Հա

Քաղաքական

27/10/2020 - 12:30

«Ալիեւը կա՛մ ուղղակի բլեֆ է անում, կա՛մ էլ փորձ է կատարում Իրանի զէնքի էմբարգոյի վերացումից յետոյ ազդակներ ուղարկել դէպի Թեհրան». Իրանագէտ

168.am-ի հետ զրոյցում ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադառնալով Ալիեւի այս յայտարարութեանը՝ նշեց. «Երբ Ադրբեջանի բռնապետը յայտարարում էր, որ Իրանից զէնք է գնել, ապա այստեղ հաւանական է երկու սցենար։ Կա՛մ նա ուղղակի բլեֆ է անում, այսինքն՝ իրականութեան մէջ նման բան չկայ, կա՛մ էլ փորձ է կատարում Իրանի զէնքի էմբարգոյի վերացումից յետոյ ազդակներ ուղարկել դէպի Թեհրան, որ Ադրբեջանը կարող է դառնալ իրանական զէնքի պոտենցիալ գնորդ` փորձելով դիրքերն ամրապնդել Իրանի ներսում»։

«alikonline.ir» - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 24-ին ֆրանսիական «Le Figaro» թերթին տւած հարցազրոյցի ժամանակ յայտարարել էր, որ Ադրբեջանը զէնք է գնում տարբեր երկրներից, եւ դրանց մեծ մասը ոչ թէ Թուրքիայից ու Իսրայէլից է, այլ Ռուսաստանից։ Ալիեւը նաեւ յայտարարել էր, որ Ադրբեջանը զէնք է գնում Իրանից։

168.am-ի հետ զրոյցում ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադառնալով Ալիեւի այս յայտարարութեանը՝ նշեց. «Երբ Ադրբեջանի բռնապետը յայտարարում էր, որ Իրանից զէնք է գնել, ապա այստեղ հաւանական է երկու սցենար։ Կա՛մ նա ուղղակի բլեֆ է անում, այսինքն՝ իրականութեան մէջ նման բան չկայ, կա՛մ էլ փորձ է կատարում Իրանի զէնքի էմբարգոյի վերացումից յետոյ ազդակներ ուղարկել դէպի Թեհրան, որ Ադրբեջանը կարող է դառնալ իրանական զէնքի պոտենցիալ գնորդ` փորձելով դիրքերն ամրապնդել Իրանի ներսում»։

Իրանագէտի խօսքով, եթէ իսկապէս նման բան եղել է, ապա Բաքւի բռնապետը պէտք է յայտնւի Միացեալ Նահանգների պատժամիջոցային ցուցակում, քանի որ, եթէ նման բան եղել է մինչեւ միջազգային էմբարգոյի դուրսբերումը, ապա նա խախտել է միջազգային հանրութեան պահանջը։ Իսկ եթէ եղել է էմբարգոյից յետոյ, ապա նա խախտել է կոնկրետ Միացեալ Նահանգների էմբարգոյի պահանջը։

«Ամէն դէպքում ցանկացած պարագայում այս խնդրին պէտք է ուշի ուշով հետեւել եւ հասկանալ, թէ ինչ է տեղի ունեցել»,- յաւելեց Վարդան Ոսկանեանը։

Անդրադառնալով իրանական զօրամիաւորների մուտքին մերձարաքսեան գօտի, Վարդան Ոսկանեանը նշեց, որ, դատելով իրանական տեղեկատւական աղբիւրներից՝ առկայ են թէ՛ Իրանի բանակային ուժերը, թէ՛ «Իսլամական Յեղափոխութեան պահպանների» կորպուսի ուժերը։

«Ընդ որում, ասենք, որ դրանք տեղակայւել են նախիջեւանեան հատւածում նոյնպէս, նաեւ արցախաիրանական սահմանի հատւածում՝ Խուդաֆերինի շրջանում, ինչը ցուցիչ է առ այն, որ իրանցիները սադրանքներ են սպասում նաեւ նախիջեւանյան հատւածից։ Այսինքն՝ Նախիջեւանի հատւածում էլ Իրանի համար կան որոշակի անհանգստացուցիչ երեւոյթներ, որոնց Իրանը պատրաստւում է։ Այս համատեքստում նաեւ յայտարարութիւնների մակարդակում հետաքրքիր զարգացումներ են եղել։ Իրանի արտգործնախարարութեան մամուլի խօսնակը գրեթէ ուղղակի Ադրբեջանին մեղադրեց ահաբեկչական գործելաոճ որդեգրելու մէջ։ Խօսքն Ադրբեջանի կողմից հայ զինւորի գլխատման մասին էր, այդ զազրելի արարքի, որը տեղի էր ունեցել Ադրբեջանում։ Ընդհանուր առմամբ իրանցիներն ապահովագրում են իրենց հիւսիսային սահմանը սադրանքներից, իսկ այդ սադրանքները, նախկին փորձերն էլ ցոյց են տւել, որ լինում են բացառապէս ադրբեջանական կողմից։ Արդէն յայտնի է, որ ոչնչացւել են Ադրբեջանին պատկանող անօդաչու թռչող սարքեր՝ իսրայէլական եւ թուրքական արտադրութեան։ Նաեւ եղել են որոշակի այլ փորձեր՝ իրանական սահմանին սադրանքների գնալու մասով»,- շեշտեց Վարդան Ոսկանեանը։

Նրա դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակի վերաբերեալ Իրանի դիրքորոշումն ընդհանուր առմամբ հաւասարակշիռ է եղել։ Ինչ վերաբերում է գործնական տիրոյթին, ապա, ըստ Վարդան Ոսկանեանի՝ Իրանը կարեւոր դերակատարութիւն ունի՝ ապահովելու համար Հայաստանի հետ ցամաքային կապը, որն էլ ապահովում է։

«Շատ հարցերում հայ-իրանական շահերը համընկնում են, հետեւաբար՝ այդ համատեքստում այն քաղաքական գործիչները եւ այն որոշում կայացնողները, որոնք զբաղւած են Իրանի շահերի պաշտպանութեամբ, ակնյայտ է, որ նրանք պաշտպանում են նաեւ մեր շահերը։ Ըստ էութեան, զբաղւած լինելով սեփական պետութեան շահերի պաշտպանութեամբ, նրանք ապահովում են նաեւ ՀՀ շահերը։ Պէտք է նշեմ, որ այս տարիների ընթացքում Բաքւի բռնապետը կարող է Իրանի ներսում ստեղծել որոշակի լոբբիստական ազդեցութիւն ունեցող, եթէ չասենք՝ խմբեր, ապա անձանց խումբ, որոնք փորձեր են անում ազդելու Իրանի քաղաքական որոշումների վրայ։ Այդ ազդեցութիւնն ինչ-որ չափով տեսանելի է, բայց վճռորոշ չէ։ Փառք Աստծոյ, Իրանի ներսում ազգային եւ կրօնական ուժերն ակնյայտօրէն առաջնորդւում են սեփական պետութեան շահերով, ինչը բխում է նաեւ մեր շահերից»,- ընդգծեց Վարդան Ոսկանեանը։

Ինչ վերաբերում է Խուդաֆերինի կամրջի վրայ կառուցւած ջրամբարին, որն ադրբեջանական կողմը ջանք է գործադրում թիրախաւորելու, Վարդան Ոսկանեանը նկատեց՝ իրանցիներն արդէն իսկ հիմնականում նաեւ այդ հատւածում են կենտրոնացրել ռազմական ուժեր, ինչը, անշուշտ, անհանգստացնում է իրանական կողմին։

«Խուդաֆերինի ջրամբարն ունի ոչ միայն տնտեսական նշանակութիւն, այլեւ շատ դէպքերում անվտանգային հարթութեան մէջ է գտնւում։ Իրանցիներն իրենցից կախւած ամէն ինչ կամ գրեթէ ամէն ինչ անում են, որպէսզի ապահովեն սեփական պետութեան անվտանգութիւնը։ Ցանկացած սադրանքի դէպքում իրանական կողմի արձագանքը լինելու է չափազանց խիստ։ Կարծում եմ, եթէ փորձ կատարւի նման սադրանքների, ապա իրանական կողմը նոյնիսկ անդրսահմանային գործողութեան կը գնայ»,- եզրափակեց Վարդան Ոսկանեանը։

 

Զւարթ Խաչատրեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։