Հա

Քաղաքական

09/11/2020 - 23:20

«ՊԲ ստորաբաժանումները վճռականօրէն պաշտպանում են Շուշին». Սուրէն Սարումեան

Պաշտպանութեան բանակի ներկայացուցիչ Սուրէն Սարումեանն ընդգծում է, որ վերջին 3-4 օրերի ընթացքում հակառակորդը ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղութեամբ: Նրա խօսքով՝ այդ ժամանակահատւածում ընթացել են համառ մարտեր:

«alikonline.ir» - Պաշտպանութեան բանակի ներկայացուցիչ Սուրէն Սարումեանն ընդգծում է, որ վերջին 3-4 օրերի ընթացքում հակառակորդը ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղութեամբ: Նրա խօսքով՝ այդ ժամանակահատւածում ընթացել են համառ մարտեր: 

Պաշտպանութեան բանակի ստորաբաժանումները պաշտպանել են եւ վճռականօրէն պաշտպանում են Արցախի խորհրդանիշերից մէկը՝ հինաւուրց բերդաքաղաք Շուշին, եւ պատրաստ են, վճռականօրէն տրամադրւած են պատւով կատարել իրենց խնդիրը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ Սարումեանն այս մասին ասաց նոյեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Օրւայ ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղութեամբ, գրոհող ստորաբաժանումները, խմբաւորումները յայտնաբերւել են եւ ենթարկւել են կրակային ներգործութեան ու կրել են մեծ կորուստներ: Նշեմ, որ այդ հատւածում յաջողւել է գերեվարել 2 ադրբեջանցի զինծառայողի»,- մանրամասնեց Սարումեանը:

Նրա խօսքով՝ Շուշիի ուղղութեամբ մարտական գործողութիւնները դեռ շարունակւում են: «Կայ այսպիսի մի նրբութիւն: Մարտական գործողութիւնների տրամաբանութիւնը ենթադրում է  գործողութիւնների զարգացում, ենթադրում է որոշակի ժամանակահատւած, որի ընթացքում տեղի են ունենում այլ գործողութիւններ: Մարտական գործողութիւնների արդիւնքների մասին կարելի է խօսել ամբողջութեան մէջ, երբ դրանք մօտենում են աւարտին կամ արդէն աւարտւել են: Այս առումով ցանկանում եմ վստահեցնել մեր հայրենակիցներին, որ մարտական գործողութիւնների աշխարհագրութիւնը ենթադրում է նաեւ գաղտնիութեան որոշակի նկատառումներ: Այդ իսկ պատճառով երբեմն նպատակայարմար չէ խօսել նոյնիսկ տարածքային ձեռքբերումների մասին: Ամէն դէպքում մենք մեր ժողովրդից ոչինչ չունենք թաքցնելու, խնդրում ենք վստահել պաշտօնական տեղեկատւութեանը եւ հետեւել միայն պաշտօնական աղբիւրներին»,- ասաց նա:

Սարումեանի խօսքով՝ մարտական գործողութիւնների առանձնայատկութիւններից մէկն այն է, որ ադրբեջանական կողմը կարողացել է որոշ ուղղութիւններում ներթափանցել Արցախի բուն տարածք: «Այն հատւածներում, որոնք համարւում են անվտանգութեան գօտի, մեր նահանջը պայմանաւորւած է եղել յաճախ մարտավարական նկատառումներով: Այսինքն՝ երբ գործ ունենք հարթավայրային տարածքի հետ, իսկ աւելի նպաստաւոր բնագծեր կարելի է զբաղեցնել բարձունքներում, աւելի նպատակայարմար է կատարել խուսավարում եւ զբաղեցնել այդ բարձունքները՝ հակառակորդի գործողութիւններին առաւել արդիւնաւէտ հակազդելու, նրան առաւել արդիւնաւէտ խոցելու համար: Արցախի տարածքում կատարւող գործողութիւնները հակառակորդին չեն ներւելու: Վստահ եղէք, որ բանակը կարողանալու է ջարդել հակառակորդին, կարողանալու է զսպել նրա զաւթողական նկրտումները եւ կարողանալու է անվերապահօրէն կատարել իր խնդիրը: Զօրքերի տրամադրութիւնը մարտական է, վատատեսական տրամադրութիւններ չկան, տղաները ամուր են ոգով եւ պատրաստ են մինչեւ վերջ պաշտպանել իրենց հայրենիքը»,- նշեց Սարումյանը:

Նա յաւելեց, որ հակառակորդը մարտական գործողութիւններ ձեռնարկել է ռազմաճակատի միւս հատւածներում: «Իւրային զօրքերը որոշ հատւածներում զբաղեցրել են աւելի նպաստաւոր բնագծեր: Օրւայ ընթացքում տարբեր ուղղութիւններում ոչնչացւել է թշնամական ուժերին պատկանող մէկ տանկ, 4 միաւոր աւտոտեխնիկա եւ 8 ԱԹՍ: Հարաւ-արեւմտեան հատւածում ընթացող գործողութիւնների ընթացքում բանակային ստորաբաժանումներին յաջողւել է որպէս ռազմավար վերցնել հակառակորդի մէկ տանկ, հրետանային միջոցներ»,- ասաց Սուրէն Սարումեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։