Հա

Քաղաքական

16/10/2020 - 08:55

Յստակ յայտարարութիւններ են եղել՝ եթէ իրավիճակը վատթարանայ, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը կը կատարեն իրենց պարտաւորութիւնները Հայաստանի նկատմամբ. վարչապետի հարցազրոյցը՝ շւէյցարական RTS-ին

Միացեալ Նահանգները եւ Ֆրանսիան պէտք է աջակցեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանն ուղղւած Ռուսաստանի ջանքերին, յայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինեանը շւէյցարական RTS հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում: 

«alikonline.ir» - Միացեալ Նահանգները եւ Ֆրանսիան պէտք է աջակցեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանն ուղղւած Ռուսաստանի ջանքերին, յայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինեանը շւէյցարական RTS հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

«Մենք մշտական խորհրդակցութիւններ ենք անցկացնում մեր ռուս գործընկերների հետ, այդ թւում՝ ՀԱՊԿ շրջանակում: Արդէն յստակ յայտարարութիւններ են եղել առ այն, որ եթէ իրադրութիւնը վատթարանայ, Ռուսաստանն ու ՀԱՊԸ-ը կը կատարեն իրենց պարտաւորութիւնները Հայաստանի նկատմամբ»,- նշել է վարչապետը՝ պատասխանելով այն հարցին, թէ ինչպիսին պէտք է լինի ՌԴ դերը եւ արդեօք կը ցանկանայ աւելի շատ աջակցութիւն ստանալ Մոսկւայի կողմից:

Փաշինեանը շեշտել է Թուրքիայի ունեցած ապակառուցողական դերը հակամարտութիւնում՝ յիշեցնելով, որ վերջինը առաջնագծում Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների է տեղակայել: Վարչապետը կոչ է արել միջազգային հանրութեանն արձագանքել կատարւողին, հակառակ դէպքում Լեռնային Ղարաբաղի բնակիչները Ցեղասպանութեան վտանգի առաջ կը կանգնեն: 

 

RTS - Որքանո՞վ է լուրջ մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Կարմիր խաչի միջազգային կոմիտէն յայտնում է երկու շաբաթ տեւած մարտերի արդիւնքում տուժած հարիւր հազարաւոր մարդկանց մասին:

Նիկոլ Փաշինեան - Իրավիճակն աւելի քան լուրջ է: Լայնամասշտաբ ռազմական գործողութիւններ են ընթանում: Անգամ ռազմական փորձագէտներն ասում են, որ գործ ունենք 21-րդ դարում աննախադէպ ռազմական գործողութիւնների հետ՝ հաշւի առնելով օգտագործւած ամբողջ սպառազինութիւնը՝ լինի դա տանկ, զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, նոյնիսկ՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ եւ մեծ թւով զօրքեր:

Կարեւոր է նաեւ նշել, որ Ադրբեջանը Թուրքիայի եւ ահաբեկիչների աջակցութեամբ սկզբնական օրերից յարձակւեց Լեռնային Ղարաբաղի վրայ՝ ռմբակոծելով քաղաքներ եւ գիւղեր: Տաս օր անց ակնյայտ էր, որ զինադադար չի լինելու: Հետեւաբար, Ղարաբաղի պաշտպանական ուժերը ստիպւած էին որոշակի միջոցներ ձեռնարկել քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը գոնէ փոքր-ինչ նւազագոյնի հասցնելու համար:

 

RTS - Հրադադար չպահպանւվեց, երկու կողմում էլ խաղաղ բնակիչներ են զոհւում: Ի՞նչ փոխզիջումների է պատրաստ Հայաստանը մարտերը դադարեցնելու համար:

Նիկոլ Փաշինեան - Հրադադարըոչ թէ չի պահպանւել, այլ նոյնիսկ չի էլ եղել, քանի որ հէնց այն պէտք է ուժի մէջ մտնէր, Ադրբեջանը նոր գրոհներ սկսեց: Երբ խօսքը փոխզիջումների մասին է, Հայաստանը միշտ պատրաստ է եղել դրանք կատարել: Բայց զիջումներ պէտք է արւեն երկու կողմից էլ: Ադրբեջանը երբեք պատրաստ չի եղել փոխզիջման: Սա է պատճառը, որ իրավիճակն այսպէս է զարգանում:

Ադրբեջանն այսօր աւելի քիչ է ցանկանում դա անել: Մասնաւորապէս այն պատճառով, որ Թուրքիան ղեկավարում է գործընթացը: Թուրքիայի համար սա միայն Լեռնային Ղարաբաղի հարցը չէ: Այն, ինչ տեղի է ունենում, թուրքական էքսպանսիոնիստական եւ իմպերիալիստական քաղաքականութեան հետեւանքն է: Հարաւային Կովկասի հայութիւնը վերջին խոչընդոտն է վերջինի՝ դէպ արեւելք եւ հարաւ-արեւելք ընդլայնւելու ճանապարհին:

Իմ կարծիքով՝ շատ կարեւոր է նշել, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան շրջանակներից դուրս է եկել ու շատ աւելի լայն տրամաբանութեան մէջ մտել: Իրավիճակը պէտք է դիտարկւի Հարաւային Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում Թուրքիայի վարած քաղաքականութեան, ինչպէս նաեւ՝ Յունաստանի եւ Կիպրոսի հետ իր յարաբերութիւնների համատեքստում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։