Հա

Քաղաքական

17/10/2020 - 09:10

«ՀՀ ՀՕՊ համակարգերի կողմից գրանցւել են ադրբեջանական ԱԹՍ-ների թռիչքներ ՀՀ Սիւնիքի մարզի բնակավայրերի ուղղութեամբ, հարւածներ են հասցւել ՀՀ ԶՈՒ եւ քաղաքացիական ենթակառուցւածքներին». ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի չդադարող փորձերը ընդարձակել հակամարտութեան աշխարհագրութիւնը եւ դրանով անդառնալի հարւած հասցրել ողջ տարածաշրջանային անվտանգային համակարգին խստագոյնս դատապարտելի են, ասւած է ՀՀ արտգործնախարարութեան տարածած հաղորդագրութեան մէջ:

«alikonline.ir» - Ադրբեջանի չդադարող փորձերը ընդարձակել հակամարտութեան աշխարհագրութիւնը եւ դրանով անդառնալի հարւած հասցրել ողջ տարածաշրջանային անվտանգային համակարգին խստագոյնս դատապարտելի են, ասւած է ՀՀ արտգործնախարարութեան տարածած հաղորդագրութեան մէջ, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Հոկտեմբերի 16-ի երեկոյեան Ադրբեջանի կողմից հերթական անգամ ռմբակոծւել են Արցախի քաղաքացիական բնակավայրերը, ներառեալ՝ Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդիւնքում տուժել է Շոշ համայնքի երեք խաղաղ բնակիչ:

Միաժամանակ, ՀՀ հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից արձանագրւել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Հայաստանի Հանրապետութեան Սիւնիքի մարզի Խնածախ, Արծւանիկ, Դաւիթ Բեկ բնակավայրերի ուղղութեամբ, որի ժամանակ նաեւ հարւածներ են հասցւել տեղում ՀՀ ԶՈՒ ենթակառուցւածքների ուղղութեամբ՝ վնասելով նաեւ քաղաքացիական ենթակառուցւածքներ: Բարեբախտաբար զոհեր եւ վիրաւորներ չկան: 

Յատկանշանական է, որ ժամեր առաջ ադրբեջանական կողմը նաեւ տարածեց սադրիչ եւ բացարձակապէս կեղծ տեղեկատւութիւն՝ ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջեւանի ինքնավար հանրապետութեան Օրդուբադ բնակավայրի հռթիռակոծման մասին: Եւ ըստ արդէն իսկ իրենց աւանդական գործելավոճի՝ ապատեղեկատւութեան այս ալիքին յաջորդել է իրական ագրեսիա Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Ադրբեջանի չդադարող փորձերը ընդարձակել հակամարտութեան աշխարհագրութիւնը եւ դրանով անդառնալի հարւած հասցրել ողջ տարածաշրջանային անվտանգային համակարգին խստագոյնս դատապարտելի են: ՀՀ տարածքային ամբողջականութեան դէմ ցանկացած ոտնձգութիւն ստանալու է համարժէք պատասխան»,- ասւած է ՀՀ ԱԳՆ յայտարարութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։