Հա

Քաղաքական

22/10/2020 - 15:10

«Ռազմական առումով Հարաւային Կովկաս ներթափանցելու Թուրքիայի փորձերը հակադիր են ՌԴ շահերին». թուրքագէտ

Թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանն ընդգծում է, որ Հայաստանում ռուսական ռազմական բազայի առկայութեան պարագայում Թուրքիան փորձելու է Ադրբեջանում իր դէ-ֆակտօ ռազմական ներկայութիւնը ամրապնդել դէ-իւրէ՝ այնտեղ ռազմաբազա տեղակայելով։ 

«alikonline.ir» - Թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանն ընդգծում է, որ Հայաստանում ռուսական ռազմական բազայի առկայութեան պարագայում Թուրքիան փորձելու է Ադրբեջանում իր դէ-ֆակտօ ռազմական ներկայութիւնը ամրապնդել դէ-իւրէ՝ այնտեղ ռազմաբազա տեղակայելով։ «Արմէնպրես»-ի հետ զրոյցում թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը նման կարծիք յայտնեց՝ անդրադառնալով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի այն յայտարարութեանը, թէ եթէ Ադրբեջանի կողմից խնդրանք լինի, Թուրքիան չի վարանի զօրք ուղարկել ԼՂ հակամարտութեան գօտի։

«Այսինքն՝ թուրք-ադրբեջանական աննախադէպ զօրավարժութիւնների ժամանակ, Ադրբեջան տեղափոխելով թուրքական զօրքը եւ ռազմատեխնիկան, Թուրքիան փորձում է լիգիտիմացնել ներկայութիւնը Ադրբեջանում եւ ռազմական բազա ունենալ այնտեղ»,- ասաց Մելքոնեանը։

Թուրքագէտը Թուրքիայի գործողութիւններում տեսնում է սիրիական սցենարը, որի պարագայում փոխադարձ պայմանաւորւածութեամբ Սիրիայում թուրքական եւ ռուսական զօրքերը վերահսկում են որոշակի տարածքներ, սակայն թուրքերի այդ ծրագիրը, ըստ Մելքոնեանի, ձեռնտու չէ Ռուսաստանին։

«Սիրիան այլ տարածաշրջան է, Հարաւային Կովկասը այլ։ Հարաւային Կովկասը աւանդաբար եղել է ռուսական հետաքրքրութիւնների շրջանակում։ Թուրքիայի փորձերը ռազմական առումով այս տարածաշրջան ներթափանցել, կարծում եմ, ուղիղ հակադիր են ռուսական շահերին։ Բնականաբար, սա եւս մէկ անգամ ցոյց է տալիս Թուրքիայի ուղղակի ներգրաււածութիւնը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան մէջ»,- ասաց թուրքագէտը։

Մելքոնեանի կարծիքով՝ ակնյայտ է նաեւ, որ Թուրքիան կօգտագործի Ադրբեջանին որպէս գործիք։ Թուրքագէտը չի բացառում, որ Ադրբեջանը, տուրք տալով սադրանքներին, ինքը հանդէս կը գայ Թուրքիային ուղղւած խնդրանքով կամ առաջարկով տեղակայել զօրքերը Ադրբեջանում։ «Նախ այս քայլով կամրապնդւի Թուրքիայի ձգտումը այս տարածաշրջանում ունենալ ռազմական բազա։ Երկրորդ՝ սա եւս մէկ անգամ կը փաստի, որ ադրբեջանական բանակի անյաղթ լինելու մասին միֆերը շատ հեռու են իրականութիւնից։ Այն, ինչ հիմա կատարւում է սահմանում ոչ թէ ադրբեջանական բանակի, այլ թուրք-ադրբեջանական բանակի գործողութիւններ են։ Այս խնդիրները բարդ քաղաքական վիճակ է ստեղծելու Ադրբեջանում, նաեւ վտանգելով այդ երկրի սուբիեկտայնութիւնը, ինչպէս նաեւ էականօրէն սահմանափակելով ալիեւեան ինքնիշխանութեան միֆերը»,- եզրափակեց Մելքոնեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։