Հա

Քաղաքական

28/10/2020 - 13:40

Ադրբեջանի յաջորդ քայլից է կախւած ԼՂ-ում պատերազմի յետագայ ընթացքը

Լեռնային Ղարաբաղի վրայ լայնամասշտաբ ռազմական յարձակումից մէկ ամիս անց, իսկ ԱՄՆ միջնորդութեամբ ձեռք բերւած զինադադարի ձախողումից ժամեր անց Ադրբեջանը կանգնած է վճռորոշ ընտրութեան առջեւ, որը կարող է սահմանել պատերազմի ելքը:

ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ

 

Լեռնային Ղարաբաղի վրայ լայնամասշտաբ ռազմական յարձակումից մէկ ամիս անց, իսկ ԱՄՆ միջնորդութեամբ ձեռք բերւած զինադադարի ձախողումից ժամեր անց Ադրբեջանը կանգնած է վճռորոշ ընտրութեան առջեւ, որը կարող է սահմանել պատերազմի ելքը:

Ադրբեջանական զօրքերը, առաջ շարժւելով իրանական սահմանով ձգւող բաց ռելիեֆով, կարծես արագօրէն մօտենում են Լաչինի ռազմավարական միջանցքին: Սակայն իր զօրքերի գերծանրաբեռնւած լինելու եւ Ղարաբաղի պաշտպանների՝ դէպի անտառային բարձունքները նահանջելու պատճառով Բաքուն կանգնել է ճամփաբաժանին:

Ընտրութիւնը հետեւեալում է` հետեւել ռազմական տրամաբանութեանն ու առողջ ռազմավարութեանը կամ փոխարէնն ընտրել աւելի մեծ քաղաքական եւ դիւանագիտական դիւիդենդներ ունեցող որոշում: Բայց Ադրբեջանը չի կարող գնալ երկու ճանապարհով էլ։

Ռազմական տրամաբանութիւնն առաջարկում է ընտրել Լաչինի միջանցքը՝ Ղարաբաղը եւ Հայաստանը կապող կարեւոր փրկարար օղակը թիրախաւորելը: Լաչինի կենսական ճանապարհը կտրելու ցանկացած յաջողութիւն կործանարար կը լինի՝ վտանգելով Հայաստանից Ղարաբաղ զօրքերի ու օգնութեան հոսքը եւ Ղարաբաղի հայերին ենթարկելով բազմամսեայ պաշարման:

Սակայն հէնց Ղարաբաղի լիակատար վերահսկողութեանը ձգտող ադրբեջանական բնակչութեան համար դա բաւարար չի լինի, քանի որ այդպիսի ընտրութիւնը չի լինի քաղաքականապէս հաճելի եւ ոչ էլ բաւարար՝ լիակատար յաղթանակի վտանգաւոր մեծ սպասումների պայմաններում:

Եւ հէնց այստեղ է գալիս երկրորդ ընտրութիւնը՝ շրջադարձ Լաչինի միջանցքից Ղարաբաղի տարածքում Շուշի քաղաքի վրայ յարձակման համար:

Շուշի պատմական-մշակութային կենտրոնի գրաւումը, որը ադրբեջանցիներն անւանում են Շուշա, զգալի քաղաքական նւաճում կը լինի գործող նախագահ Իլհամ Ալիեւի կառավարութեան համար: Դա նաեւ կը բարձրացնի Բաքւի դիւանագիտական սակարկութիւնների ուժը յետագայ բանակցութիւններում:

Այդուհանդերձ, նման քայլը կարող է յանգեցնել հսկայական ռազմական կորուստների եւ սկիզբ դնել պարտիզանական պատերազմի նոր, նոյնիսկ աւելի դաժան ժամանակաշրջանի, քանի որ ղարաբաղեան ուժերը առաւելութիւն կունենան շարժունակութեան եւ յանկարծակիութեան առումով ադրբեջանական ուժերի դէմ ապստամբային ոճի պայքարում:

Հաշւի առնելով մէկ ամսւայ ընթացքում ադրբեջանական ուժերի չափազանց մեծ խոցելիութիւնն ու մատակարարման ուղիների լարւածութիւնը, դա կարող է լինել յատկապէս ռիսկային որոշում:

Արդէն իսկ ադրբեջանական առաջխաղացումն իրականացւում է աւելի շատ Բաքւի քաղաքական նկատառումներով, քան ռազմական գիտութեամբ, բնոյթով խոցելի է մատակարարման ձգւած գծերի եւ խզւած հաղորդակցութեան պատճառով:

Կլաուզեւիցեան ռազմական գիտութեանն ուղղւած այս մարտահրաւէրը գուցէ գայթակղիչ է` առաջխաղացումն արագացնելու եւ աւելի շատ տարածքներ զաւթելու համար, բայց Բաքուն վտանգաւոր կերպով անտեսում է էական սահմանափակումներն ու անհրաժեշտութիւնները:

 

Ձմեռն է մօտենում

Asia Times-ին որոշ արեւմտեան ռազմական վերլուծաբաններ կարծիք են յայտնել, որ Բաքւի՝ «ատամները պոչ անելու» յարձակումը չունի նիւթատեխնիկական ապահովման առումով տոկունութիւն:

Բացի այդ՝ ադրբեջանական գրոհային շարասիւնն աւելի է նոսրանում՝ առանց յետնապահ ստորաբաժանումների, որոնք ունակ են պահել նւաճած տարածքները Ղարաբաղի հարաւում:

Այս թուլութիւնը մարտահրաւէր կը դառնայ ադրբեջանցի յարձակւողների համար, քանի որ հայկական ուժերի ցանկացած հակագրոհ փոքր դիմադրութեան կը հանդիպի եւ կարող է մարտավարական յանկարծակիութիւն ու ադրբեջանական «բաց» ստորաբաժանումների թեւից շրջանցում ապահովել:

Շուտով ձմեռ է, ինչը նշանակում է, որ մօտակայ շաբաթներին Ադրբեջանի յետագայ մարտական գործողութիւնները յատկապէս դժւար կը լինեն, եթէ ոչ անհնարին ցածր տեսանելիութեան եւ ձիւնածածկ լեռնային տեղանքի պատճառով:

Երկրորդ՝ ռազմավարական համատեքստում յաճախ անտեսւում է ղարաբաղեան հայկական կողմի օպերատիւ դոկտրինը եւ մարտական փորձը: Անցեալի հիմնական առճակատումներում, մասնաւորապէս՝ 1990-ականների ղարաբաղեան պատերազմում եւ 2016-ի Ապրիլեան քառօրեայ պատերազմում, արցախահայերը սկզբում պարտւում էին, բայց յետոյ վերախմբաւորւեցին եւ յաղթանակներ ապահովեցին՝ հիմնւած հակագրոհների ու ներխուժումների յետ մղման վրայ:

Այս պատմական օրինակը ցուցադրում է Ղարաբաղի պաշտպանական դիրքերի եւս մէկ առաւելութիւնը, բացի տեղանքից եւ տեղագրութիւնից, ինչը ենթադրում է, որ իրական բեռը յարձակւողների վրայ է:

Դաժան կորուստների, մեծ զոհերի եւ տարածքների գրաւման ու դիրքերի պահպանման համար աւելի ու աւելի ծախսատար մարտավարական արշաւների մասին ամէն օր զեկուցելով՝ Ղարաբաղի հայ պաշտպանների գործօնը հաշւի չառնելը դեռ շատ վաղ է:

Ադրբեջանի՝ շաբաթներ տեւած հետեւողական յարձակումից յետոյ ղարաբաղեան ուժերի յաջող եւ կանոնաւոր նահանջը նրանց թոյլ տւեց վերադասաւորւել եւ վերախմբաւորւել երկրորդական պաշտպանական գծում՝ հաշւի առնելով պաշտպանութեան առաւելութիւնները՝ տեղանքը եւ տեղագրութիւնը: Տեխնիկական լուրջ կորուստներից եւ գրեթէ 1000 զոհերից յետոյ նրանց հակագրոհներն ու յամառ դիմադրութիւնը սկսել են փոխել մարտական գործողութիւնների պատկերը։

Վերջին օրերին նոր պաշտպանական դիրքերի շնորհիւ հնարաւոր եղաւ կասեցնել ադրբեջանական առաջխաղացումը Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ միակ մայրուղային կապի՝ ռազմավարական նշանակութեան Լաչինի միջանցքից 25 կմ հեռու:

Միեւնոյն ժամանակ, նահանջը դէպի լեռներ ու անտառներ հնարաւորութիւն տւեց ղարաբաղեան ուժերին փոքր ստորաբաժանումներով յարձակումներ իրականացնելու ընդդէմ աւելի չպաշտպանւած ադրբեջանական հետեւակի եւ զրահատեխնիկայի: Իսկ անտառային եւ լեռնային տեղանքը զգալիօրէն կը թուլացնի Ադրբեջանի՝ թուրքական եւ իսրայէլական անօդաչու թռչող սարքերի օդային առաւելութիւնը:

Այնուամենայնիւ, հաշւի առնելով, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը լիակատար յաղթանակ էր խոստացել, Լաչինում կամ Շուշիում կանգ առնելու հեռանկարը յղի է քաղաքական ինքնասպանութեամբ։

 

Հրադադար

Այս ֆոնին նոյնիսկ եռակողմ դիւանագիտական ջանքերը ձախողւեցին: Մոսկւան, փորձելով ցոյց տալ իր դիւանագիտական գերակայութիւնը, հոկտեմբերի 9-ին կայացած հապճեպ հանդիպման ընթացքում փորձեց համաձայնագիր պարտադրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին։

Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող միւս երկու պետութիւնների աջակցութեամբ՝ ռուսական այս նախաձեռնութիւնը սկզբում դիտարկւում էր որպէս դիւանագիտական իշխանութեան հզօր հաստատում:

Այնուամենայնիւ, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան իրենց ոչ բնորոշ համարձակութիւն ցուցաբերեցին՝ դիմակայելու, իրենց կարծիքով, ռուսական բլեֆին եւ պարծենկոտութեանը, եւ ադրբեջանական յարձակումը շարունակւեց՝ առանց խոչընդոտների:

Ռուսաստանի հանդէպ այսպիսի բացայայտ մարտահրաւէրը բխում է Ադրբեջանի վճռականութիւնից՝ ամրապնդւած Թուրքիայի ռազմական եւ դիւանագիտական աննախադէպ աջակցութեամբ: Ադրբեջանի տարածքային եւ Ղարաբաղի հայ պաշտպանների նկատմամբ մարտավարական յաջողութիւնները միայն խորացրել են հրադադարի ռեժիմը պահպանելու՝ նրա դժկամութիւնը:

Այդ բաւականին զարմանալի սաստման ֆոնին սկսւեց երկրորդ դիւանագիտական նախաձեռնութիւնը: Այս անգամ Ֆրանսիան էր. ամերիկեան ոճով անցկացւող մաքոքային դիւանագիտութեան շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի ներկայացուցիչը եղաւ Երեւանում եւ Բաքւում՝ հոկտեմբերի 15-16-ը իւրաքանչիւր կողմի հետ մի շարք հանդիպումներ անցկացնելով:

Չնայած նորարարութեան եւ նախաձեռնողականութեան մասին գովեստներին՝ հրադադարի ռեժիմի ապահովման երկրորդ ջանքերը նոյնպէս ձախողւեցին:

Քաջալերւած տարածքային ձեռքբերումներով եւ խրախուսւած իր աւտորիտար կառավարման պարագայում հազւադէպ ներքին համաժողովրդական աջակցութեամբ՝ նախագահ Ալիեւը արհամարհեց իր նոր յաղթանակները եւ արձագանքեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցէին Թուրքիայի արած բողոքներին՝ ենթադրելով, որ Անկարան Փարիզի հաշւին աւելի մեծ դեր կարող է խաղալ միջնորդական ջանքերում:

Եւ դիւանագիտական փոխգործակցութեան ամենաթոյլ եւ ամենաանհեռանկարային փուլում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպում ունեցաւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

Ամերիկեան այս ուշացած ժեստն ի սկզբանէ դատապարտւած էր եւ աշխարհաքաղաքական դերը ցուցադրելու ու նախագահական ընտրութիւնների քարոզարշաւի վերջին օրերին Թրամփի վարչակազմի մարտական վիճակը բարձրացնելու քայլ էր:

Թէեւ ԱՄՆ-ին յաջողւեց կրակի դադարեցման եւս մէկ համաձայնութիւն ձեռք բերել, այն արդէն տապալւեց կիրառումից մէկ ժամ անց:

Հակամարտութեան միջնորդ լինելը երբեք էլ հեշտ գործ չի եղել, քանի որ կախւած է հակամարտութեան կողմերի քաղաքական անկեղծ կամքից եւ գրեթէ բոլոր դէպքերում հակամարտութիւնից «ուժասպառւելու» աստիճանից: Լեռնային Ղարաբաղի պարագայում պատերազմական ժամանակաշրջանի դիւանագիտութիւնը ձախողւել է. պատերազմի դաշտում դինամիկ զարգացումներն են սահմանում իրավիճակը:

Ենթադրւում է, որ պատերազմող կողմերը վերջին պարտաւորութեանը՝ Ժնեւում հոկտեմբերի 29-ին կայանալիք դիւանագիտական հանդիպմանն աւելի շուտ կը հետեւեն, քան թէ ուժային գործողութիւններին:

 

Աղբիւրը՝ AsiaTimes.com

Թարգմանութիւնը՝ Yerkir.am-ի

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։