Արցախի սուբիեկտայնութեան հարցը մեզ համար նոր հարց չէ, բայց այսօրւայ իրողութիւնները, իրավիճակն առաւել ընդգծում է մէկ պարզ իրողութիւն, որ դա մշտապէս եղել է գերակայութիւն:
«alikonline.ir» - Արցախի սուբիեկտայնութեան հարցը մեզ համար նոր հարց չէ, բայց այսօրւայ իրողութիւնները, իրավիճակն առաւել ընդգծում է մէկ պարզ իրողութիւն, որ դա մշտապէս եղել է գերակայութիւն:
Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների ու ֆինանսաւարկային եւ բիւջետային հարցերի մշտական յանձնաժողովների նիստին ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանը: Գրում է Tert.am-ը:
«Արցախը որեւէ ապագայ Ադրբեջանի կազմում չի ունեցել եւ չունի, նման իրավիճակը նշանակում է Արցախը առանց հայերի, դա չի լինելու: Սա առաւել ընդգծւած է այսօր, սա առաւել ընդգծում է մեր՝ ոչ թէ արտաքին քաղաքականութեան, այլ համազգային նպատակը: Ես չեմ կարծում, որ որեւէ հայ, որտեղ էլ նա գտնւի, կարող է համակերպւել որեւէ մտքի հետ, որ մեր 150 հազար հայրենակիցները Ղարաբաղում, որոնք այսօր պահապանն են մեր ինքնութեան ամրութեան, կարող են ենթարկւել վնասի»,- ասաց նա եւ նշեց, որ մեր համազգային ռեսուրսը ուղղւած է դրան:
«Մենք սկզբունքօրէն հիմնական մեր բոլոր գործընկերների հետ աշխատում ենք անմիջապէս՝ բոլոր մակարդակներով՝ ամենաբարձրից սկսած եւ որեւէ դեֆիցիտ չունենք աշխատելու»,- ասաց նա եւ նշեց, որ նոյնիսկ ինքը կարող է ասել, որ գուցէ հնարաւոր էր ինչ-որ բան մի քիչ աւելի դանդաղ անել, կամ արագ, բայց վստահեցրեց, որ նպատակից երբեք չեն շեղւել:
«Ես յստակ կարող եմ ասել, որ Կառավարութեան քաղաքականութիւնը եղել է շատ հետեւողական եւ կայուն»,- ասաց նա եւ նշեց, որ սահմանափակւած չեն իրենց շփումների մէջ ցանկացած մակարդակում: