Հա

Քաղաքական

04/11/2020 - 13:40

«Լեռնային Ղարաբաղի հայերն ինչ-որ առումով կռւում են նաեւ Եւրոպայի անվտանգութեան համար». ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը հանդիպում է ունեցել մի շարք երկրներից ժամանած սփիւռքահայ եւ օտարերկրացի քաղաքական-հասարակական գործիչների, միջազգային հեղինակաւոր լրատւամիջոցների ներկայացուցիչների հետ:

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը հանդիպում է ունեցել մի շարք երկրներից ժամանած սփիւռքահայ եւ օտարերկրացի քաղաքական-հասարակական գործիչների, միջազգային հեղինակաւոր լրատւամիջոցների ներկայացուցիչների հետ: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը տեղեկացնում է, որ նրանք Հայաստանում են Հայկական բարեգործական ընդհանուր միութեան (ՀԲԸՄ) նախաձեռնութեամբ եւ այցելելու են նաեւ Արցախ:

Հանդիպմանը ՀՀ նախագահին մասնաւորապէս հարցեր են ուղղւել Թուրքիայի աջակցութեամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծւած ռազմական ագրեսիայի, հակամարտութեան կարգաւորման հարցում միջազգային հանրութեան դերի, սփիւռքի աջակցութեան մասին:

Պատասխանելով պատերազմ սկսելու մասին եւրոպացի լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսեանն ընդգծել է, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը. «Հայե՛րը չեն սկսել այս պատերազմը, նրա՛նք չեն սկսել հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը: Եւ կարիք չկայ սա ապացուցել, քանի որ հայերը պատճառ չունեն պատերազմ սկսել: Ինչպէ՞ս կարող ես կառուցել դպրոց, հիւանդանոց, ճանապարհ, եկեղեցի, ապա պատերազմ սկսել: Սա տրամաբանական չէ: Ակնյայտ է, որ Ադրբեջանն է Թուրքիայի հետ սկսել պատերազմը»:

Նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի պնդումները, թէ իբր իրենք ազատագրում են իրենց տարածքները, իրականում միջազգայնօրէն ընդունւած այլ ձեւակերպում ունի եւ կոչւում է «էթնիկ զտում», քանի որ նրանք ձգտում են վերցնել տարածքը՝ ոչնչացնելով հազարամեակներով այնտեղ բնակւող էթնիկ հայերին. «Նրանք հիմա ոչնչացնում են դպրոցներ, հիւանդանոցներ, անմարդկային արարքներ են իրականացնում՝ ոչնչացնելով նաեւ մարդկային կեանքեր՝ տարեցների, երեխաների, երիտասարդների»:

Անդրադառնալով Թուրքիայի ներգրաււածութեանը՝ նախագահ Սարգսեանը նշել է, որ Թուրքիան լիակատար ռազմաքաղաքական աջակցութիւն է ցուցաբերում Ադրբեջանին՝ դա պատճառաբանելով մի շարք, այդ թւում՝ էթնիկ եղբայրութեան, միջազգային ենթակառուցւածքների պաշտպանութեան գործօններով: Մինչդեռ իրականում Թուրքիային նպատակը տարածաշրջանում հաստատւելն է եւ նոյն այդ միջազգային ենթակառուցւածքները կառավարելը. «Այդքան մերձենալով Թուրքիայի հետ՝ Ադրբեջանը կորցնում է ինքնիշխանութեան մի մասը: Աւելի ու աւելի շատ են փաստերն այն մասին, որ Բաքւում որոշումներն ընդունւում են Թուրքիայի խորհրդով»:

Միաժամանակ, Հայաստանի նախագահն ընդգծել է, որ պէտք է տարանջատել Թուրքիայի ժողովրդին եւ Թուրքիայի կառավարութեանը. «2007 թւականին, երբ այս կառավարութիւնն այդքան ուժեղ չէր, եւ Թուրքիան այլ երկիր էր, յայտնի հայազգի լրագրող Հրանտ Դինքը Ստամբուլում սպանւեց իր խմբագրատան դիմաց: Ես շատ լաւ յիշում եմ, թէ ինչպէս նրա յուղարկաւորութեան օրը հարիւր հազարաւոր թուրքեր դուրս եկան փողոց եւ յայտարարեցին, որ իրենք Հրանտ Դինքն են: Ես խօսում եմ Թուրքիայի ներկայիս կառավարութեան ու նրա քաղաքականութեան մասին»:

ՀՀ նախագահ Սարգսեանն ընդգծել է պատերազմի դադարեցման անհրաժեշտութիւնը: «Այժմ սա պատերազմ է ոչ միայն մեր ժառանգութեան, մշակոյթի, գոյատեւման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար,- ասել է Արմէն Սարգսեանը: -Լեռնային Ղարաբաղի հայերն ինչ-որ առումով կռւում են նաեւ Եւրոպայի անվտանգութեան համար: Եթէ մենք այսօր չդադարեցնենք Թուրքիայի յաւակնութիւնները Ադրբեջանում, եւ Թուրքիան կառավարի Ադրբեջանը, մենք կունենանք մի իրավիճակ, երբ Եւրոպան եւս կը տուժի:

Կարծում եմ, որ եթէ Թուրքիայի ներգրաււածութեան գործօնը չլինէր, Հայաստանն, Արցախը եւ Ադրբեջանը հրադադար կունենային: Ամէն անգամ հրադադարը խախտւել է ոչ թէ հայկական, այլ՝ հակառակորդի կողմից: Ես՝ որպէս Հայաստանի Հանրապետութեան նախագահ, կարծում եմ, որ ռազմական լուծում չկայ»:

Պատասխանելով հարցին, թէ այս դժւարին օրերին ինչն է յուսադրում իրեն՝ նախագահ Սարգսեանը մասնաւորապէս ասել է. «Երբ խօսում ես յոյսի մասին, թւում է, թէ չգիտես ինչ ես անում եւ միայն յոյս ունես: Ես ամէն օր տքնաջան աշխատում եմ, գիտեմ՝ ինչ եմ անում եւ վստահ եմ, որ, ի վերջոյ, Արցախը յաղթելու է, քանի որ մեր դէպքում յաղթանակը սեփական տունը, արժէքները, ժառանգութիւնը պաշտպանելն է: Երեսուն տարի առաջ՝ առաջին պատերազմի ժամանակ մեր միջազգային շատ գործընկերներ ասում էին, որ Արցախի հայերը պէտք է դադարեցնեն կռւելը, քանի որ Ադրբեջանը մեծ է եւ ունի Թուրքիայի աջակցութիւնը: Սակայն 1994 թւականին նոյն մարդիկ ինձ ասում էին, որ Հայաստանը Կովկասում ունի ամենահզօր բանակը: Ուստի՝ յոյսով չեմ ապրում, այլ՝ տքնաջան աշխատում եմ այդ յաղթանակի համար»:

Ի պատասխան սփիւռքի դերի եւ նրա աջակցութեան մասին հարցի՝ ՀՀ նախագահ Սարգսեանն ընդգծել է, որ Հայաստանի ուժը ողջ հայ ժողովուրդն է. «Տարիներ առաջ եւ այսօր եւս ինձ նոյն հարց են տալիս, թէ ի՞նչն էր, որ 1990-ականների սկզբին հայերին բերեց յաղթանակի, ի՞նչ ունէին նրանք: Նրանք զէնք, էներգետիկ ռեսուրսների մեծ թւաքանակ չունէին, իսկ ի՞նչ ունէին: Իմ պատասխանը հետեւեալն է՝ մենք ունէինք մէկս միւսին: Եւ դա է ամենահզօր բանը, որ կարող ես ունենալ: Մարդկային արժէքն է, որ միշտ էական է: Դու կարող ես ունենալ ամենամեծ բանակը, ամենաշատ գումարը, սակայն եթէ չունենաս մարդկանց, որոնք միասնական հաւատում են ինչ-որ բանի, ապա երբեք չես յաղթի: Երեսուն տարի առաջ մենք ունէինք մէկս միւսին, եւ այսօր եւս այդպէս է: Հիմա էլ մէկս միւսին ունենք՝ Արցախի հայերը, այստեղի հայերը եւ Սփիւռքի հայերը, կապ չունի նրանք 8, 10 թէ 12 միլիոն են»:

ՀՀ նախագահ Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել բոլորին, ովքեր Սփիւռքում ջանքեր են ներդրել Հայաստանին, Արցախին աջակցելու համար: «Եթէ ցանկանում էք ֆինանսական աջակցութիւն ցուցաբերել Հայաստանի Հանրապետութեանը եւ Արցախին՝ կառուցելու, այլ ոչ թէ պատերազմի համար, դա արէք «Հայաստան» Համահայկական հիմնադրամի միջոցով: Սփիւռքի ներուժը շատ աւելի մեծ է: Մեզ անհրաժեշտ է կազմակերպւածութիւն, կարգապահութիւն, նւիրւածութիւն, քանի որ միւս բոլոր բաղադրիչներն առկայ են: Յոյս եմ յայտնում, որ այս պատերազմը յաղթելով, մեր հայրենիքը պաշտպանելով եւ թոյլ չտալով եւս մէկ ցեղասպանութեան իրականացում մենք վերջապէս կը հասկանանք Սփիւռքի ուժը, որը ներառում է նաեւ Հայաստանի եւ հայերի բարեկամներին: Մենք ունենք նաեւ իսկական ընկերների աջակցութիւնը, որոնք հայեր չեն, սակայն մեզ հետ կիսում են մարդկային արժէքները,- ասել է Հայաստանի նախագահը: -Մեր դէպքում պատերազմի յաղթանակը ագրեսիա չէ, ուրիշների հողը զաւթել չէ, դա մեր, ձեր տան պաշտպանութիւնն է:

Օգնէք մեզ պաշտպանել մեր պատմութիւնը, մեր մշակոյթը, մեր հաւատքը, մեր ժառանգութիւնը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։