Հա

Քաղաքական

05/11/2020 - 13:50

Միջազգային հանրութիւնը ձախողել է. ՀՀ նախագահի հարցազրոյցը Շւեդիայի հանրային ռադիոյին

Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեանը կարծում է, որ միջազգային հանրութիւնը բաւականաչափ վճռականօրէն չի արձագանքում բռնկւած պատերազմին: Նա ասում է, որ աշխարհի առաջնորդները թերագնահատում են Թուրքիայի դերը հակամարտութիւնում:

«alikonline.ir» - Շւեդիայի հանրային Sveriges Radio AB-ն հաղորդում է հեռարձակել Արցախի դէմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի եւ դրանում Թուրքիայի ներգրաււածութեան վերաբերեալ՝ հեռարձակելով հատւածներ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի հետ հարցազրոյցից: Ըստ «Արմէնպրես»-ի՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը:

«Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեանը կարծում է, որ միջազգային հանրութիւնը բաւականաչափ վճռականօրէն չի արձագանքում բռնկւած պատերազմին: Նա ասում է, որ աշխարհի առաջնորդները թերագնահատում են Թուրքիայի դերը հակամարտութիւնում: Մեզ հետ բացառիկ հարցազրոյցում նախագահ Սարգսեանն ընդգծում է, որ եթէ չլինէր Թուրքիայի ներգրաււածութիւնը՝ ռազմական գործողութիւններն արդէն աւարտւած կը լինէին»,- նշում է լրագրողը՝ մէջբերելով ՀՀ նախագահ Սարգսեանի խօսքը. «Եթէ հարցը լինէր միայն Ադրբեջանը, ապա պատերազմն արդէն դադարեցւած կը լինէր երկրորդ, երրորդ շաբաթից: Այստեղ խնդիրը թուրքական սարքաւորումներն են, թուրքական ժամանակակից ԱԹՍ-ները, տեխնոլոգիաները, F-16 կործանիչները, ուսուցում անցած զինւորները, հրահանգիչները, սպաները, գեներալները, ովքեր, ըստ էութեան, ղեկավարում են գործողութիւնները: Մենք բոլորս գիտենք, որ Թուրքիան ունի աշխարհի ամենամեծ բանակներից մէկը, եւ դա աշխարհի ամենաագրեսիւ բանակներից է: Նրանք անդադար պատերազմի մէջ են՝ Իրաքում, Սիրիայում, հիմա էլ այստեղ: Կուզէի, որ միջազգային հանրութիւնը գործէր աւելի արագ, իրական ճնշում գործադրէր Թուրքիայի վրայ, քանի որ այդ երկիրն անկայունութեան աղբիւր է: Թուրքիան է, որ Ադրբեջանին թոյլ չի տալիս համաձայնել հրադադարի, Թուրքիան է ցանկանում շարունակել հակամարտութիւնը, քանի որ որքան այն երկար շարունակւի այնքան ինքն աւելի խոր ներկայութիւն կը հաստատի Ադրբեջանում»:

Նշելով, որ դիւանագիտական փորձառութեամբ նախագահն իր միջազգային կապերն է օգտագործում՝ աշխարհին տեղեկացնելու, թէ ինչ է կատարւում Ղարաբաղում, լրագրողն ընդգծում է, որ հակամարտութիւնում Թուրքիայի ներգրաււածութիւնը շատ զգայուն հարց է Հայաստանի ու հայերի համար, որոնց մէջ ապրում են աւելի քան հարիւր տարի առաջ Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան յիշողութիւնները: «Բայց ՀՀ նախագահ Սարգսեանն ընդգծում է մէկ այլ խնդիր եւս. Թուրքիան, իր ներկայիս ղեկավարութեամբ, փորձում է ռազմական եղանակով իր ազդեցութիւնը տարածել, այս անգամ արդէն՝ Հարաւային Կովկասում»,- նշում է լրագրողը՝ մէջբերելով նախագահ Սարգսեանին.

«Միջազգային հանրութիւնը բաց է թողել Թուրքիայի շատ ագրեսիւ նկրտումները, որոնք կան վերջին տասնամեակում: Միջազգային հանրութիւնը ձախողել է՝ թոյլ տալով Թուրքիային ունենալ այն վարքագիծը, որը կայ այսօր: Նրանց չկանգնեցրին Սիրիայում, Իրաքում, այժմ արդէն՝ Լիբանանի հիւսիսում: Նրանց չկանգնեցրին Միջերկրական ծովի արեւելքում, չկանգնեցրին, երբ նրանք խախտեցին Կիպրոսի տարածքային ամբողջականութիւնը՝ գրաւելով դրա կէսը: Նրանք խախտել են Իրաքի, Սիրիայի տարածքային ամբողջականութիւնը, իսկ այժմ եկել ու խօսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մասին: Հէնց սա է, որ միջազգային հանրութիւնն անտեսում է, չի ցանկանում նկատել: 

Ինչպէ՞ս կարող ես ունենալ ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որը նման վարքագիծ է դրսեւորում: Ինչպէ՞ս կարող ես բանակցել մի պետութեան հետ, որը յայտարարում է ԵՄ անդամ դառնալու ցանկութեան մասին, սակայն նրա գործողութիւններն ամբողջովին հակասում են եւրոպական բոլոր արժէքներին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։