Հա

Քաղաքական

18/10/2020 - 17:30

«Միայն Արցախի անկախութեան ճանաչումը վերջ կը դնի ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան ուժային լուծման փորձերին»․ ԱՀ ԱԳՆ

Խստագոյն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի մասին պայմանաւորւածութեան կոպտագոյն խախտումը, որը ուժի մէջ է մտել հոկտեմբերի 18-ի ժամը 00:00-ից: 

«alikonline.ir» - Խստագոյն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի մասին պայմանաւորւածութեան կոպտագոյն խախտումը, որը ուժի մէջ է մտել հոկտեմբերի 18-ի ժամը 00:00-ից: Այս մասին յայտնում են Արցախի ԱԳՆ-ից։

«Անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերը՝ հոկտեմբերի 17-ի լոյս 18-ի գիշերը՝ մարդասիրական հրադադարի հէնց առաջին օրը, ադրբեջանա-թուրքական ուժերը առաջնագծի տարբեր հատւածներում երեք անգամ խախտել են կրակի դադարեցման մասին պայմանաւորւածութիւնները, ինչը յանգեցրել է մարդկային զոհերի երկու կողմերում էլ: Ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատւածում՝ հիւսիսային ուղղութեամբ, իսկ ժամը 02:20-ից 02:45-ն  ընկած ժամանակահատւածում հարաւային ուղղութեամբ ադրբեջանական կողմը հրթիռահրետանային գնդակոծութեան է ենթարկել Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի դիրքերը: Առաւօտեան ժամը 07:20-ին՝ հրետակոծութիւնից յետոյ, ադրբեջանա-թուրքական ուժերը յարձակման փորձ են ձեռնարկել առաջնագծի հարաւային հատւածում՝ Խուդաֆերինի ջրամբարի ուղղութեամբ, Արցախի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան սահմանի երկայնքով: 

Ադրբեջանական կողմի անպատասխանատու եւ ապակառուցողական քայլերը վկայում են, որ Ադրբեջանը եւ Թուրքիան չեն ցանկանում եւ ունակ չեն կատարել ո՛չ իրենց պարտաւորութիւնները միջազգային կոնւենցիաների շրջանակներում, ո՛չ էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետութիւնների միջնորդութեամբ մարդասիրական նպատակներով  կրակի դադարեցման շուրջ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները: Հերթական անգամ Ադրբեջանը եւ Թուրքիան ցուցադրել են, որ մարդասիրական հրադադարի մասին պայմանաւորւածութիւնները եւ, ընդհանուր առմամբ, բանակցութիւնները շարունակում են դիտարկել բացառապէս հակամարտութեան ռազմական լուծման համատեքստում:  

Միայն Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումն է կարող կասեցնել միջազգային միջնորդների ջանքերն ու հեղինակութիւնը խաթարող ադրբեջանա-թուրքական ուխտադրուժ վարքագիծը: Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչումը վերջ կը դնի ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան ուժային լուծման փորձերին եւ անհրաժեշտ խթան կը հաղորդի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան շրջանակներում միջազգային միջնորդական ջանքերի արդիւնաւէտ շարունակմանը:

Վերահաստատում ենք մեր հաւատարմութիւնը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարը, որն իրականութիւն կը դառնայ միայն Ադրբեջանին իր պարտաւորութիւնների կատարումը պարտադրելու դէպքում»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։