Այս պահին ռազմական գործողութիւններ են տեղի ունենում Շուշիի ներսում եւ շրջակայքում: Այս մասին հանրային ՀԸ եթերում «Հարցազրոյց» հաղորդման ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանը։
«alikonline.ir» - Այս պահին ռազմական գործողութիւններ են տեղի ունենում Շուշիի ներսում եւ շրջակայքում: Այս մասին հանրային ՀԸ եթերում «Հարցազրոյց» հաղորդման ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանը:
Նրա խօսքով, մեր զօրքերը հերոսական պայքար են մղում Շուշին պաշտպանելու եւ որոշ դիրքեր, որտեղ որ արդէն յայտնւել են ադրբեջանական կամ վարձկան ուժերը, դրանց չէզոքացնելու եւ լիարժէք մեր ձեռքը վերադարձնելու ուղղութեամբ:
«Հիմա բարդ է ասել՝ թէ ով է վերահսկում Շուշին: Վաղ առաւօտից եւ ամբողջ ցերեկ յամառ մարտեր են եղել եւ յստակ ասել, թէ ումն է այս պահին նախաձեռնութիւնը, դժւար է ասել: Իրենք երէկ ցերեկը եւ գիշերը սկսել էին մեծ խմբերով ներթափանցել քաղաք եւ մերոնք կատարելով վերախմբաւորում, անցել են հակառակ գործողութիւն: Շուշիում չկայ կողմ, ով ունի լիարժէք վերահսկողութիւն եւ լիարժէք նախաձեռնողականութիւն քաղաքի եւ շրջակայ տարածքների նկատմամբ»,- ասաց Պն ներկայացուցիչը:
«Շուշիի վերասբերեալ վաղաժամ գնահատականներ չտանք ոչ լաւատեսական, ոչ առաւել եւս վատատեսական, ուղղակի վստահենք ու հաւատանք մեր զօրքին, որն ամբողջ օրը յամառ ու գրագէտ պայքար է մղել բոլոր զօրատեսակներով: Կարելի է ասել, որ Շուշիի համար առանձին ճակատամարտը, որը 3-4 օր անդադար ընթանում է տարբեր փուլերով, վաղը վերջնական պարզ կը լինի: Վաղաժամ ոչ մի յստակ գնահատական չեմ ուզում տալ, քանի որ իրավիճակը շատ արագ փոխւում է: Ենթադրում եմ, որ վաղը Շուշիի համար ճակատամարտը կաւարտւի»,- ասաց Յովհաննիսեանը:
Դիտարկմանը, որ Ալիեւը յայտարարեց, որ Շուշին գրաւել են, իսկ Էրդողանը շնորհաւորեց, Արծրուն Յովհաննիսեանը պատասխանեց, որ Ալիեւն այս ամբողջ ընթացքում շատ ու շատ բնակավայրեր էր յայտարարել, որ վերցրել են, բայց այդպէս չէ:
«Առնւազն շատ դէպքերում շատ աւելի շուտ էր յայտարարում, քան դա լինում էր եւ որոշ բաներ էլ յայտարարում է, բայց դա այդպէս չէ: Ես չէի ուզենայ, որ մեր հասարակութիւնը յենւէր Ալիեւի յայտարարութիւնների վրայ»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը: