Հա

Քաղաքական

29/10/2020 - 14:40

«Արցախի դրօշի ներքոյ պէտք է համախմբւի ողջ քաղաքակիրթ աշխարհը՝ իրականացնելու հակաահաբեկչական պատերազմ. Թուրքիան սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանին, այլեւ քաղաքակրթութեանը». Ռուբէն Մելքոնեան

Այս պատերազմը աւելի բիւրեղացրեց Թուրքիայի ապակառուցողական, ահաբեկչական մտածողութեան դրսեւորումները եւ դրանք ի ցոյց դրեց աշխարհին:

«alikonline.ir» - Այս պատերազմը աւելի բիւրեղացրեց Թուրքիայի ապակառուցողական, ահաբեկչական մտածողութեան դրսեւորումները եւ դրանք ի ցոյց դրեց աշխարհին: Այս մասին այսօր կայացած ասուլիսին յայտարարեց թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը՝ անդրադառնալով Արցախի դէմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմին: Գրում է Tert.am-ը:

Ըստ Մելքոնեանի՝ տարբեր կոնֆլիկտներում ներգրաււելու թուրքական ոճը նոյնական է՝ իրականացնել ռազմական ագրեսիա, ներխուժել տարատեսակ կոնֆլիկտների լուծման տիրոյթ եւ դրանից յետոյ փորձել տեղ գրաւել բանակցութիւնների սեղանի շուրջ:

«Դրա՝ արդէն չքողարկւած ապացոյցն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երէկւայ յայտարարութիւնը, որ ՌԴ-ն պէտք է բանակցի ՀՀ ղեկավարութեան հետ, ինքն էլ կը խօսի Իլհամ Ալիեւի հետ, եւ այս հարցը կը կարգաւորեն: Բացի այն, որ Թուրքիան սրանով ներգրաււում է կոնֆլիկտի մէջ, դա նաեւ Թուրքիայի բացայայտ արհամարհանքն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի նկատմամբ: Սա բացայայտ մարտահրաւէր է աշխարհում ձեւաւորւած ձեւաչափերի, միջազգայնօրէն ճանաչւած հարթակների նկատմամբ, եւ Թուրքիայի բացայայտ նկրտումներն են՝ մտնելու տարատեսակ կոնֆլիկտների մէջ, որոնցում չունի կարգավիճակ»,- ասաց նա:

Թուրքագէտի դիտարկմամբ՝ այս կոնֆլիկտում թուրքական գերնպատակներից մէկը Հարաւային Կովկասում, Ադրբեջանում իր ռազմական դէ ֆակտօ ներկայութեան լեգիտիմացումն է, եւ Թուրքիան հետեւողական քայլերով գնում է այդ ուղղութեամբ:

«Այս միջոցով փորձ է արւում յայտնի զօրավարժութիւններից յետոյ Ադրբեջանում մնացած թուրքական զօրքին եւ ռազմատեխնիկային տալ լեգիտիմութիւն եւ Ադրբեջանի տարածքում ձեւակերպել թուրքական ռազմաբազա: Ենթադրելի է, որ այդ բազաներից մէկը պէտք է լինի Կասպից ծովի աւազանում, միւսը՝ խորհրդանշական Նախիջեւանում: Սա Թուրքիայի կողմից եւս մէկ մարտահրաւէր է՝ ուղղւած աշխարհին, տարածաշրջանային հաւասարակշռութիւնների խախտմանը: Թուրքական ագրեսիւ ռազմական ներկայութիւնը տարատեսակ տարածաշրջաններում միտւած է կոնֆլիկտները խորացնելուն, թէժացնելուն, եւ իր ծաւալապաշտական նկրտումները բաւարարելուն»,- ասաց թուրքագէտը:

Դիտարկմանը, թէ տարածաշրջանում ՌԴ-ն է համարւում ազդեցիկ երկիր, այդ դէպքում կարո՞ղ ենք ասել, որ սա նաեւ ուղղւած է ՌԴ-ի դէմ, Մելքոնեանն արձագանքեց՝ միանշանակ: «Տեւական ժամանակ է՝ ընթանում է ռուս-թուրքական պրոքսի պատերազմ, այդ պատերազմները տեղի են ունենում այն տարածաշրջաններում, որոնք ՌԴ-ի համար կարեւոր են եւ զգայուն: Սա նաեւ գլոբալ մարտահրաւէր է ՌԴ-ին»,- ասաց նա:

Մելքոնեանն ընդգծեց՝ քաղաքակիրթ աշխարհը պէտք է հասկանայ՝ բախւել է ահաբեկչական մտածողութեան հետ, եւ այդ բախումն առաջինը կասեցնում է հայ զինւորը, արցախահայութիւնը՝ որպէս պատնէշ կանգնելով ադրբեջանական ահաբեկչական այս յարձակումների դէմ:

«Այն պետութիւնները, որոնք հիմա պասիւութիւն են պահում կամ երբեմն անհասկանալի քայլեր են անում, եթէ կարծում են՝ թուրքական սպառնալիքը նրանց շրջանցելու է, չարաչար սխալւում են: Թուրքական ահաբեկչական մտածողութեան յաղթանակը չի շրջանցելու որեւէ թիրախային պետութիւն:

Արցախի դրօշի ներքոյ պէտք է համախմբւի ողջ քաղաքակիրթ աշխարհը՝ իրականացնելու հակաահաբեկչական պատերազմ: Աշխարհը պէտք է ֆիքսի՝ Թուրքիան սպառնալիք երկիր է, Թուրքիան սպառնալիք է ոչ միայն Արցախին, Հայաստանին եւ տարածաշրջանին, այլեւ ընդհանրապէս քաղաքակրթութեանը»,- յայտարարեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։