Հա

Քաղաքական

14/09/2020 - 11:30

«Թուրքիայի հնարաւոր հզօրացումն անվտանգային խնդիր կարող է լինել Հայաստանի համար». Ռ. Սաֆրաստեան

ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի խօսքով` դեռեւս դժւար է ասել, որ կը լինեն Արեւմուտքի կողմից համատեղ գործողութիւններ Թուրքիայի դէմ` ի պատասխան Արեւելեան Միջերկրականում վերջինիս գործողութիւններին:

«alikonline.ir» - ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի խօսքով` դեռեւս դժւար է ասել, որ կը լինեն Արեւմուտքի կողմից համատեղ գործողութիւններ Թուրքիայի դէմ` ի պատասխան Արեւելեան Միջերկրականում վերջինիս գործողութիւններին:

Նա Tert.am-ի հետ զրոյցում նշեց` վերջնական գործողութիւններն օրակարգում չեն, բայց որ նրանց մօտ դրւած է Թուրքիայի քաղաքականութեան հարցը, եւ այդ տարածաշրջանում նրա քայլերը դարձել են քննարկումների առարկայ Արեւմտեան կառոյցներում, արդէն փաստ է:

«Եւրոմիութեան տարբեր անդամներ են պահանջում, որ կառոյցը համատեղ գործի, պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի դէմ: Այնպէս որ արդէն քննարկումների մակարդակին է հասնում Թուրքիայի արգրեսիւ քաղաքականութիւնը»,- ասաց նա:

Յիշեցնենք, որ Թուրքիայի յարաբերութիւնները Միջերկրական ծովի արեւելեան հատւածի պետութիւնների հետ սրւել է Անկարայի կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց յետոյ:  Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն այս առիթով եւրոպացիներին կոչ էր արել աւելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ նրա կառավարութեան նկատմամբ:

Ռուբէն Սաֆրաստեանի նկատառմամբ` այս տարածաշրջանում ի յայտ է եկել Ֆրանսիայի քաղաքականութիւնը, որը կարծես թէ վճռական է տրամադրւած:

«Նախագահ Մակրոնը ոչ միայն կտրուկ հռետորաբանութիւն է ընտրել Թուրքիայի դէմ, այլ նաեւ կոնկրետ քայլեր է ձեռնարկում. ռազմական նաւեր, ինքնաթիռներ է ուղարկում տարածաշրջան: Արդէն խօսք է գնում այն մասին, որ ֆրանսիական ռազմական օդանաւերը  կը տեղակայւեն Կիպրոսում: Կարծես արդէն կան գործողութիւններ՝ Ֆրանսիայի կողմից»,- ասաց նա:

Անդրադառնալով Յունաստանի հնարաւոր քայլերին, երկրին, որի սահմաններին է մօտեցել Թուրքիան, թուրքագէտը նշեց, որ կարծես թէ նա ռազմական գործողութիւնները չի դիտարկում՝ միակ ճանապարհը հակամարտութիւնը լուծելու: «Կարծում եմ` դեռ ճանապարհը փակւած չէ բանակցութիւնների միջոցով ընդհանուր յայտարարի գալու»,- ասաց նա:

Ռուբէն Սաֆրաստեանի դիտարկմամբ` Թուրքիայի ագրեսիւ քաղաքականութիւնն ընդհանուր առմամբ երկու մասից է կազմւած` մէկում հռետորաբանութիւնն է շատ, ոչ դիւանագիտական յայտարարութիւնները, որոնցով հանդէս է գալիս նախագահ Էրդողանը, միւսում գործողութիւններն են:

«Երբ այս երկուսը որպէս ընդհանուր միասնութիւն ենք դիտարկում, կարող ենք գալ եզրակացութեան, որ Թուրքիան միտումնաւոր քաղաքականութիւն է վարում.  լարւածութիւնը գնալով աւելի ուժեղացնելով տարբեր տարածաշրջաններում եւ հռետորաբանութիւնն էլ ագրեսիւ դարձնելով` փորձում է ինչ-որ օգուտներ քաղել: Սա Էրդողանի վերջին տարիների քաղաքականութիւնն է»,- ասաց նա:

Միւս կողմից, ըստ Ռուբէն Սաֆրաստեանի, տեսանելի է, որ Թուրքիայի դէմ ձեւաւորւում է մի առանցք, ստորագրւում են պայմանագրեր:

«Յունաստանն ու Կիպրոսն են ստորագրում պայմանագրեր, նոյնիսկ Իսրայէլն է նման առանցքի մաս դառնում: Իհարկէ, Թուրքիան էլ փորձում է իր դաշնակիցները գտնել տարածաշրջանում, որոնք այնքան էլ շատ չեն: Կատարի հետ է համագործակցում, որը հեռու է տարածաշրջանից, եւ սա վկայում է այն մասին, որ Թուրքիայի այս քաղաքականութիւնը, որը աւանտիւրիստական է, վերջիվերջոյ հանդիպելու է շատ ծանր փաստերի: Թուրքիան մեկուսանում է»,- ասաց նա:

Այս համատեքստում նա նաեւ մատնանշեց, որ Միացեալ Նահանգներն է կոշտ հակաթուրքական քաղաքականութիւն վարում: «Կան տւեալներ, որ Կոնգրեսն արդէն որոշում է ընդունել, որ Թուրքիային զէնք չվաճառեն, դեռ չեն հրապարակում: Սա վկայում է այն մասին, որ Թուրքիայի աւանտիւրիստական քաղաքականութիւնն ի վերջոյ անյաջողութեան կը մատնւի»,- ասաց նա:

Ամէն դէպքում, ըստ նրա, պէտք է հաշւի առնել, որ Թուրքիայի հնարաւոր հզօրացումն այս տարածաշրջանում անվտանգային խնդիր կարող է լինել Հայաստանի համար:

«Որքան Թուրքիան աւելացնի ագրեսիւութիւնն իր արտաքին քաղաքականութիւնում, այնքան կուժեղանայ մեր անվտանգութեանը սպառնացող վտանգը: Այս պահին մեր տարածաշրջանում էլ ենք տեսնում Թուրքիայի ագրեսիւութիւնը: Զօրավարժութիւններ են այստեղ անում, Նախիջեւանում են իրենց ռազմական աջակցութիւնն աւելացնում: Բայց Թուրքիան սպառնալիք է ոչ միայն մեզ համար, այլ բոլորի»,- ասաց նա:

Այս իրավիճակում, Ռուբէն Սաֆրաստեանի խօսքով, Հայաստանի համար աւելի լաւ կը լինի համագործակցելն այն երկրների հետ, որոնք նոյնպէս զգում են վտանգ Թուրքիայից:

«Ես շատ եմ կարեւորում, որ եթէ մենք ինչ-որ համագործակցութիւն ենք իրականացնում, լինի ոչ թէ հակաթուրքական, այլ յանուն տարածաշրջանի խաղաղութեան, կայունութեան պահպանման»,- ասաց նա՝ նշելով, որ կարեւոր է, որ մեր արտաքին քաղաքականութիւնը կարողանանք ճիշտ հռետորաբանութեամբ իրականացնել, աշխարհում այն դրական ընկալւի:

Նրա դիտարկմամբ` Միջերկրական ծովի հետ մի այլ հանգամանք կայ, որը մենք լաւ չենք օգտագործում: «Այս տարածաշրջանում դարեր շարունակ գոյութիւն է ունեցել եւ ամենակարեւոր դերակատարն է եղել Կիլիկիայի հայկական պետութիւնը:

Մենք այդ հանգամանքն էլ պէտք է օգտագործենք մեր արտաքին քաղաքականութիւնում: Օգտագործենք այս տարածաշրջանում մեր ունեցած համայնքները` Լիբանանում, Կիպրոսում, Յունաստանում կան հզօր համայնքներ: Այնպէս որ մենք պէտք է սկսենք առանց շտապելու, բայց նաեւ յստակ ակտիւ արտաքին քաղաքականութիւն վարել այդ տարածաշրջանում` Միջերկրական ծովի այդ հատւածներում, Մերձաւոր Արեւելքում»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։