Հա

Քաղաքական

10/10/2020 - 12:40

Եթէ Ղարաբաղում պատերազմը դուրս գայ վերահսկողութիւնից, Թուրքիան կը ցանկանայ կցել իրանական Ադրբեջանը

Թուրքական բանակը տեղակայւած է Նախիջեւանում, որը գտնւում է Իրանի Արեւելեան Ադրբեջան նահանգի մայրաքաղաք Թաւրիզից ընդամենը 150 կմ հեռու: Եթէ հակամարտութիւնը տարածւի այս տարածաշրջան, ապա չի կարելի բացառել թուրք-իրանական ուղղակի բախումը. նշում է արեւելագէտ Շիրին Հանթերը:

«alikonline.ir» - Թուրքական բանակը տեղակայւած է Նախիջեւանում, որը գտնւում է Իրանի Արեւելեան Ադրբեջան նահանգի մայրաքաղաք Թաւրիզից ընդամենը 150 կմ հեռու: Եթէ հակամարտութիւնը տարածւի այս տարածաշրջան, ապա չի կարելի բացառել թուրք-իրանական ուղղակի բախումը. նշում է արեւելագէտ Շիրին Հանթերը: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Իրանը երկար սահմաններ ունի Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ, եւ նրա տարածքը խոցելի է դիտաւորեալ կամ պատահական յարձակումների համար: Այս մասին Middle East Eye-ի յօդւածում գրում է Ջորջթաունի համալսարանի մահմեդական-քրիստոնէական փոխըմբռնման կենտրոնի հետազօտող Հանթերը:

«Բաքւում եւ Անկարայում կան ուժեր, որոնք կը ցանկանան խնդիրներ ստեղծել Իրանի եւ Ադրբեջանի միջեւ՝ որպէս սադրանք անօդաչու թռչող սարքեր կամ հրթիռներ ուղարկելով Իրանի տարածք: Այսպէս` արդէն տեղեկութիւններ են ստացւել Իրանի տարածքում անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների կործանման մասին: Աւելին, եթէ հակամարտութիւնը ձգձգւի եւ հարուցի փախստականների խնդիր, դա լրջօրէն կանդրադառնայ Իրանի վրայ: 1989-ին Իրանը բախւեց ադրբեջանցի փախստականների ահռելի հոսքի եւ ստիպւած էր ճամբարներ ստեղծել նրանց համար, երբ բախումն առաջին անգամ բռնկւեց Խորհրդային միութեան փլուզման ֆոնին:

Մինչեւ 1828 թւականը ներկայիս Ադրբեջանն ու Հայաստանը կազմող տարածքների մեծ մասը գտնւում էին Իրանի տիրապետութեան տակ, բայց երկու երկար պատերազմներից յետոյ նրանք անցան Ռուսաստանին: Այնուամենայնիւ, նոյնիսկ բաժանումից յետոյ Ադրբեջանը սերտ մշակութային եւ այլ կապեր էր պահպանում Իրանի հետ: 1940-ականներին Խորհրդային միութիւնը, ցանկանալով բռնակցել իրանական Ադրբեջանը, զարգացրեց միաւորւած Ադրբեջանի առասպելը, որը պէտք է վերամիաւորւի: Խորհրդային միութեան փլուզումից յետոյ նորանկախ Ադրբեջանն ընդունեց այս առասպելը:

1990-ականների սկզբից ի վեր Իրանի եւ Թուրքիայի միջեւ մրցակցութիւն է հանրապետութիւնում ազդեցութեան համար, մինչդեռ Իսրայէլը սերտ յարաբերութիւններ է հաստատել Ադրբեջանի հետ`Իրանի վրայ ուշադրութիւն դարձնելու համար (ինչը հետագայում արեց նաեւ Սաուդական Արաբիան): Միեւնոյն ժամանակ, Թեհրանի հետ կապւած դժւարութիւնների ֆոնին, ԱՄՆ-ը եւ Եւրոպան դրդեցին Թուրքիայի ուժեղացումը Ադրբեջանում: Չնայած Բաքւում մարդու իրաւունքների ոտնահարման պարբերական բողոքներին` Անկարան սերտ յարաբերութիւններ է պահպանում Բաքւի հետ՝ կապւած Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների նկատմամբ հետաքրքրութեան հետ:

Պարզ է, որ Իրանը կը յայտնւի անելանելի իրավիճակում, եթէ հակամարտութիւնը դուրս գայ վերահսկողութիւնից: Թուրքիայի շնորհիւ Ադրբեջանի բացայայտ յաղթանակը կարող է Բաքւին եւ Անկարային դրդել իրանական Ադրբեջանը միացնելու գաղափարի առաւել ակտիւ իրականացմանը:

Թուրքիան ռազմական ներկայութիւն ունի Նախիջեւանում, որը գտնւում է Իրանի Արեւելեան Ադրբեջանի նահանգի մայրաքաղաք Թաւրիզից ընդամենը 150 կմ հեռու: Եթէ հակամարտութիւնը տարածւի այս տարածաշրջան, չի կարելի բացառել թուրք-իրանական ուղղակի բախումը»,- ասել է Հանթերը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։