Աշխատանքային այցով Բրիւսէլում գտնւող՝ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն այսօր հանդիպել է Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի հետ:
«alikonline.ir» - Աշխատանքային այցով Բրիւսէլում գտնւող՝ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն այսօր հանդիպել է Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Հայաստանի նախագահը մանրամասնօրէն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից սկսած՝ Արցախի Հանրապետութեան նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածաւալ ռազմական ագրեսիային, դրանում Թուրքիայի ներգրաււածութեանն ու ռազմաքաղաքական օժանդակութեանը:
«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց հրաժարւել խաղաղ բանակցային գործընթացից եւ պատերազմ սանձազերծել, իսկ Թուրքիան նրան լիակատար քաղաքական, դիւանագիտական, ռազմական աջակցութիւն է ցուցաբերում»,- նշել է նախագահ Սարգսեանը:
«Բռնութիւնը Լեռնային Ղարաբաղում պէտք է դադարեցւի»,- ասել է Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլը: Նա հետաքրքրւել է հակամարտութեան համատեքստում տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումներով։ Հայաստանի նախագահը հանգամանօրէն ներկայացրել է իրավիճակը՝ նշելով, որ Թուրքիայի քաղաքականութիւնը տարածաշրջանում ապակայունացնող է եւ լուրջ սպառնալիք՝ տարածաշրջանի կայունութեան ու անվտանգութեան համար։
Զրուցակիցներն իրենց խորը մտահոգութիւնն են յայտնել շարունակւող ռազմական գործողութիւնների առնչութեամբ, ինչը կարող է յանգեցնել մեծ հումանիտար աղէտի։ Շառլ Միշէլն ասել է, որ պէտք է յարգել հրադադարը եւ առանց նախապայմանների վերադառնալ բանակցային սեղան:
Նախագահ Սարգսեանը շատ կարեւոր է համարել, որ միջազգային գործընկերներն ամբողջութեամբ հասկանան հակամարտութեան էութիւնը եւ պատերազմը դադարեցնելու յստակ կոչ հնչեցնեն։ «Հրադադարը բացարձակ անհրաժեշտութիւն է, իսկ Թուրքիան պէտք է դուրս գայ այս հակամարտութիւնից»,- ընդգծել է Հայաստանի նախագահը: