակում է իր հայատեաց քաղաքականութիւնը (տես Էրդողանի հարցազրոյցը):

7. Թուրքական պաշտօնական պատմագրութիւնը շարունակում է կեղծել հայոց պատմութիւնը, Հայաստանի պատմական ժողովրդագրութիւնը, հայակական տեղանունները, որի համար հսկայական միջոցներ է ծախսում. հրատարակում է գրքեր, վարձում է արեւմուտքի գիտական, նաեւ որոշ հայագիտական կենտրոնների տարբեր մասնագէտների։

8. Էրդողանը մի քանի շաբաթ առաջ յայտարարեց, որ ստեղծում է Հայոց Ցեղասպանութիւնը ժխտող յանձնաժողով:

9. Թուրքիայի գլխաւոր վարչապետական արխիւի առաջին յարկում հէնց այսօր էլ մի ողջ սենեակ տրամադրւած է հակահայկական գրականութեան վաճառքին: Այս գրականութեան միջոցով ամենաբիրտ ձեւով կեղծւում են հայոց պատմութիւնը եւ ժխտւում Հայոց Ցեղասպանութիւնը:

10. Թուրքիայի կրթութեան նախարարութեան կողմից հաստատւած պաշտօնական դասագրքերում Օսմանեան կայսրութիւնում հայ ժողովուրդը ներկայացւում է որպէս անջատողական, իսկ Հայաստանի առաջին եւ ներկայիս հանրապետութիւնները` Թուրքիայի թշնամի պետութիւն։ Բացի այդ` հայ ժողովրդին են վերագրւում ցեղասպանական գործողութիւններ եւ ցեխ է շպրտւում հայոց ազատագրական պայքարի ու Հայոց Ցեղասպանութեան իրողութեան վրայ (տես յղումը)։

11. Թուրքիան պաշտօնական դասագրքերում իր պաշտպանութիւնն է յայտնում ագրեսոր եւ այսօր Հայաստանի հետ պատերազմող Ադրբեջանին, եւ որպէս առանձին դասընթաց`այդ դասագրքերում ընդգրկւած են Խոջալուի դէպքերը, որտեղ հայերը կրկին ներկայացւած են իբրեւ «ցեղասպան» (տես յղումը, էջ 224)։

12. Թուրքիայում շարունակում են գործել տեղանունների փոփոխման եւ կեղծման պետական յանձնաժողովները: Իսկ Արեւմտեան Հայաստանի փոխարէն թուրքական մտացածին Արեւելեան Անատոլիա եզրի ներմուծումը հայկական պատմագիտութիւն, ուղղակիօրէն Արդուլ Համիդի եւ Քեմալ Աթաթուրքի` այս ուղղութեամբ արւած հրամանագրերի ի կատարածումն է Հայաստանում։ Այն բացայայտ նշանակում է հրաժարում Արեւմտեան Հայաստանից ու Հայոց ցեղասպանութիւնից։ Հիշեցնենք՝ Անատոլիա եզրույթը, որը նշանակում է «Արեւելք», կիրառւել է Փոքր Ասիայի համար, իսկ Արեւելեան Անատոլիա եզրոյթի շրջանառութիւնը (բառացի՝ Արեւելքի Արեւելք) աբսուրդ է եւ դրւելով շրջանառութեան մէջ Թուրքիայի կողմից՝ ունի միմիայն քաղաքական նպատակներ։

13. Ի տարբերութիւն Հայաստանի` թուրքական պետութիւնը բացայայտ պայքարում է սորոսական կազմակերպութիւնների դէմ՝ ամուր պահպանելով իր պետութեան անվտանգութիւնն ու պետական գաղափարախօսութիւնը:

14. Թուրքիայի` արդէն մեծամասնութիւն կազմող իսլամիստների համար Հայաստանը եւ հայերը շարունակում են մնալ որպէս գեաւուր-անհաւատ:

15. Մեր քթի տակ` Իգդիրում, որի բնակչութեան մեծ մասն արդէն ադրբեջանցիներ են, գործում է «հայերի իրականացրած ցեղասպանութեան» թանգարան, իսկ Երեւանում աշխարհի միակ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէնը՝ Յարութիւն Մարութեանը, ինչպէս նաեւ իր թիմը, որդեգրել է վտանգաւոր քաղաքականութիւն։ Անգամ աշխատակիցներից մէկը՝ Ռոբերտ Թաթոյեանն, իր ֆէյսբուքեան էջում ծաղրի է ենթարկում զօրավար Անդրանիկին՝ հայոց ազգային մեծ հերոսին, որի կենդանութեան օրօք նրա մասին ժողովուրդը հիւսել է հարիւրաւոր երգեր, պատումներ, պատմութիւններ, հայերէն, թուրքերէն, յունարէն, քրդերէն եւ այլն։ Ռոբերտ Թաթոյեանը մեղադրում է Անդրանիկին, որ նա «այդպէս էլ չկարողացաւ աճել, մեծանալ իր ֆիդայական շալւարներից»։ Հաւանաբար՝ Ռ. Թաթոյեանն արդէն աճել է եւ, հետաքրքիր է, թէ ի՞նչ շալւար է կրում… Եւ սա այն պարագայում, երբ զօրավար Անդրանիկը յայտարարւած է եղել Թուրքիայի թիւ մէկ թշնամին։ Յիշեցնենք մէկ անգամ եւս, որ մեր ազգապահպան հերոսների վարկաբեկումը թուրքական պետութեան եւ պաշտօնական պատմագրութեան յայտնի թեզերից մէկն է։ Աւելին, եթէ այսօր Թուրքիայում որեւէ մէկը փորձի վարկաբեկիչ խօսք ասել իր հերսների հասցէին, քրէօրէն կը պատժւի։

16. 80 մլն Թուրքիայում գործում են բազմաթիւ հակահայկական պաշտօնական եւ սոցիալական կայքէջեր, որոնք ամենօրեայ քարոզչութիւն են կատարում:

17. Իգդիրում այժմ գործում է ԱՍԻՄԴԵՐ ադրբեջանական-թուրքական ֆաշիստական կազմակերպութիւնը, որը տարածում է հակահայկական կեղծ քարոզչութիւն եւ սպառնալիքներով թիրախաւորում է Հայաստանն ու հայ պատմաբաններին:

18. Թուրքիայի դեմոկրատ սոցիալիստները հալածւում են ոչ թէ յանուն Հայոց Ցեղասպանութեան եւ Հայաստանի շահերի, որը ծիծաղելի է, այլ թիրախաւորւում են՝ ի պաշտպանութիւն իրենց երկրի դեմոկրատականացման, քրդական շարժումների, ինչպէս նաեւ ամէն օր Թուրքիայում տեղի ունեցող կանանց ու երեխաների սպանութիւնների, բռնաբարութիւնների եւ իրենց սոցիալիստական գաղափարների համար: Իսկ այդ գաղափարները կանգ են առնում այն սահմանագծում, երբ հարցը վերաբերում է հայոց արդար պահանջատիրութեանը։

19. Թուրքիան չի ճանաչել Հայոց Ցեղապանութիւնը եւ շարունակաբար ժխտում է այն, չի պատրաստւում հայցել ներողութիւն՝ հայ քստմնելի ներողների առկայութեան պարագայում: Ճիշտ հակառակը` բազմաթիւ պաշտօնական գրքերում ու կայքերում հայերին ցոյց է տալիս որպէս ցեղասպան։

20. Թուրքիայի ցեղասպան քաղաքականութիւնը շարունակւում է հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացմամբ, ժխտմամբ եւ պղծմամբ:

21. Թուրքիայի ներկայիս Սահմանադրութեան մէջ շարունակում է ամրագրւած մնալ 301 յօդւածը, որի համաձայն թուրքականութեանը, թուրքական ինքնագիտակցութեանը վիրաւորանք հասցնելը կամ նւաստացնելը քրէօրէն պատժելի է, եւ օրէնսդրօրէն արգելւած է Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը։

22. Անկախ Հայաստանում Հայոց պատմութեան «բարեփոխիչներն» իրականում թուրքորոշիչներ ներմուծելով եւ սնւելով թուրքական ֆոնդերից՝ նպատակ են դրել մեր պատմութեան խեղմամբ լւանալ հայ երիտասարդների ուղեղները, փոփոխութեան ենթարկել ու մոռացութեան մատնել մեր կոլեկտիւ յիշողութիւնը, որի հիմանական հանգուցակէտը Հայոց պահանջատիրութիւնն է, եւ կազմալուծել Հայոց Ցեղասպանութեան, որպէս միջազգային յանցագործութեան, տարիների պայքարի գնով հաստատւած իրողութեան հիմքերը:

23. Հայաստանյան այս «բարեփոխիչները» շրջանառում են յայտնի թուրք կեղծարարներ Էսատ Ուրասի եւ Քեամուրան Գիւրունի ապագիտական ու հակահայկական տեսակէտները, ըստ որոնց, հայերը եկւորներ են եւ իրենց բննօրրանում չունեն վաղնջական ժամանակներից սկսած պատմութիւն, ուստի եւ չունեն պատմական իրաւուքներ ու պահանջատիրութիւն։

24. Պատահական չպէտք է համարել բազմիցս Թուրքիա այցելած եւ յայտնի գրանտային ծրագրերի մասնակցող ՀՑԹԻ տնօրէն Յարութիւն Մարութեանի՝ 2020 թ. ապրիլին 2015 թ. Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ամրագրւած «Յիշում եմ եւ պահանջում» կարգախօսից «Պահանջում եմ» բառի հեռացումը։ Մարութեանը պաշտօնապէս յայտարել է, որ եկել է վերաձեւելու Հայոց Ցեղասպանութեան կարծրատիպերը։

25. Հայոց պատմութեան դասագրքերում այս նոյն գաղափարների ներմուծողներին պէտք է դիտել նոյն մարութեանական շրջանակի ծիրում։ Այս շրջանակի բոլոր թելերը կապւում են Հրանուշ Խառատեանի «Հազարաշէն» ՀԿ-ին, որի համահիմնադիրներից է նաեւ Յարութիւն Մարութեանը։

26. Ստամբուլեան «գայթակղիչ» շրջագայութիւնների շրջանակներում Հայոց պատմութեան առարկայական չափորոշիչների լրամշակման թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչեանն ու իր գործընկերները Հայոց պատմութիւնը, Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը հանել են առուվաճառքի։ Այս «բարեփոխիչները» անգամ չեն տիրապետում Օսմանեան կայսրութեան եւ Թուրքիայի պատմութեանը, տեղեակ չեն Թուրքիայի «Խորքային պետութեան» կարեւոր ուժի առկայութեան մասին, որ ամէն վայրկեան կարող է խեղդել իր երկրի պետականութեանն ու ազգային անվտանգութեանը սպառնացող ցանկացած դրեւսեւորում, իսկ դեմոկրատ փոքր խմբերի գոյութեան թողտւութիւնն ընդամենը արեւմուտքի աչքին թոզ փչելու համար է, իբր թէ Թուրքիայում կան նաեւ դեմոկրատական գաղափարներ:

27. Չափազանց վտանգաւոր է, որ մի քանի նորաթուխ պատմագիտութեան թեկնածուներ եւ յատկապէս մի խումբ ազգագրագէտներ ու իրենց ցեղասպանագէտ յորջորջողներ` գրանտային ընչաքաղցութեամբ թուրքորոշիչներով Հայոց պատմութեան այս վերաձեւողները, չեն հասկանում դասագրքային այս պարզ ճշմարտութիւնները կամ իրենց գրանտերի դիմաց գիտակցաբար դարձել են Հայոց պատմութեան եւ գրականութեան ռեւիզիոնիստ-պոլիցայներ: Իսկ այս թուրքանպաստ գործընթացներին դիմադրողներին, որպէս գաւառամիտ, յետադէմ կամ մարգինալ պիտակաւորումից փչում է աբդուլհամիդեան ու ստալինեան հօտ։

28. Ցաւօք սրտի, այս գրանտակերները Թուրքիան պատկերացնում են միայն Ստամբուլ քաղաքով եւ մի քանի այսպէս կոչւած դեմոկրատներով ու հասարակական կազմակերպութիւններով։ Թող չփորձեն հայ ժողովրդին մոլորութեան մէջ գցել ստամբուլեան մի քանի դեմոկրատներով, առաջադիմականներով կամ ՀԿ-ներով։ Եւ այս նոյն «համակեցութիւն» քարոզողներն արդեօ՞ք ողջ-առողջ կը վերադառնան, եթէ փորձեն իրենց այս ծրագրերը տարածել Անկարայում, Տրապիզոնում, Կայսերիում, Սամսունում, Էրզրումում, Վանում, Արդահանում, Իգդիրում եւ այլն։

29. Յիշեցնենք, որ 70 տարի Սովետական միութիւնն իր հզօր գաղափարական մեքենայով ամէն ինչ արեց, որ ջարդ ու փշուր լինեն Հայոց ազգային արժէքներն ու ոգին։ Բայց չյաջողեց։ Պատահական չէ նաեւ, որ վերոնշեալ ռեւիզոնիստների թուրքորոշիչների պաշտպանութեամբ չյապաղեց հանդէս գալ 1992 թ. հակահայ-ազգայնամոլ «Գորշ գայլերի» կազմակերպութեան հիմնադիր-նախագահ Ալփ-Արսլան Թուրքեշի հետ համբուրւող Լեւոն Տէր-Պետրոսեանը, ըստ որի` «Ազգային գաղափարախօսութիւնը կեղծ կատեգորիա է», իսկ «Պատմութիւնը կեղծ գիտութիւն»։ Նշենք նաեւ, որ ներկայիս կրթութեան նախարարի խորհրդական Սամուէլ Կարաբեկեանը, որը հովանաւորում է այս բոլոր ազգադաւ գործընթացները, յայտնի լեւոնալեզներից մէկն է։

30. Թուրքիայի պետական քաղաքականութեան մէջ բոլորվին էլ խնդիր դրւած չէ երկիրը հռչակել դեմոկրատական։ Նման գաղափարներով տոգորւած Հրանտ Դինքը ողջ մարդկութեան աչքի առջեւ սպանւեց, եւ այդ յանցագործութեան մանրամասները մինչ օրս բացայայտւած չեն։

31. Թուրքիայում ապրող այն մարդկանց, որոնք ճանաչում են Հայոց Ցեղասպանութիւնը, Հայաստանն ու հայ ժողովուրդը, մշտապէս իր դռները բացել է նրանց առաջ։ Բայց կրկին ուզում ենք յիշեցնել, որ այդ մարդկանց թիւը 80 մլն Թուրքայիում կազմում են 0.0%:

Ահա թուրքական պետական մեքենայի՝ վերոյիշեալ կէտերով ներկայացւած դիրքորոշումներն ու սկզբունքները, որոնք հանդիսանում են իրական այլատեացութեան վառ օրինակներ, եւ այս հանգամանքներում Հայաստանում նման թուրքորոշիչների իրականացումը լուրջ սպառնալիք է իւրաքանչիւրիս անվտանգութեանն ու ֆիզիկական գոյութեանը:

Ազգային արժէքների եւ հայոց պատմութեան վրայ թուրքորոշիչներով յարձակումը չի յաջողւելու եւ ոչ մէկին։ Այն պետական դաւաճանութիւն է ողջ հայ ժողովրդի հանդէպ եւ անարգանք Հայոց Ցեղասպանութեան զորհերի յիշատակին։ Վստահ ենք, որ այս դաւադիր յարձակումը ազգային արժէքների վրայ կը դառնայ հայ ժողովրդի վերամիաւորման նոր սկիզբ:

 

Yerkir.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։