Հա

Քաղաքական

22/10/2020 - 11:15

«Տարածաշրջանը Ռուսաստանի համար դարձնել Սիրիա-2. սա է Թուրքիայի նպատակը». Կարէն Վերանեան

«Ռուսաստանի միջնոդական ջանքերին եւ արւած յայտարարութիւններին Ադրբեջանն ու Թուրքիան ընդառաջ չեն գնում։ Թուրքիան է ստիպում Ալիեւին խախտել բոլոր պայմանաւորւածութիւնները, Թուրքիան այդպէս փորձում է իր ազդեցութիւնն ընդլայնել Հարաւային Կովկասում՝ ի հաշիւ Իրանի եւ Ռուսաստանի։ Թուրքիայի նպատակն է՝ տարածաշրջանում անկայունութիւն բերելով՝ Հարաւային Կովկասը Ռուսաստանի համար դարձնել Սիրիա»,- ասաց Վերանեանը՝ շեշտելով, որ դա տեսնելով էլ՝ Ռուսաստանը ե՛ւ դիւանագիտական, ե՛ւ հետախուզական մակարդակներում կենտրոնացրել է ուժերը՝ ոչ միայն զսպելու Թուրքիային, այլ նաեւ՝ Ադրբեջանին։

«alikonline.ir» - Երէկ Մոսկւայում կայացաւ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանի հանդիպումը Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի հետ, կայացել է նաեւ Լաւրովի հանդիպումն Ադրբեջանի համապատասխան պաշտօնեայի հետ, եւ ըստ ռուսական «ՏԱՍՍ» լրատւական գործակալութեան՝ Բայրամովը Մոսկւա է մեկնել ռուսական կողմի հետ խորհրդակցութիւն անցկացնելու համար։ 168 TV-ի «Ռէւիւ» հաղոդաշարի եթերում «Օրբէլի» վերլուծական կենտրոնի փորձագէտ Կարէն Վերանեանը նկատեց, որ, առհասարակ, պատերազմի ընթացքում հնարաւոր չէ խօսել բանակցութիւնների մասին, ուստի հիմա կողմերն իրենց հանդիպումներով խորհրդակցութիւններ են անցկացնում եւ փորձում հող նախապատրաստել բանակցութիւնների համար։

«Բանակցութիւններ ասւածն այս փուլում անիմաստ է, հիմա ընթանում են քաղաքական խորհրդակցութիւններ, որոնցից յետոյ նոր կարող են լինել լիարժէք, բովանդակալից բանակցութիւններ»,- ասաց Վերանեանը։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 23-ին ԱՄՆ-ում սպասւող ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօ-ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեան հանդիպմանը, ապա Վերանեանը նկատեց, որ այս հանդիպումն այն ամենի շարունակութիւնն է, ինչն իրականացրել է ե՛ւ Վաշինգտոնը, ե՛ւ Պոմպէոն, մասնաւորապէս՝ յայտարարութիւնների մակարդակով։

«Իհարկէ, հնչում են գնահատականներ, որ ԱՄՆ-ը մի կողմ քաշւած՝ դիրքորոշում ունի, սակայն այդպէս չէ։ Պոմպէոն իր յայտարարութեամբ արդէն փաստել է, որ արտաքին ուժեր են ներգրաււել Արցախի հակամարտութեան գօտի՝ յստակ ցոյց տալով, որ դա Թուրքիան է։ ԱՄՆ պետքարտուղարը նաեւ յստակ ասել է, որ յոյս ունի, որ հայերը կը կարողանան պաշտպանել իրենց, դրանով էլ փաստել է, որ հայկական կողմը պաշտպանւողն է, իսկ Ադրբեջանը՝ յարձակւողը»,- ասաց Վերանեանը՝ նշելով, որ գուցէ ԱՄՆ-ը Թուրքիային փորձի այլ մեթոդներով զսպել, սակայն ակնյայտ է, որ դրանք լինելու են հատւածային, որովհետեւ միջազգային հանութիւնը չունի զսպող անվտանգային մեխանիզմներ, եւ սա լուրջ, գլոբալ խնդիր է։

Ըստ փորձագէտի՝ դիւանագիտական դաշտում ընթանում է շղթայական գործընթաց, որտեղ առաւելապէս ակտիւ են ռուսական կողմի ջանքերը։

«Ռուսաստանի միջնոդական ջանքերին եւ արւած յայտարարութիւններին Ադրբեջանն ու Թուրքիան ընդառաջ չեն գնում։ Թուրքիան է ստիպում Ալիեւին խախտել բոլոր պայմանաւորւածութիւնները, Թուրքիան այդպէս փորձում է իր ազդեցութիւնն ընդլայնել Հարաւային Կովկասում՝ ի հաշիւ Իրանի եւ Ռուսաստանի։ Թուրքիայի նպատակն է՝ տարածաշրջանում անկայունութիւն բերելով՝ Հարաւային Կովկասը Ռուսաստանի համար դարձնել Սիրիա»,- ասաց Վերանեանը՝ շեշտելով, որ դա տեսնելով էլ՝ Ռուսաստանը ե՛ւ դիւանագիտական, ե՛ւ հետախուզական մակարդակներում կենտրոնացրել է ուժերը՝ ոչ միայն զսպելու Թուրքիային, այլ նաեւ՝ Ադրբեջանին։

«Ռուսաստանը փորձում է պահել ուժերի միջեւ հաւասարակշռութիւնը, բայց այն, ինչ Էրդողանը փորձում է իրականացնել ի հաշիւ Ռուսաստանի, այդ ուժային հաւասարակշռութիւնը խախտում է։ Թուրքիան փորձում է վերաձեւել տարածաշրջանն Ադրբեջանի ձեռքով, իսկ Ռուսաստանի համար սա անթոյլատրելի է, որովհետեւ ամենաբարձր մակարդակով կայ հետեւեալ ընկալումը՝ եթէ Ռուսաստանը կորցրեց Հայաստանը, այստեղ կամրապնդւի Թուրքիայի ազդեցութիւնը, իսկ այդ դէպքում Հարաւային Կովկասից առհասարակ Ռուսաստանը դուրս կը մղւի»։

 

Աղաւնի Սուքիասեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։