Հա

Քաղաքական

23/10/2020 - 16:30

Արայիկ Յարութիւնեանը բաց նամակ է յղել ՌԴ նախագահ Պուտինին

Արցախի Հանրապետութեաան նախագահ Արայիկ Յարութիւնեանը բաց նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նամակը հրապարակւած է Արցախի նախագահի՝ «Ֆէյսբուք» սոցիալական ցանցի էջում:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեաան նախագահ Արայիկ Յարութիւնեանը բաց նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նամակը հրապարակւած է Արցախի նախագահի՝ «Ֆէյսբուք» սոցիալական ցանցի էջում:

«Մեծարգոյ Վլադիմիր Վլադիմիրի,

Արցախ-Ռուսաստան առնչութիւնները դարերի պատմութիւն ունեն: Ռուսաստանը արցախցիների պատմական յիշողութեան մէջ ընկալւում է որպէս եղբայրական երկիր, որը մշտապէս, բոլոր դժւարին իրավիճակներում ձեռք է մեկնել հայութեան այս հատւածին:

Արցախ-Ռուսաստան առնչութիւններն ամենաուղիղ կերպով իրականացւել են յատկապէս Արցախի մելիքութիւնների եւ մելիքական տների ծաղկուն շրջանում, որի մասին փաստական վկայութիւնները բազմաթիւ են:

Մեկ հարիւրամեակից աւելի (19-րդ դարում եւ 20-րդ դարի 10-ական թթ.) Ղարաբաղը գտնւել է ցարական Ռուսաստանի կազմում: Այդ պատմական ժամանակաշրջանը Ղարաբաղի համար նշանաւորւել է երկարատեւ խաղաղութեամբ, հայրենադարձութեամբ եւ տնտեսական զարգացմամբ: Զարգացել է նաեւ մշակութային կեանքը: Յատկանշական է, որ 19-րդ դարի երկրորդ կէսից Արցախի վարչաքաղաքական կենտրոն Շուշին դարձել էր Անդրկովկասի հոգեւոր, մշակութային եւ տնտեսական կարեւոր կենտրոններից մէկը:

Նոյն պատմաշրջանում Ռուսական կայսրութեան ռազմաքաղաքական եւ հասարակական կեանքում առաջնային դերակատարութիւն է ունեցել արցախահայութեան մի ողջ համաստեղութիւն՝ Վալերիան Մադաթով, Յովհաննէս Լազարեւ, Լազար Սերեբրիակով, Միքայէլ Լոռիս-Մելիքով, Վասիլի Բեհբութով եւ ուրիշներ:

Այդ առնչութիւները շարունակւել են նաեւ խորհրդային շրջանում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից եւ պատմական Արցախից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 90 հազար հայորդի, որոնց կէսը իրենց կեանքն են նւիրաբերել հայրենիքի պաշտպանութեան գործին։ Մէկ շնչի հաշւով Խորհրդային Միութեան հերոսների եւ մարտական «Փառքի շքանշանի» ասպէտների քանակով Արցախը ԽՍՀՄ-ում զբաղեցնում էր առաջատար տեղերից մէկը:

ԽՍՀՄ հայազգի հինգ մարշալները արմատներով Արցախից էին՝ Յովհաննէս Բաղրամեանը, Իւան Իսակովը, Համազասպ Բաբաջանեանը, Արմենակ Խանփերեանցը (Սերգէյ Խուդիակով), Սերգէյ Ագանովը։ Իրենց զօրավարական տաղանդով փայլել են 30-ից աւելի գեներալներ ու հազարաւոր սպաներ։

Արմատներով Արցախից էին Անաստաս եւ Արտիոմ Միկոյեանները, Իւան Թեւոսեանը, Անդրանիկ Իոսիֆեանը, Նիկոլայ Ենիկոլոպովը, Միքայէլ Թարիվերդիեւը եւ բազմաթիւ այլ երախտաւորներ:

Արցախ-Ռուսաստան սերտ առնչութիււնները շարունակւում են ցայսօր: Ռուսաստանաբնակ մօտ 3 միլիոն հայերի մի պատկառելի մասը Արցախից է, որոնց թւում շատ են նաեւ 1980-ական թթ. վերջին եւ 1990-ական թթ. ադրբեջանական ցեղասպան եւ էթնիկ զտումների քաղաքականութեան հետեւանքով Արցախից բռնի տեղահանւածները:

Կը ցանկանայի յատուկ շեշտել, որ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բոլոր փուլերում ՌԴ-ն իրացրել է միջազգային իրաւունքով սահմանւած ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման եւ հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման սկզբունքի օգտին ունեցած գործելակերպը: Ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում ՌԴ-ն հանդէս է գալիս թէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափում եւ թէ առանձին դերակատարութեամբ: Արցախի Հանրապետութիւնը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, ակտիւ դերակատարութիւնը եւ որոշիչ առաքելութիւնը հակամարտութեան կարգաւորման բոլոր փուլերում՝ յատկապէս, 1994 թ. հրադադարի Եռակողմ համաձայնագրի ձեռքբերման գործում: ՌԴ-ն որոշիչ դերակատարութեամբ հանդէս եկաւ նաեւ ադրբեջանաղարաբաղեան հակամարտութեան սրման հերթական փուլում՝ 2016 թ. ապրիլի 5-ին՝ Ռուսաստանի միջնորդութեամբ Մոսկւայում ձեռք բերւեց պայմանաւորւածութիւն ռազմական գործողութիւնները դադարեցնելու եւ հրադադարը վերականգնելու մասին՝ համաձայն 1994 թ. հրադադարի հաստատման համաձայնագրի:

Բարձր ենք գնահատում ՌԴ եւ անձամբ Ձեր դիւանագիտական գործուն ջանքերն՝ ուղղւած Ադրբեջանի կողմից Արցախի դէմ սանձազերծւած ագրեսիան եւ լայնածաւալ պատերազմը կանգնեցնելուն: Ուզում եմ նաեւ Ձեզ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետութիւնում եւ ողջ հայութեան շրջանում մեծ արձագանք են ստացել «Վալդայ» ակումբում Ձեր ելոյթում հնչած օբիեկտիւ գնահատականները ստեղծւած իրավիճակի մասին:

Դուք նշել եք Ձեր ելոյթում. «Այս հակամարտութինը սկսւեց ոչ թէ որպէս միջպետական հակամարտութիւն եւ տարածքների համար պայքար, այն սկսւեց էթնիկ դիմակայութիւնից: Ցաւօք, սա փաստ է. Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դէմ դաժան յանցագործութիւններ էին իրագործւել: Եւ այս ամէնը մենք պէտք է հանրագումարում հաշւի առնենք»: Դժբախտաբար, այս ցեղասպան քաղաքականութիւնն Ադրբեջանը շարունակում է առ այսօր:

Մեծարգոյ Վլադիմիր Վլադիմիրի,

Դուք այն անհատականութիւնը եւ պետութեան ղեկավարն էք, ով ունի հսկայական հեղինակութիւն աշխարհում եւ մեր տարածաշրջանում: Հաշւի առնելով այդ ամէնը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարաւոր ջանքերն ադրբեջանաղարաբաղեան հակամարտութեան գօտում պատերազմի դադարեցման եւ քաղաքական գործընթացների վերսկսման ուղղութեամբ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։