Հա

Քաղաքական

12/11/2020 - 14:00

«Քաղբանտարկեալների բոյլը Հայաստանում մեծանում է»․ Լիլիթ Գալստեան

Քաղբանտարկեալների բոյլը Հայաստանում մեծանում է՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը մամուլի ասուլիսում՝ խօսելով այսօրւայ ձերբակալութիւնների մասին, որոնք համալրեցին երէկ հանրահաւաքի ընթացքում բերման ենթարկւած 79 անձանց եւ այս պահին ՀՔԾ-ում գտնւող 10 ձերբակալւածների թիւը։

«alikonline.ir» - Քաղբանտարկեալների բոյլը Հայաստանում մեծանում է՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը մամուլի ասուլիսում՝ խօսելով այսօրւայ ձերբակալութիւնների մասին, որոնք համալրեցին երէկ հանրահաւաքի ընթացքում բերման ենթարկւած 79 անձանց եւ այս պահին ՀՔԾ-ում գտնւող 10 ձերբակալւածների թիւը։

Այսօր հէնց ասուլիսից առաջ ԱԱԾ-ն գրասենեակից տարել է բանախօսներին՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծւիկ Մինասեանին, «Հայրենիք» կուսակցութեան խորհրդի անդամ Արսէն Բաբայեանին եւ «Ազգային օրակարգ» կուսակցութեան քաղխորհրդի նախագահ Արա Յակոբեանին։

Ասուլիսն, այնուամենայնիւ, կայացաւ այլ բանախօսների մասնակցութեամբ։

«Քաղաքական բանտարկեալներ մենք Հայաստանում ունենք հէնց երէկւանից, որովհետեւ, մեր հանրահաւաքը դեռ չսկսւած, արդէն Ազատութեան հրապարակում սկսւել էր այլախոհների որսը։ Գնահատականը մէկն է՝ Արցախում սեւ գործը կատարած քաղաքական իշխանութիւնը որոշել է նաեւ Հայաստանում որդեգրել ռեպրեսիաների, քաղաքական բռնաճնշումների քաղաքականութիւն՝ փորձելով բռնութեան գործիքներով լռեցնել հայ ժողովրդի ցասումը, ընդվզումը, վիրաւորանքը, արժանապատւութիւնը»,- ասաց Լիլիթ Գալստեանը։

Նա վստահեցրեց, որ լռեցնել չի յաջողւի, որովհետեւ 17 կուսակցութիւնների ներկայացուցիչները, որ ղեկավարում են բողոքի ալիքը, որովհետեւ հայ ժողովուրդը իրենց հետ է, չեն պատրաստւում ընդունել հայ ժողովրդի պատմութեան մէջ արձանագրված այս սեւ էջը։

«Որովհետեւ մեզ համար թանկ են մեր երազանքները, մեզ համար թանկ է մեր որդիների թափած արիւնը, մեզ համար թանկ է մեր երկրի ճակատագիրն ու արժանապատւութիւնը։ Մենք վստահ ենք, որ մեր այս տեսակէտները կիսում է մեր հասարակութեան ճնշող մեծամասնութիւնը թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում»,- ասաց Լիլիթ Գալստեանը։

Նա ընդգծեց, որ այսօր գործ ունենք կապիտուլեացիա իրականացրած մի քաղաքական իշխանութեան հետ։ Հէնց այսօր նա նայել է կադրերը, թէ ինչպէս է Շուշիում հնչում նամազը եւ զգացել, որ աւելի մեծ ապտակ, աւելի ցաւալի պատկեր Ցեղասպանութիւնից յետոյ դժւար է յիշել։ Սա հայրենազրկում է։

«Այն քաղաքական իշխանութիւնը, որը յայտարարում էր, որ ժողովրդի ընտրեալն է, լեգիտիմ է, բարոյական է․․․ ո՞ւր էր ձեր բարոյականութիւնը, երբ պատասխանատւութիւն ունէիք, կարող էիք գալ ԱԺ՝ լսելու ձեր ժողովրդի ձայնը, այնինչ կապիտուլեացիայի գիշերը վարչապետը յետեւի դռնից փախել է։ Այնինչ 3 ու կէս տարի առաջ մենք բոլորս ՀՀ վարչապետներ էինք։ Ես ուզում եմ ասել՝ սիրելի՛ 3 միլիոն վարչապետներ, ձեր թիկունքում ստորագրւել է կապիտուլեացիոն ստորացուցիչ, անարժանապատիւ, մեր հեռանկարը մթագնող մի յայտարարութիւն»,- ասաց Լիլիթ Գալստեանը։

Այս երեւոյթին նա «ազգային դաւաճանութիւն» գնահատականը տւեց։

«Եթէ դուք վստահ էք ձեր գործունէութեան մէջ, հիմա բունկերներում դուք չէիք թաքնւի, որովհետեւ դուք համարձակութիւն չունէք դուրս գալու եւ ժողովրդի երեսին ասելու, թէ ինչպէս վաճառւեցին մեր քաղաքական երազանքները, մեր երկրի հեռանկարը եւ ապագան»,- ասաց նա։

Լիլիթ Գալստեանը վստահեցրեց, որ այս շարժման մասնակիցներին քաղաքական ճնշումներով հնարաւոր չէ վախեցնել․ «Մենք բոլորս քաղաքական բանտարկեալ ենք եւ վստահ ենք, որ բոլորս պէտք է պայքարենք մի մարդու պէս»։

17 կուսակցութիւնների օրակարգը չի փոխւել, այսօր՝ ժամը 17-ին, Մատենադարանի մօտից կը մեկնարկեն հանրահաւաքն ու երթը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։