Հաշւի առնելով բոլոր հանգամանքները՝ այսօր Ազգային ժողովում տիրում է աննորմալ մթնոլորտ եւ ֆարս, մենք գտնում ենք նպատակայարմար չմասնակցել այսօր հերթական նիստին եւ կոչ ենք անում գործընկերներին՝ միանալ արտահերթ նիստի գումարմանը:
«alikonline.ir» - Հաշւի առնելով բոլոր հանգամանքները՝ այսօր Ազգային ժողովում տիրում է աննորմալ մթնոլորտ եւ ֆարս, մենք գտնում ենք նպատակայարմար չմասնակցել այսօր հերթական նիստին եւ կոչ ենք անում գործընկերներին՝ միանալ արտահերթ նիստի գումարմանը: Այս մասին Ազգային ժողովում վարման կարգով ասաց «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արման Աբովեանը: Տեղեկացնում է Tert.am-ը:
Նրան միացաւ նաեւ «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Նայիրա Զոհրաբեանը եւ նշեց, որ այդ դահլիճում միայն պէտք է քննարկել ռազմական դրութեան վերացման հարցը, իշխանափոխութեան եւ նոր բանակցողի:
«Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւորները բարձրացրին քննարկւող հարցերի կարեւորութիւնը եւ նշեցին, որ հարցերից մէկը վերաբերում է համաձայնագրին, որի չկատարումը 16 միլիոն եւրոյի վնաս է հասցնելու Հայաստանին, նաեւ էներգետիկ անվտանգութեան խնդիր կայ:
«Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան քարտուղար Գէորգ Գորգիսեանը նշեց, որ այն մարդը, որ հրահրում է ամէն ինչ, բախումներ, այդ մարդը վարչապետն է եւ պէտք է հեռանայ, որ կարողանայ երկխօսել: «Մենք հրաւիրել ենք արտահերթ նիստ, յուսով ենք, որ «Իմ քայլը» խմբակցութեան համապատասխան պատգամաւորները կը մասնակցեն խորհրդի նիստին, եւ ժամը 18:30-ին կը քննարկենք ռազմական դրութեան վերացման հարցը, այլ թեմայով քննարկումների մենք չենք մասնակցելու»,- ասաց նա: