Հա

Քաղաքական

10/09/2020 - 14:30

Թամամ աշխարհ պտուտ եկայ ու հաստատւեցի Արցախում

Գաղտնիք չէ, որ Արցաեան ազգային-ազատագրական Շարժումը քիչ ճանաչ, (կամ գրեթէ անճանաչ) Արցախը մէկեն ճանաչելի դարձրեց աշխարհի չորս ծիրերում… Փոքրիկ Արցախը դարձաւ գթասրտութեան էպիկենտրոն ու երազանք շատերի համար՝ գոնէ մէկ անգամ լինել Մայր Հայրենիքից բռնազատւած բիբլիական հողում։

Գաղտնիք չէ, որ Արցաեան ազգային-ազատագրական Շարժումը քիչ ճանաչ, (կամ գրեթէ անճանաչ) Արցախը մէկեն ճանաչելի դարձրեց աշխարհի չորս ծիրերում… Փոքրիկ Արցախը դարձաւ գթասրտութեան էպիկենտրոն ու երազանք շատերի համար՝ գոնէ մէկ անգամ լինել Մայր Հայրենիքից բռնազատւած բիբլիական հողում։ Շատերն իրենց երազանքն իրականութիւն դարձրին, իսկ աւելի համարձակները, արցախցիների հետ կիսելով ի վերուստ տրւած դառն ու անուշ օրերը, մնացին ու ի վերջոյ հաստատւեցին Երկրում։ Այս անգամ «Ազատ Արցախ»-ի հիւրը ՀՕՄ-ի Արցախի «Սօսէ» մանկապարտէզների պատասխանատու, աւստրիալիահայ Արտեմիս Գրիգորեանն է, ում հետ բացայայտելու ենք մեզ յայտնի ու անյայտ բազում էջեր…

 

- Որտեղի՞ց են սերում Ձեր արմատները ու ինչպէ՞ս հաստատւեցիք Աւստրալիայում, ասել կուզեմ՝ աշխարհի ծերին։

- Ծնւել ու մեծացել եմ Պարսկաստանի Թեհրան քաղաքում… 1971 թ. ընտանիքով տեղափոխւել և հաստատւել ենք Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում։ Շատ «խառնածին» է իմ կենսագրութիւնը… Անունս յունական է, ծնւել եմ Թեհրանում, ապրել Աւստրալիայում ու, վերջապէս, թամամ աշխարհ պտուտ գալով, երազանքներիս տուտը բռնած` հասել ու հաստատւել Արցախում։ 1985 թ. առաջին անգամ եկայ Հայաստան, ու սկսվեց, այլեւս Հայաստան գալս պահանջ դարձաւ, եկա 1989-ին, 90-ին, 91-ին ու այդպէս շարունակ։

 

- Արցախի շուրջ իրադարձութիւնները որքան թէժանում էին, այնքան հաճախանում էին ձեր այցերը…

- Այդպէս էլ պիտի լինէր… Ես դաստիարակւել եմ մի այնպիսի ընտանիքում, որտեղ հայրենասիրութիւնը չափվում է ոչ թէ բառերով ու ճառերով, այլեւ գործով ու կոնկրետ քայլերով։ Հայրս դաշնակցական էր 18 տարեկան հասակից և ողջ կեանքում մնաց որպէս նւիրեալ՝ ազգի ու գաղափարի։ Ապրելով մուսուլմանական երկրում, նա ապրեց հայկական հարգուկարգով, աւանդոյթներով, նոյնը եւ Սիդնէյում ապրելու տարիներին։ Հայերէնը Պարսկաստանում բաւականին յարգւած էր, ինչպէս որ հիմա է, նոյնը և Սիդնէյում՝ Աւստրալիայի ամենամարդաշատ քաղաքում մենք (ես ու եղբայրս) շաբաթօրեայ հայկական դպրոց էինք յաճախում և պատրաստւում մեծ կեանք մտնելու… Արդէն ասացի՝ հայրս կուսակցական էր, մայրս ՀՕՄ-վարչութեան անդամ դարձաւ, ու այսպէս մեր արեւին ապրում էինք։ Հընթացս մենք սկսեցինք հարել սկաուտական ու տարբեր երիտասարդական կազմակերպութիւնների, հայրս ամէն ինչ անում էր, որ մենք հայ մեծանանք, հայեցի դաստիարակութիւն ստանանք։

 

- Դուք Արցախ եկաք թէժ 92-ին, մութ ու ցուրտ տարիներին, ինչպէս դա ձեզ յաջողւեց։

- Նախ եկան ծնողներս ու մի կերպ ջոկատների հետ հասան Ստեփանակերտ… Դրանից ուղիղ վեց ամիս անց հայրս մահացաւ, նա հանգաւ Արցախը տեսնելու իր փափագը իրականութիւն դարձրած։ Նա շատ էր մտահոգւած մեր ճակատագրով, սարսափում էր այն մտքից, որ կարող է հանկարծ օտար ազգի հետ ամուսնանանք, և իմ Հայաստան ու Արցախ գալու որոշումն ու հայերենս կատարելագործելը նա ողջունում էր։ Առիթը բաց չէր թողնում ասելու՝ թէ օտարի հետ ամուսնացար, ուրեմն իմ աղջիկը չես։

1985 թ. Եւրոպայում պտտւելուց յետոյ, ընկերուհուս հետ եկայ Հայաստան, դեռեւս Խորհրդային Հայաստան, մի տեսակ Երկիրը կրակւեց իմ հոգում, ես հասկացայ, որ այն իմն է շատ աւելլի, քան իմ ծննդավայրն է, կամ երկիրը որտեղ ապրում եմ։ Ընկերուհուս՝ Նելիի հետ, արդէն սկսեցինք ուղիներ որոնել կրկին Հայաստան ու Արցախ հասնելու համար, պատրւակ էինք բերում, թէ գալիս ենք մեր հայերէն խօսքը կատարելագործելու, սակայն իրականում յոյս էինք փայփայում որեւէ կերպ օգտակար լինել մեր հայրենակիցներին։ Այսօրւայ պէս յիշում եմ՝ 1991 թւականի սեպտեմբերի 21-ին՝ Անկախութեան օրը, մենք ոտք դրինք Երեւան, եւ առաջին տեղը, որ գնացինք, Հայ Օգնութեան միութեան գրասենեակն էր, որտեղ մեզ ընդունեցին սիրով։

 

- Եկաք ժամանակաւոր ու մնացիք անժամկէտ։

- Մենք կամաւորներ դարձանք ժամանակի թելադրանքով, վիրաաւոր ազատամարտիկներին, ֆիդայիներին ՀՕՄ-ի խողովակներով օգնութիւն էինք հասցնում, այցելում էինք հիւանդանոցներ, գրի էինք առնում` ինչի կարիք ունեն, ինչով կարող ենք օգտակար լինել։ Հոգում էինք նրանց կարիքները՝ տարբեր աղբիւրներից ստանալով առաջին անհրաժեշտութեան պարագաներ։ Մեր այցերից նրանք ոգևորւում էին, սիրում էին, երբ թերթեր կամ տարբեր խաղեր էինք տանում, իսկ ամէնից շատ ոգեւորւում էին մեր ներկայութիւնից, որ թողել ենք մեր ապահով երկրներն ու բարեկեցիկ կեանքը և եկել իրենց հետ դժւարութիւնները կիսելու… Այդ տարիներին շատերի հետ մտերմացանք, լաւ ընկերներ ձեռք բերեցինք, հնարաւորինս կիսեցինք նրանց հոգսն ու ցաւը, յաճախ էլ սպեղանի եղանք մեր խօսք ու վերաբերմունքով. դժւար տարիներ էին, գոյատեւում էինք իրար ոգեւորելով։

Երեւանում մի գրասենեակ կար, որը ղեկավարում էր Աբօ Պողիկեանը: Մի օր այդ գրասենեակից զանգեցին և հարցրին՝ ուզու՞մ էք գնալ Ղարաբաղ: Մենք իսկոյն տւեցինք մեր համաձայնութիւնը։ Արցախ եկանք` որպէս թարգմանիչներ, Էրեբունի օդակայանում ծանօթացանք բարոնուհի Քերոլայն Կոքսի հետ… Առաջին թռիչքը դէպի Արցախ ինձ համար շատ տպաւորիչ էր, թռչում էինք բեռնատար ուղղաթիռով, բնականաբար՝ նստատեղեր չկային, ու հետևելով Կոքսի օրինակին, նստեցինք տուփերի վրայ։ Ամաչում էինք, որ մենք հայեր ենք, բայց անգլիացի բարոնուհին է մեզ բացատրում, թէ որտեղ ենք ու երբ ենք տեղ հասնելու: Եղաւ մի պահ, երբ ուղղաթիռն սկսեց պտտւել պարոյրաձեւ, ճոճւում էին բոլոր տուփերը, հետն էլ՝ մենք, խոստովանեմ, որ մենք շատ վախեցանք, բայց բարոնուհին մեզ հանգստացրեց` ասելով, որ դա արւում է մեր անվտանգութեան նկատառումներից ելնելով։ Տեսնելով, որ վախենում ենք, ասաց՝ եկէք աղօթենք, ու Աստւած մեզ կը փրկի…

Մի խօսքով՝ հասանք Ստեփանակերտ: Քաղաքի փողոցներում շատ քիչ մարդիկ կային, եղածներն էլ պատերի տակով էին քայլում՝ հրթիռահրետակոծութիւնից պաշտպանւելու համար։ Դա 92-ի սեպտեմբերին էր, իսկ 93-ին եկանք Սուրբ ծննդեան տօներին ու 48 ժամ մնացինք Զանգերում՝ ձեան, բուք ու բորանի տակ՝ կրկին Կոքսի ու նրա թիմի հետ։ Այսպէս ստեղծւեց մեր կապն Արցախի հետ, որը գնալով խորացաւ, մենք ակամայից դարձանք թարգմանիչներ, միակ դժւարութիւնն այն էր, որ ղեկավարներից շատերը խօսում էին ռուսերէն, ինչը մեզ համար լուրջ խոչընդոտ էր։ Ապրելու տեղ չունեինք, լուսահոգի Վալերի Մարութեանի աջակցութեամբ հոսպիտալում մեզ մի փոքր սենեակ տրամադրեցին։ Սկսեցինք այցելել տեղի հիւանդանոցներ, օգնում էինք ինչով ու ինչպէս կարող էինք, երիտասարդական կազմակերպութիւնների հետ էինք համագործակցում, ճամբարներ կազմակերպում, անում էինք, ինչ ձեռքներովս գալիս էր։

 

- Եկաք որպէս տուրիստ ու արդէն 28 տարի է Արցախում եք… Երկընտրանքի պահեր ունեցե՞լ էք։

- Ունեցել ենք, բայց հողը ձգում էր, ու անիմաստ էր դիմադրելը, Սիդնէյից Ստեփանակերտ շատ մեծ քայլ էր, և ես դա արեցի ու արեցի գիտակցւած՝ որտե՞ղ եմ գալիս, ինչու՞ եմ գալիս և ինչի՞ համար։ Դպրոցական տարիներին դասերից յետոյ գումար եմ վաստակել, որ աշխարհը պտտեմ, ու պտտեցի թամամ աշխարհը՝ ի վերջոյ խարիսխ ձգեցի Արցախում։ Ես հոգէպէս բաւարարւած եմ, որ կարողացայ թէկուզ մի հիւլեաչափ օգնել ժողովրդիս։ Մէկ-մէկ մտերիմներս ինձ ասում են՝ դու շաշ ես, թողել ես բարեկեցիկ կեանքդ ու եկել պատերազմող երկիր, իսկ ես գտնում եմ, որ ճիշտ եմ վարւել և ինձ չէի ների, եթէ չգայի… Հիասթափութիւններ էլ եմ ունեցել, բայց հաւատն ու դրականն աւելի շատ էր։ Նոյնը և ամուսինս, որ Թեհրանից է Արցախ եկել որպէս կամաւոր, օգնեց, միաւորեցինք մեր ուժերը, արդեն փոքրիկ ՙՆռենի՚ խանութ էլ ունենք՝ ծառ էլ ենք տնկել, զաւակներ էլ ունենք։ Ուրախ եմ, որ մեր զաւակները՝ Նարէն ու Դերիկը իրենց մանկութիւնը վայելեցին Արցախում, մեծացան հենց այստեղ, այս մաքուր հայկական միջավայրում։ Ասացէք՝ աշխարհի որ երկրում հարևան տատիկը քո երեխային հարազատի պէս կը վերաբերւի, ասելով՝ ցուրտ է, գնայ տաք շոր հագիր, մի բան էր պատահում, կամ մատը քերծւում էր՝ ձեռքը բռնած բերում էին… Արցախցու հոգատարութիւնը, նրա մօտեցումներն ուրիշ են։ Ք. Կոքսն ասում է. ՙՈւ մէկ անգամ գալիս է Ղարաբաղ՝ վերջինը չի լինում՚, ինձ շատ է դուր գալիս ղարաբաղցիների աւանդապաշտութիւնը, նրանք զուսպ են, բարձր կուլտուրայի տէր ու կռւազան, ինձ ճիշտ հասկացէք, սա վիրաւորելու համար չեմ ասում, նրանք անհաշտ ու անհանդուրժող են ու լաւ կռւողներ են, գուցէ դա գալիս է նրանց մեծ ցաւից, որ կրում են իրենց հոգում և այն դժւարութիւններից, որ յաղթահարում են գրեթէ երեք տասնամեակ։

 

Aparaj.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։