Թուրքիան նախապատրաստւեց եւ հրահրեց պատերազմ, հիմա էլ ղեկավարում է պատերազմը զինւած ուժերի յատուկ նշանակութեան ներկայացուցիչների, վարձկանների, ջիհադիստ ահաբեկիչների միջոցով։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում նշեց Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը:
«alikonline.ir» - Թուրքիան նախապատրաստւեց եւ հրահրեց պատերազմ, հիմա էլ ղեկավարում է պատերազմը զինւած ուժերի յատուկ նշանակութեան ներկայացուցիչների, վարձկանների, ջիհադիստ ահաբեկիչների միջոցով։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում նշեց Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը:
Սաֆրաստեանն ընդգծում է, որ Թուրքիայի ծրագրերը շատ աւելի մեծ եւ հեռանկարային են եւ այն կարելի է բնութագրել ե՛ւ պանթուրքիզմ, ե՛ւ պանիսլամիզմ եզրոյթներով: Ըստ նրա՝ շատ է խօսւում, որ Թուրքիան իրականացնում է պանթուրքիստական ծրագրեր, բայց մենք քիչ ուշադրութիւն ենք դարձնում Թուրքիայի պանիսլամիստական ծրագրերին, մինչդեռ այդպիսի ծրագրեր կան․ «Ծրագիր կայ, որի նպատակն է աշխարհի 61 մուսուլամանական երկրներից ստեղծել ընդհանուր կոնֆեդերացիա, որի մայրաքաղաքը պէտք է լինի Ստամբուլը: Եւ նա հիմա լծւել է այդ նպատակների իրականացմանը։ Պատահական չէ, որ Թուրքիան ուղարկել է Ադրբեջան իր վարձկաններին, որոնք ջիհադիստներ են՝ ծայրայեղական, իսլամիստներ»:
Թուրքագէտի կարծիքով՝ պէտք է ուշադրութիւն դարձնել նաեւ մի հանգամանքի վրայ․ Սիրիայում, Լիբիայում տեղակայւող ջիհադիստները մի քանի տասնեակ հազար են, Թուրքիան մի քանի հազարն ուղարկել է Ադրբեջան եւ նրանք Արցախի ժողովրդի դէմ կռւելով՝ իրականացնում են իրենց պատկերացմամբ՝ ջիհադ քրիստոնէութեան դէմ։
«Հայ զինւորները կատարում են շատ կարեւոր առաքելութիւն՝ կանգնեցնում են ջիհադիստների առաջխաղացումը քրիստոնէութեան դէմ: Փաստօրէն մեր զինւորները քրիստոնէութեան առաջամարտիկներ են եւ այս հանգամանքը մենք պէտք է լաւ պատկերացնենք եւ հասկանանք»:
Հարցին՝ ո՞ր կառոյցները եւ ո՞ր երկրները կարող են այնպիսի սանկցիաներ կիրառել Թուրքիայի դէմ, որ նրան չյաջողւի իրականացնել իր պանթուրքիստական եւ պանիսլամիստական ծրագրերը, Ռուբէն Սաֆրաստեանը պատասխանեց՝ ինչպէս փորձը ցոյց է տալիս, Էրդողանին վերջին տարիների իր կառավարման շրջանում շատ դժւար է զսպել, սակայն համոզւած է, որ միայն Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն կարող են զսպել Թուրքիային, Ռուսաստանն՝ իր զինւած ուժերի հզօրութեամբ, իսկ ԱՄՆ-ն՝ իր տնտեսական հզօրութեամբ:
«Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպութիւններին, ես չեմ հաւատում, որ կարող են զսպող դեր կատարել, որովհետեւ Թուրքիան միշտ կարողացել է գտնել դաշնակիցներ միջազգային կառոյցներում, օրինակ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում, Եւրոմիութիւնում, որոնք էլ իրեն պաշտպանել են: Այդ կազմակերպութիւնները պէտք է կոնսենսուս ունենան, միասնական լինեն, որ Թուրքիայի դէմ որոշում ունենան, բայց քանի որ միշտ դաշնակիցներ է գտնում, ապա դա հնարաւոր չէ»,- ասաց նա:
Սաֆրաստեանը համոզւած է, որ Թուրքիան ամէն ինչ կանի, որ Ադրբեջանը չհամաձայնւի զինադադարին եւ բանակցութիւնների վերսկսման, որովհետեւ լուծում է աւելի մեծ խնդիրներ եւ օգտագործում է Ադրբեջանին որպէս իր խամաճիկ:
Հերմինէ Միքայելեան