Հա

Քաղաքական

17/11/2020 - 13:10

«Մենք հայրենազրկւել ենք, պատասխանատուները ձեւ են բռնել, որ բան չի եղել, եթէ եղել է՝ բոլորը մեղաւոր են բացի իրենցից». Տիգրան Աբրահամեան

Այն մարդիկ, ովքեր ասում են, թէ «մարդիկ ողբերգութիւն են ապրել, դուք էլ անընդհատ ասում էք, յիշեցնում էք», ապա կամ նրանք խորը մոլորութեան մէջ են կամ դիտմամբ փորձում են այս ողբերգական իրավիճակը «մարսելու» միջավայր ձեւաւորել։

«alikonline.ir» - Այն մարդիկ, ովքեր ասում են, թէ «մարդիկ ողբերգութիւն են ապրել, դուք էլ անընդհատ ասում էք, յիշեցնում էք», ապա կամ նրանք խորը մոլորութեան մէջ են կամ դիտմամբ փորձում են այս ողբերգական իրավիճակը «մարսելու» միջավայր ձեւաւորել։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Յենակէտ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգութեան հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամեանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ․

«Մեր ժողովուրդը պէտք է իմանայ իրական պատկերը։ Եւ որքան էլ ծանր լինի՝ պէտք է տեսնի իր օջախը վառող քաշաթաղցուն, անասուններն իր դէմը գցած ու դէպի ՀՀ եկող քարվաճառցուն, Աղդամում այգի տնկած, բայց դա ամբողջութեամբ կորցրած բնակչի հոգեվիճակը։ Պէտք է իմանայ, որ կան մարդիկ, ովքեր նոյնիսկ իրենց տան անդամի դին են տեղափոխում ՀՀ, որովհետեւ Նիկոլը որոշել է, որ դա պէտք է յանձնի։

Իսկ ինչ է՞ք ուզում տեսնել՝ սերիալներ, հեքիաթներ ու շարունակել հանգիստ ապրե՞լ։ Ի՞նչ։

Իրականութիւնից չես փախնի։

Մենք կորցրել ենք Թալիշը, Մատաղիսը, գիւղեր, հատւածներ Մարտունու, Ասկերանի շրջաններից, կորցրենք Շուշին, Հադրութի շրջանը գրեթէ ամբողջութեամբ, Ջեբրայիլը, Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն։

Էլ չեմ խօսում Նիկոլի ստորագրած խայտառակ փաստաթղթով Ադրբեջանին անցնող շրջանների մասին՝ Աղդամը, Քաշաթաղը գրեթէ ամբողջութեամբ, բացառութեամբ՝ 5 կմ միջանցքի, Շահումեանի շրջանը՝ Քարվաճառ շրջկենտրոնով։

Ու դուք ուզում էք, որ մենք լռե՞նք։ Չենք լռելու, որովհետեւ ի տարբերութիւն Նիկոլի, մեր հայրենիքը սիրում ենք ոչ թէ նրա համար, որ երկու փողոց աւել ասֆալտ է արւած, այլ որովհետեւ դա մերն է, դրա համար մարդիկ են զոհւել, դա պահելու համար մարդիկ կեանք են դրել։

Մենք հայրենազրկւել ենք, պատասխանատուները ձեւ են բռնել, որ բան չի եղել, եթէ եղել է՝ բոլորը մեղաւոր են բացի իրենցից, այդպէս էլ պէտք է լինէր, իսկ մեր մէջից մարդիկ ասում են, որ անընդհատ խօսելով մարդկանց վէրքը չի փակւում, բա էսի սենց, բա էնի նենց։

Կը ներէք, դուք ունէ՞ք տունը, ունեցւածքը, հողը կորցրած ընկերներ՝ ես ունեմ, դուք գիտէ՞ք իրենց վիճակը՝ ես գիտեմ։ Դուք գիտէ՞ք, թէ ինչ են զգում այն մարդիկ, ովքեր ապրել են Արցախում, գիտեն էտ հողի արժէքը։

Եւ վերջապէս դուք գիտէ՞ք, թէ նրանք ինչ են զգում, երբ դուք կրաւորական դիրք էք ընդունել կամ խօսում էք ամէն ինչից բացի տեղի ունեցած ողբերգութիւնից։ Ես գիտեմ»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։