Հա

Քաղաքական

29/10/2020 - 20:00

Ես հաւատում եմ, որ այս օրերը լինելու են բեկումնային. Արայիկ Յարութիւնեանը Շուշիից տեսաուղերձ է յղել

Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը Արցախի Շուշի քաղաքից հանդէս է եկել տեսաուղերձով, որում Արցախի նախագահը շեշտել է, որ առաջիկայ օրերին պէտք է բեկում մտցնել ճակատում: Արայիկ Յարութիւնեանն ընդգծել է, որ հաւատում է հայ ժողովրդի յաղթանակին ու կոչ արել միաւորւել, կռւել ու պատժել թշնամուն: 

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը Արցախի Շուշի քաղաքից հանդէս է եկել տեսաուղերձով, որում Արցախի նախագահը շեշտել է, որ առաջիկայ օրերին պէտք է բեկում մտցնել ճակատում: Արայիկ Յարութիւնեանն ընդգծել է, որ հաւատում է հայ ժողովրդի յաղթանակին ու կոչ արել միաւորւել, կռւել ու պատժել թշնամուն: «Արմէնպրես»-ը ներկայացնում է Արցախի նախագահի ուղերձը.

«Սիրելի հայրենակիցներ, քոյրեր եւ եղբայրներ՝ Արցախում, Հայաստանի Հանրապետութիւնում եւ սփիւռքում ապրող իմ լաւ բարեկամներ: Ինչպէս 1992 թւականին, երբ սկսւեց մեր յաղթարշաւը Շուշիի ազատագրումից, այսօր էլ մեր յաղթարշաւը պայմանաւորւած է Շուշիի պաշտպանութիւնից: Թշնամին գտնւում է այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռաւորութեան վրայ, առաւելագոյնը՝ 5: 

Եւ թշնամու գերնպատակն է գրաւել Շուշին, տիրանալ Շուշիին: Ինչպէս ասում են՝ ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին: Եւ ուզում եմ, որ գիտակցենք այս պահը, գիտակցենք, եւ ոչ միայն լոկ խօսքերով, այլ անմիջական մասնակցենք Շուշիի պաշտպանութեանը: Իմ կեանքում առաջին անգամ ես եղել եմ Շուշիում 1992 թւականի մայիսի 8-ին եւ առաջիններից եմ եղել, որ մտել եմ Ղազանչեցոց եկեղեցի, համբուրել եմ խաչը: Այսօր համբուրել եմ խաչը, աղօթել եմ, մոմ եմ վառել յանուն մեր յաղթանակի: Իրականում ես հաւատում եմ, որ մենք յաղթելու ենք, իրականում ես հաւատում եմ, որ այս օրերը լինելու են բեկումնային: Դրա համար մեզ պէտք է միաւորւել, դրա համար պէտք է կռւել, դրա համար պէտք է պատժել թշնամուն: Բայց դրա համար պէտք է նաեւ ժամ առաջ հասնել Արցախ: Իհարկէ, սա խուճապային ելոյթ չէ, հակառակը: Նորից կրկնում եմ՝ հաւատում եմ մեր յաղթանակին: Եւ օրերի ընթացքում պէտք է բեկում մտցնենք ճակատում եւ պէտք է պատժենք հակառակորդին հէնց Շուշիի դարպասներում: Եկէք միաւորւենք եւ միասին կռւենք: Իհարկէ, հասկանում ենք, գիտակցում ենք ամէն ինչ, բայց եկէք նաեւ մեր ամենամեծ առաքելութիւնը կատարենք, յանուն հայրենիքի, յանուն մեր ապագայի, յանուն մեր սերունդների: Յաղթանակը մերն է լինելու, համոզւած եղէք, ես հաւատում եմ մեր յաղթանակին»:

 

Արայիկ Յարութիւնեանը տեսաուղերձին կից նաեւ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ. 

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ այս վճռորոշ պատմական պահին, երբ թուրք-ադրբեջանական ու ահաբեկչական հրոսակախմբերը իրենց ողջ ռազմական ռեսուրսներով յարձակւել են Արցախ աշխարհի վրայ՝ նպատակ ունենալով հազարամեակներով իր բնօրրանում ապրող արցախահայութեանը բնաջնջելու կամ վտարելու սեփական հայրենիքից, մենք կենաց-մահու կռիւ ենք տալիս՝ բոլոր առումներով անհաւասար պայմաններում։

Այժմ նրանք սպառնում են մեր հայրենիքին ու գոյութեանը ոչ միայն ողջ առաջնագծի երկայնքով, այլ նաեւ լրջագոյն ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղութեամբ՝ նպատակ ունենալով ամէն գնով տիրել հայոց հպարտ բերդաքաղաքին:

Շուշին լոկ քաղաք չէ, այն հայ ժողովրդի սեփական բնօրրանում ապրելու վճռականութեան խորհրդանիշն է, հայ ժողովրդի յաղթանակների խորհրդանիշը։ Շուշին համայն հայութեան բաբախող սիրտն է:

Որպէս Արցախի գերագոյն գլխաւոր հրամանատար՝ եւս մէկ անգամ կոչ եմ անում՝ միացէ՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատւութիւնը»: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։