Հա

Քաղաքական

31/10/2020 - 13:05

«Համոզւած եմ, որ մեր հարեւան եւ բարեկամ Իրանը գիտակցում է, որ արցախեան պատերազմը կրօնական չէ». Աւետիք Իշխանեան

Իրականում Ադրբեջանի կողմից սանձազերծւած, Թուրքիայի աջակցութիւնը ստացած պատերազմը, սպառնում է ոչ միայն Արցախին եւ Հայաստանի Հանրապետութեանը, այլեւ ողջ տարածաշրջանի կայունութեանը։ Իհարկէ, Արեւմուտքը նոյնպէս անհանգստացած է, բայց համոզւած եմ, որ պատերազմի հնարաւոր հետեւանքներն առաւել զգայուն են ընկալում Իրանն ու Ռուսաստանը։

«alikonline.ir» - Հակառակ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հայամէտ յայտարարութիւնների, նրա վերջին յայտարարութիւնները փաստօրէն շահարկւեց թուրք-ադրբեջանական տանդեմի, ինչպէս նաեւ՝ փանթուրքիստական գաղափարախօսութիւնը դաւանող ուժերի կողմից՝ ի նպաստ աշխարհի տարբեր ծայրերում, մասնաւորապէս՝ տարածաշրջանի մուսուլմանական երկրներում հայատեացութեան քարոզչութեան իրականացման, ընդհուպ հակահայ տրամադրութիւնների տարածման գործում:

Նոյն դէպքերի հետ կապւած ադրբեջանական քարոզչամեքենան մեր երկրում դիմեց առաւել նենգ քայլերի, այդ թւում՝ ՀՀ ԱԳ Նախարարութեան յայտարարութիւններից մի հատւած սխալ մեկնաբանութիւններով մեդիայում տարածումը, յայտարարելով Իրանում ապրող հայերի եւ, առհասարակ, հայ ժողովուրդի հակաիսլամական տրամադրութիւնների մասին, որը, բնականաբար, հեռաւոր աղերս անգամ չունի իրականութեան հետ:

Իրականում, դրա տարածման նպատակը յստակ է: Նրանք միշտ էլ փորձել են Արցախեան հիմնախնդիրը տեղափոխել կրօնական դաշտ՝ Պայքարին տալով՝ կրօնական երանգ:

Նման չարանենգ մօտեցման հետեւանքները որոշակի ռիսկայնութիւն է ներկայացնում մասնաւորապէս՝ տարածաշրջանի երկրներում ապրող ժողովուրդների համակեցութեան եւ խաղաղ գոյակցելու համար: Դրա ռիսկայնութեան մակարդակը ճշտելու նպատակով զրուցել ենք Հայաստանում Հելսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանի հետ:

 

Պարոն Իշխանեան, սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծւած պատերազմը, եւ դրան կրօնական երանգներ տալու ադրբեջանական քարոզչամեքենայի փորձերը կարո՞ղ են արդեօք վերածւել տարածաշրջանի համար անվտանգութեան լուրջ սպառնալիքի:

- Իրականում Ադրբեջանի կողմից սանձազերծւած, Թուրքիայի աջակցութիւնը ստացած պատերազմը, սպառնում է ոչ միայն Արցախին եւ Հայաստանի Հանրապետութեանը, այլեւ ողջ տարածաշրջանի կայունութեանը։ Իհարկէ, Արեւմուտքը նոյնպէս անհանգստացած է, բայց համոզւած եմ, որ պատերազմի հնարաւոր հետեւանքներն առաւել զգայուն են ընկալում Իրանն ու Ռուսաստանը։

Թերեւս, բացի Ֆրանսիայից, Արեւմտեան այլ պետութիւններ, բացի հերթապահ յայտարարութիւններից, լուրջ անհանգստութիւն չեն ցուցաբերում։

Յիշենք, որ միայն Ֆրանսիան Յունաստանին աջակցեց Թուրքիայի հետ հնարաւոր առճակատման հարցում։ Նկատի ունենանք նաեւ, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է եւ Ֆրանսիայում կայ ազդեցիկ հայկական համայնք։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգութիւնից յետոյ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի միւս յայտարարութեանը, ապա, չեմ կարծում, որ այն յատուկ հակաիսլամական շեշտադրումներ ունէր։ Հաշւի առնենք նաեւ այն հանգամանքը, որ Մակրոնի ելոյթը մահախօսական էր եւ աշխարհիկ պետութեան առաջնորդի ելոյթ։ Աւելին, կարծում եմ Թուրքիայի նախագահ Էրդողանը, Մակրոնի յայտարարութիւնը նենգափոխեց, կտրելով համատեքստից եւ «վարպետօրէն» օգտագործեց հակաֆրանսիական տրամադրութիւններ սերմանելու եւ իսլամական աշխարհում առաջնորդի դեր ստանձնելու համար, թերեւս փորձելով մրցակցել Իրանի հետ։ 

Իհարկէ, այս միջադէպը ադրբեջանա-թուրքական տանդեմը փորձում է օգտագործել նաեւ իրենց հայատեացութեան հռետորաբանութեան մէջ, գրգռելով մեզ բարեկամ, իսլամ դաւանող ժողովուրդներին։ Այս վտանգաւոր զարգացումները պէտք է շտապ կարգով շտկել։ Համոզւած եմ, որ մեր հարեւան եւ բարեկամ Իրանը գիտակցում է, որ արցախեան պատերազմը կրօնական չէ, այլ իր բնոյթով հայատեաց եւ մարդատեաց է։

 

Ըստ Ձեզ, ինչպէ՞ս կարելի է խուսափել խնդրի յետագայ հնարաւոր բարդացումից: 

- Կարծում եմ, որ նաեւ Հայաստանը, Արցախը, ինչպէս նաեւ Հայ Առաքելական Եկեղեցին, իրենց հերթին պէտք է հանդէս գան յայտարարութիւններով եւ ուղերձներով, առ այն, որ այս պատերազմը կրօնական չէ, եւ որ Հայ ժողովուրդը բարեկամական յարաբերութիւններ ունի իսլամ դաւանող ժողովուրդների հետ, ուղղւած իսլամ դաւանող այլ երկրներին՝ Իրանին, արաբական, Կենտրոնական Ասիայի երկրներին, ինչպէս նաեւ՝ Ռուսաստանի, Հիւսիսային Կովկասի եւ այլ իսլամ դաւանող ժողովուրդներին։

 

Յ.Գ.- Նշենք, որ Էմանուէլ Մակրոնի վերջին յայտարարութիւնների կապակցութեամբ պարոն Իշխանեանի գնահատականը չի համապատասխանում հարցի կապակցութեամբ «alikonline.ir»-ի խմբագրութեան պաշտօնական դիրքորոշմանը:

 

Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։