Հա

Քաղաքական

13/09/2020 - 10:30

Իշխանութեան գործողութիւնների «կացինն» ազգային արմատներին է խփում. ԿԳՄՍ նախարարի հրաժարականը քիչ է, ամբողջ կազմի հրաժարականն է պէտք. Ս. Ղարաբաղցեանը՝ կրթութեան, մշակոյթի ոլորտի քաղաքականութեան մասին

Հիմա այնքան շատ են հայրենասիրութիւնից խօսում, բայց մենք լրիւ այլ տեղ ենք գնում: Հազար ու մի բան կորցնում ենք, որոնք հայրենասիրութեան ատրիբուտներն են. միայն հայրենասիրութիւն բառով չէ: «Բարեփոխումները» մեզ լրիւ այլ տեղ են տանում: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց գրող, հրապարակախօս Սպարտակ Ղարաբաղցեանը՝ անդրադառնալով կրթութեան, մշակոյթի ոլորտում տարւող քաղաքականութեանը:

«alikonline.ir» - Հիմա այնքան շատ են հայրենասիրութիւնից խօսում, բայց մենք լրիւ այլ տեղ ենք գնում: Հազար ու մի բան կորցնում ենք, որոնք հայրենասիրութեան ատրիբուտներն են. միայն հայրենասիրութիւն բառով չէ: «Բարեփոխումները» մեզ լրիւ այլ տեղ են տանում: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց գրող, հրապարակախօս Սպարտակ Ղարաբաղցեանը՝ անդրադառնալով կրթութեան, մշակոյթի ոլորտում տարւող քաղաքականութեանը:

«Արհամարհւած մշակոյթ, տատասկով լցւած մշակոյթի դաշտ, հոգեւոր դաստիարակութեան ամլացում. սրանք միայն խօսքեր չեն, համատարած սա է բոլոր բնագաւառներում: Իսկ մշակոյթը, հոգեւորը, լեզուն շատ զգայուն են, եթէ դրանցում մի բան արւում է, ազդեցութիւն է թողնում ամէն ինչի վրայ: Ասում ենք՝ տնտեսութիւնը պէտք է վերականգնենք, բայց առանց լեզւի, մշակոյթի, աւանդոյթների, հոգեւոր դաշտի պահպանման ոչ մի տնտեսութիւն էլ չի զարգանայ: Եթէ մարդն իր հայրենիքը, հողը չսիրեց, այդտեղ տնտեսութիւնը զարգանալ չի կարող»,- ասաց Ղարաբաղցեանը:

Անդրադառնալով տարբեր խմբերի կողմից ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականի պահանջին՝ հրապարակախօսն ասաց.

«Մէկ անձի հրաժարականը պահանջելով չէ. բոլորին էլ պարզ է՝ նա ինքնագլուխ չի գործում: Մէկ հոգու հրաժարականը շատ քիչ է, ամբողջ կազմի հրաժարականն է պէտք, որովհետեւ շղթայ է: Արայիկ Յարութիւնեանին հանեն, կը բերեն մի ուրիշ «Արայիկ Յարութիւնեան»: Դրանով բան չի փոխւելու: Խնդիրն անձի մէջ չէ, երեւոյթի մէջ է: Պարզ երեւում է, որ բոլոր գործողութիւնների «կացինն» ազգային արմատներին է խփում: Ցանկացած իշխանութեան համար հենքը կրթութիւնն է: Եթէ գործող իշխանութիւնն ուզում է նորամուծութիւններ անել, պէտք է շատ լաւ իմանայ, թէ իրենից առաջ ինչ է եղել, ու տարբերակի նախնիներին նախկիններից»:

Նա ընդգծեց՝ կրթութեան, մշակոյթի ոլորտում խնդիրներ են կուտակւել տարիներ շարունակ. «Այս խնդիրները նոր չեն, բայց հիմա, ինչպէս ասում են, «տեղ հասանք»: Անկախութիւնից յետոյ՝ 30 տարւայ մէջ այդ դաշտում ակնառու նւաճումներ չենք ունեցել, բայց կորն անընդհատ շարունակւել է՝ վերեւ-ներքեւ տատանւելով, բայց երբ հասել ենք մի կէտի, երբ մշակութային զարգացման պայթիւնը պէտք է տեղի ունենար, միանգամից մի ուրիշ բան եղաւ՝ «թաւշեայ յեղափոխութիւնը»՝ դառնալով կորի իջեցման պատճառը»,- ասաց նա:

Ղարաբաղցեանի խօսքով՝ «լուսաւոր» սերունդը ոչ թէ խօսքով, այլ գործով են դաստիարակում: «Կարգախօսներով չէ, պէտք է դոկտրին ունենալ. ես նախարարի խօսքն էի լսում, որ ասում էր՝ խաւարամիտների հետ գործ ունենք. ծիծաղելի է. մի ժամանակ «սեւ» ու «սպիտակի» բաժանում էր, հիմա՝ «խաւարամիտների» ու «լուսաւորների»: Մեզ համար հայրենասիրութիւնը խօսքով չի եղել, կենսակերպ է եղել. երբ կենսակերպը պակասում է, սկսում է բառերի շարան: Հիմա կարծես մի սեւ շրջանական ենք մտել ու անընդհատ դրա մէջ պտտւում ենք: Մենք ոչ մի անգամ նման շրջապտոյտի մէջ չենք եղել: Վաղ թէ ուշ այս սեւ շրջապտոյտից դուրս ենք գալու, մի շրջան է, որ պէտք է յաղթահարի ժողովուրդը»,- ասաց Ղարաբաղցեանը:

Նա կարեւորեց նաեւ, որ այժմ քննադատութիւնը եւս որակեալ չի կատարւում, ու փոխադարձ վիրաւորանքներ են հասցւում. «Դժգոհութեան արտայայտման տարբեր ձեւեր կան. քննադատութիւնն ու դժգոհութիւնը տարբեր բաներ են. քննադատութիւնն այսօր անգրագէտ, բամբասանքի նման բան է դարձել, մենք նաեւ խօսելու, բանավիճելու մշակոյթն ենք այսօր կորցրել»,- ասաց Սպարտակ Ղարաբաղցեանը:

 

Մարիամ Սարգսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։