Հա

Քաղաքական

20/10/2020 - 10:50

«Թուրքիայի ագրեսիւ պահւածքը կարող են կանխել երկու երկիր՝ Միացեալ Նահանգները եւ Ռուսաստանը». Ռուբէն Սաֆրաստեան

168.am-ի հետ զրոյցում Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանն ասաց, որ Հայաստանի արտգործնախարարի Միացեալ Նահանգներ նախատեսւած այցի հետ կապւած՝ պէտք է ուշադրութիւն դարձնել որոշակի շեշտադրումների վրայ։

«alikonline.ir» - 168.am-ի հետ զրոյցում Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանն ասաց, որ Հայաստանի արտգործնախարարի Միացեալ Նահանգներ նախատեսւած այցի հետ կապւած՝ պէտք է ուշադրութիւն դարձնել որոշակի շեշտադրումների վրայ։

Նախ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խօսքը՝ կապւած Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիայի հետ, որտեղ Թրամփը հիմնականում խօսել է ահաբեկիչների մասին, նաեւ Միացեալ Նահանգների Կոնգրես ներկայացրած օրինագիծը, որով պահանջւում է Թուրքիային հանել ՆԱՏՕ-ից։

Ըստ թուրքագէտի՝ իրատեսական չէ, որ ՆԱՏՕ-ից Թուրքիան դուրս կը գայ, բայց ամէն դէպքում, զգացւում է, որ Միացեալ Նահանգները, բացի այն հետաքրքրութիւնից, որ կար Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, սկսել է հետաքրքրւել Արցախում տեղի ունեցող իրավիճակով։

«Պէտք է հաշւի առնել, որ Ջօ Բայդէնը, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցութիւնը, եւ Քամալա Հարիսը մեր տեսանկիւնից դրական յայտարարութիւն են արել եւ դատապարտել են տեղի ունեցողը։ Եթէ նրանք գան իշխանութեան, թէեւ դա լինելու է 2021 թւականին, դրանից յետոյ կարելի է սպասել, որ Միացեալ Նահանգները յստակ դիրքորոշում կունենայ Արցախի հիմնահարցի վերաբերեալ, մասնաւորապէս, թուրք-ադրբեջանական եւ այդ վարձկանների ագրեսիայի նկատմամբ։ Իհարկէ, դրական տեղաշարժ, բայց շատ փոքր, ԱՄՆ-ի դիրքորոշման մէջ կապւած՝ այս ագրեսիայի վերաբերեալ կայ։ Սակայն այդ ամէնը գերագնահատել պէտք չէ, դա դեռ չի արտայայտւել իրական ինչ-որ քայլերի ձեւով»,- նշեց Ռուբէն Սաֆրաստեանը։

Նա ընդգծեց, որ ՀՀ արտգործնախարարի ամերիկեան այցի կարեւորութիւնը նաեւ այն է, որ ամերիկեան կողմը՝ ղեկավար շրջանակները, տեղի ունեցողի վերաբերեալ աւելի յստակ տեղեկատւութիւն կը ստանան, որպէսզի աւելի յստակ պատկերացում ունենան, որ հայկական կողմը՝ Արցախը, պայքարում է վարձկանների, ջիհադիստների դէմ, որը վտանգ է ներկայացնում ողջ քաղաքակիրթ աշխարհին։

«Շատ կարեւոր է, որպէսզի փաստերի լեզւով ցոյց տրւի, որ ըստ էութեան Թուրքիան է կանգնած այդ ջիհադիստների տեղափոխման եւ նախապատրաստման հետեւում, սա շատ կարեւոր է, որպէսզի ԱՄՆ-ի ղեկավարութիւնն առաջին ձեռքից այս տեղեկատւութիւնը ստանայ։ Միւս կողմից, պէտք է հաշւի առնել, որ Թուրքիան հանդիսանում է Միացեալ Նահանգների դաշնակիցը ե՛ւ ՆԱՏՕ-ի շրջանակներում, ե՛ւ ընդհանրապէս, սրա համար մենք պէտք է հասկանանք, որ Թուրքիայի դէմ ԱՄՆ-ից կտրուկ քայլեր սպասել իմաստ չունի։ Լաւագոյն դէպքում որոշակի ճնշումներ կարող են լինել ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրայ։ Թուրքիայի ագրեսիւ պահւածքը՝ Էրդողանի գլխաւորութեամբ, համոզւած եմ, որ կարող են կանխել երկու երկիր՝ Միացեալ Նահանգները եւ Ռուսաստանը։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի քաղաքականութիւնն այն է, որ փորձում է իր առաքելութիւնն իրականացնել Մինսկի խմբի շրջանակներում։ Մենք պէտք է սպասենք, որ Միացեալ Նահանգներն էլ իր գործողութիւնները կիրականացնի Մինսկի խմբի շրջանակներում։ Կարծում եմ՝ լաւագոյն դէպքում ԱՄՆ-ը կը դատապարտի Թուրքիային այն բանի համար, որ նա ջիհադիստների է տեղափոխել Ադրբեջան, աւելի կոնկրետ այլ բան չեմ սպասում»,- եզրափակեց Ռուբէն Սաֆրաստեանը։

Յիշեցնենք, որ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Վարուժան Ներսէսեանը հոկտեմբերի 17-ին The Hill-ին տւած հարցազրոյցում նշել էր, որ աշխատանքներ են տարւում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղութեամբ։

168․am-ը ՀՀ ԱԳՆ խօսնակ Աննա Նաղդալեանից հետաքրքրւել էր, թէ, մասնաւորապէս, ե՞րբ կը կայանա այցը, ի՞նչ օրակարգով: Ի պատասխան՝ Աննա Նաղդալեանն ասել էր, որ այս պահին աւել մանրամասներ, քան դեսպանն է ասել, չի կարող հաղորդել։

 

Զւարթ Խաչատրեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։