Հա

Քաղաքական

04/11/2020 - 10:30

«Արցախի սահմանին կանգնած զինւորը միեւնոյն ժամանակ կանգնած է Փարիզի, Վիեննայի եւ այլ քաղաքների սահմաններին. նա պայքարում է յանուն քաղաքակրթութեան եւ ընդդէմ ահաբեկչութեան». Մելքոնեան

Թուրքիայի յաւակնութիւնները հիմնւած են համամարդկային արժէքներին հակասող դրոյթների վրայ, ուստի չեն կարող համընկնել աշխարհի այն պետութիւնների շահերի հետ, որոնք դաւանում են համամարդկային արժէքներ:

«alikonline.ir» - Թուրքիայի յաւակնութիւնները հիմնւած են համամարդկային արժէքներին հակասող դրոյթների վրայ, ուստի չեն կարող համընկնել աշխարհի այն պետութիւնների շահերի հետ, որոնք դաւանում են համամարդկային արժէքներ: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը՝ անդրադառնալով Արցախի դէմ սանձազերծւած պատերազմում Թուրքիայի մասնակցութեանը:

Նա ընդգծեց՝ Հայաստանն ու Արցախը՝ որպէս համամարդկայի արժէքների առաջամարտիկ, պաշտպանում են այն արժէքները, որոնք յատուկ են քաղաքակրթութեանը: «Կարող ենք փաստել, որ սա թուրք-ադրբեջանական տանդեմի պատերազմն է՝ ուղղւած հայութեանը, որում Թուրքիան ներգրաւել է ոչ միայն իր բանակային հիմնական ստորաբաժանումները, ոչ միայն վարժեցրել եւ օգտագործում է իր ներուժը՝ ադրբեջանական բանակի ուղղորդման եւ ղեկավարման առումով, այլեւ ընդգրկել է ահաբեկչական խմբաւորումներին, որոնք վերածւել են Թուրքիայի բանակի մի ստորաբաժանման, ինչի համար էլ վստահօրէն կարող ենք ասել, որ Թուրքիան վարում է ահաբեկչական պատերազմ՝ բնորոշ ահաբեկչական կառոյցների ոճին»,- նշեց Մելքոնեանը:

Նրա խօսքով՝ թէեւ պատերազմում ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմական ոլորտներում Թուրքիայի ներգրաււածութիւնն առաջին օրւանից ակնյայտ եւ անթաքոյց էր, սակայն այսօր տեսնում ենք դրա աւելի կոնկրետ ապացոյցները, երբ թուրքական քաղաքական վերնախաւը՝ բացառութեամբ երկրի նախագահի, նաեւ ֆիզիկապէս է ներկայ Ադրբեջանում եւ ղեկավարում է ահաբեկչական պատերազմը:

Ըստ թուրքագէտի՝ ակնյայտ է, որ այժմ կատարւողն ունի ռէալ քաղաքական ենթատեքստ, եւ Թուրքիայի ներգրաւււծութիւնը շատ ակնյայտ քաղաքական շահեր է ենթադրում: «Դրանցից առաջինը Թուրքիայի դերի փոփոխութիւնն է տարածաշրջանում եւ աշխարհում, եւ երկրորդ՝ Թուրքիայի ռազմական ներկայութեան ընդլայնումը աշխարհի տարբեր երկրներում, տւեալ պարագայում՝ Հարաւային Կովկասում: Աշխարհի այլ խաղացողներ, յատկապէս՝ տարածաշրջանում կոնկրետ ազդեցութիւն ունեցող պետութիւնները պէտք է հասկանան, որ իրենք, գոնէ առաջնորդւելով իրենց պետական շահերով, այն է՝ փորձելով հակակշռել Թուրքիայի՝ աւելի ագրեսիւացող նկրտումները, կարող են անուղղակի սատար կանգնել քաղաքակրթութեան համար պայքարին»,- ասաց նա՝ վստահութիւն յայտնելով, որ տարբեր պետութիւններ շատ յստակ գիտակցում են, որ Թուրքիայի՝ օրէցօր աւելի ագրեսիւացող նկրտումները, տարածաշրջանում նրա դերակատարման մեծացման փորձերն ուղիղ համեմատական են իրենց շահերին:

«Մեր դաշնակից ՌԴ-ն առաջնային թիրախ է այս ագրեսիւացող նկրտումների շրջանակներում: Ռուսական որոշ շրջանակներ յստակ արձանագրում են, որ Թուրքիայի այս քայլերն ուղիղ մարտահրաւէր են ռուսական շահերին: Մեր ու մեր դաշնակիցների առաջնահերթութիւնները տարբեր են՝ մենք պայքարում ենք յանուն մեր պետականութիւնների գոյութեան, հերթական ցեղասպանութեան կասեցման, քաղաքակրթութեան պահպանման, իսկ մեր դաշնակիցները գոնէ պէտք է պայքարեն իրենց ազդեցութիւնը ստւերող գործընթացների դէմ: Թուրքիան ամենաառաջնային սպառնալիքն է քաղաքակրթութեանը եւ տարբեր պետութիւնների միջեւ գոյութիւն ունեցող հաւասարակշռութիւններին»,- ասաց թուրքագէտը:

Ըստ Մելքոնեանի՝ աշխարհի արձագանքը ստանդարտ է՝ փորձում է չտեսնել այն, ինչ ակնյայտ է: «Նրանք փորձում են «ջայլամի քաղաքականութիւն» վարել, չտեսնել այն սպառնալիքը, որ կայ: Այս քաղաքականութիւնն ունենում է իր հետեւանքը՝ չտեսնելով քիչ հեռու կանգնած սպառնալիքը՝ այն տեսնում են իրենց մայրաքաղաքներում՝ Փարիզում, Վիեննայում եւ այլուր»,- ասաց նա՝ յաւելելով, թէ քաղաքակիրթ աշխարհը պէտք է համախմբւի Արցախի դրօշի ներքոյ՝ պայքարելու ահաբեկչութեան դէմ:

«Մենք պէտք է աշխարհին փորձենք ներկայացնել, որ հայ զինւորը, կանգնելով Արցախի սահմանին, իրականացնում է պայքար յանուն քաղաքակրթութեան: Արցախի սահմանին կանգնած զինւորը միեւնոյն ժամանակ կանգնած է Փարիզի, Վիեննայի եւ այլ քաղաքների սահմաններին: Աշխարհը պէտք է սա գիտակցի»,- նշեց նա՝ միեւնոյն ժամանակ ընդգծելով, թէ ինքն այդ առումով լաւատես չէ եւ կարծում է՝ աշխարհը շարունակելու է չտեսնել կատարւողն ու «վարդագոյն ակնոցով» նայել իրականութեանը, որը գնալով աւելի դժգոյն եւ աւելի դաժան է դառնում: «Մենք չպէտք է յոյս դնենք աշխարհի արձագանքների վրայ, պէտք է շարունակենք մեր առաքելութիւնը՝ իրականացնել հակաահաբեկչական պատերազմ»,- նշեց թուրքագէտը:

Անդրադառնալով Թուրքիայում բնակւող հայերին՝ Մելքոնեանն ընդգծեց, որ քաղաքական տիրոյթում սկսւող գործընթացները, որոնք ուղիղ կամ անուղղակի վերաբերում են Հայաստանին եւ հայութեանը, բացասաբար են ազդում Թուրքիայում բնակւող հայերի վրայ, ինչը եւս մէկ անգամ ապացուցում է, որ այդ հայերը թուրքական պետութեան կողմից ընկալւում են ոչ թէ որպէս քաղաքացիներ, այլ աւելի շատ որպէս պատանդներ: «Ներկայումս էլ այդ միտումը չի փոխւել, եւ Թուրքիայում բնակւող, այդ երկրի քաղաքացի կամ այնտեղ գտնւող հայերը ընկալւում են որպէս թիրախներ:

Իմ ունեցած տւեալներով՝ նրանք այս պահին կիսաահաբեկւած վիճակում են, քանի որ հերթական անգամ բախւել են ահաբեկչական պետութեան եւ նրա կողմից հակաքաղաքակրթական դարձած հասարակութեան բացայայտ եւ քողարկւած սպառնալիքների թիրախ»,- ասաց Ռուբէն Մելքոնեանը:

 

Հեղինակ՝ Մարիամ Սարգսեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։