Հա

Քաղաքական

10/10/2020 - 15:00

«Եթէ թշնամին յարձակւում է, մեր բանակը կատարում է համապատասխան գործողութիւնները». Վահրամ Բալայեանը՝ հակառակորդի կողմից հումանիտար հրադադարի խախտման մասին

Այնպէս չէ, որ Ադրբեջանը պահում է համաձայնութիւնները. նա փորձում է հնարաւորինս նախաձեռնութիւնն իր ձեռքը վերցնել եւ թելադրողի կողմից հանդէս գալ, դրա համար անընդհատ յարձակողական գործողութիւններ է իրականացնում:

«alikonline.ir» - Այնպէս չէ, որ Ադրբեջանը պահում է համաձայնութիւնները. նա փորձում է հնարաւորինս նախաձեռնութիւնն իր ձեռքը վերցնել եւ թելադրողի կողմից հանդէս գալ, դրա համար անընդհատ յարձակողական գործողութիւններ է իրականացնում: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ԱՀ Ազգային ժողովի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայեանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով յայտարարւած կրակի դադարեցմանն ու հակառակորդի կողմից հրադադարի խախտմանը:

«Եթէ յարձակւում են, մեր բանակը կատարում է  համապատասխան գործողութիւնները, մինչեւ միջնորդական առաքելութիւն իրականացնող երկրները, տւեալ դէպքում՝ ՌԴ-ն նորից որոշակի միջամտութիւն իրականցնի եւ արտգործնախարարների միջեւ ձեռք բերւած համաձայնութիւնն իրականութիւն դառնայ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ թէեւ հումանիտար հրադադար է, սակայն ռազմական գործողութիւններն ամէն պահի կարող են վերսկսւել, եւ պէտք է պատրաստ լինել դրանց:

«Մեր հակառակորդն օձ է, որը միշտ պատրաստ է խայթել: Չես կարող վստահ լինել, թէ այս պահին անցնելու ենք հրադարադի, նստելու ենք խօսելու: Ոչ միայն այս երեսուն տարիների, այլեւ նախորդ տարիների պատմութիւնը միշտ էլ ցոյց է տւել, որ անընդհատ այդ թոյնը փորձում են թափել մեր ժողովրդի վրայ: Սա մեզ համար հայրենական պատերազմ է, եւ համախմբւածութեամբ, միասնութեամբ կարող ենք յաջողութիւն արձանագրել»,- ասաց նա՝ նշելով, թէ Արցախեան առաջին պատերազմից սկսած նման համաձայնութիւններ միշտ եղել են, եւ ադրբեջանական կողմը միշտ փորձել է խախտել պայմանաւորւածութիւնները: 

Ըստ Բալայեանի՝ դժւար է ասել՝ հումանիտար հրադադարը որքան կը տեւի: «Իմ կարծիքով՝ եթէ յատկապէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հարցը կոշտ դնեն, դժւար թէ Թուրքիան, էլ չեմ խօսում Ադրբեջանի մասին, կարող է դիմակայել ՌԴ-ին, ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային: Հարցը կոշտ դնելու պարագայում, կարծում եմ, արդիւնք կը լինի: Այնպէս չէ, որ նրանք ի վիճակի են անտեսել բոլորին: Երկրորդ հանգամանքը, իհարկէ, ռազմաճակատում պինդ կանգնելն է, որ թշնամին հասկանայ՝ ռազմական գործողութիւնները իսկապէս ճանապարհ չեն, որ իր կորուստները բազմակի շատ են, եւ զէնքի ուժով անհնար է ծնկի բերել իր ազատութեան համար պայքարող ժողովրդին»,- ասաց Բալայեանը:

Նրա խօսքով՝ ամէն պատերազմ վերջ է ունենում, եւ ինչ-որ տեղ միգուցէ բնական է, որ նման համաձայնութեան գալիս են նոյնիսկ իրարամերժ, հակառակորդ կողմերը: «Խնդիրն այն է, որ այդ հրադադարի հաստատումը պէտք է իսկապէս կայուն լինի եւ փորձ արւի այն զարգացնել բանակցութիւնների սեղանի շուրջ»,- ասաց նա՝ նշելով, թէ ադրբեջանական ժողովրդի համար հարցի՝ ոչ ռազմական ճանապարհով լուծումը շատ աւելի շահեկան կը լինի:

«Այս պատերազմական գործողութիւնները ցոյց տւեցին, որ մեր զօրքն ի վիճակի է եղած զինատեսակներով թիրախային հարւածներ հասցնել թէ՛ Ադրբեջանի ենթակառուցւածքներին, թէ՛ ռազմական օբիեկտներին: «Թշնամին դա ընկալեց. ի վերջոյ նրանք միլիոնաւոր դոլարներով վնաս են կրում, մարդկային կորուստներ են ունենում: Տեսանելի է նաեւ ադրբեջանական ժողովրդի դժգոհութիւնը իշխանութիւններից, որովհետեւ, եթէ հայ ժողովուրդը պայքարում է իր ազատ ապրելու իրաւունքը իր հայրենիքում իրացնելու համար, նրանք պարզապէս նպատակ ունեն հող նւաճել»,- ասաց նա՝ տեսակէտ յայտնելով, թէ հակառակորդի գիտակից հատւածն այդ ամէնն ընկալում է եւ ուզում է, որ խաղաղ բանակցային գործընթացով խնդրին լուծում տրւի:

Վահրամ Բալայեանը եւս մէկ անգամ ընդգծեց, որ կոնֆլիկտն արդէն հայ-ադրբեջանական չէ, այն դուրս է եկել դրա սահմաններից: «Թուրքիայի ամենագործուն մասնակցութիւնն ակնյայտ է: Վերջինս անընդհատ ֆոն է ստեղծում՝ գործողութիւնների մէջ առաւել ակտիւ ներքաշւելու համար. սա այն հիմնական առանձնայատկութիւնն է, որ այժմ առկայ է՝ ի տարբերութիւն, օրինակ, առաջին պատերազմի, Ապրիլեան պատերազմի: Երկրորդ հանգամանքը, որն աւելի վտանգաւոր է, ահաբեկչական ուժերի ներգրաւումն է այս հակամարտութեանը: Դրա մասին արդէն աշխարհն է խոսում»,- ասաց ԱՀ Ազգային ժողովի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։