Հա

Քաղաքական

15/11/2020 - 11:55

«Երբ պէտք է հեռանայ Նիկոլը եւ արդեօք նա աւարտել է իր «առաքելութիւնը»». Միքայէլ Մինասեան

Նիկոլը պէտք է հեռանայ, որովհետեւ առաջիկայում սպասւող միջպետական փաստաթուղթը կարող է դառնալ մեր հայրենիքի կորստի վերջին մեխը։ Պատերազմից յետոյ աւելի ճակատագրական են այս բանակցութիւնները։ Նա տալու է ամէն ինչ։ Զիջելու է՝ ինչ ուզեն։

«alikonline.ir» - Միջազգային հանրութիւնը լռում է, որովհետեւ Նիկոլից աւելի յարմար ղեկավար չի եղել՝ կառավարելի, վախկոտ եւ պաշտօնամոլ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ֆէյսբուքեան իր էջում գրել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը։

Նա, մասնաւորապէս, նշել է.

«Երբ պէտք է հեռանայ Նիկոլը եւ արդեօք նա աւարտել է իր «առաքելութիւնը»

Ամենայաճախ հնչող հարցը հետեւեալն է. ինչո՞ւ պէտք է Նիկոլը հեռանայ հէնց հիմա: Յատկապէս, որ Արցախի կապիտուլեացիայի յայտարարութիւնից բխող խաղաղարար մեխանիզմների կիրարկմանը մնացել է 12 ժամ, վերջանում է 00:00-ին:

Ի՞նչ կարող են անել նոր բանակցողները։

Պատասխանը շատ յստակ է, բայց մինչեւ այդ ցանկանում եմ հիմնաւորել, որ այս դաւաճանի ստորագրած փաստաթուղթը ծրագրւած օպերացիա էր, որի սկիզբը դրւեց 2.5 տարի առաջ։

Այդ ծրագրի համար Նիկոլին պէտք էր.

- Իշխանութիւն՝ Հայաստանում:

- Խամաճիկային իշխանութիւն՝ Արցախում:

- Գրպանային Ազգային ժողով:

- Հնազանդ Սահմանադրական դատարան:

- Եւ վերջում էլ մի մարդ, որն ամէն ինչ կը ստորագրի։ Դա էլ անիմաստ նախագահն է։

Նիկոլը գրեթէ առանց դիմադրութեան հաւաքեց այդ ծրագրի իրականացմանն անհրաժեշտ գործիքները։ ՍԴ-ն իհարկէ դիմադրեց որքան կարողացաւ, բայց ի վերջոյ Նիկոլը դա էլ վերցրեց։

ՍԴ-ն «սեփականաշնորհելուց» ուղիղ 10 օր անց՝ սեպտեմբերի 25-ին նա տապալեց բանակցութիւնները յայտարարելով, թէ «իշխանութիւնը հօրից ժառանգած» Ալիեւի հետ բանակցելն իմաստ չունի, քանի որ նա չի վայելում «Ադրբեջանի ժողովրդի մանդատը»: Նիկոլը երկիրը ներքաշեց պատերազմի մէջ եւ համաձայնեց կապիտուլեացիայի՝ մերժելով նախքան այդ Ռուսաստանի կողմից արւած բոլոր հայամէտ միջնորդութիւնները:

Իսկ մինչեւ այդ ժողովրդին պէտք էր մոլորեցնել, թէ մտածում է բանակի մասին։ Եւ սկսեց ռազմական ուժի եւ հայրենասիրական «դուխի» բուտաֆորիայի ստեղծումը.

  1. Ժողովրդին մանիպուլացնելով եւ պսեւդօ-հայրենասիրական հանդիսաւորութեամբ Աշոտիկին ուղարկեց բանակ եւ յետ բերեց ճիշտ ժամանակին:
  2. Գնեց հակաօդային պաշտպանութեան բարոյապէս հնացած համակարգ՝ փող աշխատելով օֆշորային գործարքից եւ անպաշտպան թողնելով Արցախի ու Հայաստանի երկինքը:
  3. Թանկ գնով ու մեծ աղմուկով գնեց ՍՈՒ-30-եր՝ առանց մարտագլխիկի, որոնք ամբողջ պատերազմի ընթացքում նոյնիսկ մէկ օր, նոյնիսկ մէկ ժամ օդ չբարձրացան:
  4. Ընդգծւած ոչինչ չարեց, երբ ակնյայտ էր, որ Ադրբեջանը, թուրքական եւ այլ երկրների արտադրութեան ԱԹՍ-ներ ներգրաւելով, հաշւած ամիսների ընթացքում ռազմական բալանս է խախտում:
  5. Հետեւողականօրէն քանդեց բանակի մատակարարման ամբողջ համակարգը՝ զէնքի եւ զինամթերքի ռուսական անվճար մատակարարումից մինչեւ սննդի՝ էլեմենտար հարցեր:
  6. Սկսեց բանակի սննդի մատակարարման «կլուբնիկ» օպերացիան, որը յանգեցրեց նրան, որ պատերազմը սկսելուց օրեր անց մասնաւորները օբիեկտիւօրէն չկարողացան ապահովել կռւող զօրքի սնունդը։
  7. Սորոսականների լոբբինգով ԱԱԾ տնօրէն նշանակւած Արգիշտի Քեարամեանի եւ Անվտանգութեան խորհրդի քարտուղար, յայտնի հակառուս Արմէն Գրիգորեանի նշանակումների պատճառով՝ երկիրը զրկեց գործընկերների կողմից փոխանցւող հետախուզական եւ հակահետախուզական տւեալներից, թէեւ փաստերով Նիկոլին տեղակացրել էին այդ երկուսի՝ օտարերկրեայ գործակալ լինելու մասին։
  8. Արցախի Անվտանգութեան խորհրդի քարտուղար եւ արտգործնախարար նշանակեց մարդկանց, որոնք երկուսն էլ «պերսոնա նոն գրատա» էին ՌԴ-ում եւ նրանց մուտքը Ռուսաստան պաշտօնապէս փակ է առաջիկայ տարիներին: Նախքան նրանց նշանակումը, այդ մասին պաշտօնապէս տեղեկացւել էր ՀՀ իշխանութեանը: Նրանք միեւնոյն է նշանակւեցին։
  9. «Լաւ հաշւարկւած» օպերացիայի շնորհիւ՝ վատթարացան Իրանի հետ յարաբերութիւնները, որի արդիւնքում վերջին 30 տարում քաղաքականապէս հայամէտ Թեհրանը պատերազմի օրերին միառժամանակ փակեց իր օդային տարածքը Հայաստան մատակարարւող օդանաւերի համար եւ դրսեւորեց ընդգծւած պրոադրբեջանական կեցւածք։
  10. Վերջնականապէս ու հիմնաւոր փչացրեց յարաբերութիւնները ՀԱՊԿ-ի հետ։ Դրա պատճառը Իւրի Խաչատուրովի կալանքն էր, որը Նիկոլի համար դարձել էր սկզբունքի հարց: Արդիւնքում՝ Խաչատուրովն այդպէս էլ չկալանաւորւեց, իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ում անյուսալի գործընկերոջ համբաւ ձեռք բերեց:

Այս ցանկը չափազանց երկար է։ Ու քանի որ Արցախի յանձնումը մեծ ու ծանր օպերացիա էր, ապա Նիկոլը նաեւ պէտք է հոգար հանրային տրամադրութիւնների մասին։ Այդ նպատակով.

- Դիւական օրէնքներ ընդունեց ու լռեցրեց ազատ խօսքը։

- Աննայի հետ կառուցեց ստի վրայ հիմնւած ռազմական պրոպագանդայի համակարգ՝ բաղկացած ամենահաւատարիմներից:

- Ստեղծեց հայկական ֆէյք օգտատէրերի 20.000-անոց այնպիսի «բանակ», որ ցանկացած իրականութիւն կարող էին խեղել, ցանկացածին կարող էին լռեցնել։

Ահա եւ վերջ։ Նիկոլը պատրաստ էր։ Առաւել եւս, որ կար մի շատ կարեւոր, Նիկոլին խրախուսող հանգամանք. նա ինչ էլ անէր՝ միջազգային հանրութիւնն ու դեսպանատները լուռ էին։ Դատարանի մուտքեր էր փակում, մամուլին ճնշում, մարդկանց անմեղութեան կանխավարկածը խախտում, կալանաւորում՝ առանց հիմքի, ՍԴ-ն գրաւում։ Նիկոլն ինչ ուզում, անում էր՝ միջազգային ու ներքին հանրութեան ծափողջիւնների ներքոյ։

Միջազգային հանրութիւնը լռում է, որովհետեւ Նիկոլից աւելի յարմար ղեկավար չի եղել՝ կառավարելի, վախկոտ եւ պաշտօնամոլ։

Ռուսաստանին հաճոյանալու համար հայկական զօրքը ուղարկեց Սիրիա՝ խախտելով հաւասարակշռութիւնների մի շատ նուրբ համակարգ՝ հարւածի տակ դնելով քրիստոնեայ եւ հայ համայքները Սիրիայում՝ թիրախ դարձնելով Հայաստանն ու Արցախը։

Սորոսի հանդէպ պարտքի զգացումից ելնելով՝ առանցքային աթոռները զիջեց գործակալական ցանցին՝ խզելով յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, ապա դրանից վախեցած՝ լիզում էր «ռուսի սապոգը»՝ կատաղացնելով Արեւմուտքին։ Դրանից էլ սարսափած՝ Արեւմուտքին խօսք էր տալիս, որ կը պայմանաւորւի Արցախի շուրջ։

Արդեօք այս ամէնն արեց յատո՞ւկ։ Չգիտեմ, բայց իրագործեց հետեւողականօրէն։ Իսկ հիմա միջազգային հանրութիւնը դեռ լռում է։ Լռում է, որովհետեւ Նիկոլը պարտաւորութիւն է ստանձնել այս յայտարարութիւնը փաստաթուղթ դարձնել, որը դեռ պէտք է վաւերացւի սեփականաշնորհւած ՍԴ-ի եւ լեգիտիմացնի հնազանդ ԱԺ-ի կոցմից:

Հիմա ինչ վերաբերում է, թէ ինչու պէտք է Նիկոլը հեռանայ հէնց հիմա։ Մի պարզ պատճառով։ Նիկոլը պէտք է հեռանայ, քանի դեռ չի աւարտել իր ծրագիրը։

Նա հիմա յանձնում է Արցախը, յետոյ՝ Մեղրիով, յանձնելու է Սիւնիքը։ Իսկ դա նշանակում է՝ Հայաստանը։ Նիկոլը պիտի հեռանայ, որ կապիտուլեացիոն փաստաթուղթը նոյնութեամբ չդառնայ միջպետական պայմանագիր։ Նիկոլը պիտի հեռանայ, որովհետեւ նա ի վիճակի չէ որեւէ կէտի համար պայքար մղել, սահմանները յետ բրդել, ապահովել արցախցիների, սիւնեցիների եւ հայ ժողովրդի յետագայ անվտանգութիւնը։

Նիկոլը պէտք է հեռանայ, որովհետեւ առաջիկայում սպասւող միջպետական փաստաթուղթը կարող է դառնալ մեր հայրենիքի կորստի վերջին մեխը։ Պատերազմից յետոյ աւելի ճակատագրական են այս բանակցութիւնները։ Նա տալու է ամէն ինչ։ Զիջելու է՝ ինչ ուզեն։

Ու հիմա հասկացել է, որ իրեն խանգարում են ու ռեպրեսիականներով ձերբակալում է բոլորին՝ արցախեան հերոսամարտի գեներալներին, ազամարտիկներին, ընդդիմադիր գործիչներին, խուզարկում տներ, ներկայացնում այլանդակ ու հնարովի մեղադրանքներ։ Ու դա անում է Արցախը յանձնելուց յետոյ։ Ու դա հասարակութեան լռութեան ներքոյ, որովհետեւ Հայաստանում վախենում են, որ եթէ Նիկոլը գնայ, հները կը վերադառնան։

Ու հիմա կանգնել ենք մի սիւրռէալիստական փաստի առաջ. անցեալի վախերն աւելի զօրեղ են քան Արցախի ներկայ եւ Հայաստանի ապագայ ոչնչացումը, ինչը, ցաւօք, կարճ ժամանակի հարց է։

Մարդիկ տեսնում են, որ Նիկոլը դաւաճան է, վախկոտ ու յանձնւող։

Մարդիկ տեսնում են, որ այդպէս էլ շարունակելու է։ Ու արդէն հասկացել են, որ Նիկոլը կործանել է Արցախը եւ կործանում է Հայաստանը։ Վախենալով անցեալի ուրւականներից կամ իրենց սխալ ընտրութիւնից՝ ոմանք ամաչում են խօսել։ Ու լռում են։ Մինչդեռ պատերազմն այն նոր ջրբաժանն է, որտեղ եթէ Նիկոլի հետ ես՝ դաւաճան ես։ Սա է իրականութիւնը:

Աւելին, հիմա պատւէրով կամ նոյն վախերի պատճառով հնչում են կոչեր, թէ «Ինչ եղել է, եղել է», «Նիկոլին հիմա փոխել պէտք չի», «Աւելի լաէ է Նիկոլը, քան հները»։

Նախ պատասխանում եմ. աւելի վատ, քան Նիկոլը, անհնար է։ Ով լինի, աւելի լաւ կը լինի։ Իսկ եթէ վատը լինի, փոխէ՜ք:

Զգուշացնում եմ. Նիկոլը գնալու է մինչեւ վերջ։ Գնալու է Ձե՛ր ու միջազգային հանրութեան լռութեան ներքոյ։

Յանձնել է Արցախը։ Ու կանգ չի առնում։ Յանձնելու է Սիւնիքը։ Իսկ Ձե՞զ։ Էլի էք լռելո՞ւ։ Նիկոլին դեռ պահելո՞ւ էք Ձեր վախերի պատճառով։ Յետոյ չասէք, որ չէիք սպասում։ Արդէն գիտէք նա ինչի է ընդունակ։

Հողերի յանձնմանը մնացին հաշւած ժամեր»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։