Հա

Քաղաքական

17/11/2020 - 13:00

«Մեզ պէտք է կոշտ, ռազմական գործին տիրապետող, ազգային եւ ազատութեան գաղափարների վրայ հիմնւած քաղաքականութիւն իրականացնող իշխանութիւն, որը կը համախմբի ժողովրդին». Վազգէն Մանուկեան

ԱԺՄ ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Վազգէն Մանուկեանը յայտարարութիւն է տարածել, որում անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի հեռացման անհրաժեշտութեանը։

«alikonline.ir» - ԱԺՄ ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Վազգէն Մանուկեանը յայտարարութիւն է տարածել, որում անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի հեռացման անհրաժեշտութեանը։ Տեղեկացնում է Tert.am-ը:

Յայտարարութիւնը ներկայացնում ենք ստորեւ․

«Նոյեմբերի 10-ի կապիտուլեացիայի հիմքերը դրւեցին դեռեւս 2018 թւականին, երբ դրսի ուժերը օտար երկրների ծառայութիւնների ներկայացուցիչների միջոցով, օգտագործելով Նիկոլ Փաշինեանի որոշակի հատկութիւններ, գայթակղելով մեր ժողովրդին պարզունակ բանաձեւով, թէ «դուք վատ էք ապրում, քանի որ իշխանութիւնները ձեզ թալանում են, իսկ մենք կը վերցնենք թալանածը եւ կը բաժանենք ձեզ», զաւթեցին Հայաստանը:

Փաստօրէն, արտաքին ուժերն առանց պատերազմ յայտարարելու Հայաստանի դէմ, առանց արիւն թափելու նւաճեցին մեր երկիրն ու տարան այն ուղղութեամբ, որի հետեւանքները մենք այսօր «ճաշակում ենք»:

Այժմ արտաքին ուժերը մեր պետութեան կառավարումից հեշտութեամբ չեն հրաժարւի, քանի որ իրենց ծրագրերը վերջնականապէս չեն իրագործւել եւ յատկապէս, որ Ռուսաստանի ներկայութիւնն ու ազդեցութիւնը տարածաշրջանում էապէս մեծացել են:

Այդ ուժերի կողմից կարող է որոշում ընդունւել զոհաբերելու Նիկոլի Փաշինեանին եւ մէկ ուրիշի միջոցով շարունակելու պահպանել իրենց վերահսկողութիւնը մեր երկրում:

Հայաստանը դարձել է անպաշտպան երկիր: Ամէն պահի կարող է իրավիճակը փոխւել, եւ մենք ենթարկւենք ագրեսիայի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Բայց ըստ նոյեմբերի 10-ին ստորագրւած փաստաթղթի՝ տեսականօրէն մենք ունենք 5 տարի ժամանակ ոտքի կանգնելու եւ հզօրանալու համար (ռուսական խաղաղապահ առաքելութեան ժամկէտը 5 տարի է): Իսկ այժմ շտապ պէտք է կարողանանք մեր օգտին փոխել յայտարարութեան իրականացման գործընթացը:

Այն, որ Նիկոլ Փաշինեանը պէտք է հեռանայ իշխանութիւնից, երկու կարծիք լինել չի կարող: Սակայն կոչ եմ անում մեր ժողովրդին նորից չխաբւել սիրտ շոյող «քաղցր» խօսքերով: Դա կարեւորագոյն խնդիր է նաեւ բոլոր ազգային քաղաքական ուժերի համար՝ նորից չտրւելու ամբոխային կարծիքներին, որոնք վարպետօրէն ձեւաւորում են մեր երկիրը զաւթած դրսի թշնամական ուժերը: 

Մեզ այսօր պէտք է կոշտ, ռազմական գործին տիրապետող, ազգային եւ ազատութեան գաղափարների վրայ հիմնւած քաղաքականութիւն իրականացնող իշխանութիւն, որը կը համախմբի ժողովրդին, կը վերականգնի յարաբերութիւնները մեր բնական դաշնակիցների, յատկապէս Ռուսաստանի հետ եւ ունակ կը լինի լուծելու մեր երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները»: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։