Հա

Քաղաքական

04/11/2020 - 09:10

«Ադրբեջանը վերածւել է Հարաւային Կովկասում ահաբեկչութեան կենտրոնի, ահաբեկչութիւն հովանաւորող պետութեան». Զոհրաբ Մնացականեան

Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միութեան Եւրոպայի գրասենեակի կողմից նախաձեռնւած «Եւրոպայի երիտասարդութիւնը յանուն Արցախի անկախութեան ճանաչման» ծրագրի մասնակիցներից, ԵՄ գործող եւ նախկին պատգամաւորներից, օտարերկրեայ լրագրողներից կազմւած պատւիրակութեանը։

«alikonline.ir» - Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միութեան Եւրոպայի գրասենեակի կողմից նախաձեռնւած «Եւրոպայի երիտասարդութիւնը յանուն Արցախի անկախութեան ճանաչման» ծրագրի մասնակիցներից, ԵՄ գործող եւ նախկին պատգամաւորներից, օտարերկրեայ լրագրողներից կազմւած պատւիրակութեանը։ Տեղեկացնում է Tert.am-ը:

Ողջունելով հիւրերին՝ նախարար Մնացականեանը նշեց, որ Արցախի համար այս դժւարին ժամանակաշրջանում նման ներկայացուցչական պատւիրակութեան այցն անչափ կարեւոր է՝ որպէս արցախահայութեանը ցուցաբերւող զօրակցութեան եւ համերաշխութեան դրսեւորում: 

Զոհրաբ Մնացականեանը ներկաներին իրազեկեց Արցախի դէմ Ադրբեջանի կողմից սանձազերծւած լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքի վերաբերեալ, որն ուղեկցւում է պատերազմի յանցագործութիւններով եւ արցախահայութեան ֆիզիկական բնաջնջմանը միտւած գործողութիւններով: Նախարարը հանգամանալից տեղեկատւութիւն տրամադրեց Ադրբեջանի զինւած ուժերի կողմից խաղաղ բնակչութեան անընդմէջ թիրախաւորման, քաղաքացիական բնակավայրերի եւ օբիեկտների հրետակոծմանը զուգահեռ արգելւած զինատեսակների կիրառմամբ անտառածածկ տարածքների միտումնաւոր հրդեհման փաստերի վերաբերեալ:  

ԱԳ նախարարը հիւրերի ուշադրութիւնը հրաւիրեց Ադրբեջանի կողմից վարւող ռազմական գործողութիւններին անմիջական ներգրաււածութիւն ունեցող Թուրքիայի ապակայունացնող դերակատարութեան վրայ, որն արտայայտւում է նաեւ վերջինիս կողմից Մերձաւոր Արեւելքից օտարերկրեայ զինեալ ահաբեկիչների հաւաքագրմամբ եւ հակամարտութեան գօտում տեղակայմամբ: «Ադրբեջանը վերածւել է Հարւային Կովկասում ահաբեկչութեան կենտրոնի, ահաբեկչութիւն հովանաւորող պետութեան»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը: 

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդութեամբ կրակի դադարեցման շուրջ ձեռքբերւած համաձայնութիւններին՝ նախարար Մնացականեանը նշեց, որ Ադրբեջանի խուսափելն իր կողմից ստանձնած պարտաւորութիւնների կատարումից եւս մէկ անգամ փաստում է հակամարտութիւնը խաղաղ ճանապարհով լուծելու վերջինիս անկարողութեան մասին: 

Նախարար Մնացականեանը պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաթիւ հարցերին: Ի պատասխան յետագայ զարգացումների վերաբերեալ հարցին՝ նախարար Մնացականեանն առանձնայատուկ ընդգծեց. «Սա ազատութեան համար մղւող պատերազմ է: Մենք պէտք է մեր հայրենակիցների արիւնը փոխհատուցենք ազատութեամբ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։