Print this page
04/11/2020 - 12:50

«Գիշերը Շուշիում բաւականին թէժ է եղել. Շուշին, Մարտունին եւ այլ բնակավայրեր թիրախաւորւել են կասետային զինատեսակներով». Արցախի ՄԻՊ

Արդէն տեղեակ էք, որ գիշերը բաւականին թէժ է եղել Շուշիում․ Շուշիի քաղաքացիական օբիեկտները բաւականին ինտեսիւ կերպով թիրախաւորւել են ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից, ինչի հետեւանքով առկայ են վիրաւորներ եւ բաւականին մեծ ծաւալի աւերածութիւններ քաղաքացիական օբիեկտներում:

«alikonline.ir» - Արդէն տեղեակ էք, որ գիշերը բաւականին թէժ է եղել Շուշիում․ Շուշիի քաղաքացիական օբիեկտները բաւականին ինտեսիւ կերպով թիրախաւորւել են ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից, ինչի հետեւանքով առկայ են վիրաւորներ եւ բաւականին մեծ ծաւալի աւերածութիւններ քաղաքացիական օբիեկտներում: Այս մասին հրաւիրւած մամուլի ասուլիսին ասաց Արցախի Հանրապետութեան ՄԻՊ Արտակ Բեգլարեանը:

«Այս պահին մանրամասները ճշտւում են, դեռեւս չենք կարողանում վերջնական թւեր, ծաւալներ յստակեցնել: Մարտունի քաղաքը նոյնպէս թիրախաւորւել է, առկայ են աւերածութիւններ քաղաքացիական օբիեկտներում, բայց բարեբախտաբար մարդկային կորուստ, վիրաւոր այնտեղ չկայ»,- նշեց նա:

Բեգլարեանը նշեց, որ երէկ մայրաքաղաք Ստեփանակերտն է թիրախաւորւել ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից, ինչի հետեւանքով երկու քաղաքացիական անձ է վիրաւորւել․ մէկը արձանագրւել է ծննդատան յարակից հատւածում, միւսը՝ կենտրոնական շուկային յարակից հատւածում: «Սա նշանակում է, որ ադրբեջանական ԶՈՒ-երը շարունակում են դիտաւորեալ կերպով թիրախաւորել քաղաքացիական բնակչութեանը եւ քաղաքացիական օբիեկտները եւ չեն պահում միջազգային պայմանաւորւածութիւնները: Երէկ թիրախաւորւել է նաեւ Շուշին, Մարտունին, այլ բնակավայրեր, այդ թւում՝ կասետային զինատեսակներով, ինչը միջազգային իրաւունքով արգելւած զինատեսակ է՝ յատկապէս քաղաքացիական օբիեկտների շրջակայքում»,- նշեց ՄԻՊ-ը:

Նա նշեց, որ մեր կորուստների ու վիրաւորների զգալի մասը հէնց կասետային զինատեսակներից է արձանագրւել:

Յարակից լուրեր