Հա

Քաղաքական

13/09/2020 - 10:50

Հայաստանում չկայ տնտեսական քաղաքականութիւն

Իրականութեանը չհամապատասխանող, սուտ տեղեկատւութիւն է տարածւում տնտեսութեան վիճակի վերաբերեալ։ News.am-ի հետ զրոյցում այսպէս է արձագանքում ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, տնտեսագէտ Արծւիկ Մինասեանը՝ անդրադառնալով հարցին, թէ իսկապէ՞ս տնտեսական եւ սոցիալական կոլապսի մասին խօսք լինել չի կարող, ինչպէս յայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

«alikonline.ir» - Իրականութեանը չհամապատասխանող, սուտ տեղեկատւութիւն է տարածւում տնտեսութեան վիճակի վերաբերեալ։ News.am-ի հետ զրոյցում այսպէս է արձագանքում ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, տնտեսագէտ Արծւիկ Մինասեանը՝ անդրադառնալով հարցին, թէ իսկապէ՞ս տնտեսական եւ սոցիալական կոլապսի մասին խօսք լինել չի կարող, ինչպէս յայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

Սեպտեմբերի 10-ին, Կառավարութեան նիստին՝ վարչապետն ասաց, որ 2020 օգոստոսին 2019-ի նոյն ժամանակահատւածի համեմատութեամբ ՀԴՄ շրջանառութիւնը նւազել է ընդամենը 2.5 տոկոսով: Ըստ վարչապետի՝ այդ թիւը վկայում է, որ կան խնդիրներ, բայց սոցիալական կոլապս եւսոցիալական ճգնաժամ չունենք։

«Վարչապետ Նիկոլ Փաշինեանը շարունակում է իրեն պահել որպէս թերթի խմբագիր։ Եւ արդէն անթոյլատրելի է, երբ նա փորձում է պրոֆեսիոնալ տնտեսագիտական վերլուծութիւն իրականացնել, առաւել եւս երբ չի տիրապետում տնտեսագիտութեան տարրական կանոններին։ Երբ յայտարարում է թւեր, նստած են պատասխանատու գերատեսչութեան ղեկավարները, որոնք տնտեսագէտներ են կամ առնւազն պարտաւոր են այդ մասով արձագանքել, ու զրօ արձագանք է, արդէն պարզ է, որ մենք գործ ունենք ոչ թէ Կառավարութեան, այլ մի միջավայրի հետ, որտեղ կարեւոր չէ, թէ ի՞նչ մակարդակի սուտ ես ասում, կարեւոր է, թէ ինչպիսի՞ համոզւածութեամբ ես ասում, եւ ցաւում եմ, որ մեր հասարակութեան զգալի մասը շարունակում է մնալ էդ պատկերացումների մէջ։ Ակնյայտ, իրականութեանը չհամապատասխանող, սուտ տեղեկատւութիւն է տարածւում տնտեսութեան վիճակի վերաբերեալ, սոցիալական վիճակի վերաբերեալ։ Ես չեմ ասում, որ ամեն ինչ պէտք է սեւ գոյներով ներկայացնել, բայց ճշմարտութիւնը պէտք է ասւի, որովհետեւ ժամանակակից տնտեսագիտութեան մէջ չափազանց կարեւոր են մարդկանց սպասումները, իսկ այդ սպասումները ոչ թէ կեղծ տեղեկատւութեան վրայ պէտք է կառուցել, այլ իրականութեան համապատասխանող տեղեկատւութեան վրայ, որպէսզի յետոյ մարդիկ հիասթափութիւն չապրեն, իրենց տնտեսական որոշումները կայացնելիս՝ չսխալւեն, կորուստներ չունենան եւ այլն։ Առաւել եւս տնտեսվարող սուբիեկտների մասով, երբ նրանք պլանաւորում են ապագայ գործունէութիւնը, ուստի երբ այդ թւերը հրապարակւում են, եւ վկայակոչւում է Ազգային վիճակագրական ծառայութիւնը, գոնէ յանուն բարեխղճութեան պէտք է վերցնել եւ նայել՝ ի՞նչ է հրապարակւած, եւ ի՞նչ եմ ես ասում»,- ընդգծում է Արծւիկ Մինասեանը, ապա ներկայացնում, որ 2020 թ․-ի առաջին եւ երկրորդ եռամսեակների ընթացքում ՀՆԱ-ն 24 %-ից աւելիով անկում է ապրել։

«Հրապարակւած է, որ 2020 թ․-ի օգոստոսին տնտեսական ակտիւութեան ցուցանիշը 2019 թ․-ի օգոստոսի համեմատ 10%-ից աւելիով անկում է ապրել։ Վիճակագրական ծառայութիւնը պարզաբանել էր, աշխատատեղերի թիւը, երբ հրապարակում են, նկատի չեն առել այն հանգամանքը, որ քաղաքացիները հարկադիր արձակուրդ են գնացել եւ վարձատրութիւն չեն ստացել, այսինքն՝ աշխատատեղերի թիւը հրապարակելիս այդ մարդկանց դեռեւս համարում են աշխատողներ։ Հրապարակւած է առեւտրի եւ ծառայութիւնների անկման ցուցանիշները եւ այս ամէնից յետոյ խօսել մի թւի մասին, որը ՀԴՄ-ների շրջանառութեան մասին է, անցնում է տրամաբանութեան սահմանները։ Վարչապետի խօսքով՝ եթէ անգամ կայ շուրջ 12% առեւտրի նւազում, դա բերել է ընդամենը 2,5% ՀԴՄ կտրոնների նւազման, սա անբացատրելի անիմացութիւն է կամ կանխամտածւած ապատեղեկատւութիւն»,- ասաց տնտեսագէտը։

ՀՅԴ քաղաքական գործիչը պնդում է, որ Հայաստանում չկայ տնտեսական քաղաքականութիւն։

«ՀՆԱ-ի ցուցանիշներով, երբ ծախսային մեթոդներով հրապարակւում է, թէ ի վերջոյ համախառն կուտակումը ինչ է, որը մակրօ մակարդակով աւելի մօտ է ներդրում ասւած հասկացութեանը, մենք տեսնում ենք, որ 2019 թ․-ի նկատմամբ 50-55% անկում ունենք այստեղ, 2019 թ․-ին էլ մի լուրջ ներդրումներ չունէինք, հիմա պատկերացրէք, որ դրա հետ համեմատած անկումն աւելի է, այսինքն՝ ամբողջ տնտեսութիւնում համախառն կուտակումները չեն անցնում 11%-ը, սա խայտառակ ցուցանիշ է։ Այս ցուցանիշով մտածել, որ տնտեսութիւնը նոյնիսկ յետկորոնավիրուսային շրջանում կը վերականգնի իր վիճակը, կը ստեղծի հնարաւորութիւններ տնտեսական աճի համար, առնւազն միամտութիւն է»,- ասում է պարոն Մինասեանը։

Կորոնավիրուսով պայմանաւորւած՝ Կառավարութեան հակաճգնաժամային երկու տասնեակից աւելի միջոցառումները, ըստ տնտեսագէտի՝ անարդիւնաւէտ էին։

«24-ից 25 ծրագիր է յայտարարւած, կարող էք դուրս գալ փողոց եւ հարցնել, թէ քաղաքացիներն օգտւել այն ծրագրերից, հե՞շտ էր դրանցից օգտւել, Ձեզ կը պատասխանեն, որ «չեմ օգտւել, կամ էլ այնքան բարդ էր, որ զահլես գնաց, չեմ էլ ուզում օգտւել»։ Կառավարութիւնը պէտք է այնքան հեշտացնէր այդ օժանդակութեան սխեմաները, հասանելի դարձնէր մարդկանց համար, որ մարդիկ իրենց մաշկի վրայ զգային, իրենց սառնարանում «տեսնէին», որ կայ Կառավարութիւն, եւ նա ամենօրեայ ռեժիմով օգնում է իրենց՝ դուրս գալու այս ճգնաժամային վիճակից։ Հակառակը՝ Կառավարութիւնը իր միջոցառումներով ոչ միայն խորացրեց ճգնաժամը, աւելի մեծ սպասումներ ձեւաւորեց, այլեւ առաջիկայում սպասւում են շատ աւելի վատ հետեւանքներ, այդ թւում՝ սոցիալական կոլապսի հասնող հետեւանքներ, որովհետեւ ի վերջոյ ռեսուրսն անվերջ չէ։ Այն, ինչի մասին մենք ասում էինք մարտին, որ չի կարելի գումարները բաշխել ափռ-ցփռ, հարկաւոր է խնայողական ռեժիմով գնալ, որովհետեւ վարակը երկարաժամկէտ է, բայց դրա երկարաժամկէտութիւնը ենթադրում է, որ ցանկացած պահի Կառավարութիւնը պէտք է կարողանայ համարժէք ներարկումներ անել տնտեսութեան մէջ, սկսած՝ արատքին պարտքի վերակառուցումից, աւարտւած՝ բիւջէի մի շարք ծախսերի ուղղութեամբ միջոցները խնայելու ռեժիմով, այդ թւում՝ պարտադիր կուտակայինի գումարները, որոնք բիւջէի վրայ հսկայական բեռ են եւ շարունակում են փոխանցումները իրականացնել։ Կառավարութիւնը ոչ միան չլսեց, չընկալեց այս ամէնը, այլեւ շարունակեց իր քաղաքականութիւնը, այդ թւում՝ պարգեւավճարների քաղաքականութիւնը, միջոցները անարդիւանւէտ ծախսելու իր մօտեցումները, արտաքին պարտքը մեծացնելը, որն անշուշտ անխուսափելի էր, բայց դրա նպատակայնութիւնը պէտք է յստակ երեւար, ինչպէս նաեւ այն օժանդակութեան միջոցները, որոնք յատկացւեցին COVID 19-ի դէմ պայքարի շրջանակներում։ Դեռ ժամանկը կը գայ խորը վերլուծութիւններով փաստելու Կառավարութեան ապաշնորհ քաղաքականութիւնը եւ դրա հետեւանքները, բայց այսօր արդէն ակնառու է դառնում, որ մարդիկ կորցնում են վաղւայ օրւայ նկատմամբ իրենց եկամուտներ վաստակելու հնարաւորութիւնները եւ բողոքի ակցիաները պատահական չեն, որովհետեւ ամէն մի օր մի նոր խմբի անկայունութեան եւ ապագայի անորոշութեան պայման է ձեւաւորւում»,- ասում է նա։

Արծւիկ Մինասեանն անդրադառնալով հարցին, թէ որքա՞ն կը կազմի տնտեսական աճի անկումը տարւայ կտրւածքով եւ որքա՞ն ժամանակ կը պահանջւի նախաճգնաժամային ցուցանիշներին հասնելու համար, ներկայացնում է Ազգային վիճակագրական ծառայութեան հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշները։ Օրինակ՝ 2020 թ․-ի յուլիսին 2019 թ․-ի յուլիսի նկատմամբ տնտեսական ակտւիութեան ցուցանիշը նւազել է 10,2%-ով։

«Դեռեւս ամիսներ առաջ մենք գնահատել էինք իրավիճակն ու ասել, որ եթէ այս ձեւով շարունակւի եւ Կառավարութիւնը էս վարքագիծը դրսեւորի, ցաւօք, ունենալու ենք երկնիշ թւով տնտեսական անկում»,- յիշեցնում է պարոն Մինասեանը։

Շարունակելով ներկայացնել վիճակագրական ծառայութեան միւս ցուցանիշները, տնտեսագէտ Արծւիկ Մինասեանն ասում է, որ տնտեսութեան վերականգնումը երկար ժամանակ է պահանջելու։

«Եթէ Կառավարութիւնը այս ձեւով է մնալու, այս ձեւով է փորձելու շարունակել, ապա առնւազն այդ ժամկէտը պէտք է կրկնապատկել, եռապատկել, որովհետեւ գործադիրն այսօր ունակ չէ յստակ ծրագրային քաղաքականութիւն վարել։ Իրավիճակային, կարճաժամկէտ, ամպագոռգոռ, ամբարտաւան, առանձին դէպքերում՝ պոպուլիստական յայտարարութիւններով փորձում են հասարակութեանը շեղել հիմնական խնդրից։ Ցաւալի է, որ շատերը, այդ թւում՝ իրենց թիմում գործող պրոֆեսիոնալ տնտեսագէտներն այսքանը տեսնելով շարունակում են լռել, այսինքն՝ իրենց համար իշխանութեան աթոռն այնքան «քաղցր» է դարձել, որ մոռանում են՝ վաղը պատասխան տալու ժամանակն է գալու, ի վերջոյ այս հարցերին պէտք է պատասխանել, չի կարելի նստել ու լռել։ Ամենալաւ քաղաքականութիւնը այն կարող էր լինել, որ այս վիճակում Կառավարութիւնը առնւազն համահայկական խորհրդակցութիւններ հրաւիրէր այս հարցերով, ներուժի բացայայտում իրականացնէին եւ կարողանային կազմակերպւած ձեւով տնտեսական արդիւնաւէտ քաղաքականութիւն վարել»,- նշեց նա։

Արծւիկ Մինասեանը արձանագրում է, որ տնտեսութիւնում ցնցումները շարունակւում են, եւ անորոշութիւնը աւելի է խորացել։

«Ես չեմ խօսում փոքր բիզնես միջավայրի համար, որոնց համար նախկին վարչարարութեան խիստ լինելը հաշւի առնելով՝ այսօր աւելի մեղմ է, եւ իրենց թւում է, որ ամէն ինչ շատ լաւ է, ես խօսում եմ միջին եւ երկարաժամկէտ հեռանկարում այն տնտեսվարողների մասին, որոնք իսկապէս կառուցում են իրենց ծրագրերը այսօրւայ գործողութիւններով։ Ակնյայտ է, որ իրենց սպասւում է խորը եւ մեծ հիասթափութիւն այս իշխանութիւնների իրականացրած տնտեսական քաղաքականութիւնից։ Ինձ համար ակնյայտ է, որ սա երկար չի տեւելու, հասարակութիւնը փողոց է դուրս գալու եւ իշխանութեան շահերից է բխում, որ իրենք օր առաջ այս ամէնը գիտակցեն, ոչ թէ փորձեն մանիպուլեատիւ վարքագիծ ցուցաբերել»,- նկատում է տնտեսագէտը։

ՀՅԴ-ական գործչին յիշեցրեցինք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկեանը ամիսներ առաջ յայտարարել էր, որ Կառավարութիւնը պիտի ամբողջ կազմով հրաժարական տայ, որովհետեւ կորոնավիրուսի դէմ պայքարը տապալել է, տնտեսութիւնը վատ վիճակում է, մարդիկ զրկւել են աշխատանքից, եկամտից, առաջիկայում էլ սով է սպասւում։ Նրա նշած ժամկէտն աւարտւում է, բայց սով, կարծես, չկայ: Հարցին, թէ Ծառուկեանի գնահատականներն իրօք արտացոլո՞ւմ են իրականութիւնը, Արծւիկ Մինասեանը պատասխանում է, թէ նոյնիսկ 90-ականների սկզբին, նման իրավիճակ չկար, բայց տրւած գնահատականները իսկապէս համազօր են այսօրւայ ստեղծւած վիճակին։

«Եթէ անգամ կարճ ժամկէտում փորձ է արւում քաղաքացիներին խոստումներ տալ, այդ թւում՝ արտաքին պարտքը մեծացնելու հաշւին, սա սպառւող ռեսուրս է, չի կարող դա երկարաժամկէտ կտրւածքով լինել։ Խորը ցնցումները դեռ առջեւում են, օր առաջ է պէտք այդ ամէնը կանխել, մենք արդէն իսկ ուշացել ենք, որովհետեւ ոչ թէ օրինակ՝ սեպտեմբերի 11-ին սով է սկսւելու, չէ, այդպէս չէ, բայց միտումները գնում են դէպի այն, որ մարդիկ զրկւում են իրենց եկամուտներից, զրկւում են իրենց տնտեսութիւնները կազմակերպելու հնարաւորութիւնից, ամէն օր շատ աւելի ակնառու է դառնում։ Այդ ամէնը բարդել կորոնայի վրայ, անշուշտ ճիշտ չէ։ Իհարկէ, կորոնան իր բացասական դերակատարութիւնն ունեցել է, վիրուսը հիմնարար փոփոխութիւններ մտցնում պետութիւններում՝ տնտեսական, սոցիալական քաղաքականութեան մասով, բայց շահելու է այն պետութիւնը, որն այնքան ճկուն է եւ գիտակցում է, որ այս իրավիճակում անհրաժեշտ է թիրախային քաղաքականութիւն վարել, մեր Կառավարութեան մօտ սա բացակայում է, եւ քաղաքացիներն իրենց մաշկի վրայ շատ աւելի շուտ են զգալու»,- նշում է պարոն Մինասեանը եւ սթափութեան կոչ անում թէ՛ ժողովրդին, թէ՛ իշխանութիւններին։

Անդրադառնալով՝ սեպտեմբերի 16-ին նախատեսւած՝ ԼՀԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանին անվստահութիւն յայտնելու գործընթացին եւ բողոքի ակցիա անելուն, Արծւիկ Մինասեանն ասաց, որ քաղաքացիները պէտք է աջակցեն այն ուժերին, որոնք ունակ են ու ընկալում են ԿԳՄՍՆ-ի քաղաքականութեան փոփոխութիւնների անհրաժեշտութիւնը։

«Երբ պատգամաւորը մանդատը վայր է դնում եւ պաշտօնապէս յայտարարում, թէ ինչի համար է դա անում, սա նշանակում է, որ իրենց թիմում էլ արդէն հասկացել են, որ նման ապազգային քաղաքականութեամբ իշխանութիւնը ապագայ չունի»,- ասաց Արծւիկ Մինասեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։