Հա

Քաղաքական

23/10/2020 - 12:00

Սարգսեանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանաւորւածութիւնների իրականացման անհրաժեշտութիւնը

Ելիսէյեան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի եւ Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահ Էմանուէլ Մակրոնի հանդիպումը: 

«alikonline.ir» - Ելիսէյեան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի եւ Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահ Էմանուէլ Մակրոնի հանդիպումը: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, զրոյցի ընթացքում Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները քննարկել են իրավիճակը ղարաբաղեան հակամարտութեան գօտում: 

ՀՀ նախագահ Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել նախագահ Մակրոնին՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի եւ անձամբ նախագահ Մակրոնի ջանքերն ու դիրքորոշումը հակամարտութեան կարգաւորման հարցում:

ՀՀ նախագահ Սարգսեանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցութեամբ Արցախի/Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծւած լայնածաւալ ռազմական ագրեսիան շարունակւում է, թիրախաւորւում են Արցախի բնակավայրերը, խաղաղ բնակչութեանը եւ քաղաքացիական ենթակառուցւածքները, ինչի հետեւանքով կան զոհեր ու վիրաւորներ քաղաքացիական բնակչութեան մէջ։ Հայաստանի նախագահը խորը մտահոգութիւն է յայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերւող ռազմաքաղաքական աջակցութեան առնչութեամբ, ընդգծելով, որ Թուրքիայի՝ որպէս երրորդ կողմի նման ծաւալի ներգրաււածութիւնն աւելի է սրում իրավիճակը եւ վտանգում տարածաշրջանի կայունութիւնն ու անվտանգութիւնը: Նախագահ Սարգսեանն ասել է, որ տարածաշրջանի համար առանձնակի սպառնալիք են Թուրքիայի կողմից Ադրբեջան բերւած եւ այնուհետեւ այդ երկրի բանակի կազմում Արցախի դէմ ռազմական գործողութիւններին մասնակցող իսլամիստ ահաբեկիչները, որոնք, չի բացառւում, որ ինչ-որ ժամանակ յետոյ յայտնւեն նաեւ այլ երկրներում, այդ թւում` նաեւ Եւրոպայում:

Նախագահ Մակրոնը նոյնպէս մտահոգութիւն է յայտնել շարունակւող ռազմական գործողութիւնների եւ ստեղծւած իրավիճակի առնչութեամբ:

ՀՀ նախագահ Սարգսեանն ու նախագահ Մակրոնը համակարծիք են եղել, որ հակամարտութեան խաղաղ կարգաւորումն այլընտրանք չունի, եւ կարեւորել են հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների իրականացման անհրաժեշտութիւնը:

Նախագահներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը հակամարտութեան կարգաւորման գործում եւ կարեւորել Մինսկի խմբի համանախագահութեամբ հնարաւորինս շուտ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտութիւնը:

Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները նաեւ ուրախութեամբ փաստել են, որ երկու ժողովուրդների բազմադարեայ կապերի ու բարեկամութեան հենքի վրայ կառուցւած հայ-ֆրանսիական առանձնայատուկ յարաբերութիւնները շարունակում են զարգանալ բարեկամութեան եւ փոխըմբռնման ոգով:

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը Փարիզ է մեկնել Բրիւսէլից, որտեղ հանդիպումներ էր ունեցել ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի, Եւրոմիութեան արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզէպ Բորէլի, Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։