Հայաստանը դատապարտելի է համարում Արտաքին գործողութեան եւրոպական ծառայութեան խօսնակի միակողմանի եւ կողմնակալ յայտարարութիւնը եւ ընդգծում, որ այն Ադրբեջանին «կանաչ լոյս» է տալիս անպատժելիօրէն շարունակել միջազգային իրաւունքի, ներառեալ՝ միջազգային մարդասիրական իրաւունքի եւ միջազգային սովորութային իրաւունքի խախտումները։
«alikonline.ir» - Հայաստանը դատապարտելի է համարում Արտաքին գործողութեան եւրոպական ծառայութեան խօսնակի միակողմանի եւ կողմնակալ յայտարարութիւնը եւ ընդգծում, որ այն Ադրբեջանին «կանաչ լոյս» է տալիս անպատժելիօրէն շարունակել միջազգային իրաւունքի, ներառեալ՝ միջազգային մարդասիրական իրաւունքի եւ միջազգային սովորութային իրաւունքի խախտումները։
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտարարութիւն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակ Աննա Նաղդալեանը՝ ԱԳԵԾ խօսնակի, այսպէս կոչւած, «Գեանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերեալ յայտարարութեան առնչութեամբ:
Տասնամեակներ շարունակ Ադրբեջանն իր հասարակութիւնը սնում է ատելութեամբ եւ հայատեացութեամբ, ինչի դաժան դրսեւորումն է Արցախի ռազմագերիների նկատմամբ իրականացւող խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի եւ սպանութիւնների դրւագներ պարունակող տեսանիւթերը, որոնք հպարտութեամբ շրջանառւում են ադրբեջանական սոցիալական մեդիայի հարթակում։
Անհիմն մեղադրանքներ տարածելով՝ Ադրբեջանը հրաժարւում է պահպանել ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից միջնորդաւորւած կրակի դադարի շուրջ պայմանաւորւածութիւնները եւ կտրականապէս մերժում է հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների որեւէ հնարաւորութիւն, որպէսզի շարունակի պատերազմը։
Եւրոպական միութեանը մինչ օրս չի կարողացել յստակ եւ միանշանակօրէն արձագանքել պատերազմի այս յանցագործութիւններին, որոնք իրականացւել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական մասնակցութեամբ, այդ թւում՝ Սիրիայից եւ Լիբիայից օտարերկրեայ զինեալ ահաբեկիչների տեղափոխմամբ, եւ անտեսել է Արցախի ժողովրդի առջեւ ծառացած գոյաբանական սպառնալիքը, նրա կեանքի իրաւունքի կոպիտ խախտումները եւ Արցախում զարգացող հումանիտար ճգնաժամը։
Հայաստանը դատապարտելի է համարում այս միակողմանի եւ կողմնակալ յայտարարութիւնը, որն Ադրբեջանին «կանաչ լոյս» է տալիս անպատժելիօրէն շարունակել միջազգային իրաւունքի, ներառեալ՝ միջազգային մարդասիրական իրաւունքի եւ միջազգային սովորութային իրաւունքի խախտումները»,- ընդգծում է ՀՀ ԱԳՆ խօսնակը։