Հա

Քաղաքական

29/10/2020 - 18:10

«ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որտեղ հիմնական դերը Ռուսաստանն է խաղում, եւ եթէ մենք դիմենք, մեզ կը պաշտպանի, բայց մենք չենք դիմել». Ռուբէն Սաֆրաստեան

«Հորիզոն»-ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանը, գտնւելով հայրենիքում, բովանդակալից հարցազրոյց է ունեցել Հայաստանի գիտութիւնների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, արեւելագէտ-թուրքագէտ, պատմաբան Ռուբէն Սաֆրաստեանի հետ։ 

«alikonline.ir» - «Հորիզոն»-ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանը, գտնւելով հայրենիքում, բովանդակալից հարցազրոյց է ունեցել Հայաստանի գիտութիւնների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, արեւելագէտ-թուրքագէտ, պատմաբան Ռուբէն Սաֆրաստեանի հետ։ Հարցազրոյցն ամբողջապէս նարկայացնում ենք ստորեւ։

 

- Պարո՛ն Սաֆրաստեան, ներկայում Արցախեան հակամարտութեան մէջ Անկարայի ուղղակի մասնակցութիւնը բոլորովին նոր կացութիւն է ստեղծել Հարաւային Կովկասի ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակում։ Որո՞նք էին Անկարայի դրդապարճառներն՝ այս քային դիմելու համար։

- Կարծում եմ՝ Անկարայի դրդապատճառները հասկանալու համար դրանք պէտք է մի քանի հարթութեան վրայ ուսումնասիրենք․ առաջինը՝ մեծ ստրատեգիան է (grand strategy), որը պանթուրքիստական գաղափարների իրականացումն է։ Ես համոզւած եմ, որ Էրդողանը եւ ղեկավարների իր այդ խումբը լուծում են նաեւ պանթուրքիստական խնդիրներ եւ նպատակներ ունեն Արցախն Ադրբեջանին միացնելով ու Ադրբեջանը թուրքացնելով, իրենց համար նախապայմաններ ստեղծելով՝ մի կողմից գնալ դէպի Հիւսիսային Կովկաս՝ այնտեղի թուրքալեզու ժողովուրդների մօտ սկսեն պանթուրքիզմը՝ արդէն անմիջականօրէն քարոզել, միւս կողմից՝ Կասպից ծովի վրայով դուրս գան Կենտրոնական Ասիա եւ Վոլգայի շրջանները, այսինքն՝ այն շրջանները, որտեղ գտնւում են Կենտրոնական Ասիայի թուրքալեզու ժողովուրդները, երկրները (բացի Տաջիկստանից) օրինակ՝ թաթարները, բաշկիրները եւ Ռուսաստանում բնակւող թուրքալեզու այլ ժողովուրդները։ Այսինքն՝ սա, կարծում եմ, պանթուրքիստական այդ մեծ նպատակների իրականացման առաջին փուլն է։

Երկրորդը, կարծում եմ, կազմակերպելով, ղեկավարելով եւ մասնակցելով այս ագրեսիւ պատերազմին՝ Էրդողանեան Թուրքիան փորձում է շարունակել Աբդուլ Համիդի ու երիտթուրքերի սկսած քաղաքականութիւնը, ցեղասպանութեան քաղաքականութիւնը հայ ժողովրդի դէմ։ Այն, ինչ տեսնում ենք եւ ինչը կարելի է սպասել, ըստ էութեան, ցեղասպանութեան շարունակութիւն պէտք է լինի։ Փաստօրէն, Էրդողանն իր վրայ է վերցրել՝ Աբդուլ Համիդից սկսած՝ երիտթուրքերից, Մուստաֆա Քեմալից, Աթաթուրքով շարունակւած՝ Հայոց Ցեղասպանութեան վերջին փուլն իրագործելու իրենց խնդիրը։ Իհարկէ, կարծում եմ, նրանք համոզւած են՝ դեռեւս չեն կարող Հայաստանի վերջը տալ։ Բայց, Արցախի հետ կապւած՝ կարծում եմ՝ նրանք ուզում են ոչ միայն գրաւել այն, այլեւ հնարաւորինս, այնտեղ իրակաանացնել հայ ժողովրդի կոտորած։

 

- Այսինքն՝ ուղղակի հայասպանութիւնն ու հայաթափումը ցանկանում են շարունակել․․․

- Այո՛, ուզում են շարունակել։ Եւ երրորդ նպատակը՝ Ադրբեջանը թուրքացնելն է եւ Թուրքիային միացնելը։ Հիմա մենք տեսնում ենք, որ շատ արագ տեմպերով Ադրբեջանը կորցնում է իր ինքնուրոյնութիւնը եւ դառնում Թուրքիայի խամաճիկ պետութիւն։ Ադրբեջանում գտնւում են Թուրքիայի յատուկ ծառայութիւնները, սպաները․ Տեսնում ենք՝ ինչպէս է Ալիեւը ենթարկւում Թուրքիայից եկող հրամաններին եւ այլն․․․ Թուրքիան նաեւ օգտագործում է Արցախեան այս ագրեսիւ պատերազմի պատրւակը՝ Ադրբեջանը լրիւ իր ազդեցութեան ոլորտ դարձնելու համար։ Պատահական չէ, որ հէնց Թուրքիայում շրջանառութեան մէջ մտցւեց հետեւեալ կարգախօսը․ «Երկու պետութիւն՝ մէկ բանակ», այսինքն՝ բանակից պէտք է սկսի դա։ Այնպէս որ, դրանք են նպատակները։

Իսկ եթէ նայենք աշխարհաքաղաքական, աշխարհառազմավարական տեսակէտից, այսինքն՝ մեծ քաղաքականութեան տեսակէտից, ապա պէտք է ասել՝ Թուրքիան հիմա լուծում է հետեւեալ խնդիրը․ այստեղ՝ Հարաւային Կովկասում դիրքեր եւ ազդեցութեան ոլորտներ ստանալ ու հնարաւորինս թուլացնել, գուցէ եւ, եթէ հնարաւոր լինի, այստեղից դուրս մղել Ռուսաստանին։ Սա էլ արդէն Թուրքիայի աշխարհաքաղաքական հաշւարկներն են, այնպէս որ՝ Թուրքիան իր առջեւ բանական մեծ թւով խնդիրներ է՝ այս ագրեսիւ պատերազմը նախաձեռնելով ու ղեկավարելով, հետեւաբար՝ սպասել, որ Թուրքիան յետ կը կանգնի, դա, կարծում եմ, իմաստ չունի, որովհետեւ նրանք շատ մեծ խաղադրոյքներ են այստեղ դրել։

 

- Թուրքիայի աշխարհաքաղաքական եւ ռազմավարական մարտավարութիւնն ինչպէ՞ս կը վերլուծէք՝ սկսած նախ Սիրիայի, ապա Լիբիյի հակամարտութիւնում, ինչո՞ւ ոչ, նաեւ Կիպրոսի ճակատում է շարունակում իր թշնամական կեցւածքը եւ մինչեւ այսօր էլ Հիւսիային Սիրիայում է։

- Այս ամենին պէտք է աւելացնեմ նաեւ Հիւսիային Իրաքը, որովհետեւ այնտեղ նրանք ունեն իրենց ռազմաբազաները, այսինքն՝ երբ ցանկանում են, մտնում-դուրս են գալիս։ Այս ամենը մի ծրագրի մաս է կազմում։ Պատահական չէ, որ Թուրքիան այս կերպ տարբեր ուղղութիւններ է փորձում իր ծաւալապաշտական քաղաքականութեան մէջ մտնել ու իրականացնել։ Կարծում եմ՝ որոշակի ընդհանուր գաղափար կամ նոյնիսկ ծրագիր կայ Էրդողանի գլխում, որը հետեւեալն է՝ «ազգային ուխտ»-ի իրականացումն է։ «Ազգային ուխտ»-ի գաղափարը դեռեւս Աթաթուրքն է առաջ քաշել, եւ օսմանեան վերջին խորհրդարանը 1920 թւականի յունւարի վերջին դա հաստատել է՝ յունւարի վերջին, փետրւարին․ աշխարհին սա յայտնի է դարձել։ Այն, ինչ այսօր անում է Թուրքիան, ըստ էութեան, «ազգային ուխտ»-ի քարտէզների այն հատւածների վերամիացում է Թուրքիային, ինչը չյաջողւեց Աթաթուրքին։ Օրինակ՝ Հիւսիսային Սիրիան․ Էրդողանը դրա մասին բացեիբաց խօսում եւ ասում է․ «մենք պէտք է աւարտին հասցնենք այն գործը, որը սկսել է Աթաթուրքը, որը մեզ չյաջողւեց դա իրականացնել Լօզանում։ Լօզանը, փաստօրէն, դաւաճանութիւն էր մեր շահերի նկատմամբ»։ Լօզանում հաստատւեց Թուրքիայի վերջին այն սահմանը, որը հիմա կայ, բացի Ալեքսանդրիտի սանջակից՝ Իսկենդերունի շրջանից, որն Աթաթուրքը կարողացաւ իր մահից առաջ այդ գործընթացը սկսել, եւ այդ գործընթացն աւարտւեց Սիրիայի տարածքը միացւեց Թուրքիային․ դա եւս «ազգային ուխտ»-ի մասն է կազմում։ Այնպէս որ՝ ես կարծում եմ՝ այստեղ մենք գործ ունենք Թուրքիայի ծաւալապաշտական քաղաքականութեան հետ։

 

- Իսկ Թուրքիայի ծաւալապաշտական քաղաքականութիւնը կասեցնելու հարցում ինչպիսի՞ն է Ոուսաստանի դիրքորոշումը:

- Ռուսաստանի դիրքորոշումը հասկանալու համար պէտք է վերլուծենք Ռուսաստանի շահերը եւ ինչպէս է այդ երկիրը ձեւակերպում այդ շահերը։ Եթէ մենք փորձում ենք հասկանալ Ռուսաստանի դիրքրորոշումն այս Արցախեան ագրեսիւ պատերազմում, ապա Ռուսաստանն այստեղ բաւական զգուշօրէն է մօտենում։ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, մենք ՀԱՊԿ-ի մաս ենք կազմում։ ՀԱՊԿ-ը ռազմաքազաքական դաշինք է, որտեղ հիմնական դերը Ռուսաստանն է խաղում, եւ եթէ մենք դիմենք, մեզ կը պաշտպանի, բայց մենք չենք դիմել։ Մենք Ռուասատանին ել չենք դիմել, որ մեզ պաշտպանի, եւ Ռուսաստանը փոձում է իր դերի մէջ մնալ որպէս Մինսկի խմբի համանախագահ, որպէս միջնորդ։ Սա է Ռուսաստանի ներկայից դիւանագիտութեան առանձնայատկութիւնը։ Ռուսաստանը բացայայտ չի կանգնում Հայաստանի կողքին, բայց ես համոզւած եմ, նաեւ ՀՀ ղեկավարները բազմիցս նշել են՝ Ռուսաստանը կատարում է իր բոլոր դաշնակցային պարտաւորութիւնները։ Այժմ Ռուասատանը փորձում է հանդէս գալ որպէս միջնորդ, որը հաւասար հեռաւորութեան վրայ է երկու կողմերից․ սա դիւանագիտական առումով Ռուսաստանի դիրքորոշումն է։

Բայց, ես համոզւած եմ՝ եթէ Թուրքիային յաջողւի (թէեւ համոզւած եմ՝ չի յաջողւի) իր ծրագրերն իրականացնել Արցախում, այնուհետեւ կը սկսի իրականացնել իր ծրագրերը հիւսիսային Կովկասում՝ այսինքն՝ Ռուսաստանի տարածքում, եւ այն ժամանակ Ռուսաստանի դիրքորոշումն աւելի կոշտ կը լինի։ Ռուսաստանի դիրքորոշման որոշ կոշտացում ես նկատել եմ՝ կապւած այն հանգամանքի հետ, որ Կասպից ծովում շատ անսպասելի կերպով ռուսական նաւատորմը սկսեց զօրավարժութիւններ եւ դրանց ընթացքում, ինչպէս յայտարարւեց Ռուսաստանի կողմից, օգտագործւում են իրական փամփուշտներ, այսինքն՝ ոչ թէ ուսումնական կրակոցներ են լինում, այլ կիրառւում են իրական փամփուշտներ։ Կարծում եմ՝ սա որոշակի առումով զսպող դեր պէտք է խաղայ, որովհետեւ ծովից Բաքուն լրիւ բաց է, իսկ ռուսական նաւատորմը որը կայ, իհարկէ, փոքր է, շատ մեծ չէ, բայց այնպիսի զէնքեր ունեն, որ շատ հանգիստ կարող է տարբեր խնդիրներ լուծել։ Յիշեցնեմ, որ հէնց Կասպից ծովի նաւերից Ռուսաստանն առաջին անգամ հարւածներ հասցրեց ԴԱԷՇ-ի կենտրոններին՝ Սիրիայում։ Այսինքն՝ Կասպից ծովի նաւերից կալիբր հրթիռներով հարւածեցին Սիրիայի այն տարածքին, որը գտնւում է ԴԱԷՇ-ի հսկողութեան տակ։

Սա պէտք է զսպող դեր խաղայ, ցոյց տայ, որ Ռուսաստանն արդէն անհնգստանում է։ Այնպէս որ, եթէ ընդհանրացնեմ, Ռուսաստանը Հայաստանի ստրատեգիական դաշնակիցն է, Հայաստանի ղեկավարութիւնը բազմիցս յայտարարել է, որ շատ սերտ քննարկումների մէջ է Ռուաստանի ղեկավարութեան հետ, գոհ է Ռուսաստանի դիրքորոշումից, բայց դիւանագիտական առումով Ռուսաստանը փորձում է հնարաւորինս Մինսկի խմբի շրջանակում մնալ, դուրս չգալ։

Մեր զրոյցի վիջին հանգամանք էլ նշեմ․ ես համոզւած եմ՝ եթէ Հայաստանը պաշտօնապէս դիմի Ռուսաստանին կամ ՀԱՊԿ-ին, դա կը լինի այն դէպքում, եթէ ուղղակի յարձակում լինի Հայաստանի տարածքի վրայ՝ ադրբեջանաթուրքական այդ տանդեմի կողմից։ Այս դէպքում, Ռուսաստանը կը միջամտի եւ կօգնի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։